Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 -2025 ԹՎԱԿԱՆՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ   ՀՐԱԶԴԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  2023 -2025 ԹՎԱԿԱՆՆՆԵՐԻ  ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ   ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի   մասին»  օրենքի  4-րդ հոդվածի, համայնքի  ղեկավարը  կազմում  և  համայնքի  ավագանու  հաստատմանն  է ներկայացնում  համայնքի  2023-2025 թվականների  միջնաժամկետ  ծախսերի ծրագրի  (այսուհետ` ՄԺԾԾ)  նախագիծը: Հրազդան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագիրը հաստատելու մասին Հրազդան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման  մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների  պահանջներին համապատասխան:

2023-2025 թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագիրը, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է  ֆինանսական տարիների համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագրի  հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում , ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում, ուղղակի և ելքային արդյունքների ձեռքբերում՝  միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում: Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը: Եթե համայնքի զարգացման ծրագիրը հաստատվում է մեկ անգամ՝ ավագանու լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի` 5 տարվա համար, ապա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա 3 տարիների համար: Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն տալով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Համայնքային ոլորտային գերակայությունները որոշվում են ինչպես համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի գերակայությունների, այնպես էլ ՀՀ կառավարության ծրագրերի առաջնահերթ ուղղությունների հիման վրա:

 Սոցիալ-մշակութային ոլորտներում կարևորվում են սոցիալական ապահովության բնագավառում ուշադրությունը անապահով ընտանիքներին, թոշակառուների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշմանդամների լուծում պահանջող խնդիրները:

Կարևորվում է`

  • համայնքային ենթակայության մշակույթի և սպորտի բնագավառների` մշակույթի տների, թանգարանների, գրադարանների, երաժշտական դպրոցների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, շարունակվում են համայնքային ենթակայության հուշարձանների վերականգնման և պահպանման աշխատանքները,
  • ճանապարհային տնտեսության, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի, գյուղատնտեսության և ջրային տնտեսության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում տարվող աշխատանքները,
  • բազմաբնակարան շենքերի սպասարկման, վթարային շենքերի գույքագրման ու ամրացմանն ուղղված ծրագրերի մշակման, նոր շենքերի կառուցման, ապօրինի շինությունների քանդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

ՄԺԾԾ հիմնական նպատակն է ներկայացնել համայնքի ծախսային ռազմավարությունը հաջորդ  երեք  տարվա  բյուջեի ծախսային  ծրագրերի  ֆինանսական գնահատականը:  Տվյալ ռազմավարությունը ներառում է միջնաժամկետ հատվածում նախատեսված ծրագրերը, և թե  ինչպես  են  դրանք նպաստելու տեղական ինքնակառավարման մարմնի նպատակների և թիրախների իրագործմանը: Պետք է ներկայացնել նաև նախատեսված ծրագրերի ֆինանսական գնահատականը և հիմնավորել դրանք: 

Համայնքի ՄԺԾԾ-ն բաղկացած է երկու մասից՝

  1. համայնքի եկամուտները շարադրող մաս,
  2. համայնքի` հնգամյա զարգացման ծրագրից բխող ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:

Եկամուտները շարադրող մասը պետք է պարունակի առաջիկա երեք տարիների համար եկամուտների մասին բովանդակային ու հաշվարկային հիմնավորումներ, եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ տարվա համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ երեք տարվա համայնքային բյուջեով եկամուտների քաղաքականության նպատակների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն, երեք տարվա կտրվածքով բոլոր տեսակի եկամուտների ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ:

Ծախսային քաղաքականությունը պարունունակում է այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով, ինչպես նաև այն ծախսային գործոնները, այդ թվում ` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն իրագործվող ծախսերի վրա: Հրազդան համայնքի  համար առաջիկա տարիներին կարևոր է տնտեսական միջոցառումների իրականացումը, եկամուտների ու բոլոր այլ ռեսուրսների նպատակային վերաբաշխումը, բնակչության բարեկեցության աճը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ճիշտ քաղաքականության վարման արդյունքում՝ աղքատության  հաղթահարումը: ՄԺԾԾ-ն իրենից ենթադրում է գործընթացային ծրագիր, որն էլ ըստ էության իրենից ներկայացնում է քաղաքականությունների   ձևակերպում-պլանավորում-բյուջետավարում   տեսքով   շղթա՝  դառնալով  համայնքի բյուջեի կազմման ուղեցույց: 

Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին իրականացվում են հետևյալ ծրագրերը.

  1. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի, միջանցքի հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքների իրականացում և թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցի կառուցում: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կունենանք բոլորովին նոր, հարմարավետ ու Էներգաարդյունավետ հաստատություն` բոլոր չափանիշներին համապատասխան, որի շնորհիվ խնայված  միջոցները կուղղվան այլ խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կփոխվի համայնքի երեխաների ուսման որակը, համայնքում կավելանա վերանորոգված ու հարմարավետ նախադպրոցական հաստատությունների թիվը և մանկապարտեզ հաճախող սաների թվի զգալի աճ կունենաք:   
  2. Հրազդան համայնքի ներհամայքնային ճանապարհների հիմնանորոգման և համայնքի երկու անվանական մուտքերի կառուցման աշխատանքների, ինչպես նաև Հրազդան քաղաքի /Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում/, Քաղսի, Լեռնանիստ, Սոլակ և Ջրառատ գյուղերում կանգառների  կառուցման աշխատանքների իրականացում: Նշված ճանապարհների նշանակությունը` թե´ գլխավոր, կենտրոնական, թե´ երկրորդական՝ դեպի դպրոց տանող: Հրազդան համայնքի /Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում/, Քաղսի,Սոլակ, Լեռնանիստ և Ջրառատ գյուղերում նախատեսված է կառուցել թվով 10 տիպային կանգառներ և բարեկարգել տարածքը`  օգտագործելով տեղական շինանյութերից պատրաստված սալիկներ։ Հաշվի է առնվել կանգառների մաշվածությունը, ինչպես նաև որոշ տեղերում` բացակայությունը: Տարածքը հարմարեցնել բնակչության սակավաշարժուն խմբերի համար: Նախատեսված է նաև Երևան-Սևան մայրուղուց Հրազդան համայնքի երկու անվանական մուտքերի լուսավորության համակարգով կոնստրուկցիայի կառուցման աշխատանքներ, արդյունքւոմ համայնք մուտք գործող հատվածը կլուսավորվի և համայնք ժամանող հյուրերի և  զբոսաշրջիկների համար կողմնորոշիչ կլինի:
  3. Հրազդան համայնքի Հարավային թաղամասի  Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բեմի և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքներ: Բնակավայրերում խաղահրապարակներում ու զբոսայգիներում մարզասարքերի ու կարուսելների տեղադրում: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կունենանք բացօթյա բարեկարգված ու հարմարավետ բեմ` բոլոր հնարավորություններով, տարատեսակ մարզասարքերով հարուստ խաղահրապարակներ, զբոսայգիներ: Արդյունքում համայնքում կխթանենք առողջ ապրելակերպի զարգացումըկկազմակերպվեն մշակութային բացօթյա միջոցառումներ` համայնքը դարձնելով գրավիչ թե´ զբոսաշրջիկների ու հյուրերի, թե´ բնակիչների համար:
  4. Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կվերականգնվի Լեռնանիստ բնակավայրի ջրամատակարարումը` մինչև 18-20 ժամ տևողությամբ, ջրի կորուստը կբացառվի և կբարելավվի բնակիչների կենսամակարդակը: Արդյունքում 550 տնտեսության կենցաղային պահանջմունքները կբավարարվի: Իսկ ջրամատակարարման ցանցը նախնական կսպասարկի համայնքը:
  5. Հրազդան համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում : Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ներհամայնքային ճանապարհների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ: Արտաքին լուսավորության ցանցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման ծրագրում ներառված են Հրազդան քաղաքի Հարավային, Կենտրոն, Վանատուր, Միկրոշրջան, Կոճոռ թաղամասերի, Հայ Ֆիդայիներ փողոցի, ինչպես նաև Քաղսի բնակավայրի արտաքին լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքներ:  Ծրագրով նախատեսված արտաքին լուսավորության ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 14105 գմ /11 կմ/։
  6. Հրազդան համայնքի Մաքրավան թաղամասում ավտոտեխսպասարկման կայանատեղիի և ծածկարանի կառուցման աշխատանքներ: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կունենանք կոմունալ տնտեսության սպասարկմանը ծառայող մեքենաների համար նախատեսված ծածկարան և ավտոտեխսպասարկման անվտանգ ու հարմար կայանատեղի, կնվազի մեքենաների տեխնիկական մաշվածությունը. ի հաշիվ ծածկարանի, կխուսափենք եղանակային պայմաններից առաջացրած խնդիրներից: Հաշվի առնելով համայնքի եղանակային պայմանները, մեքենաների տեխնիկական վիճակը պահպանելու նպատակով ծածկարանը առաջնային անհրաժեշտություն է:

      Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին նախատեսված է իրականացնել հետևյալ ծրագրերը.

  1. Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն, Միկրոշրջան, Հարավային և Մաքրավան թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման և  Զ.Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքներ - աշխատանքների իրականացման ժամանակ պետք է հաշվի առնել  ճանապարհային պատվածքը, ծածկի շերտերի քանակը և խտությունը կախված ճանապարհի տեսակից, երթևեկության ինտենսիվությունից, կլիմայից և հիմնատակի պայմաններից: Նախատեսվում է գոյություն ունեցող դիտահորերի վերականգնում, անհրաժեշտության դեպքում բետոնե ծածկի բարձրացում ճանապարհի պատվածքի համապատասխան: Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է  մոտ 4860 մ։ Բետոնե բաժանարարների   ընդհանուր երկարությունը՝ 1180 մ։ Արդյունքում կնորոգվեն համայնքի երկրորդական նշանակության միջթաղային ճանապարհները, որով կբարձրանա բնակչության կենսամակարդակի ցուցանիշը, կնվազի մեքենաների մաշվածության ցուցանիշը:
  2. Հրազդան համայնքի տարածքում մայթերի նոր եզրաքարերի կառուցման աշխատանքներ - ծրագրում նախատեսվում է Հրազդան համայնքի տարածքում մայթերի բետոնե և բազալտե նոր եզրաքարերի կառուցման աշխատանքներ։   
  3. Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասում բակային տարածքում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ - ծրագրում նախատեսվում է  Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կառուցել խաղահրապարակ։ Նախատեսվում է բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցում, քարե սալահատակի և սիզամարգի կառուցում, ժամանցի համար նախատեսված տաղավարների կառուցում, մարզասարքերի տեղադրում, ցայտաղբյուրների կառուցում։ Նախատեսվող աշխատանքների արդյունքում կունենանք բոլորովին նոր ու հարմարավետ բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ:
  4. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Վանատուր թաղամասի մի հատվածի և նոր թաղամասի կոյուղու ցանցերի կառուցում - Նախատեսվող աշխատանքների արդյունքում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Վանատուր թաղամասի մի հատվածը և նոր թաղամասի 100 տնտեսություն կապահովվի կոյուղագծի նոր համակարգով:
  5. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսիի մանկապարտեզի շենքի ընդլայնման և համայնքի Կենտրոն թաղամասի թիվ 15 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման ու կառուցման, նոր դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքներ - Ծրագրով նախատեսվում է Հրազդան խոշորացված համայնքի Քաղսի բնակավայրի մանկապարտեզի շենքի ընդլայնման աշխատանքներ, ինչպես նաև Հրազդան համայնքի թիվ 15 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման ու կառուցման, ինչպես նաև դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքների իրականացում:

  Քանի որ Հրազդան համայնքը խոշորացել է 2021 թվականի դեկտեմբերին, ուստի եկամուտների պլանավորման, հավաքագրման, ինչպես նաև ծախսերի համեմատական ցուցանիշները կներկայացվի 2024-2026 թվականների ՄԺԾԾ-ի մեջ:

  • Discussed

    09.12.2022 - 28.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Hrazdan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2980

Print