Add to favourites

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)   17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը

 

  1. Տնտեսականմրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
  2. Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
  3. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
  4. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ գույքը:
  5. Հանձնաժողովը ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:»:

                                                                    

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Հանձնաժողովի կազմավորման կարգը և անդամներին ներկայացվող պահանջները

 

  1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ, տեղակալ և հինգ անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ:
  2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-րդմասինհամապատասխան՝ Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին վարչապետի առաջարկությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Հայաստանի Հանրապետության   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` ներկայացնելով տվյալ պաշտոնի թեկնածուի համար անհրաժեշտ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:
  3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին` ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում) և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
  4. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:
  5. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
  6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով նշանակվում է Հանձնաժողովի նոր անդամ` պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:
  7. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչև իր՝ որպես Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:
  8. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, ով`

1) չի համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործությունների համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

4) օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

5) ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով նախատեսված դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:»:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. Հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

  1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող հինգերորդ տարվա նույն օրը, բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
  2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) լրացել է նրա պաշտոնավարման առավելագույն տարիքը.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

3) նա, նախապես տեղեկացնելով վարչապետին, իր հրաժարականի մասին գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին.

4) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ անհայտ բացակայող կամ մահացած.

5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

6) նա մահացել է.

7) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

  1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե՝

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի, քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները.

6) պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ նա նշանակման պահին չի համապատասխանել Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին:

  1. Սույն օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը, գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:»:

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22. Հանձնաժողովի աշխատակազմը

  1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:
  2. Աշխատակազմի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և աշխատակազմի գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով: Աշխատակազմի աշխատակիցների թիվը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
  3. Հանձնաժողովի աշխատակազմի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

 

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետից հանել «հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմի հաuտիքացուցակը,» բառերը:

 

 

Հոդված 6. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
  2. Սույն օրենքի ուժով, որպես ինքնավար մարմին, Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի նախագահին, նրա տեղակալին և հինգ անդամներին պաշտոնավարման հետևյալ ժամկետներով՝

1) Հանձնաժողովի նախագահը՝ 5 տարի.

2) Հանձնաժողովի նախագահի տեղակալը` 4 տարի.

3) Հանձնաժողովի երեք անդամը՝ 3 տարի.

4) Հանձնաժողովի մեկ անդամը՝ 2 տարի.

5) Հանձնաժողովի մեկ անդամը՝ 1 տարի:

  1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այն անդամները, որոնք նշանակվել են մինչև Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշանակումները կատարելը, մասնավորապես՝

1) Հանձնաժողովի գործող նախագահը՝ մինչև Հանձնաժողովի նոր նախագահի նշանակումը.

2) Հանձնաժողովի գործող նախագահի տեղակալը՝ մինչև Հանձնաժողովի նախագահի նոր տեղակալի նշանակումը.

3) Հանձնաժողովի յուրաքանչյուր նոր անդամի նշանակմամբ դադարում են Հանձնաժողովի գործող հինգ անդամներից այն անդամի լիազորությունները, որը մյուս անդամներից ավելի շուտ է նշանակվել: Հանձնաժողովի գործող անդամի լիազորությունները դադարում են նաև այն դեպքում, եթե նա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նշանակվել է Հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի նախագահի տեղակալ կամ Հանձնաժողովի անդամ:

 

  • Discussed

    16.11.2017 - 02.12.2017

  • Type

    Law

  • Area

    Economical, Constitutional and administrative legislation

  • Ministry

    Competition Protection Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12773

Print