ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը.
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական (փողային) շահումները կարող են գովազդվել և տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2.1 մասի «զ1» պարբերությունը նույնպես սահմանում է, որ շահումը վճարում է ՀՀ դրամով։
ՀՀ կառավարության կոմից խաղային բնագավառում արդեն իսկ որդեգրած և շարունակաբար իրականացվող քաղաքականության համաձայն՝ նախ գործունեությունը պետք է իրականացնել զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող սահմանափակ վայրերում՝ օրենքով նախատեսված 4 վայրերում, որի հիմնական նպատակն է պաշտպանելով ՀՀ քաղաքացիներին խաղամլությունից, միաժամանակ ստեղծել միաջավայր ոչ ռեզիդենտ խաղացողներին առավելագույնս ներգրավելու համար:
Ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից անհրաժեշտ է հնարավորության ընձեռել ՀՀ-ում ոչ ռեզիդենտ համարվող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար, ինչը ներկայումս հնարավոր չէ՝ հաշվի առնելով վերը նշված օրենսդրական կարգաորումները: Նշված կարգավորման արդյունքում ՀՀ-ում լիցենզավորված ընկերությունների համար ստեղծել է ակնհայտ հակամրցակցային միջավայր ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից:
Դեռևս 2012թ. այդ հարցին լուծում տալու նպատակով տրվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 12 հունվարի 2012թ․-ին տրված N1 պաշտոնական պարզաբանումը (այսուհետ՝ Պաշտոնական պարզաբանում) , որի համաձայն.
· Եթե ՀՀ տարածքում չգտնվող հաշվից դրամական (փողային) շահումները փոխանցվում են ՀՀ տարածքում չգտնվող համակարգերի միջոցով, ապա այդ ընթացակարգերով վճարումները չեն համարվում ՀՀ տարածքում կատարված:
· Խաղադրույքների (գրազների) արտարժույթով իրականացման դեպքում չեն կիրառվում Օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները:
|
Պաշտոնական պարզաբանումը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ինտերնետ տոտալիզատորների կազմակերպիչների կողմից խաղադրույքների (գրազների) և դրամական (փողային) շահումների իրականացմանը, ինչպես նաև ինտերնետային կայքերում (ինտերնետ միջավայրում) նրանց կողմից կազմակերպվող ինտերնետ տոտալիզատորներին վերաբերող փողային շահումները գովազդելուն:
Սակայն Պաշտոնական պարզաբանմամբ կարգավորված չէ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված հարցերը, ինչպես նաև պաշտոնական պարզաբանմամբ արտահայտած դիրքորոշումը գործնականում չի կիրառվում՝ բազմաթիվ խոչընդոտների պատճառով։
- Կարգավորման նպատակները
Ելնելով վերոգրյալից` Նախագծի նպատակն է սահմնաել բացառություն Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված և խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերած ինտերնետ շահումով խաղերի և/կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների ու ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ գրազի պայմանագրի կնքման (ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ու ինտերնետ շահումով խաղերի և/կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների միջև կնքված՝ ինտերնետ շահումով խաղերի մասնակցության և/կամ խաղադրույք կատարելու մասին պայմանագիր) և դրամական (փողային) շահումների հանձնման (տրման) դեպքերի համար, որը հնարավորություն կտա ստեղծելու բարենպաստ օրենսդրական միջավայր` ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ համարվող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար, ինչը ներկայումս հնարավոր չէ՝ հաշվի առնելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2.1 մասի զ1) կետը և «Արժութային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը:
3․ Առաջարկվող կարգավորումները
Նախագծով առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական (փողային) շահումները կարող են գովազդվել և տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված և խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերած ինտերնետ շահումով խաղերի և/կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների ու ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ գրազի պայմանագրի կնքման (ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ու ինտերնետ շահումով խաղերի և/կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպիչների միջև կնքված՝ ինտերնետ շահումով խաղերի մասնակցության և/կամ խաղադրույք կատարելու մասին պայմանագիր) և դրամական (փողային) շահումների հանձնման (տրման) դեպքերի։»
Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման համար կարևոր է, որ դրամական (փողային) շահումները գովազդվեն կամ տրամադրվեն ՀՀ տարածքում: Այս տեսանկյունից ինտերնետային կայքերում (ինտերնետ միջավայրում) փողային շահումների արտարժույթով գովազդելը չի դիտվում որպես Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, եթե գովազդի մեջ միաժամանակ նշվում է դրամային համարժեքը:
Եթե ՀՀ տարածքում չգտնվող հաշվից դրամական (փողային) շահումները փոխանցվում են ՀՀ տարածքում չգտնվող համակարգերի միջոցով, ապա այդ ընթացակարգերով վճարումները չեն համարվում ՀՀ տարածքում կատարված:
- Ակնկալվող արդյունքները
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն Կազմակերպիչների համար բարենպաստ պայմաններ` ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ համարվող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: