«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
8 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունմամբ ընդլայնվեցին քաղաքացիական դատավարությունում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, ներդրվեցին էլեկտրոնային գործիքներ դատավարությունը արագացնելու, քաղաքացիական գործերի քննության ողջամիտ ժամկետների առավել լիարժեք պահպանումը ապահովելու համար։ Վերջին տարիներինն ներդրվել և գործարկվել են «Էլեկտրոնային դատարան» և «Էլեկտրոնային դատավարություն» միասնական կառավարման համակարգերը, որոնք հնարավորություն են տվել քաղաքացիական վարույթի շրջանակներում իրականացվող դատական գործառույթների առնվազն 20 տոկոսն իրականացնել էլեկտրոնային եղանակով։
Սակայն, պետք է արձանագրել, որ ներկայումս առկա գործիքները բավարար չեն դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման համար, և կարիք կա գործուն քայլեր կատարել քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարելավման, էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման համակարգի ներդրման համար, որոնք էապես կնպաստեն Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացմանը:
Պայմանավորված հասարակական հարաբերությունների առաջընթացով, դրանց շրջանակում թվային տեխնոլոգիաների ներդրմամբ և լայնորեն կիրառմամբ՝ օբյեկտիվորեն առաջ է գալիս նաև այդպիսի տեխնոլոգիաների և դրանցով պայմանավորված լուծումների օգտագործման անհրաժեշտությունն արդարադատության իրականացման համակարգի շրջանակներում:
Նշվածի հաշվառմամբ 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ Կառվարության որոշման Հավելված 1-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ որպես ռազմավարական ուղղություն նախատեսվել է ստեղծել «Էլեկտրոնային դատարան» և «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգեր։
Կառավարության նույն որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 1-ին գործողությամբ նախատեսվել է մշակել, ներդնել և գործարկել «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քաղաքացիական գործերով էլեկտրոնային մոդուլը։
Ներկայումս գործարկվել է միայն «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի վճարման կարգադրություն մոդուլը։ Սակայն, դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և մատչելի իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել նաև Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակ (e-justice), որը իր մեջ կներառի քաղաքացիական գործերով էլեկտրոնային մոդուլը։
«Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քաղաքացիական գործերով էլեկտրոնային մոդուլըի մշակումը և ներդրումը հնարավորություն կտա քաղաքացիական դատավարությունում իրականացվող մի շարք դատավարական գործողություններ կատարել էլեկտրոնային եղանակով, որի արդյունքում կբարձրանա քաղաքացիական վարույթի շրջանակներում իրականացվող դատական գործառույթների էլեկտրոնային եղանակով իրականցման տոկոսը, որը ներկայումս կազմում է մոտ 20 տոկոս։
Էլեկտրոնային եղանակով արդարադատության կազմակերպումը իրենից ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործառույթների էլեկտրոնային եղանակով իրականացում: Այն առավելապես ուղղված է դատավարության մասնակիցների համար դատավարական գործողությունների իրականացման դյուրինացմանը՝ հնարավորինս քիչ ժամանակ և ռեսուրսներ ծախսելու միջոցով:
Էլեկտրոնային արդարադատությունը իրենից ենթադրում է քաղաքացիական դատավարության տարբեր գործընթացների էլեկտրոնային եղանակով կազմակերպման հնարավորության նախատեսում, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով գործերի վարում, փաստաթղթաշրջանառության ապահովում, դատական ծանուցումների կազմակերպում, ապացույցների ներկայացումը և այլն:
Քաղաքացիական դատավարություններում էլեկտրոնային արդարադատության հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն կարող է նպաստել դատական նիստերի ձգձգումների կրճատմանը և ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովմանը: Օրինակ, իրավական փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը կարող է վերացնել ֆիզիկական թղթային փաստաթղթերի անհրաժեշտությունը և նվազեցնել փաստաթղթերի մշակման և պահպանման համար անհրաժեշտ ժամանակը և ռեսուրսները:
Էլեկտրոնային գործավարությունը կարող է նաև նպաստել հնարավորին կարճ ժամկետում դատական գործի դատավարական փուլի, դատարանի գործողությունների և այլնի մասին հնարավորինս կարճ ժամանակահատվածում տեղեկատվության ձեռքբերմանը:
Էլեկտրոնային դատավարության հասանելիությունը հնարավորություն է ստեղծում հեռակա կարգով հետևել գործի ընթացքին, ինչը կարող է օգտակար լինել հատկապես այն անձանց համար, ովքեր ֆիզիկական, ֆինանսական կամ այլ սահմանափակումների պատճառով չեն կարող անձամբ ներկա լինել դատարանում:
Էլեկտրոնային գրառումները և սղագրությունները կարող են հեշտությամբ հասանելի լինել նաև գործին մասնակցող անձանց և հանրությանը, ինչը իր հերթին նպաստելու է դրանց թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը։
Շատ երկրներ քաղաքացիական դատավարություններում այս կամ այն չափով ներդրել են արդարադատության էլեկտրոնային համակարգեր, ներառյալ էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացումը, գործերի կառավարումը՝ այդ թվում դատական նիստերին մասնակցություն՝ դատական նիստերի վիրտուալ դահլիճներում: Այս համակարգերը տարբերվում են իրենց շրջանակով և գործառույթներով, այնուամենայնիվ, դրանք ընդհանուր նպատակ ունեն՝ բարելավել քաղաքացիական դատավարության արդյունավետությունն ու մատչելիությունը նորարար տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:
Աշխարհի շատ երկրներում արդեն իսկ այս կամ այն չափով ներդրվել են արդարադատության էլեկտրոնային համակարգերը, մասնավորապես այդպիսի պետություններից են.
- Ամերիկայի Միացյալ Նահանգները, մասնավորապես՝ նրա բազմաթիվ նահանգային և դաշնային դատարաններում գործի ներկայացումը և քննությունը կազմակերպվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով: ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և դրանց իրավասություններում էլեկտրոնային արդարադատությունըան կիրառվում է ումը տարբեր կերպովէ, բայց ընդհանուր առմամբ այն դարձել է դատական գործընթացների արդյունավետության և մատչելիության բարձրացման կարևոր գործիք:
ԱՄՆ-ում էլեկտրոնային արդարադատության հիմնական առանձնահատկություններից մեկը գրանցման և գործերի վարման էլեկտրոնային համակարգն է: Այս համակարգերը կողմերին հնարավորություն են տալիս փաստաթղթեր ներկայացնել և առցանց հետևել իրենց գործերի ընթացքին: Շատ նահանգային և դաշնային դատարաններ ներդրել են դատավարական գործողությունների գրանցման և քննության էլեկտրոնային համակարգեր, որոնք, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, թույլ են տալիս խնայել ժամանակը և նվազեցնել ծախսերը ինչպես դատարանների, այնպես էլ դատական գործընթացում դատավարության մասնակիցների համար:
ԱՄՆ-ում էլեկտրոնային արդարադատության կարևոր առանձնահատկություն է դատական գործընթացների հեռակա հասանելիությունը: Շատ դատարաններ օգտագործում են տեսակապի միջոցով դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը, որը թույլ է տալիս կողմերին մասնակցել դատական գործընթացներին՝ առանց դատարանի դահլիճում ֆիզիկապես ներկա լինելու: Սա հատկապես կարևոր էր COVID-19 համաճարակի ժամանակ, քանի որ շատ դատարաններ ստիպված էին անցնել հեռավար դատավարության՝ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Այս առանձնահատկություններից բացի, ԱՄՆ-ում էլեկտրոնային արդարադատությունը ներառում է նաև դատական գործընթացների ընթացքում էլեկտրոնային ստորագրությունների և գրառումների օգտագործումը: Դաշնային և նահանգային օրենքները սահմանում են էլեկտրոնային ստորագրությունների և գրառումների վավերականությունը այնքան ժամանակ, քանի դեռ դրանք բավարարում են որոշակի պահանջներ, ինչպիսիք են դրանց ճշգրտությունն ու ամբողջականությունը ապահովող եղանակով ստեղծումն ու պահպանումը: Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային արդարադատությունը դարձել է կարևոր գործիք Միացյալ Նահանգներում դատական գործընթացների արդյունավետության, մատչելիության և անվտանգության բարձրացման համար:
- Կանադան, որի որոշ մարզային և տարածքային դատարաններում ներդրվել է դատական գործի գրանցման և գործերի քննության էլեկտրոնային համակարգեր: Որոշ դատարաններ թույլ են տալիս նաև էլեկտրոնային եղանակով իրականցնել մի շարք դատական գործընթացներ:
- Միացյալ Թագավորությունը, որի որոշ դատարաններում, ներառյալ Բարձր և Վերաքննիչ դատարաններում, գործի ներկայացման և քննության էլեկտրոնային համակարգեր է ներդրել: Դատարանները թույլ են տալիս նաև ապացույցները ներկայացնել էլեկտրոնային եղանակով և դատավարության ընթացքին հետևել հեռակա՝ համապատասխան համակարգ մուտք գործելով:
- Սինգապուրը, որը ամբողջությամբ անցել է էլեկտրոնային արդարադատությանը: Այն իրենից ներկայացնում է դատական գործի էլեկտրոնային գրանցում, գործերի վարում, վիրտուալ լսումների կազմակերպում և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում:
- Ավստրալիան, որի որոշ նահանգային և դաշնային դատարաններում ներդրվել ենէ դատական գործերի էլեկտրոնային գրանցման և գործերի քննության համակարգեր:
ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ նախատեսված դատավարությունների թվայնացման հրամայականը և այդ նպատակով համապատասխան էլեկտրոնային համակարգերի մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներն անխուսափելիորեն հանգեցնում են որոշակի օրենսդրական փոփոխությունների կամև/կամ լրացումների կատարման անհրաժեշտության՝ դատավարությունների էլեկտրոնային եղանակով իրականացման հնարավորությունն օրենսդրական մակարդակով ապահովելու տեսանկյունից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահավմանը։
Նախագծով առաջարկվում է օրենսդրական փոփոխությունները հիմնվում են հետևյալ հայեցակարգային սկզբունքների վրա.
- Էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումն ինքնին չի հանգեցնելու ավանդական դատավարությունների վերացմանը։ Ողջամիտ է նախատեսել, որ առնվազն մոտակա մի քանի տարիների ընթացքում դատավարության մասնակիցները պետք է հնարավորություն ունենան «ընտրել»՝ օգտագործել համապատասխան էլեկտրոնային համակարգերը, թե ոչ։ Այսինքն՝ առնվազն մոտակա մի քանի տարիների ընթացքում դատավարության ավանդական կարգը շարունակելու է գործել անփոփոխ։
Այս առումով, հարկ է նշել, որ օրենսդրական փոփոխությունները և լրացումները ընթանալու են ոչ թե ներկայումս գործող դատավարական նորմերը փոփոխելու, այլ՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նոր գլուխ՝ «Էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարական և այլ գործողությունների առանձնահատկությունները» ներդնելու ճանապարհով։
- Կատարվելիք լրացումները վերջնարդյունքում պետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով, պատշաճ կերպով և համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով ներկայացված հայցադիմումները, դիմումները և բողոքները դատարանի կողմից քննության ընդունելու (վարույթ ընդունելու) հարցում առկա չլինեն ձևական դատավարական խոչընդոտներ։
- Կատարվելիք լրացումները (իրավանորմերը) վերջնարդյունքում պետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով, պատշաճ կերպով և համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողություն ունենա նույն դատավարական հետևանքները, որը կունենար ավանդական եղանակով կատարված համանման գործողությունը։
- Առաջարկվող լրացումներով մասնավորապես՝
1) սահմանվել և տարանջատվել է «էլեկտրոնային եղանակով վարվող գործ» և «նյութական եղանակով վարվող գործ» հասկացությունները,
2) սահմանվել է, որ «էլեկտրոնային վարվող գործը» իր մեջ ներառում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ձևավորվել են (ստեղծվել են) կամ ներկայացվել են համակարգի միջոցով, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերի «սքանավորված» (scanned) տարբերակները, որոնք ներկայացվել են «ավանդական» եղանակով։
3) սահմանվել է, որ «նյութական եղանակով վարվող գործը» իր մեջ ներառում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են ավանդական եղանակով, ինչպես նաև՝ բոլոր այն փաստաթղթերի տպված (printed) տարբերակները, որոնք ձևավորվել են (կամ ստեղծվել են) կամ ներկայացվել են համակարգի միջոցով։
4) սահմանվել է, որ դատարանն ամեն դեպքում պարտավոր է միաժամանակ վարել և՛ «թղթային», և´ «էլեկտրոնային» գործեր, որոնց պարունակությունը բովանդակային առումով պետք է լինի համարժեք։
Իհարկե, նման տարբերակի կիրառումը սկզբնական շրջանում կարող է աշխատատար լինել դատարանների աշխատակազմերի համար։ Սակայն այն հնարավորություն կտա լուծել երկու էական հարց. 1) այս տարբերակի կիրառումը գործին մասնակցող անձանց թույլ կտա ցանկացած պահի և առանց որևէ խնդրի «անցում» կատարել ավանդական դատավարությունից դեպի էլեկտրոնային դատավարություն (ինչն անհրաժեշտ է էլեկտրոնային համակարգի «առաջխաղացման» տեսանկյունից) կամ հակառակը (ինչն անհրաժեշտ կլինի այն դեպքերում, երբ անձը որևէ պատճառով կզրկվի հասանելի տեխնիկական միջոցներից), 2) գործին մասնակցող անձանց արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների ապահովման տեսանկյունից՝ այս տարբերակի կիրառումը հնարավորություն կտա խուսափել դատական ակտերի հնարավոր բեկանումներից և ըստ այդմ՝ դատավարական ժամկետների անհարկի ձգձգումներից։
5) Եթե գործին մասնակցող բոլոր անձինք գործի շրջանակներում օգտագործում են էլեկտրոնային համակարգը, ապա դատարանն իրավունք ունի որոշակի կազմակերպչական գործողությունների շրջանակ (օրինակ՝ դատական գործի ուղարկումը մեկ ատյանից մեկ այլ ատյան) կատարել միայն էլեկտրոնային եղանակով։
6) Եթե գործին մասնակցող անձանց միայն մի մասն է գործի շրջանակներում օգտագործում էլեկտրոնային համակարգը (կամ եթե գործին մասնակցող որևէ անձ գործի շրջանակներում չի օգտագործում էլեկտրոնային համակարգը), ապա դատարանը որոշակի կազմակերպչական գործողությունների շրջանակ պետք է կատարի և՛ ավանդական, և՛ էլեկտրոնային եղանակներով։
7) Անձը կարող է համարվել գործի շրջանակներում էլեկտրոնային համակարգն օգտագործող, եթե տվյալ գործի շրջանակներում էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել է առնվազն մեկ գործողություն և դրանից հետո չի ներկայացրել դիմում առ այն, որ իր մոտ առկա է էլեկտրոնային համակարգն օգտագործելու անհնարինության իրավիճակ։ Ընդ որում, նախագծով հստակ սահմանվել է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր պետք է օգտագործեն էլեկտրոնային համակարգը, մասնավորապես փաստաբանները, սնանկության գործով կառավարիչներև և գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողը։
- Նախագծում հաշվի են առնվել հետևյալ հանգամանքները․
1) դատավարական մի շարք պարտականություններ, որոնք կիրառելի են «ավանդական» եղանակով ընթացող դատավարություններում, չեն կարող կիրառելի լինել էլեկտրոնային եղանակով ընթացող դատավարություններում (օրինակ՝ այն պատճառով, որ այդ դատավարական պարտականություններն էլեկտրոնային համակարգն օգտագործելու դեպքում կատարվելու են ինքնաշխատ կերպով),
2) մի շարք դատավարական գործողությունների կատարումն էլեկտրոնային եղանակով օբյեկտիվորեն անհնարին է։
- Ի թիվս որոշ այլ դատավարական ինստիտուտների, համապատասխան փոփոխությունները կատարելիս կարգավորում է տրվել հետևյալ հարցերը.
- Դատավարական փաստաթղթերի ներկայացման և ուղարկման կարգ,
- Դատական ակտերի կայացման և ուղարկման կարգ,
- Դատական ծանուցումներ և «պատշաճ ծանուցում» հասկացություն,
- Պետական տուրքի վճարումներ և պետական տուրքի «վճարումը հավաստող պատշաճ ապացույց» հասկացություն,
- Ապացույցների ներկայացման կարգ և բնօրինակ հանդիսացող փաստաթղթերի կամ դրանց պատշաճ վավերացված պատճենների ներկայացման առանձնահատկություններ,
- Էլեկտրոնային ստորագրության կիրառում և դատավարական փաստաթղթերն ու դատական ակտերը պատշաճ ստորագրված և հաստատված համարելու վերաբերյալ կարգավորումներ։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի քաղաքացիական գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով։
Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԵՄ «Թիրախային տեխնիկական օժանդակություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու համար» ծրագրի աջակցությամբ:
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
Նախագիծը ընդունվելու դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացումը, մասնավորապես Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համաձայն 1-ին նպատակի 1-ին գործողության կատարման ապահովման համար նախատեսվող ֆինանսավորման չափը կազմելու է շուրջ 500 մլն. ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու վարկային կամ դրամաշնորհային միջոցները:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ Կառվարության որոշման Հավելված 1-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որտեղ որպես ռազմավարական ուղղություն նախատեսվել է ստեղծել «Էլեկտրոնային դատարան» և «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգեր։
Նախագծի ընդուոնումը բխում է նաև Կառավարության նույն որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 1-ին գործողությունից, որով նախատեսվել է մշակել, ներդնել և գործարկել «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քաղաքացիական գործերով էլեկտրոնային մոդուլը։
Ինչպես նաև նախագիծը բխում է Նախագիծը բխում է նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից, մասնավորապես, նշված որոշման Հավելված 1-ի Արդարադատության նախարարության թիվ 4-րդ կետով նախատեսված («Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի (e-justice.am) մշակում և ներդնում») միջոցառումից:
-
Discussed
03.05.2023 - 18.05.2023
-
Type
Law
-
Area
Justice, Civil procedure
-
Ministry
Ministry of Justice
Views 3899
Print