Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման միջոցով ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցումը կանխելու անհրաժեշտությամբ։
2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ «Եկամտային հարկի մասին» օրենքին համապատասխան ֆիզիկական անձանց ստացված շահաբաժինները նվազեցվել են համախառն եկամտից (չեն հարկվել եկամտային հարկով)։
ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան՝ 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ և ենթակա են հարկման եկամտային հարկով։
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվեց նաև, որ ստացված շահաբաժինները, դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրվելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից ենթակա են փոխհատուցման: Ընդ որում, նշված կարգավորումները օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների մասով ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից, իսկ ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինների մասով՝ 2018 թվականի հունվարի 1-ից։
Օրենսգրքի վերոնշյալ դրույթի կիրառման արդյունքում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ֆիզիկական անձինք հիմնականում ստացված շահաբաժիններից ներդրումները կատարել են շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների չափով և ամբողջությամբ այդ գումարները պետական բյուջեից վերադարձրել են։ Այսինքն՝ ստացվում է, որ, ըստ էության, այդ ներդրումները կատարվում են պետական բյուջեի եկամուտների հաշվին։
Ընդ որում, շահաբաժիններից վճարված եկամտային հարկի վերադարձված գումարներն ըստ տարիների աճում են։ Մասնավորապես, 2019-2022թթ. շահաբաժին ստացած ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները կազմել են 28.7 մլրդ դրամ, որից 2019թ.-ին՝ 4,1 մլրդ դրամ, 2020թ.-ին՝ 4,4 մլրդ դրամ, 2021թ.-ին՝ 9,6 մլրդ դրամ և 2022թ.-ին՝ 10,6 մլրդ դրամ:
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու դրույթները։
4․ Կարգավորման առարկան. ՀՀ պետական բյուջեի միջոցների եկամուտների ավելացումը։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից, որից ակնկալվում է միջազգային փորձին համապատասխան հարկային պլանավորման չարաշահման կանխարգելման կանոնների ներդրում:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ավելացնել ՀՀ պետական բյուջեի եկամուտները։