Add to favourites

Under development

«Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանելու, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը:


Նախագիծ

 

 

ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ,
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ,
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՎ
ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ, ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ
ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Թիվ ----- Ն

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ՀՀ վարչապետի 2018թ․ հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով՝ հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ կետերի պահանջները․
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
1. Հաստատել հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները սահմանելու մասին կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հաստատել հրաձգարաններում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանելու մասին կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին կարգը՝ համաձայն հավելված 3-ի:
5․ Հաստատել հրաձգարանի գործարկման լիցենզիա ունեցող կազմակերպություններին ապահովել անհրաժեշտ քանակությամբ մատյաններով։
6․ Հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի։
7․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը։

 

 


Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

«____» ___________ 2023թ.
ք. Երևան





Հավելված 1
ՆԳՆ նախարարի 2023թվականի N -Ն հրամանի


Կ Ա Ր Գ

ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1․ Սույն կարգով սահմանվում են փակ, կիսաբաց և բաց հրաձգարանների շահագործման թույլատրման վայրերի, սարքավորման, տարածքի, շենքային և տնտեսական պայմանների, գործունեության, զենք և ռազմամթերք պահելու զետեղարանների, հրաձգարանի անցագրային ռեժիմի պայմանները.
2․ Հրաձգարանների շահագործումը թույլատրվում է այդ վայրերը սույն հրահանգի պահանջներին համապատասխան կառուցելուց և դրանք գործարկելու համար ՀՀ ոստիկանությունից լիցենզիա ստանալուց հետո:
3. Փակ (ծածկած) հրաձգարանները պետք է ունենան գնդակակայուն պատեր և առաստաղ, կիսաբացը` գնդակակայուն պատեր և վերևից լայնակի գնդակաորսիչներ, իսկ բաց հրաձգարանը` գնդակաընդունիչ կողային հողաթմբեր և պարագծով ցանկապատված անվտանգության անհրաժեշտ գոտի:
4. Փակ, կիսաբաց և բաց հրաձգարանները համապատասխան տեսակի ակոսափող հրազենով կրակելու համար սարքավորվում են գնդակաորսիչներով:
5․ Ողորկափող հրազենով կրակելու համար նախատեսված հրաձգաստենդային համալիրները պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի` նշված տարածությունից դուրս որևէ օբյեկտի խոցվելը բացառելու համար:
6․ Հրաձգարանային համալիրը կազմված է մի քանի բաց հրաձգարաններից, որոնք սարքավորվում են բաց հրաձգարաններին ներկայացվող պահանջներին համապատասխան, նախատեսված են մեծ քանակությամբ հրաձգության մասնակիցների համար և կարող են ունենալ տարբեր կրակային տարածություններ:
7. Արգելվում է ակոսափող հրազենով կրակելու համար բաց հրաձգարանները կառուցել բնակավայրերից, պետական, հասարակական և արտադրական շինություններից առնվազն 3000 մետր, իսկ կիսաբացերը՝ առնվազն 300 մետր հեռավորության վրա:
8. Հրաձգային սրահը և զինասենյակը, եթե դրանք գտնվում են միևնույն շենքում, անջատվում են օժանդակ տարածություններից (դասասենյակներ, հանգստի սենյակներ, մարզիչների աշխատասենյակներ, տնտեսական սենյակներ) երկաթյա ճաղաշարային միջնորմներով: Այդ միջնորմներում նախատեսվում են վանդակաշարային դռներ, որոնք պետք է մշտապես փակված լինեն փականով: Միջնորմները պատրաստվում են 16մմ ոչ պակաս հաստությամբ երկաթյա ձողերից: Այդ ձողերը եռակցվում են յուրաքանչյուր հատման կետում ստեղծելով 150x150մմ չափի վանդակներ: Ձողերի ծայրերը մտցվում են պատի, առաստաղի և հատակի մեջ 80մմ խորությամբ և ամրացվում են բետոնով (ցեմենտապատվում են):
9. Կտրականապես արգելվում է հրազենը կրակային ընդմիջումների ժամանակ պահել հրաձգարանների կրակային սրահում, ինչպես նաև` զենքը և փամփուշտներն առանց հսկողության թողնել կրակագծում:
10. Անցագրային և ներօբյեկտային ռեժիմի, կրակակետերի, ընդհանուր անվատանգության մասին հրահանգը մշակվում է հրաձգարանի տնօրինությունը և համաձայնեցնում ՀՀ ոստիկանության հետ:
Հրաձգարանի անցագրային ռեժիմի պայմանները պետք է նախատեսեն զենքը տիրապետողի և ռազմամթերքի մուտքի և ելքի, զենքի, ռազմամթերքի և նյութական արժեքների ներս և դուրս բերելու (հանելու) խիստ ընթացակարգ։
Ներօբյեկտային ռեժիմը ներառում է այն միջոցառումները, որոնք ապահովում են հրաձգարանի ներքին աշխատանքնային կարգի պահպանումը` աշխատողների աշխատանքային ժամերը, զենքի, ռազմամթերքի տրամադրման և հանձնման կարգը, մշտական կամ մեկանգամյա անցագրերի ներդրումը:
Անցագրային և ներօբյեկտային ռեժիմի ապահովման նպատակով հրաձգարանի մուտքի դռները սարքավորվում են հուսալի փականներով, էլեկտրական զանգով, դիտանցքով (դիտման միջոցներ) և տեսահսկողությամբ:
Հրաձգարանի աշխատողների, հրաձիգ մարզիկների և այլ քաղաքացիների մուտքը հրաձգային օբյեկտ կատարվում է հսկիչ անցագրային կետով, որը պետք է համալրված լինի անձնական իրերի հուսալի պահման անհրաժեշտ պահոցներով, անցագրերի նմուշների վահանակով, հրահանգներով, պարապմունքների աշխատաժամերը կանոնակարգող ժամանակացույցով:
11․ Հրաձգարանում զենք և ռազմամթերք պահելու զետեղարանները պետք է համապատասխանեն տեխնիկական ամրացվածության հետևյալ պահանջներին.
1) Շենքերի պատերը, միջնորմները, առաստաղը, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, քարային շարվածքի հաստությունը պետք է լինի 360մմ-ից ոչ պակաս, պատերի բետոնային բլոկները` 200մմ-ից ոչ պակաս, երկաթբետոնե ծածկերը` 180մմ-ից ոչ պակաս, երկու շերտով բետոնային բլոկները` յուրաքանչյուրը 90մմ:
Նշված պահանջներին չհամապատասխանող կառույցի հատվածները պատվում են 16մմ-ից ոչ պակաս երկաթյա ձողերից պատրաստված 150x150մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով:
Ներքին պատերը կառուցելու ժամանակ թույլատրվում է օգտագործել զուգավորված բետոնե միջնապատային սալեր, յուրաքանչյուրը 80մմ-ից ոչ պակաս հաստությամբ, նրանց միջև նշված վանդակաշար անցկացնելով:
Պատերի ամրացման համար թույլատրվում է օգտագործել այլ հատուկ նյութեր, որոնք իրենց տեխնիկական բնութագրով չեն զիջում նշված կոնստրուկցիաներին:
Զենք և ռազմամթերք պահելու զետեղարանների տեխնիկական ամրացվածության նշված պահանջների կատարման մասին կազմվում է ակտ:
2) Ինժեներական ցանցերի համար նախատեսված, ինչպես նաև օդափոխիչ հորանցքերը, պատերի անցքերը փակվում են 16մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթե ձողերից պատրաստված 50x50մմ չափի վանդակաշարով:
3) Դռների խորշերը սարքավորվում են.
ա) 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթյա դռնով, որը ուժեղացվում է պարագծով և անկյունագծով` պատերի 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ և կողերի 50մմ-ից ոչ պակաս լայնությամբ երկաթյա պրոֆիլով
բ)16մմ-ից ոչ պակաս հաստությամբ ձողերով և 150x150մմ-ից ոչ ավելի վանդակների չափերով պատրաստված վանդակապատ դռնով, որը նույնպես ամրացվում է պարագծով և անկյունագծով: Դռան խորշի շրջանակը պատրաստվում է պատերի 5մմ-ից ոչ պակաս հաստությամբ և կողերի 100մմ-ից ոչ պակաս լայնությամբ երկաթյա պրոֆիլից:
4)Վերը նշված երկաթյա վանդակապատ դռան ձողերը յուրաքանչյուր հատման և պրոֆիլների հետ միացման տեղերում եռակցվում են, իսկ դռների խորշի շրջանակները ամրացվում են պատերի մեջ 80մմ խորությամբ և ցեմենտապատվում են:
5) Մուտքի հիմնական և վանդակապատ դռները պետք է ունենան տարբեր գաղտնանիշով ներքին երկու փականներ, ծխնիների հուսալի կառուցվածք և ամրություն:
Փականների փակող մասի լայնակի կտրվածքի մակերեսը պետք է լինի 3 քառ. սմ-ից ոչ պակաս:
Մուտքի դուռը լրացուցիչ սարքավորվում է կնքման համար հարմարանքով, ինչպես նաև 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթյա ականջիկներով, դրսից կախովի կողպեքով կամ երկրորդ ներքին փականով փակելու համար:
6) Զետեղարանը պետք է հագեցած լինի հակահրդեհային սարքավորումներով (ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության սահմանած նորմերի) և անվտանգության և հակահրդեհային ազդանշանային համակարգ:
Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:
7) Զենքի տրամադրման և հանձնման համար թույլատրվում է զետեղարանի պատի կամ դռան մեջ բացել 300x200մմ չափի պատուհան` ներսից փականով փակվող 3սմ հաստությամբ ներքին երկաթյա դռնակով: Պատուհանի շրջանակը պատրաստվում է 5մմ-ից ոչ պակաս պատերի հաստությամբ և 100մմ-ից ոչ պակաս կողերի լայնությամբ երկաթյա պրոֆիլից:
12. Հրաձգարանի զենքի պահման զետեղարանների բանալիների առաջին խուրձը պետք է պահվի զենքի պահպանության համար պատասխանատու անձի, իսկ երկրորդը` իրավաբանական անձի ղեկավարի մոտ:
13․ Զետեղարանում զենքը և ռազմամթերքը պետք է պահվի տեղադրված չհրկիզվող պահարաններում, բուրգերում, դարակաշարերում և արկղերում, զենքերը պետք է լինեն լիցքաթափված վիճակում, ձգանը սեղմած, անվտանգությունը միացված, մաքուր և յուղված:
Զենքի տեսակը, մոդելը և թիվը մատնանշող պիտակները փակցվում են աշխատողներին հատկացված զենքերին՝ ըստ գույքագրման և համարակալման և ապահովման մատյանի:
14․ Յուրաքանչյուր չհրկիզվող պահարանի, բուրգի, պահարանի, դարակի և տուփի համար կազմվում է գույքագրում, որտեղ նշվում են պահվող զենքի տեսակները, դրանց քանակը և համարները, և կցվում է պիտակ՝ նշելով մեդելը և սերիական համարը։
Զետեղարանում փակցվում է գույքագրման թերթիկ, որտեղ նշվում են չհրկիզվող պահարանների, բուրգերի, արկղերի, դարակաշարերի քանակը, դրանց սերիական և գույքագրման համարները:
Չհրկիզվող պահարանների, բուրգերի, տուփերի և դարակաշարերի պիտակները ստորագրվում են զետեղարանի անվտանգության համար պատասխանատու անձի կողմից և ճշգրտվում նրա կողմից՝ փոփոխություններ կատարելով:
Զետեղարանի մուտքի դռանը փակցված է պիտակ, որը նշում է տարածքի անվտանգության համար պատասխանատու անձի ազգանունը և անվան սկզբնատառերը:
15․ Զենքի և ռազմամթերքի ընդունման և բացթողման, զենքի և փամփուշտների առկայության և տեխնիկական վիճակի ստուգման մատյանները վարում է զետեղարանի պատասխանատու անձը, գրառումները կատարվում են կապույտ թանաքով, ընթեռնելի և ճիշտ։
16․ Հրաձգարանները պետք է ապահովված լինեն առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագանելով։
17․ Արգելվում է հրաձգարաններ մուտք գործելու անցագիր տրամադրել ակնհայտ հարբածության կամ վարքագծի խախտման նշաններ դրսևորող անձանց։

 

 

 

 

 Հավելված 2
ՆԳՆ նախարարի 2023թվականի N -Ն հրամանի

 


Կ Ա Ր Գ
ՀՐԱՁԳԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ, ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ,
ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ, ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1․ Սույն կարգով սահմանվում են հրաձգարաններում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցույթների անցկացման պահանջները.
2․ Հրաձգարաններում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքները, հրաձգության և տակտիկական պարապմունքները, մրցույթները անցկացվում են հրաձգարան գործարկող կազմակերպության կողմից կազմված տարեկան ծրագրով:
3․ Ծրագիրը կազմվում է մինչև վարժանքները և պարապմունքները սկսելը նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը։
4․ Տարեկան ծրագիրը հաստատվում է կազմակերպության պատասխանատուների կողմից՝ նախապես համաձայնեցնելով լիազոր պետական մարմնի հետ։
5․ Տարեկան ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ լիազոր պետական մարմնի համաձայնությամբ։
6․ Տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է հրաձգարան գործարկող կազմակերպության և լիազոր պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հաստատումից հետո` եռօրյա ժամկետում և ուժի մեջ է մտնում հրապարակումից մեկ ամիս հետո։
7․ Ծրագրում ներառվում են տեղեկություններ անցկացվող միջոցառման օրվա, ժամի, միջոցառման տեսակի և պայմանների վերաբերյալ։

 


Հավելված 3
ՆԳՆ նախարարի 2023թվականի N -Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1․ Հրաձգության հրահանգչի որակավորման ստուգման (այսուհետ` որակավորման ստուգում) կարգով կարգավորվում են թեկնածուի՝ հրահանգչի գործառույթ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ստուգման հետ կապված հարաբերությունները:
2. Որակավորումն ստուգում է հրաձգության հրահանգչի որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով):
3. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),
գ. սույն կարգի 5-րդ կետով նախատեսված` հանձնաժողովի կողմից կատարվող հարցումներին անձի համաձայնությունը.
2) անձնագիրը և դրա պատճենը.
3)ռազմամարզական կազմակերպությունում համապատասխան մասնագիտական պատրաստվածության (ուսուցում) դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն).
4) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացությունը․
5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր.
5) 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի։
4. Թեկնածուի կողմից հանցագործություն կատարված լինելու կամ հանցագործության համար դատվածության` սահմանված կարգով հանված կամ վերացված լինելու, հանգամանքները պարզում է հանձնաժողովը` համապատասխան հարցում կատարելու միջոցով:
5. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետների վերաբերյալ որակավորման ստուգումից առնվազն մեկ ամիս առաջ ոստիկանության http://www. police.am ինտերնետային կայքում, «02» շաբաթաթերթում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տրվում է իրազեկում:
6. Թեկնածուն որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ պատշաճ կերպով ծանուցվում է որակավորման ստուգումից առնվազն յոթ օր առաջ: Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ թեկնածուի նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով, էլեկտրոնային փոստով:
7. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով:
8. Որակավորումն ստուգվում է հրահանգչի մասնագիտական ուսուցման համար անհրաժեշտ պետական կրթական չափորոշիչներով սահմանված առարկաների և կրթական մոդուլների շրջանակներում:
9. Հանձնաժողովը կազմում է որակավորման ստուգման թեստավորման հարցաշարեր և թեստավորման առաջադրանքները` ըստ հրահանգչի մասնագիտության: Թեստային հարցաշարերը և թեստային առաջադրանքները հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ:
10. Թեստավորման հարցաշար ներառում է առավելագույնը հարյուր հարց, որոնք ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ պարտադիր հրապարակվում են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
11. Որակավորումն ստուգվում է թեստավորման առաջադրանքների միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:
12. Յուրաքանչյուր թեստավորման առաջադրանք կազմված է վեց հարցից: Յուրաքանչյուր հարց ունի երեք հնարավոր պատասխան, որոնցից մեկը ճիշտ է:
13. Թեստավորման առաջադրանքները լուծելու համար թեկնածուին տրամադրվում է 30 րոպե ժամանակ:
14. Թեստավորման առաջադրանքը գնահատվում է դրական՝ 6 հարցից 5-ին թեկնածուի ճիշտ պատասխանելու դեպքում:
15. Որակավորման ստուգման ընթացքը տեսաձայնագրվում է, որը չիրականացվելու դեպքում որակավորման ստուգման արդյունքներն առոչինչ են:
16. Որակավորման ստուգման տեսաձայնագրությունը պահպանել 2 ամիս:
17․ Որակավորման ստուգման մասնակիցներին տեսաձայնագրությունը տրամադրվում է նրանց դիմումի հիման վրա՝ դիմողի ներկայացրած էլեկտրոնային կրիչի միջոցով:
19. Հանձնաժողովը թեկնածուների գնահատականները հրապարակում է որակավորման ստուգման օրվա արդյունքները նույն օրն ամփոփելուց հետո մեկ ժամվա ընթացքում:
20. Թեկնածուն որակավորման ստուգման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին՝ ոչ ուշ, քան արդյունքները հայտարարվելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը:
21. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:
22. Որակավորման ստուգումից բացասական գնահատական ստացած թեկնածուն կարող է մասնակցել հաջորդ որակավորման ստուգմանը։
23. Հանձնաժողովը որակավորման ստուգման դրական գնահատականների հիման վրա ընդունում է որոշում թեկնածուներին որակավորման ստուգման վկայականներ տալու մասին: Վկայականը տրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում 5 տարի ժամկետով:
24․ Հրաձգության հրահանգչի որակավորման չի տրվում՝
1) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակներ ունեցող անձանց (հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը).
2) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, ում դատվածությունն oրենքով uահմանված կարգով վերացված կամ մարված չէ.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ, 308-313-րդ և 315-321-րդ հոդվածներով նախատեսված կամ հրազենի գործադրմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, անկախ դատվածությունը օրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված լինելու հանգամանքից։

 

  • Discussed

    17.01.2023 - 01.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3916

Print

Suggestions

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Առաջարկում եմ նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 11-րդ կետում ավելացնել նաև գործնական առաջադրանք, դա կարող է լինել ինքնաձիգի մասնակի քանդում և հավաքում կամ այլ գործնական առաջադրանք, որի մասին նույնպես նախապես տեղեկությունը պետք տեղադրված լինի ոստիկանության կայքում

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետը չի ընդգրկում այն դեպքը երբ օտարերկրյա քաղաքացին ցանկանում է հանձնել հրահանգչի քննությունը, բայց չի անցել զինվորական ծառայությունը, ազատված չի և տարեկետում չունի, քանի որ անձնագիր ստանալու երկրում զինվորական ծառայությունը պարտադիր չի, հետևաբար նա չի կարող ներկայացնել նմանատիպ փաստաթուղթ։ Ինչպես նաև հրահանգիչ կանայք փաստացի չեն կարող քննություն հանձնեն քանի որ չունեն զին գրքույք։ Առաջարկում ենք ամբողջությամբ հանել այս կետը։

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Առաջարկում եմ նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 3-րդ կետի 3 ենթակետը ամբողջությամբ հանել քանի որ պարզ չէ վկայականները կամ հավաստագրերը որ կազմակերպություններից պետք է ստացած լինեն, կամ դիցուկ օտարերկրյա կազմակերպություններից ստացած վկյականները համարվելու են արժանահավատ, թե ոչ, կամ որ չափանիշներով են գնահատվելու վերջիններս։ Ի վերջո անտրամաբանական է հրահանգչի հավաստագիր ստանալու համար հրահանգչի հավաստագիր պահանջել։

See more