Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1886-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարումն ապահովող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի ընդունման անհրաժեշտությամբ։

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը։ Անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր միջոցառումների ծրագիր, որը կապահովի 2023-2026 թվականներին ռազմավարության կատարումը՝ դրա առաջնահերթություններին համապատասխան։

Ռազմավարությունը հիմնված է 7 սկզբունքների վրա, որոնցից մեկն է՝ «Կլիմայի փոփոխություններին հարմարվողականություն, դիմադրողականություն և շրջակա միջավայրի կայունություն», ըստ որի պետք է իրականացնել կլիմայի փոփոխությունների վերաբերյալ իրազեկման, հարմարվողականության, մեղմացման ռեսուրսների կայուն օգտագործման գործառույթներ, ապահովել գյուղատնտեսության ոլորտի զարգացումը՝ կիրառելով ջրային և հողային ռեսուրսների կառավարման լավագույն փորձը։ Գյուղատնտեսության ոլորտը չափազանց զգայուն է կլիմայի փոփոխության նկատմամբ և մեծապես կախված է եղանակային պայմաններից։ Առավել հաճախակի և ինտենսիվ դարձած հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, ինչպիսիք են կարկտահարությունը, ուշ գարնանային ցրտահարությունը, վարարումները, սելավները, սողանքները, երաշտն ու խորշակները, ամեն տարի իրենց բացասական հետևանքներն են թողնում գյուղատնտեսության ոլորտի վրա և էապես նպաստում են ինչպես արտադրական ծավալների նվազմանը, այնպես էլ՝ գյուղական բնակչության եկամուտների կրճատմանը։

Կանխատեսումների համաձայն մինչև 2030 թվականը կլիմայի փոփոխության հետևանքով կրճատվելու է Հայաստանի արոտավայրերի ընդհանուր մակերեսը (ենթալպյան և ալպյան գոտու արոտավայրերի տարածքները՝ 19-22%-ով), իսկ դրանցից ստացվող բերքի ծավալը կնվազի 4-10%-ով: Այս ամենի արդյունքում խիստ կնվազեն անասնակերի արտադրության ծավալները, ինչն իր հերթին բացասական ազդեցություն կունենա անասնաբուծության ոլորտի վրա։

Կլիմայի փոփոխության բացասական ազդեցության պատճառով հանրապետությունում առավել խոցելի է դառնում նաև պարենային անվտանգության հիմնահարցը։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ռազմավարության վեցերորդ սկզբունքից բխող միջոցառումները ներառվել են միջոցառումների ծրագրում։

3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների ավելացմանը։

2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններով Հայաստանը պարտավորություն է ստանձնել հետամուտ լինելու տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում նաև գյուղատնտեսությունում կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցության մեղմման միջոցառումների ձեռնարկմանը։

           4Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ ունեն հստակ սահմանել այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել 2023-2026 թվականներին, այդ միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև նպաստել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության՝ կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների դիմակայության, ինչպես նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ հարմարվողականության արդյունավետության բարձրացմանը՝ մանսավորապես․

  • հիմնվելով տեղական և միջազգային լավագույն փորձի վրա հզորացնել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կառույցների, գյուղացիական տնտեսությունների և համապատասխան մասնագետների կարողությունները,
  • կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների նկատմամբ գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացման նպատակով պարբերաբար մշակել և ներդնել ապահովագրական նոր պրոդուկտներ,
  • մշակել և ներդնել սերմնաբուծության և սերմարտադրության ոլորտներին հասցեական աջակցության մեխանիզմներ,
  • ներդնել հողային և ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետ և խնայողական տեխնոլոգիաներ,
  • մշակել և իրականացնել հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների բացասական ազդեցությունը մեղմող միջոցառումներ,
  • տարածել և ներդնել անասնակերի որակի բարելավման ու արտադրության ծավալների ավելացմանն ուղղված տեխնոլոգիական նորարարություններ։

    5Պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները։

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, քանի որ դիտարկված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պետական բյուջեից տրամադրվելիք ֆինանսական միջոցները նախատեսվելու են տարեկան բյուջետային հայտերով, իսկ մի շարք միջոցառումների իրականացումը կապահովվի միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ։

   6․  Ակնկալվող արդյունքը։ Միջոցառումների իրականացումը կնպաստի ռազմավարությամբ նախանշված հետևյալ հիմնական ցուցանիշների ապահովումը մինչև 2026թ․՝

  • գյուղատնտեսության համախառն արտադրանքը ավելացնել մինչև 1,4 տրլն. ՀՀ դրամ․
  • գյուղացիական տնտեսությունների թիվը կրճատել մինչև 280,000-ի․
  • տարեկան կտրվածքով մեկ գյուղացիական տնտեսության ստեղծած արժեքը հասցնել մինչև 4․5 մլն ՀՀ դրամ․
  • ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալը հասցնել մինչև 1․5 մլրդ. ԱՄՆ դոլար․
  • մշակովի դարձնել վարելահողերի շուրջ 75%-ը․
  • գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում․
  • գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ․
  • կլիմայի փոփոխության և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսվարողներին հասցվող վնասների մեղմում։

7․  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

8Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի 10 (Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն) մեգանպատակի, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հատատված  ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 9․1 (ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության իրականացում) միջոցառման իրականացումից։

  • Discussed

    16.01.2023 - 03.02.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4750

Print