ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Արհեստակցական միությունների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետև՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները՝
1) Արհեստակցական միություն՝ արհեստակցական կազմակերպություն կամ արհեստակցական կազմակերպությունների միություն.
2) արհեստակցական կազմակերպություն` անկախ հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
3) արհեստակցական կազմակերպությունների միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով միավորում է երկու և ավելի արհեստակցական կազմակերպությունների` աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
4) արհեստակցական կազմակերպությունների տարածքային միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որը միավորում է որոշակի տարածքում (մարզում կամ քաղաքում կամ որևէ առանձնահատկությամբ առանձնացված տարածքում) գործող արհեստակցական միությունների, որոնց անդամագրված են տվյալ տարածքի առավելագույն թվով աշխատողներ` տվյալ տարածքի գործատուների միության, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման տարածքային մարմինների հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
5) արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեստակցական միությունների, որոնց անդամագրված են տվյալ ճյուղի առավելագույն թվով աշխատողներ` գործատուների համապատասխան ճյուղային միությունում, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման հանրապետական մարմիններում տնտեսության տվյալ ճյուղի աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
6) արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որը միավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների, որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ, Հայաստանի Հանրապետության կառավարության և գործատուների հանրապետական միության հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
7) աշխատող` օրենքով աշխատելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք՝ ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով օրինական հիմքերով առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային գործունեություն ծավալող անձինք (այսուհետ՝ աշխատող)
8) գործատու՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով քաղաքացիների աշխատանքն օգտագործող աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից և ֆիզիկական անձ, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, հիմնարկ, առանձնացված ստորաբաժանում և այլն).
9) արհեստակցական միության մասնակից (անդամ)` անձ, որը կամավորության սկզբունքով մասնակից է դարձել (անդամագրվել է) արհեստակցական միությանը` վերջինիս կանոնադրության համաձայն:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել տվյալ գործատուի սույն օրենքի իմաստով աշխատողները, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:
Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների մոտ աշխատողները։».
2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաև դատավորները և Սահմանադրական դատարանի դատավորները» բառերը։
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի «թ)» ենթակետում վերջակետը փոխարինել ստորակետով և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ)» ենթակետով.
«ժ) Գործունեության, սեփականության օգտագործման տարեկան հաշվետվության ներկայացման կարգը։»։
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 4-րդ և 7-րդ մասերում «հետ աշխատանքային պայմանագիր կնքած» բառերը փոխարինել «մոտ» բառով.
2) 5-րդ մասում «հետ աշխատանքային պայմանագրեր կնքած» բառերը փոխարինել «մոտ» բառով.
3) 8-րդ մասում «համաձայնագիր» բառը փոխարինել «կոլեկտիվ պայմանագիր» բառերով։
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) վերնագրում «միջնորդագիր» բառից հետո լրացնել «և բողոք» բառերը.
2) «(անգործություն)» բառից հետո լրացնել «դատական կարգով» բառերը:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Արհեստակցական կազմակերպության անդամի դիմումի առկայության դեպքում գործատուն, արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում, կազմակերպում է արհմիութենական անդամավճարի գանձումը և փոխանցումը արհեստակցական կազմակերպության բանկային հաշվի համարին»:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1) «աշխատանքի պետական տեսուչի» բառերը փոխարինել «աշխատողների ներկայացուցչական մարմնի» բառերով.
2) «(համաձայնագրով)» բառերը հանել։
Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի «տարեկան հաշվետվությունը» բառերից հետո հետո լրացնել «՝ կանոնադրությամբ նախատեսված կարգով» բառերով։
Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում բոլոր արհեստակցական միությունների կանոնադրություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել սույն օրենքին։