Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ

3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող բժիշկ-փորձագետների, հետագայում նաև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձի ֆունկցիոնալությունը գնահատող (b, s, d ծածկագրերը գնահատող) մասնագետների աշխատավարձի բարձրացման և նույն օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում նոր ստեղծվող քաղաքացիական աշխատանք կատարող անձանց (е ծածկագիրը գնահատող, Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակող բժիշկ-մասնագետ) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ:

 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 

Կառավարության 2014 թ. մարտի 26-ի 737-Ն որոշման հավելվածի 1-ի 21-րդ կետով սահմանված է հանրային ծառայության ոլորտի բժիշկ-փորձագետի դրույքաչափի հաշվարկման գործակիցը (2.70), ինչի արդյունքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետի համար ևս կիրառվում է նույն գործակիցը:

Սակայն, հաշվի առնելով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի առանձնահատկությունները, բժշկասոցիալական փորձաքննության արդյունքով պայմանավորված  պետական բյուջեից ֆինանսական  մեծածավալ ծախսերը (հաշմանդամության նպաստի վճարման, աջակցող միջոցների տարամդրման, առաողջապահական ծառայությունների, կրթության այլ նպատակներով) և այն հանգամանքը, որ հանրապետությունում վերջիններիս հաստիքների թիվը չի գերազանցում 8 տասնյակը, ներկայումս գործող գործակցով բժիշկ-փորձագետի դրույքաչափը խիստ ցածր է նման պատասխանատվության գործառույթներ իրականացնելու համար, ինչն իր հերթին խնդիր է առաջացնում մրցունակ մասնագետ ներգրավվելու տեսանկյունից։

Հանրապետությունում տարեկան իրականացվում է միջինը թվով 53000 փորձաքննություններ, որոնց արդյունքում  հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվում 49-50 հազարը: Բժշկասոցիալական փորձաքննություններ են իրականացնում բժիշկ-փորձագետների 15 խումբ՝ 3-5 մասնագետներով, օրական յուրաքանչյուր բժիշկ-փորձագետ միջինը մասնակցում է 15-20 անձի փորձաքննության (13-18-ը ճանաչվում են հաշմանդամություն ունեցող անձ), ինչը իր մեջ ներառում է ներկայացված բժշկական (նաև ռազմաբժշկական) փաստաթղթերի ուսումնասիրություն, անձի օբյեկտիվ զննություն (նաև անձի գտնվելու վայրում՝ տուն, հիվանդանոց, վերականգնողական կենտրոն և այլն), վարչական վարույթի լրացում, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտության ուղեգրում (պետպատվերի շրջանակներում) և ԲՍՓ որոշման հիմնավորում, ինչպես նաև  հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների համար վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) կազմում, ոչ միայն նույն օրը փորձաքննված անձանց, այլև անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ՎԱԾ-ի սահմանված ժամկետը լրանալու, ՎԱԾ-ում փոփոխություններ կատարելու դեպքում (հիմք Կառավարության 02.03.2006 թիվ 276-Ն որոշման 10-21-րդ կետեր):

Արդյունքում՝ օրական յուրաքանչյուր բժիշկ փորձագետի գործունեությամբ միջինը 13 անձ, կախված հաշմանդամության սահմանված ժամկետից, ստանում է հաշմանդամության նպաստ (հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ), վերականգնողական անհատական ծրագրով երաշխավորված աջակցող միջոցներ, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում, անվճար կամ զեղչերով դեղորայք, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք օգտվում են նաև անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու, ինչպես նաև անվճար կրթություն ստանալու արտոնությունից:

Բժիշկ-փորձագետները փորձաքննություն են իրականացնում նաև հանրապետության քրեակատարողական հիմնարկներում, բժշկական հաստատություններում, տնային պայմաններում:

Հարկ ենք համարում նշել, որ բժիշկ-փորձագետների վերոնշյալ խմբերը սպասարկում են մարզերի բոլոր տարածքները, ինչը նշանակում է, որ վերջիններս, ըստ հերթականության, ամեն օր գործուղվում և գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության մարզերում ՄՍԾ տարածքային կենտրոններում, ինչը ևս դժվարություններ է ստեղծում ներկայումս ոլորտում աշխատող բարձր տարիքային և ռիսկային խմբում գտնող բժիշկների համար (բժիշկ-փորձագետների մոտ 40%-ը 65 տարեկանից բարձր են): Ներկայումս աշխատող բժիշկ–փորձագետների բարձր տարիքը ևս պայմանավորված է ցածր դրույքաչափով, քանի որ երիտասարդ մասնագետները գործող դրույքաչափով չեն համաձայնում իրականացնել վերոնշյալ բարձր պատասխանատվություն և աշխատանքային ծանրաբեռնվածություն  պահանջող գործունեություն, ինչն էլ իր հերթին հանգեցնում է բժշկասոցիալական փորձաքննությունների որակի, օբյեկտիվության իջեցման և կոռուպցիոն ռիսկերի մեծացմանը:

Այլ կերպ ասած, ստացվում է, որ բժիշկ-փորձագետին գործող կարգավորման (գործակցի) համաձայն տրված վարձատրությունն անհամաչափ է իր աշխատանքային օրվա ծանրաբեռնվածությանը և իր գործունեության ընթացքում առկա պատասխանատվության աստիճանին։

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 

Նախագծով առաջարկվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից սահմանել 6.0, իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների և բժիշկ-փորձագետների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից սահմանել 4.87։ Այս պարագայում կլինի աշխատավարձերի նշանակալի բարձրացում։ Այսպիսի մոտեցումը հնարավորություն կընձեռի հաշմանդամության գնահատման գործընթացին ներգրավվել աշխատաշուկայում ձևավորված մրցունակ միջավայրի պահանջներին համապատասխան մասնագետներ, ովքեր նոր պահանջներին և չափանիշներին համարժեք կիրականացնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։ Թերևս, որակյալ աշխատակիցների ներգրավումը կնպաստի նոր համակարգի կայացմանը։

Պաշտոնային դրույքաչափի գործակիցները հաշվարկվել են Վարչապետի մոտ քննարկման և 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման ընդունման ժամանակ ներկայացված հաշվարկ-տեղեկանքի հիման վրա, որտեղ աշխատավարձի չափը ամրագրված է եղել 405 172.41 հազ դրամ։ Առաջարկվող գործակիցների տարբերությունը պայմանավորված է բազային աշխատավարձով՝ ներկայումս այն կազմում է 66140 դրամ, իսկ 2023 թվականից սահմանվելու է 83200 դրամ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2022 թվականի նոյեմբերի
1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ հաշվարկները կկատարվեն 6 գործակցով և 66140 դրամ բազային աշխատավարձով, իսկ 2023 թվականի հունվարի  1-ից մինչև 31-ը ներառյալ՝ 4.87 գործակցով և 83200 ՀՀ դրամ բազային աշխատավարձով՝ աշխատավարձների զգալի տատանումներից խուսափելու նպատակով։ 2023 թվականի փետրվարի 1-ից հետո «բժիշկ-փորձագետ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի» պաշտոնին զուգահեռ գործելու են նաև անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների, քաղաքացիական աշխատանք կատարող անձանց (е ծածկագիրը գնահատող, Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակող բժիշկ-մասնագետ) պաշտոնները, որոնց դեպքում հաշվարկը կկատարվի 83200 ՀՀ դրամ բազային աշխատավարձով՝ սահմանված գործակցով:

Բացի այդ՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտություն է առաջանում սահմանելու նաև նոր ստեղծվող քաղաքացիական աշխատանք կատարող անձանց (е ծածկագիրը գնահատող, Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակող բժիշկ-մասնագետ) պաշտոնային դրույքաչափերը:

 

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

5.

Ակնկալվող արդյունքը

 

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նոր որակյալ մասնագետներով ոլորտը համալրելու հնարավորության բարձրացում, կոռուպցիոն ռիսկների նվազեցում (բացառում), գործառույթների (բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման) իրականացման օբյեկտիվության բարձրացում։

 

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

 

Որոշման նախագծի ընդունման դեպքում 2022 թվականի պետական բյուջեից լրացուցիչ կպահանջվի 56,038․77 հազ․ դրամ, իսկ 2023 թվականին՝ 1,005,712,24 հազ․ դրամ (հաշվարկները կցվում է):

 

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

Նախագիծը մասամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից ` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

 

 

  • Discussed

    11.11.2022 - 28.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2687

Print