ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ագգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հանավության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «2.7 Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 1-ին ենթակետից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 14.2 կետից, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 1 հավելվածի 95-րդ կետից, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի 17.1-ին հոդվածի*) 2-րդ մասի դրույթներրից:
Միջոցառման նպատակը՝ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների, ինչպես նաև այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգի սահամնումն է:
2. Առկա իրավիճակը
Հանրապետությանում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքերից կառավարման մարմիններ են ձևավորված միայն 42%-ում (շուրջ 8000 շենք): Մնացած 58%-ում (շուրջ 11000 շենք) կառավարման մարմիններ ձևավորված չեն և կառավարումը՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի համաձայն, պետք է իրականացնեն համայնքները:
Ընդ որում, հետխորհրդային տարիներին՝ բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները ձևավորվել են հիմնականում իներցիոն, առանց ընթացակարգերի պահպանման կամ մտայնությունների վերանայման և նրանց մասով սահմանված չէ որևէ գիտելիքի, փորձառության կամ այլ պահանջ:
Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքի կառավարմանն առնչվող գիտելիքների (տեխնիկական, իրավական, վարչարարական, ֆինանսական և այլն) բացակայության պարագայում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում:
Անարդյունավետ և ոչ պատշաճ իրականացումն էլ իր հերթին բերում է բազմաբնակարան շենքերի մաշվածության գործընթացի արագացման և հանգեցնում վնասվածության մնացորդային կուտակումների՝ վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը՝ վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևումը, այլ նաև մարդկանց կյանքը, առողջությունը, գույքը, անվտանգությունը:
Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հիմնովին բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը՝ վերանայելով բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում առկա կանոնակարգումները, կարգավորել բնագավառում առկա խնդիրները և իրավահարաբերությունները` տարանջատելով շենքի կառավարման և պահպանման գործառույթները և ամրագրելով բնագավառում գործող բոլոր սուբյեկտների իրավասություններն ու պարտականությունները, պարզեցնել կառավարման մեխանիզը, ներդնել բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգ և այլն:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հանրապետության բնակֆոնդի կառավարման համակարգի բարելավման մասով մեր ազգային և միջազգային գործընկերների հետ քննարկումները՝ նախագծով նախատեսվում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ և սույն նախագծով սահմանել՝
- բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները,
- այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգը:
Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջներ, դրա հիման վրա վերապատրաստված և կառավարման գործընթացում ներգրավված կառավարիչներ:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում դրանից բխող առանձին միջոցառումների մասով ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն կարող է առաջանալ, որի չափը հնարավոր կլինի այդ միջոցառումների մշակման շրջանակներում:
7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի N1160-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից վերհանված՝ բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրները:
8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում:
9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է՝
- ՀՀ Ագգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հանավության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «2.7 Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 1-ին ենթակետից,
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 14.2 կետ,
- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 1 հավելվածի 95-րդ կետից:
*) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2023 թվականի հունվարի 17-ին, սակայն դեռևս հրապարակված և ուժի մեջ մտած չէ: