Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
18.05.2023
Հարկ ենք համարում նախագծի հեղինակի ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ առանց դատարանի թույլտվության, անձի կամքին հակառակ, շինություններ մուտք գործելով առգրավում իրականացնելու արդյունքում ձեռքբերված իրերն ու փաստաթղթերը, ինչպես և վարչական վարույթի այլ նյութեր, հետագայում բացառված չէ, որ կարող են օգտագործվել որպես ապացույցներ քրեական վարույթների շրջանակում, ինչպիսի պարագայում անկասկած առաջանալու են քննարկվող ընթացակարգի արդյունքում առգրավված նյութերը, որպես ապացույց քրեական դատավարության շրջանակում օգտագործելու թույլատրելիության հարցեր։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Նախագծի 5-րդ հոդվածով, որով Հարկային օրենսգիրքը լրացվում է 339.1 հոդվածով և որով սահմանվում է թեմատիկ հարկային ստուգման շրջանակում իրականացվող հսկիչ գնման ընթացակարգը՝ ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի՝ խախտման արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում կատարելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, նշված իրավունքը չի նախատեսվում հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար, թեև վերջինիս համար սահմանված է պարտականություն ստորագրել նշված արձանագրությունը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ողջամտորեն ենթադրելի է, որ ստուգման վայրում շատ դեպքերում հնարավոր է ներկա չգտնվի հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, գտնում ենք, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել, նման դեպքերում հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար առարկությունների վերաբերյալ նշումներ կատարելու իրավունք նախատեսելու հարցը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք․ 1. Վերանայել Նախագծի՝ ստուգումների գաղտնի տեսանկարահանման և շինություններ մուտք գործելով իրերի և փաստաթղթերի առգրավում իրականացնելու հնարավորություն սահմանող դրույթները՝ նշված գործողությունների համար նախատեսելով նախնական դատական թույլտվության ստացման կառուցակարգ․ 2. Քննարկման առարկա դարձնել հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար խախտման արձանագրության մեջ առարկությունների վերաբերյալ նշումներ կատարելու իրավունք նախատեսելու հարցը՝ հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարի և նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայության դեպքում։