Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Օպցիոնի պայմանագիրն համաշխարհային պրակտիկայում տարածված պայմանագիր է և լայնորեն կիրառվում է բազմաթիվ երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ղազախստան և այլն) և միջազգային ֆինանսական, արտարժույթի, ապրանքային և այլ շուկաներում:

Օպցիոնի պայմանագրի էությունը կայանում է նրանում, որ մի կողմը` օպցիոնը տնօրինողը` ստանում է իրավունք (բայց ոչ պարտավորություն) մյուս կողմից պայմանագրի կնքման պահին որոշված գնով ապագայում որևէ պահի ձեռք բերել գույք: Ընդ որում, օպցիոնի պայմանագիրն ի տարբերություն նախնական պայմանագրի չի պահանջում առանձին հիմնական պայմանագրի կնքում, այլ ինքնին հիմնական պայմանագիր է: Օպցիոնի պայմանագրի առարկա կարող է լինել արտարժույթը, արժեթղթերը կամ այլ գույք:

 «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն օպցիոնները դասվում են ածանցյալ ֆինանսական գործիքների շարքին:

Օպցիոնի պայմանագիրը միջազգային պրակտիկայում կիրառվում է տարբեր համատեքստերում` այդ թվում.

  • Ստարտափ ընկերությունների կողմից` որակյալ աշխատուժ ներգրավելու և աշխատողների աշխատանքի արտադրողականությունը խրախուսելու նպատակով: Այս տեսանկյունից` աշխատողների բաժնետիրացման ծրագրերի շրջանակներում,
  • Ընկերությունների կողմից ներդրումների ներգրավման նպատակով` այդ թվում որոշակի ֆինանսական ցուցանիշների հասնելու դեպքում արժեթղթեր ձեռք բերելու կամ օտարելու իրավունքի ապահովման միջոցով,
  • Անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը` բայց ոչ պարտավորությունը ամրագրելու և գինը նախապես որոշելու նպատակով,
  • Ապրանքներ և ծառայությունն արտահանող կամ ներմուծող տնտեսավարողների կողմից` արտարժույթի փոխարժեքի տատանման ռիսկերը կառավարելու նպատակով,
  • Կարգավորվող շուկաներում` արտարժույթի, արժեթղթերի, ապրանքների օպցիոնների միջոցով:

Այնուամենայնիվ, ՀՀ օրենսդրական մակարդակում բացակայում են օպցիոնի պայմանագրի հասկացությունը, դրա բովանդակությանը և կատարմանը վերաբերվող կարգավորումները, ինչը բարդություններ է առաջացնում տնտեսավարողների համար նման տեսակի պայմանագրերի կնքման հարցում:

Մասնավորապես, կարգավորված չէ և գործնականում պետական գրանցման տեսանկյունից խնդրահարույց է անշարժ գույքի նկատմամաբ սեփականության կամ այլ իրավունքի փոխանցման օպցիոնի պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքների պետական գրանցումը, քանի որ «Գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով դրանք սահմանված չեն: Սահմանված չեն նաև օպցիոնի պայմանագրից բխող սահմանափակումների բնույթը և դրանց գրանցման կարգը:

Միաժամանակ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը նախատեսում է որոշ դեպքերում ընկերության կողմից իր բաժնետոմսերի օտարման օպցիոնի պայմանագրերի կնքման հնարավորությունը, սակայն բացակայում է դրա գործուն մեխանիզմը: Մինչդեռ նման պայմանագրերը կարող են արդյունավետորեն օգտագործվել թե աշխատողների բաժնետիրացման և թե նոր ներդրումների ներգրավման համար:

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ելնելով վերոգրյալից` նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ օպցիոնի պայմանագրերի կնքման և կատարման համար:

3ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, «Գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում` դրանցում սահմանելով օպցիոնի պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

          Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն անշարժ գույքի և արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու, արտարժույթի փոխարժեքի, ապրևանքների գների տատանումները կառավարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, օպցիոնի պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը:

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

Նախագծի ընդունումը ապահովում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27–ի №1443-Լ որոշման Հավելված №2–ի 1.4.2 կետի (Անհրաժեշտության դեպքում մշակել ներդրումնային ֆոնդերի և բիզնես-հրեշտակների կայացմանը նպաստող օրենսդրական բարեփոխումների փաթեթ) դրույթների կատարումը։

                     

  1. ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

 

 

  • Discussed

    21.04.2023 - 07.05.2023

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2865

Print