«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» , «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքի 169.16.-րդ հոդվածի 16-րդ մասի 1-ին պարբերության «Երևան համայնքի» բառերը
փոխարինել «Համայնքի» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝
Օրենք) 5.2-րդ և 5.3-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ.
« Հոդված 5.2. Համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի
կազմակերպումը կամ ծառայության մատուցումը
1. Համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ
ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ
ձեռնարկատերերը՝ համայնքի ղեկավարի տրամադրած թույլտվության հիման վրա, իսկ Երևան քաղաքում` Երևանի
քաղաքապետի:
Թույլտվության տրամադրումը մերժվում է սույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված
կարգավորումներին չհամապատասխանելու դեպքում: Թույլտվությունը տրամադրվում է, կամ թույլտվության
տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար
ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Թույլտվության տրամադրման և մերժման կարգը
սահմանում է համայնքի ավագանին:
2. Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման
թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության
իրականացման թույլատրելի ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների
չթույլատրվող տեսակները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ:
Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են
(հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝
էլեկտրոնային ամրագրման եղանակով մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը
չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև ժամը 23:00-ն:
3. Շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում և համապատասխան
նշանով կահավորվում են համայնքի ղեկավարի որոշմամբ, իսկ Երևան քաղաքում՝ քաղաքապետի որոշմամբ՝
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:
Նշված վայրերում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերը,
որոնք շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը պարտավոր են ազատել սահմանված
ժամը լրանալուց հետո:
4. Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող
ծառայությունների սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը
պահպանելու համար:
5. Համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից և (կամ) դրանց կցորդներից
ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ որևէ ծառայություն մատուցելը, բացառությամբ օրենքով
նախատեսված դեպքերի, արգելվում է:
Հոդված 5.3. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը
1. Տեսուչն իրավունք ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար
նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե՝
1) վաճառողը չունի շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն, և տրանսպորտային միջոցի սեփականատերը
կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց
կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի
իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.
2) վաճառողը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է վաճառք կամ մատուցում է ծառայություններ, և
տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի
դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների
մատուցումը կամ բացակայում է նշված վայրից.
3) վաճառողը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ, և
տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի
դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների
մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ
սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից, բացառությամբ Օրենքի 5.3-րդ հոդվածի 1.1-ին մասով
նախատեսված դեպքերի.
4) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր
կողմից ամրագրված՝ սահմանված վայրերից մեկում, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի
տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից
ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման
համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.
5) շրջիկ առևտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի
իրականացման համար տրամադրված վայրը, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի
տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից
ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման
համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:
1.1. Շրջիկ առևտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետին
կարող է թույլատրվել կայանել նաև սահմանված ժամը լրանալուց հետո:
2. Շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ
տրանսպորտային միջոցի օգնությամբ:
3. Տեսուչը կազմում է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու
վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում կամ ուղարկում է շրջիկ առևտրի կետի կամ
տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը` վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում, և
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է տեղադրվում
տվյալ համայնքի պաշտոնական կայքում:
4. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածքում պահպանելու ժամկետը
հաշվվում է օրերով և ժամերով՝ սկսած հատուկ տարածք այն տեղափոխելու պահից:
5. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ
հաշվառելու կարգը սահմանում է համայնքի ավագանին:
6. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու
համար գանձվում են վճարներ, որոնց չափը սահմանում է համայնքի ավագանին:
7. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը
կամ նրա լիազորած անձին հանձնվում է այդ մասին արձանագրություն կազմելուց հետո հատուկ տարածք
տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:
8. Շրջիկ առևտրի կետերի կամ տրանսպորտային միջոցների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված
չլինելու դեպքում դրանց փաստացի սեփականատերը կրում է իր սեփականության իրավունքը համապատասխան
ապացույցներով հիմնավորելու պարտավորություն: »
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝
Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 41.6-րդ և 41.7-րդ
ենթակետերով.
« 41.6) սահմանում է շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ
առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և
գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների
չթույլատրվող տեսակները.
41.7) սահմանում է շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու,
դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք
տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը. »
Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 14-րդ և 15-րդ կետերով.
« 14) տալիս է համայնքի տարածքում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ
ծառայության մատուցման թույլտվություն.
15) որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն շրջիկ
առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշելու և համապատասխան նշանով
կահավորելու վերաբերյալ: »
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի
(այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետից հանել «Երևան» բառը:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«21) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և
ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ
ծառայության մատուցման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ քսան հազարից մինչև հիսուն
հազար դրամ.»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
10.04.2023 - 26.04.2023
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2384
Print