Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
25.05.2023
3. Բացի այդ, Ուսումնասիրության արդյունքում նկատվել է նաև Վարչական դատարանի ոչ միատեսակ պրակտիկան հանրային ծառայության հետ կապված գործերով Հայցվորի կողմից պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում այնուամենայնիվ վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ դատական ակտերում նշում կատարելու հարցում։ Այդպես, գործերի միայն մի մասում է դատարանը վճռով հստակ նշել, որ թեեւ Հայցվորի կողմից վճարվել է պետական տուրք, սակայն, նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման եւ աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով հայցվորներն ազատված են դատարաններում պետական տուրքի վճարումից, անհրաժեշտ է վերադարձնել վճարված պետական տուրքը ։ Իսկ այլ դեպքերում, թեեւ Դատարանը նշել է, որ Հայցվորը վճարել է պետական տուրք այն դեպքում, երբ ազատված է եղել նման պարտականությունից, սակայն առանձին նշում չի կատարել վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ ։ Ուստի, առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա դրույթների համանմանությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունների համատեքստում փոփոխել պետական տուրքը վերադարձնելու կարգավորումները, ի թիվս այլնի, նախատեսել Դատարանի պարտականությունը՝ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները: Բացի այդ, ներառել նշում վերադարձի մասին դատական ակտի եզրափակիչ մասում։ Դատական ակտում ավել վճարված պետական տուրքի՝ վերադարձման մասին նշումը հնարավորություն կտա հատկապես խոցելի խմբում գտնվող քաղաքացիներին տեղեկանալ իրենց կողմից վճարված պետական տուրքի՝ վերադարձման ենթակա լինելու մասին և ձեռնամուխ լինել իրենց իրավունքների իրացմանը։ Առաջարկում ենք նաև հարակից օրենքում՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում՝ 39-րդ հոդվածում կատարել փոփոխություն՝ նախատեսելով, որ ֆինանսական մարմնին պետական տուրքի վերադարձման դիմում ներկայացնելիս Դատարանի կողմից դատական ակտում պետական տուրքի՝ վերադարձման ենթակա լինելու մասին նշումը, համապատասխանաբար նաև վերադարձման ենթակա գումարի չափի վերաբերյալ նշմամբ, պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի հետ միասին բավարար հիմք է Ֆինանսական մարմնի կողմից դիմումը բավարարելու և վճարված պետական տուրքը վերադարձնելու համար (գործող՝ տեղեկանք ներկայացնելու պարտականության փոխարեն), ինչը ավելորդ վարչարարությունից կազատի և՛ ֆիզիկական անձին, և՛ Դատարանին։