Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
14.07.2023
Օրենսդրական տեխնիկայի կանոնների մասով՝ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, 1-ին մասի՝ նորմատիվ իրավական ակտերը շարադրվում են պետական լեզվով՝ հայերենով: Ըստ հայերեն լեզվի ուղղագրության՝ հերթականություն ցույց տվող դասական թվականները կազմվում են արաբական թվերով և հայերեն «-րդ» մասնիկով, բացի «1» թվականից։ Վերջինս կազմվում է «առաջին» ձևով, այլ ոչ թե «մեկերորդ»։ Այս կանոնը ոչ ճիշտ է գործածվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենքի նախագիծ) 2-րդ և 6-րդ հոդվածներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենսգրքի նախագիծ) 1-ին հոդվածում։ Օրենքների նախագծերը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, 1-ին մասի պահանջին համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք՝ օրենքի նախագծի 2-րդ և 6-րդ հոդվածներում «2.1-րդ» բառը փոխարինել «2.1-ին» բառով։ Նույն կերպ՝ օրենսգրքի նախագծի 1-ին հոդվածում «81.1-րդ» բառը փոխարինել «81.1-ին« բառով։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Ասվածից հետևում է, որ նորմատիվ ակտում լրացում նախատեսող օրենքում լրացվող դրույթի բովանդակությունից բացի, պետք է նշվի նաև դրա համարը։ Բացի դրանից, նախագծով պետք է արտացոլվի նորմատիվ ակտը լրացնող դրույթի նոր լինելու հանգամանքը։ Այդուհանդերձ, առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «լրացնել նոր կետով» բառակապակցությունը փոխարինել «լրացնել նոր՝ 2.1-ին կետով» բառակապակցությամբ։ Իսկ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «լրացնել 3-րդ մասով» բառակապակցությունը փոխարինել «լրացնել նոր՝ 3-րդ մասով» բառակապակցությամբ։ "Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ