Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Աբովյան համայնքի 2023  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Աբովյան համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:      
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։      Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։ Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել  բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։     
Աբովյան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտները ծրագրվել է 3 810 000.0 հազար դրամ, իսկ ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է 3 810 000.0  հազար դրամ, դեֆիցիտը  (պակասուրդը)՝ 0.0  հազար դրամ, բյուջետային տարին ավարտվելուց հետո կկատարենք բյուջեի փոփոխություն, մնացորդների ճշտում կատարելու համար:        
  1. Բյուջեի եկամուտների կանխատեսում           
Աբովյան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել   է 3 310 000.0  հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 5.1 %-ով, որը կազմում է 160 000.0  հազար դրամ:  
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1 735 078.4 հազար դրամ կամ 52.4 %-ով, 47.6 %-ը կամ 1 574 921.6 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներ հոդվածին:      
Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։               
Մասնավորապես.   
1)  Հարկեր և տուրքեր.          
Հարկային եկամուտները ծրագրվել են  843 345.4 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 25.5 %–ը։ 2023 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով  2022 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2023 թվականի հաշվարկային ցուցանիշները։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից և համայնքների միավորումից։   
Տեղական տուրքերը ծրագրվել են 98 530.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 3.0 %–ը։ Այն  պայմանավորված է համայնքի վարչական տարածքում իրականացված հաշվառման հիման վրա, որոնք նպաստել են  թույլտվությունների ավելացմանը։ 
Պետական տուրքերը ծրագրվել են 53 000.0 հազար դրամ, որից՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝   12 000.0 հազար դրամ, նոտարական գրասենյակի կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 41 000.0 հազար դրամ։      
 2) Պաշտոնական դրամաշնորհներ.        
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված  ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները  նախագծով ծրագրվել են 1 568 123.6 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 47.4 %–ը,  իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են` հիմք ընդունելով պետական բյուջեով   հաստատված  գումարները՝ 6 798.0 հազար դրամ։      
3) Այլ եկամուտներ. 
2023 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 739 603.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 22.3 %։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները,  տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։           
 2. Բյուջեի ծախսերի կանխատեսում         
Աբովյան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  3 810 000.0  հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 86.9 %-ը կամ 3 310 000.0  հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե),2 033 645.0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 1 533 645.0 հազար դրամ, որը կփոփոխվի տարեվերջի մնացորդը ճշտվելուց հետո։ Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 33.8 %-ը  բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.3 %-ը՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 37.2 %-ը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 17.1 %-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 9.2 %-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 0.1 %-ը՝ «Առողջապահություն» ոլորտին, 3.9 %-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 22.8 %-ը՝ «Կրթություն» ոլորտին, 0.1 %-ը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին, 4.4 %-ը՝ «Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 5.1 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։    
Ստորև ներկայացվում են համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։           
 1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում»  ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը եռակի ավել են պլանավորվել՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները,  ինչպես նաև հաստիքների ավելացումները։ Ոլորտի մյուս ծրագրերում  էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը  պլանավորվել են՝ հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները։        
2) Նախորդ տարվա համեմատ  «Աղբահանություն» բնագավառի ծախսերը ավել են պլանավորվել 161 000.0 հազար դրամով, լրացուցիչ ծախսեր առաջանալու դեպքում  կապահովենք պահուստային ֆոնդից հատկացում կատարելուց հետո։  
3) «Առողջապահություն» ոլորտում նախատեսվել է 10 000.0 հազար դրամ՝ ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ իրականացնելու համար։  
4) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝       
4.1)     Փողոցների ասֆալտապատման և գծանշման  աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի  49.1 %-ը, որը նախատեսված է Աբովյան համայնքի և բնակավայրերի գլխավոր և միջթաղամասային փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման և քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում  կատարելու և ճանապարհային նշաններ ձեռք բերելու համար։    
Նախատեսվում է նաև Աբովյան համայնքի  Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի, Ս. Մնացականյան փողոցի, 2-րդ միկրոշրջանի 7-րդ դպրոց տանող ճանապարհների, Առինջ գյուղի Ստեփան Առինջեցու փողոցի 1-ին փակուղու, Պ. Դուրյան թաղամասի 4-րդ և 7-րդ փողոցները կապող հատվածի, Պ. Սևակի թաղամասի 3-րդ փողոցի, Ա թաղամասի 2-րդ և  3-րդ փողոցների, Դ. Խաչատրյան փողոցի 2-րդ նրբանցքի, Ձագավանքի փողոցի,Արամուս գյուղի  կենտրոնական փողոցի՝ Ջրմուղի փողոցից մինչև գյուղի վերջ,  3-րդ փողոցի, 1-ին փողոցի, 2-րդ փողոցի, Մայակովսկի գյուղի  12-րդ փողոցի 1-ին փակուղու, 13-րդ փողոցի, 2-րդ փողոցի 1-ին և 2-րդ փակուղիների,  1-ին փողոցի 1-ին փակուղու, Կաթնաղբյուր գյուղի 5-րդ փողոցի,  Գետարգել գյուղի Հարություն Վերդյան փողոցի ասֆալտապատման և եզրաքարերի փոխարինման,Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի  2-րդ փողոցի, Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի 3-րդ փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքների,    Պտղնի գյուղի  1-ին փողոց 1-ին  նրբանցքի, 4-րդ փողոցի, Գեղաշեն գյուղի 3-րդ թաղամասի 3-րդ և 4-րդ փողոցների և դրանց միացումների,  1-ին փողոց 5-րդ փակուղու,  6-րդ փողոց 2-րդ փակուղու,  Կամարիս գյուղի 2-րդ փողոցի,  3-րդ փողոցի 1-ին նրբանցքի,  1-ին փողոցի 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքներ։
Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքննությունների կատարման համար նախատեսվում է 54 660.0 հազար դրամ:
 4.2) Բնակչության կենսական շահերի ապահովմանն աջակցելու նպատակով նախատեսվում է բնակֆոնդի հարթ և լանջավոր տանիքների վերանորոգման համար նյութերի ձեռքբերման ծախս՝ 20 000.0 հազար դրամ։    
4.3) Իրականացվելու է նաև լուսավորության աշխատանքներ՝ Աբովյան քաղաքի Հատիս փողոցի նոր թաղամասի,  Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի, Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու,   Ջերմատան փողոցի և Երիտասարդական թաղամասի 2-րդ փողոցի, Մայակովսկի գյուղի  15-րդ փողոցի, Պտղնի գյուղի  10-րդ  փողոցի, 12-րդ փողոցի փողոցային լուսավորության համակարգերի  կառուցում։               
4.4) Համայնքը շարունակելով հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման քաղաքականությունը՝  2023 թվականին Աբովյան խոշորացված համայնքում նախատեսել է կատարել աստիճանների վերանորոգում՝ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի  Սարալանջ  թաղամասը մարզադաշտ տանող ճանապարհին և 3-րդ, 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանների հիմնանորոգում։   
Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքննությունների կատարման համար նախատեսվում է 7 444.8 հազար դրամ:                
4.5) 2023 թվականին Աբովյան խոշորացված համայնքում նախատեսվում է ծախսել 73 000.0 հազար դրամ՝ Աբովյանի թիվ 2,3,4,5,6,9,10 և 12 մանկապարտեզների տարածքի, Նաիրյան, Զ. Անդրանիկ և Էդ. Ավագյան փողոցների ջրահեռացման համակարգերի նորոգման և անցկացման աշխատանքների համար։       
Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքնությունների կատարման համար նախատեսվում է 3 923.0 հազար դրամ:  
4.6) 2023 թվականին Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման և արդիականացման համար նախատեսվել է 5 000.0 հազար դրամ։    
4.7) Աբովյանի համայնքապետարանի վարչական շենքի սանհանգույցների վերանորոգման, ինչպես նաև շենքի դիմացի աստիճանների, հարթակի հիմնանորոգման և լուսամուտների փոխարինման աշխատանքների համար նախատեսվել է 56 754.0 հազար դրամ, որը կազմում է ֆոնդային բյուջեի պլանավորված ծախսերի 2.8 %-ը:
4.8) Աբովյան խոշորացված համայնքի վարչական շենքերի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը աջակցելու նպատակով ծրագրվում է ծախսելու 120 000. 0 հազար դրամ՝ վարչական շենքերում, ինչպես նաև նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։             
Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը համայնքում իրականացնելու է մեծ ծավալի աղբահանության աշխատանքներ և նրան աջակցելու նպատակով ծրագրվում է գնել նոր տրանսպորտային և վարչական սարքավորումներ՝ 10 000.0 հազար դրամ արժեքով։                      
4.9) Համայնքի նախատեսված վայրերում աղբամաններ և նստարաններ ձեռք բերելու, ինչպես նաև կանաչապատ տարածքները ավելացնելու նպատակով նախատեսվել է 20 000.0 հազար դրամ:  
4.10) 2023 թվականին Աբովյան խոշորացված համայնքում նախատեսվում է` անվտանգ երթևեկությունը ապաhովելու և կազմակերպելու համար խելացի լուսացույցերի տեղադրում և գոյություն ունեցող լուսացույցերի փոխարինում նորերով, փողոցների անվտանգ երթևեկության գծանշման աշխատանքներ, ինչպես նաև ճանապարհային նշանների ձեռքբերում և տեղադրում, որոնց համար նախատեսվում է ծախսել 75 000.0 հազար դրամ, որը կազմում է ֆոնդային բյուջեի պլանավորված ծախսերի 3.7 %-ը:   
Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքննությունների կատարման համար նախատեսվում է 3 920.0 հազար դրամ:

  • Discussed

    29.11.2022 - 14.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3373

Print