Ալեքսանդր Տաթևյան
22.11.2022
Ծանոթանալով Ձեր կողմից ներկայացված պարզաբանումներին՝ հարկ եմ գտնում կրկին շեշտել, որ խոսքը գնում է մինչև խաչմերուկ տեղակայված անցումների հետ փոխհատման դեպքին։ Մինչդեռ Ձեր կողմից բերված մեծամասամբ արդարացի փաստարկները վերաբերվում են միմիայն խաչմերուկից հետո՝ աջ կամ ձախ կողմերում տեղակայված անցումների հետ փոխհատմանը։ Այսպիսով, ոչ 87-րդ կանոնը, ոչ էլ Կոնվենցիայի կետը չեն ընդգրկում քաղաքապետարանի և ՃՈ-ի կողմից համատեղ ներդրված այսպես կոչված փորձնական լուսացույցների կոնֆիգուրացիայի (մշտապես բաց աջ շրջադարձի) դեպքը։ Մասնավորապես, Ձեր կողմից բերված մինչև խաչմերուկ հետիոտներին զիջելու մասով Կոնվենցիայի պահանջը, որն ի դեպ համընկնում է ՃԵԿ-ի 105-րդ կանոնի պահանջի հետ, չի անդրադառնում անցումը հատելուն պատրաստվող հետիոտներին, այլ վերաբերվում է միայն անցումը ավարտողներին, այն էլ, արգելող ազդանշանին հետևող թույլատրող ազդանշան ստանալուց հետո: Հետևաբար անտրամաբանական է դառնում այս պահանջը կապել անընդհատ վառվող թույլատրող ազդանշանի հետ։ Ուստի հարկավոր է կամ անհապաղ դադարեցնել տարիներ տևող խնդրահարույց և չափազանց վտանգավոր փորձարկումը, կամ փոփոխել որոշման նախագիծը՝ հաշվի առնելով իմ կողմից ներկայացված կարևոր դիտարկումները։ Բացի այդ, հարկավոր է սահմանել ՃԵ-ը առնչվող ցանկացած տեսակի փորձնական փոփոխությունների համար առավելագույն ժամկետներ և անվտանգության վերաբերյալ պայմաններ, քանի որ, ըստ էության, քննարկվող փորձնական փոփոխությունը անդադար շարունակում է մնալ մարդկանց կյանքի և առողջության համար ծայրահեղ վտանգի աղբյուր եւ միաժամանակ խիստ հակասում է ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ Հոդված 1-ի 2-րդ մասին, որով սահմանված է ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանուման պահանջ։