Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

OՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

Հայաստանի Հանրապետությունում հեռավար աշխատանքի վերաբերյալ կարգավորումներ նախատեսվել են 2020 թվականի մայիս ամսվանից, մասնավորապես` 2020 թվականի ապրիլի 29-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-236-Ն օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացվել է 106.1-ին հոդվածով, որով նախատեսվել են տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում աշխատանքային պարտականությունների հեռավար եղանակով ժամանակավոր կատարման վերաբերյալ կարգավորումները:

Մասնավորապես սահմանվել է.

Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ դեպքերով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը: Հեռավար եղանակով աշխատանքի իրականացումը Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն:

Նշված դեպքերում, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում՝ հեռավար եղանակով, ապա չօգտագործված ամենամյա արձակուրդ ունենալու պարագայում աշխատողի պահանջով գործատուն աշխատողին տրամադրում է ամենամյա արձակուրդ:

Միաժամանակ, Օրենսգիրքը նույն` ՀՕ-236-Ն օրենքով լրացվել է նաև 187.1-ին հոդվածով, որի 3-րդ մասով նախատեսվել է, որ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված` հեռավար եղանակով աշխատանքի իրականացման դեպքերում աշխատողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է:

Վերը նշված կարգավորումները ուժի մեջ են մտել 2020 թվականի մայիսի 8-ից:

Այսպիսով` ներկայում հեռավար եղանակով աշխատանքի իրականացում Հայաստանի Հանրապետությունում սահմանված է միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար:

Հարկ է նշել, որ կարգավորման ընդունումից հետո աշխատանքային հարաբերությունների նշված նոր եղանակով կազմակերպումը ներդրվեց ՀՀ աշխատանքի շուկա, և մերկայում մեծ է պահանջարկն աշխատանքի կազմակերպման նման ճկուն մեխանիզմներ օրենսդրորեն ամրագրելու հարցում։ Աշխատանքի միջազգային շուկայում ևս շատ են կիրառվում աշխատանքի կազմակերպման նման նոր ձևերը։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում են հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները և աշխատողները կունենան աշխատանքի կազմակերպման ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման այլընտրանքային տարբերակներ (իհարկե պահպանելով աշխատողների համար սահմանված պատշատ պաշտպանության միջոցներն ու աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները), քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ` «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու և բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին։

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 2-րդ՝ «Տնտեսություն» բաժնում էլ նախատեսվել է, որ բարելավվելու է աշխատանքային օրենսդրությունը, մասնավորապես գործատու–աշխատող պայմանագրային հարաբերությունների այնպիսի կարգավորումներ կսահմանվեն, որոնք նպաստում են և՛ բիզնեսի, և՛ մասնագետի կայուն զարգացմանը։

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթում, որպես հանրային պահանջարկ նշված է, Արժանապատիվ Հայաստանը, որտեղ ստեղծված են արժանապատիվ կյանքի բոլոր պայմանները՝ առողջության, կրթության, աշխատանքի և հանգստի համար, ինչպես և ընտանիքում ապրում են արժանապատիվ և միմյանց նկատմամբ հոգատար կյանքով։ Մասնավորապես, նախագիծն ուղղված է նույն փաստաթղթի գործողության «04-Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ» մեգանպատակի «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ...» լուծումների իրացմանը։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 05.12.2019 N 1753-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Աշխատի'ր, Հայաստան» ռազմավարությամբ նախատեսվել է «աշխատանքային պայմանների և հարաբերությունների շարունակական բարելավում» 4-րդ նպատակը, որով առանձնացվել է «Աշխատանքային հարաբերությունների պետական կարգավորման և վերահսկողության բարելավում» 1-ին խնդիրը։ Մասնավորապես, 1-ին խնդրի համար առանձնացվել է նաև 1.2-րդ գործողությունը, որով նախատեսվել է՝ աշխատանքային օրենսգրքի  և աշխատանքային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի վերանայումը, փոփոխությունների ներկայացումը  և ընդունումը։ Նշվել է նաև, որ աշխատանքային հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքը Աշխատանքային օրենսգիրքն է, որը թեպետ պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում, սակայն, պայմանավորված հասարակական-տնտեսական հարաբերությունների զարգացմամբ և մի շարք դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ՝ գործող իրավական դաշտի վերլուծության և ըստ այդմ՝ փոփոխությունների ներկայացման անհրաժեշտություն կա, որի արդյունքում աշխատանքային իրավունքները կդառնան ավելի պաշտպանված՝ միաժամանակ չնվազեցնելով աշխատանքային հարաբերությունների ճկունությունը։

Նախագծով ներկայացվող փոփոխությունները միտված են վերոնշյալ փաստաթղթերում վկայակոչված նպատակների իրացմանը։

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից:

7. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կամրագրվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմներ, աշխատանքի կազմակերպման արդյունավետ, ժամանակի հրամայականին համահունչ և նոր եղանակներ։

 

  • Discussed

    06.12.2022 - 22.12.2022

  • Type

    Law

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10880

Print

Suggestions

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

22.12.2022

Դրական գնահատելով աշխատանքային հարաբերությունների կարգավորման արդի մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված Նախագծով առաջրկվող լրացումները և փոփոխությունները, հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող հեռավար աշխատանքի կազմակերպման հետ կապված որոշ կարգավորումներ խնդրահարույց են և հակասում են հեռավար աշխատանքի կարգավորման վերաբերյալ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) «Հեռավար աշխատանքի մարտահրավերները. աշխատաժամանակի կազմակերպումը, աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռության պահպանումը և միացած չլինելու իրավունքը» վերնագրով կարծիքում արտահայտված սկզբունքներին (https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:52020AE5278&rid=6 ): Մասնավորապես, Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ «Հեռավար եղանակով աշխատանք կատարողների աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի …, 244-րդ հոդվածի, … պահանջները:»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 244-րդ հոդվածը սահմանում է, որ գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանք ժամանակին տրամադրելը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի կատարման համար։ Ինչպես COVID-19 համավարակի հետևանքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման պայմաններում Կազմակերպության կողմից արձանագրած աշխատանքային իրավունքների խախտումների (https://hcav.am/covid-19-hcav-2/), այնպես էլ COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի վերաբերյալ Կազմակերպության կողմից հրապարակված զեկույցներով արձանագրել էինք, որ հեռավար աշխատանքի հնարավորություն սահմանող օրենսդրական փոփոխությունը չի հանգեցրել խնդրի լիարժեք կարգավորմանը, մասնավորապես, չեն լուծվել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աշխատանքի հեռավար կազմակերպման դեպքում աշխատողին՝ իր պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի և գործիքների տրամադրումը, աշխատողի կամ վերջինիս հաշվին ձեռք բերված անհրաժեշտ նյութերի և սարքավորումների դիմաց վճարման կարգի հետ կապված դեպքերը և այլ հարցեր (https://hcav.am/labor-rights-covid-19/):«Հեռավար աշխատանքի մարտահրավերները. աշխատաժամանակի կազմակերպումը, աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռության պահպանումը և միացած չլինելու իրավունքը» վերնագրով կարծիքում Կոմիտեն գտել է, որ հեռավար աշխատողները պետք է ունենան նույն անհատական և կոլեկտիվ իրավունքները, ինչ այն աշխատողները, որոնք աշխատանքը կատարում են աշխատավայրից։ Ըստ Կոմիտեի՝ աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի, աշխատանքի հետ կապված ծախսերի վերաբերալ բոլոր հարցերը հստակ պետք է սահմանվեն հեռավար աշխատանքը սկսելուց առաջ: Որպես ընդհանուր կանոն, Կոմիտեն համարում է, որ գործատուները պետք է ապահովեն հեռահար աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումները, դրանց տեղադրումը և սպասարկումը։ Գործատուն պետք է վճարի հեռավար աշխատանքը կատարելու հետ կապված ծախսերը (օրինակ, բջջային հեռախոսակապ, ինտերնետ): Նախագծի 2-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքը հեռավար կամ համակցված հեռավար եղանակներով կատարելու դեպքում անհրաժեշտ նյութերի և սարքավորումների, աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ միջոցների ձեռք բերումը պետք է իրականացնի աշխատողը։ Ավելին, Նախագծով չի սահմանվում նաև, որ նշված հարցի լուծումը կարող է կարգավորվել կողմերի՝ գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ վերջինս հակասում է Կոմիտեի արտահայտած սկզբունքներին, պետք է նշել, որ նշվածը կարող է խոչընդոտել աշխատանքը հեռավար և համակցված հեռավար եղանակներով կատարելուն, քանի որ աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ձեռք բերման համար աշխատողը ստիպված է լինելու իր միջոցներով կատարել լրացուցիչ ծախսեր, որոնք, ըստ Նախագծի, չեն փոխհատուցվելու գործատուի կողմից, ուստի գտնում ենք, որ այն խախտում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով երաշխավորված՝ աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովման սկզբունքը, ինչպես նաև Կոիտեի կողմից սահմանված այն սկզբունքը, որի համաձայն՝ հեռավար աշխատողները պետք է ունենան նույն անհատական և կոլեկտիվ իրավունքները, ինչ այն աշխատողները, որոնք աշխատանքը կատարում են աշխատավայրից։ Վերը նշվածը հաշվի առնելով առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումները և դրանք համապատասխանեցնել «Հեռավար աշխատանքի մարտահրավերները. աշխատաժամանակի կազմակերպումը, աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռության պահպանումը և միացած չլինելու իրավունքը» վերնագրով Կոմիտեի կարծիքում արտահայտված սկզբունքներին՝ սահմանելով, որ հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռք բերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերալ բոլոր հարցերը պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով՝ հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքը սկսելուց առաջ:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

22.12.2022

Ճիշտ է Նախագծով փորձ է արվել համապարփակ իրավական կարգ սահմանել աշխատանքային պարտականությունների հեռավար և համակցված հեռավար եղանակով կատարումն ապահովելու ուղղությամբ, սակայն, Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի նոր խմբագրությամբ 9-րդ կետում սահմանվել է աշխատողի դրությունը վատթարացնող դրույթ։ Հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքի կատարման նկատմամբ գործատուի հասանելիությունը և հսկողությունը կարող է իրականացվել բացառապես ժամանակակից թվային տեխնիկայի և կապի միջոցների օգտագործմամբ, ուստի աշխատանքի նկատմամբ պահանջներ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել տեխնիկայի և կապի խափանման հավանական գործոններն ու այլ ռիսկերը, օրինակ՝ տեղեկատվության արտահոսքի կամ երրորդ անձանց դրանք հայտնի դառնալու հանգամանքները։ Այդպիսի խափանումների առկայությամբ աշխատողն իր կամքից անկախ զրկված կլինի գործատուի համար իր հասանելիությունն ու հսկողության իրականացումն ապահովելու հնարավորությունից, որն ըստ Նախագծում առկա ձևակերպման՝ համարվում է աշխատողի կողմից աշխատանքային կարգապահության խախտում։ Օրինակ՝ պանդեմիայի ժամանակ, մենք բոլորս արձանագրեցինք, որ հեռավար դասընթացների ժամանակ, բազմաթիվ աշխատող անձինք իրենց տանը չէին կարողանում օգտվել համակարգչից կամ իրենց ընտանիքում գոյություն ուներ մեկ համակարգիչ, որից օգտվում էին ընտանիքի բոլոր անդամները և անհնար էր լինում հավուր պատշաճի կազմակերպել թե՛ աշխատանքը, թե՛ դասընթացները։ Հարց է առաջանում, արդյո՞ք Նախագծի հեղինակը հաշվի է առել այս հանգամանքը և արդյո՞ք գործատուն ռիսկերը կանխարգելելու նպատակով պարտավորված է լինելու իր աշխատողին ապահովել առանձին համակարգչով, որպեսզի անցանկալի հետևենքներից խուսափի և՛ ինքը, և՛ աշխատողը։ Ելնելով դրանից, առաջարկում ենք հստակեցնել գործատու և աշխատող փոխհարաբերությունը՝ գործատուի և աշխատողի աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարելու կարգն ու պայմանները, այն սահմանել բացառապես օրենքով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ ոչ թե այն թողնել գործատուի հայեցողությանը՝ միայն իր ներքին կարգապահական կանոններով, ինչպես նաև կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանելու ցանկությանը։ Մեր իրականությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր գործատուներն են և ոչ բոլոր դեպքերում են գործատուները կազմում ներքին կարգապահական կանոններ և հետևում դրանց կատարմանը։ Բացի այդ, գործատուի և աշխատողի միջև ծագած վեճերի քննության ժամանակ նրանցից որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու պարագայում, պետք է հաշվի առնել, թե որ օրենքի պահանջը չի կատարվել և ում կողմից կամ ում մեղքով է տեղի է ունեցել խախտումը, օրինակ աշխատանքային պարտականությունները կատարելիս տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել կամ ծրագիրը խափանվել է կամ այլ։ Բացի այդ, գաղտնիք չէ, որ անհատական համակարգչով աշխատելիս օգտագործողներին (հատկապես սկսնակ կամ ոչ փորձ ունեցող) կարող են հետապնդել տվյալների կորուստ, համակարգի կախում, համակարգչի առանձին մասերի խափանում, տարբեր վիրուսային ծրագրերի ներխուժում համակարգչային համակարգ։ Այս ամենը կարող են նպաստել, որպեսզի աշխատողը չկատարի իր աշխատանքային պարտականությունները և արդյունքում կրի պատասխանատվություն իր սեփական գույքը օգտագործելու համար, իսկ գործատուն՝ կրի պատասխանատվություն մի բանի համար, որ կազմակերպության կամ աշխատանքային ամբողջական տեղեկատվությունը/գործիքները տեղադրել է աշխատողի սեփական համակարգչի մեջ։ Անհրաժեշտ է, նախևառաջ կարգավորել մի կարևոր հարց, ըստ որի գործատուն պարտավորված է լինելու հեռավար եղանակով աշխատանքի պարագայում իր աշխատողին ապահովել առանձին համակարգչով, որտեղ տեղադրված կլինեն կազմակերպության և համակարգչային հակավիրուսային ծրագրերը, որոնք թույլ կտան աշխատողին միայն այդ համակարգչով կատարել իր աշխատանքը՝ հեռավար կամ համակցված եղանակով աշխատելիս և կրի պատասխանատվության այդ համակարգչի պահպանման համար։ Այստեղ երկու կողմն էլ ապահովագրված են լինում։ Իսկ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող խմբագրությամբ՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի 9-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «Աշխատողի կողմից» արտահայտության մեջ «կողմից» բառը փոխարինել «մեղքով» բառով։ Այսինքն, երբ աշխատողի մեղքն առկա կլինի, իսկ գործատուի պարագայում՝ նրա կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջը՝ իմպերատիվ դրույթը, չկատարվի։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

21.12.2022

1) Նախագծի 2-րդ հոդվածում՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի 1-ին մասում «դուրս» բառից հետո լրացնել «տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցի, այդ թվում՝ համացանցի և ընդհանուր օգտագործման կապի միջոցներով» բառակապակցությունը։ 2) Նախագծի 2-րդ հոդվածում՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի 5-րդ մասում «կողմերի» բառից հետո ավելացնել «գրավոր» բառը, իսկ 12-րդ մասում՝ 247-րդ-ից հետո ավելացնել նաև 249-րդ հոդվածը։ 3) Մեր կարծիքով անհրաժեշտ է ի թիվս գործող աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի դադարեցման հիմքերի, ամրագրել նաև հեռավար եղանակով աշխատանքային պարտականությունները կատարող աշխատողների հետ աշխատանքային պայմանագրի դադարեցման լրացուցիչ հիմքերը, գործատուի կողմից ընդունած անհատական իրավական ակտն աշխատողին հանձնելու կարգը և ժամկետները: 4) Նախագծի 2-րդ հոդվածում՝ Օրենսգրքի 106.1-ին հոդվածի 9-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ․ «Գործատուն իրավունք ունի աշխատանքային պարտականությունները հեռավար կամ համակցված հեռավար եղանակով կատարող աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմագիրը, եթե աշխատողը հեռավար աշխատանքի վայրը փոխել է և անհնարին է դարձել աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը։ Աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ անհատական ակտի մեկ օրինակը գործատուն աշխատողին է ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ այն ընդունելու հաջորդ օրը։»։

See more