Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք)  փոփոխություն և լրացում կատարելու մասին և ««Սնանկության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ 1 և Նախագիծ 2) մշակվել են Օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը Օրենքի դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաև Օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ հստակեցնելու և հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսելու նպատակով։

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Նախագիծ 1-ի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է Օրենսգրքի կարգավորումները Օրենքի 15.5-րդ հոդվածի և 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնեցնելու մեջ։

Նախագիծ 2-ի 1-ին և 2-րդ հոդվածների կապակցությամբ հարկ է նշել, որ եթե ֆիզիկական անձանց նկատման կայացված գանձման որոշումը վարչական դատարանի վճռով ընթացակարգային հիմքով ճանաչվում է անվավեր, սակայն առկա է պարտավորություն, որի կատարման այլ եղանակ առկա չէ, միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներով արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ սնանկության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անբողոքարկելի վարչական ակտ, և ՀՀ ՊԵԿ-ը իրավասու է կատարելու իր լիազորություններից բխող բոլոր իրավաչափ ներգործության այլ միջոցները հարկային պարտավորության գծով չվճարված գումարները գանձելու համար, բայց ոչ` հարկային պարտավորության գծով ժամանակին չվճարված գումարը գանձելու մասին նոր վարչական ակտ ընդունելով։ Ուստի առաջացել է ֆիզիկակակն անձանց մասով ունենալ հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն ունենալու անհրաժեշտություն։

Նախագիծ 2-ի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ապացույցների մի մասը, մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերի, տեղեկությունների` դատարան ներկայացնելու կարգ Օրենքով սահմանված չէ, չնայած, որ այն սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, սակայն ՀՀ սնանկության դատարանում բազմաթիվ են դեպքերը, երբ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվում են թղթի վրա տպված վիճակում, սակայն դատարանները դրանք ետ են վերադարձնում Օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված բնօրինակ չներկայացնելու հիմքով:

Գործող օրենսդրության համաձայն պարտապանի մոտ մինչև սնանկ ճանաչվելը սկսված և չավարտված ստուգումներն ու ուսումնասիրությունները պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ, իսկ լուծարման գործընթացը սկսվելուց հետո շարունակելն օրենքով արգելվում է, ինչի արդյունքում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ու ուսումնասիրությունների ընթացքը մնում է անհետևանք: Արդյունքում, հարկային մարմնի կողմից բողոքարկվում են պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին որոշումները, ինչն ըստ էության ժամանակատար է, որի հետևքանքով պարտատերերի համար  օրենքով սահմանված պահանջի բավարարման ռիսկեր են առաջանում ( պարտապանին պատկանող գույքի փչացում, գույքի ոչ պիտանի դառնալը), միաժամանակ, առկա են նաև պետական բյուջե հավաքագրվող  գումարների նվազեցման ռիսկեր: 

Այս կապակցությամբ Նախագիծ 2-ի 4-րդ հոդվածով ընդլայնվել է պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու շրջանակը: Նախագծով նախատեսվել է ստուգումը շարունակել նաև հարկային մարմնի կողմից իրականացվող այն ստուգումների դեպքում, որոնք սկսվել են մինչև պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելը: Լուծարման վարույթում գտնվող պարտապանի մոտ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել հսկիչ գնումներ, չափագրումներ, Օրենսգրքով նախատեսված ուսումնասիրություններ:

Նախագիծ 2-ի 5-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով կայացվել է նախադեպային որոշում, համաձայն որի` Օրենքում հաշվարկվող օրերի վերաբերյալ նշել է, որ եթե գործողությունների կատարման համար Օրենքով սահմանված է որևէ ժամկետ՝ առանց «աշխատանքային օր» գրառման, ապա այն պետք է հասկանալ և հաշվարկել ոչ աշխատանքային օրերը ներառելով, իսկ այն դեպքում, երբ ժամկետի հաշվարկի վերաբերյալ կարգավորումն ուղղակիորեն պարունակում է «աշխատանքային օր» գրառումը, ապա ժամկետի հաշվարկի մեջ չպետք է ներառել ոչ աշխատանքային օրերը:

      Նախագիծ 2-ի 6-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ պարտապանը ճանաչվում է սնանկ, նրա գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա կիրառվում են սահմանափակումներ և մինչև ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը պարտապանը զրկվում է սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները վճարելու հնարավորությունից, որի արդյունքում պետական բյուջեն կրում է վնասներ, իսկ պարտապանի պարտավորությունները զգալիորեն ավելանում են, հետագայում դժվարացնելով նաև առողջացման ծրագրի ներկայացումը և հաստատումը:

      Նախագիծ 2-ի 7-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

      ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապահովված իրավունքի առարկան կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք:

Օրենսգրքի 429-րդ հոդվածի համաձայն՝ գույքի արգելանքը հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակմանն ուղղված՝ հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է:

      Վերը նշված իրավանորմերի համակարգային մեկնաբանությունը թույլ է տալիս փաստելու, որ որպես հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոց` արգելանքը ևս հարկային մարմնի պահանջը ծանրաբեռնում է ապահովված իրավունքով:

      Նկատի ունենալով, որ Օրենքի 43-րդ հոդվածում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջը համարվում է ապահովված պահանջ, իսկ Օրենքի 44-րդ հոդվածում օրենսդիրը ապահովված իրավունքին չի անդրադառնում, անհրաժեշտ է կատարել 6-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը:

Նախագիծ 2-ի 8-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը  պայմանավորված է դատական պրակտիկայում առկա տարընկալումներով։ Որոշ դատավորներ պահանջները գրանցում են Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի է) հերթում` պատճառաբանելով, որ տվյալ դեպքում առկա չէ աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների բավարարումը: Ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ ՊԵԿ-ի գ) hերթում պահանջ ներկայացնելու իրավունքը պայմանավորվում է աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների ներկայացումից կամ բավարարումից, սակայն նշված հերթում առաջացող հարկային պարտավորություններն առաջանում են հաշվեգրման մեթոդով` անկախ այդ հերթի աշխատավարձերի վճարման օրվա հանգամանքից:

Դրոշմանիշային վճարների մասով՝ որոշ դատավորներ բավարարում են դրոշմանիշային վճարի գումարի գ) հերթում գրանցելու պարտատիրոջ պահանջը, որոշ դատավորներ մերժում են` պատճառաբանելով, որ օրենքը տառացի մեկնաբանությամբ գ) հերթը չի ներառում դրոշմանիշային վճարի մասին դրույթ: 

Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ եթե ՀՀ սնանկության դատարանում քննվում է նույն պարտապանի վերաբերյալ մեկից ավելի սնանկության գործ, պարտապանին սնանկ ճանաչելու մասին մյուս սնանկության գործերը կարճվում են, ուստի առավել նպատակահարմար է մյուս սնանկության գործերով դատական ծախսերը ևս պետք է գրանցել Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի դ) հերթում:

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

    Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։

  1. 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ Օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը կհամապատասխանեցվի Օրենքի դրույթներին, հարկային մարմնին կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն, իսկ  սնանկ ճանաչված պարտապանը՝ սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները կատարելու հնարավորություն, կկանոնակարգվեն մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը հրապարակվելը սկսված (կամ դրանց վերաբերյալ հանձնարարագիր հրապարակված) ստուգումների և ուսումնասիրությունների իրականացմանը, եկամտային հարկի, սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարի գումարների բավարարման հերթականությանը, այլ սնանկության վարույթով առաջացած պետական տուրքի գումարի վճարմանը, Օրենքով նախատեսված դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկին, էլեկտրոնային ապացույցների ներկայացմանը վերաբերող հարցերը։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    09.06.2023 - 24.06.2023

  • Type

    Legal code

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2995

Print

Suggestions

Վարդան Ալոյան

10.06.2023

Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված "ինչպես նաև ապահովված իրավունքով չծանրաբեռնված" տերմինը առավել ևս հիմնավորումներում նշված մեկնաբանությամբ հանգեցնելու է անորոշությունների, տարընկալումների և անձանց իրավուքների խախտումների։ Նախ գտնում ենք, որ արգելանքները և կամ ցանկացած այլ սահմանափակում՝ լինի դա ՊԷԿ կողմից կիրառված, դատարանների կողմից դատական գործերով որոշված, քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից կիրառված, նոտարի կողմից կատարված, կամ օրենքի ուժով կիրառված չի կարելի դիտարկել որպես ապահովման միջոց իսկ պահանջները ապահովված պահանջ, քանի որ դրանք նախ "Սնանկության մասին" ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից վերանում են։ Հետևաբար չի կարող օրենքի ուժով վերացված արգելանքի հիմքով պահանջը գրանցվել որպես ապահհոված պահանջ։ Եթե ՊԷԿ կողմից կիրառված արգելանքը համարվի որպես ապահովում իսկ պահանջը՝ ապահովված, ապա պետք է օրինակ դատարանի կողմից հայցի ապահովման համար կիրառված արգելանքները ևս համարվեն ապահովում իսկ այդ պահանջները ապահովված, հակառակ դեպքում կոտնահարվեն այլ պարտատերերի իրավուքները և վերջիննեսրիս պահանջների բավարարումը կդառնա առավել ռիսկային։ Խնդիր է նաև այն, թե արգելանքով "ապահովված" օրինակ գույքի արտադատական կարոգով իրացում եթե նախատեսի ՊԷԿ կողմից կամ մեկ այլ արգելանով "ապահովված" պարտատիրոջ կողմից, ինչպիսի առաջնահերթություն է կիրառվելու։ Խնդրահարույց է նաև իրական ապահովված պահանջերնի օրինակ գրավով ապահովված պահանջի ապահովման օբյեկտ հանդիսացող գույքի դեպքում նախապավության հարցը ՊԵԿ արգելանքով "ապահովված" պահանջի հետ համեմատած։

See more