Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
03.05.2023
Նախագծի 60-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 372-րդ հոդվածում՝ 2) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ»: Գործող կարգավորումների համեմատ գույքային պահանջներով վերաքննիչ բողոք ներկայացնելու շեմի քառապատիկ ավելացումը հիմնավորված չէ։ Հասկանալի չէ, թե փոփոխությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացվող բողոքների քանի տոկոսի վրա է տարածվելու և ինչքանով է ծառայելու հռչակված նպատակին, հաշվի առնելով, որ Նախագծի հիմնավորումներում որպես սույն փոփոխության նպատակ նշված է․ «Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվել է 50.000 դարձնել 200.000 դրամ, քանի որ առկա կարգավորումը վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության հարցը փաստացի չի լուծում»: Կատարվող փոփոխությունների նպատակը հաշվի առնելով և դրանց համատեքստում (քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծումը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացումը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացումը) առաջարկում ենք նաև վերանայել Աշխատանքային վեճերին վերաբերող հատուկ ընթացակարգերը․ Այսպես՝ Աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային վեճը աշխատողի կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի և գործատուի միջև տարաձայնությունն է, որն առաջանում է կամ առաջացել է աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ներքին իրավական ակտերով, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման ժամանակ: Միևնույն ժամանակ ՔԴՕ 210-րդ հոդվածը առավել նեղ է սահմանում աշխատանքային վեճ հասկացությունը՝ սահմանելով, որ Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ)։ Ինչը աշխատանքային իրավունքների խախտման ոչ բոլոր դեպքերում է հնարավորություն ունենում դիմել և ստանալ հատուկ ընթացակարգերով դատական պաշտպանություն, և չի համապատասխանում նյութաիրավական նորմեր սահմանող՝ Աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի դրույթներին։ Ուստի առաջարկում ենք Քաղաքացիական դատավարության օրենսգրքի աշխատանքային վեճի հասկացությունը սահմանող դրույթը ընդլայնել՝ համապատասխանեցնելով Աշխատանքային օրենսգրքի դրույթներին։