ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______________-- 2022 թվականի N _________-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջության խթանման միջոցառումը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշման հավելվածով հաստատված միջոցառման իրականացումը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 20___ թվականի
______N ______Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
- Միջոցառման նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջության զարգացմանը՝ աջակցելով վերոնշյալ մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ շահագործող տնտեսվարողներին ներգրավել զբոսաշրջիկների:
- Միջոցառման խնդիրն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային գրավչությունը:
2․ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
- Սույն միջոցառման իմաստով`
- շահառու են համարվում այն իրավաբանական անձինք, ովքեր 2022 թվականի դեկտեմբերի 1-ից 2023 թվականի մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում օգտվել են (ծառայությունները փաստացի մատուցվել են) տնտեսվարողի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտում մատուցված ծառայություններից, ընդ որում նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն առնվազն հինգ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են շահառուի աշխատակիցները (ծառայությունը ստացող),
- տնտեսվարող են համարվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի կամ Վայոց ձորի մարզերում գրանցված (հաշվառված) և այդ մարզերում հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ում կողմից մատուցվող ծառայությունները ներառում են գիշերակացի, նվազագույն հյուրանոցային ծառայությունները և կարող են ներառել նախաճաշի մատուցման ծառայությունները (ծառայությունը մատուցող):
3․ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
- Միջոցառմամբ նախատեսվում է շահառուներին տրամադրել փոխահատուցում` տնտեսվարողներից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում գիշերակացի և նվազագույն հյուրանոցային ծառայություններ ձեռք բերման գնի վաթսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 3,000,000.00 դրամը:
4․ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Աջակցությունը տրամադրվում է շահառուներին պայմաններով, որ շահառուն աջակցության համար հայտ ներկայացնելու պահին պետք է ամբողջությամբ վճարած լինի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծառայությունների համար։
- Աջակցություն ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է հայտ, որտեղ պետք է նշվեն.
- Շահառուի ՀՎՀՀ-ն, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, բանկային հաշվի վավերապայմանները,
- Շահառուի աշխատակից հանդիսացող ֆիզիկական անձանց թիվը, որոնք փաստացի օգտվել են սույն միջոցառման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծառայություններից,
- Սույն միջոցառման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծառայությունների փաստացի մատուցման ժամանակահատվածը,
- Ֆիզիկական անձանց կողմից Շահառուի աշխատակիցը համարվելը հավաստող փաստաթղթերը (պետական եկամուտների կոմիտե ներկայացրած աշխատակիցների եկամտային հարկի վերաբերյալ հաշվետվությունը, իսկ նոր ընդունված աշխատակիցների դեպքում աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ) կամ ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենը)։
- Հայտին կից ներկայացվում են.
- Տնտեսվարողի կողմից շահառուին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրած հաշվարկային փաստաթուղթ, որում պետք է նշված լինի մատուցված ծառայությունների տեսակը, գիշերակացի ծառայություն ստացած ֆիզիկական անձանց թիվը և ծառայությունները փաստացի մատուցելու ժամանակահատվածը և վայրը (հասցեն),
- Սույն կետի առաջին ենթակետում նշված հաշվարկային փաստաթղթում առաջադրված վճարման պարտավորությունը կատարած լինելու հաստատող փաստաթուղթ` բանկային փոխանցման անդորրագիր` հաստատված բանկի կնիքով,
- հայտով ներկայացված ամբողջ տեղեկատվության հավաստիությունը հաստատող փաստաթուղթ:
- Հայտը և կից փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով։
- Յուրաքանչյուր շահառու կարող է ներկայացնել ոչ ավելի քան ամիսը մեկ հայտ:
- Նախարարությունը շահառուների ընտրության նպատակով ստացված տեղեկատվության ստուգումը և համապատասխանությունը սույն որոշման հավելվածի 3-րդ կետին իրականացնում է հայտերի ներկայացման ժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Թերությունների առկայության կամ մերժման դեպքում դրանց վերաբերյալ հայտատուին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով` նույն ժամկետում,
- Հայտի թերությունները կարող են շտկվել այդ մասին հայտատուին տեղեկացնելուց հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում,
- Սույն Հավելվածի 11-րդ կետով սահմանված ժամկետների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուներին գրավոր ծանուցվում է (հայտում լրացված էլեկտրոնային փոստի հասցեների միջոցով)՝ շահառու դառնալու վերաբերյալ պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու (նշելով մերժման հիմքերը) վերաբերյալ։
- Փոխհատուցման տրամադրումը մերժվում է, եթե շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն միջոցառման պահանջներին:
- Ծանուցումն ուղարկելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսվարողի և նախարարության միջև կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է վճարում՝ շահառուի կողմից ներկայացված բանկային հաշվին փոխանցում իրականացնելու միջոցով։
5․ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Միջոցառման շրջանակներում՝ հանրային իրազեկումը ապահովելու նպատակով խրախուսվում է թվային հարթակներում լուսանկարների տեղադրումը՝ նշելով գտնվելու վայրը։
- Միջոցառման իմաստով «հյուրանոցային տնտեսության օբյեկտ» և «նվազագույն հյուրանոցային ծառայություններ» հասկացություններն ունեն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստները։
- Միջոցառման իմաստով շահառու հանդիսացող իրավաբանական անձի աշխատակից է համարվում այն ֆիզիկական անձը, ով Շահառուի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ) կամ ծառայությունների մատուցման պայմանագիր։