Add to favourites

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ  

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում ձեռքբերող տնտեսավարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե վերջինիս հասույթի չափը գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին կամ դրա նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը, իսկ գյուղատնտեսական արտադրանք իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին կամ դրա նախորդող վերջին ֆինանսական տարում չի գերազանցել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը։ Գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձանց դեպքում Հանձնաժողովը հասույթի չափը չի դիտարկում։»։

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում.

1) 7-րդ կետում «ցանցերում» բառը փոխարինել «օբյեկտներում» բառով.
2) 8-րդ կետի «գ» պարբերությունում «առևտրային ցանցի» բառը փոխարինել «բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի» բառով.
3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) «բանակցային ուժեղ դիրք ունեցող գյուղատնտեսական արտադրանք ձեռքբերող տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկային փաստաթղթերով նախատեսված վճարումների չիրականացումը հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահից 30 օրացույցային օրվա ընթացքում։

4)լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ կետերով.

«12) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4.4․-րդ գլխով սահմանված մատակարարման պայմանագրի վճարումների իրականացման առավելագույն ժամկետները մատակարարի նկատմամբ խախտելը, որի արդյունքում չվճարված գումարի ընդհանուր չափը 90 օրացույցային օրվա ընթացքում գերազանցում է 20 միլիոն դրամը.

13) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4.4–րդ գլխով նախատեսված առևտրային ցանցերի և մատակարարների միջև արդար առևտրի կանոնների խախտում թույլ տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը, ինչպես նաև վնասել սպառողների շահերը.

14)  այլ գործողություն կամ վարքագիծ, որը պարունակում է սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշները:»:

 

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա իրականցնում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված ընթացակարգային առանձին գործողություններ.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-րդ և 35-րդ կետերով.

«34) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռքբերողի և իրացնողի հասույթի նվազագույն և առավելագույն չափը.

35) իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործողություններ:».

3) 2-րդ մասում «13-31-րդ» բառերից հետո լրացնել «և 34-րդ» բառով։

 

Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1 Համակենտրոնացման գնահատման համար դիմում ներկայացնողը կամ ներկայացնողներից մեկը դիմումին կից ներկայացնում է նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից։ Էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի դեպքում պետական տուրքը վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:»։

 

Հոդված 5. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Համակենտրոնացման վարույթ հարուցելու համար ներկայացված դիմումները սույն օրենքի և Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում չեն քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձինք տեղեկացվում են:»:

 

Հոդված 6.     Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 3-րդ մասի և 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  2. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռքբերողի և իրացնողի հասույթի նվազագույն և առավելագույն չափը սահմանող Հանձնաժողովի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՕՐԵՆՔԸ 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 2-րդ հոդվածում.

1) «առևտրային օբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«առևտրային ցանց` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտ.».

2) «ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր՝» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները և տերմինները կիրառվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված իմաստով:»։

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 4.4.

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 15.8.

Առևտրային ցանցի և մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջները

 

  1. Արգելվում է առևտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը և կիրառումը մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման գործընթացում, բացառությամբ, եթե դա չունի ողջամիտ և օբյեկտիվ տարբերության հիմք, այդ թվում՝ պայմանավորված չէ տնտեսական պայմաններով (գործոններով) կամ առանձին խմբի կարգավիճակով։

 

Հոդված 15.9.

Առևտրային ցանցի պաշտոնական ինտերնետային կայքը

 

  1. Առևտրային ցանցն ունի պաշտոնական ինտերնետային կայք։
  2. Առևտրային ցանցը պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է.

1) հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն չափանիշները և սկզբունքները.
2) առևտրային ցանցի կողմից իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը, որում ներառվում են տվյալ առևտրային ցանցի կողմից վաճառքի ներկայացվող.
3) առևտրային ցանցում ապրանքի ցուցադրման պայմանները.
4) մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը:

 

Հոդված 15.10.

Մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, նոր մատակարարների մուտքն առևտրային ցանց

 

  1. Առևտրային ցանցերը սահմանում են հավանական մատակարարների ապրանքի ընտրության նվազագույն պահանջներ և սկզբունքներ։ Նվազագույն պահանջները և սկզբունքները կարող են սահմանվել ըստ ապրանքատեսակների՝ պայմանով, որ մատակարարի համար ընկալելի լինի տվյալ պահանջի կամ սկզբունքի վերաբերելիությունը կոնկրետ ապրանքատեսակին։
  2. Մատակարարի ապրանքի ընտրությունն իրականացվում է առևտրային ցանցի նախաձեռնությամբ կամ հավանական մատակարարի առևտրային առաջարկի ուսումնասիրության արդյունքում՝ հաշվի առնելով առևտրային ցանցի կողմից հրապարակած մատակարարի ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջները և սկզբունքները։
  3. Առևտրային ցանցը գրավոր առևտրային առաջարկը քննարկում է այն ստանալուց հետո ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն դեպքում, երբ մատակարարի ընտրության համար անհրաժեշտ է լրացուցիչ գործողությունների կատարում (փորձաքննության իրականացում և այլն), ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով, եթե նշված գործողության իրականացման համար անհրաժեշտ չէ այլ ժամկետ, որի մասին առևտրային ցանցը գրավոր եղանակով տեղեկացնում է առևտրային առաջարկ ներկայացրած հավանական մատակարարին։
  4. Առևտրային ցանցը հավանական մատակարարի ապրանքի ընտրության վերաբերյալ բացասական որոշման մասին գրավոր եղանակով տեղեկացնում է  առաջարկ ներկայացնողին` հիմնավորելով առևտրային ցանցի կողմից հրապարակված նվազագույն պահանջներին և սկզբունքներին չհամապատասխանելը:
  5. Առևտրային ցանցի կողմից հավանական մատակարարին լրացուցիչ` մատակարարման պայմանագրի հետ չկապված ծառայությունների պարտադրումը կամ դրանցից հրաժարվելու հիմքով մատակարարման պայմանագիր կնքելուց հրաժարվելն արգելվում է։

 

Հոդված 15.11.

Առևտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները

 

  1. Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր։
  2. Պայմանագիրը առնվազն պարունակում է.

1) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առևտրային ցանցի կողմից կատարվելիք բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.
2) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը.
3) պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև պայմանագրի դադարեցման և միակողմանի լուծման կարգը և հիմքերը.
4) պիտանիության ժամկետում չիրացված ապրանքների վերադարձման հնարավորություն նախատեսված լինելու դեպքում, դրա վերադարձման կարգը։

  1. Առևտրային ցանցը պաշտոնական ինտերնետային կայքում կարող է հրապարակել մատակարարների հետ կնքվող պայմանագրի պայմանները և բովանդակությունը։

 

Հոդված 15.12.

Առևտրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարման իրականացման պայմանները և կարգը

 

  1. Առևտրային ցանցին մատակարարված ապրանքների համար առևտրային ցանցի կողմից մատակարարին վճարումն իրականացվում է մատակարարման պայմանագրով նախատեսված ժամկետում։ Եթե մատակարարման պայմանագրով նախատեսվում է առևտրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարումն իրականացնել մատակարարումից հետո, ապա վճարման ժամկետը պայմանագրում սահմանվում է ոչ ուշ, քան.

1) շուտ փչացող ապրանքների համար` 30 օրվա ընթացքում:
2) շուտ փչացող չհամարվող ապրանքներ համար՝ 60 օրվա ընթացքում․

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների հաշվարկը սկսվում է հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահից, եթե այլ բան նախատեսված չէ մատակարարման պայմանագրով։

 

Հոդված 15.13.

Ապրանքների ցուցադրման պայմաններն առևտրային ցանցում, այդ թվում՝ ապրանքների գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքների առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմանները և կարգը

 

  1. Առևտրային ցանցը սահմանում է ապրանքի ցուցադրման պայմանները:
  2. Ապրանքների ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով, որը կարող է լինել նաև մատակարարման պայմանագրի մաս։
  3. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող պայմանագիրն առնվազն պարունակում է.

1) ապրանքների ցուցադրման նկարագիրը, առանձնահատկությունները և ապրանքների առաջխաղացմանն ուղղված միջոցառումների իրականացման պայմանները.
2) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առևտրային ցանցի կողմից կատարվելիք բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.
3) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը։

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «4.3-րդ գլխի,» բառերից հետո լրացնել «4.4-րդ գլխի,» բառերով։

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
  2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը առևտրային ցանցերն ապահովում են իրենց գործունեության համապատասխանեցումը սույն օրենքի պահանջներին։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

 

«21. Համակենտրոնացման գնահատման վարույթը հարուցելու համար

 բազային տուրքի 500-ապատիկի չափով»։

 

Հոդված 2  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո։

  • Discussed

    21.03.2023 - 07.04.2023

  • Type

    Law

  • Area

    Agriculture, State revenue, Economy, Financial, Economical, Civil and commercial legislation

  • Ministry

    Competition Protection Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5059

Print

Related documents / links