Օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասում ասվում է, որ արտաքին հետախուզական գործունեության նպատակներն են՝ արտաքին հետախուզական գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը, իսկ 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է Վարչապետին՝ վերջինիս սահմանած կարգով։ Այստեղ առկա է հակասություն և առաջարկում եմ, որ 9-րդ հոդվածի 2-րդ մասը միացնել 9-րդ հոդվածի 1-ին մասին որպես՝ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է Վարչապետին, ինչպես նաև վերջինիս սահմանած կարգով նաև պետական այլ մարմիններին։
Հոդված 2-ում՝ Արտաքին հետախուզությունը և արտաքին հետախուզական գործունեությունը մասում առաջարկում եմ ավելացնել նաև 3-րդ մաս, այն է՝ Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների եւ քաղաքացիների գաղտնի պլանների, մտադրությունների, իրական եւ հնարավոր գործողությունների մասին տեղեկատվության հայթհայթման մասին։
Հոդված 3-ի 1-ին մասում գրված է՝ Արտաքին հետախուզական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի հիման վրա։ Սակայն առաջանում է հարց․ եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա ո՞ր նորմերն են կիրառվում։
Հոդված 5-ում Արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքներին առաջարկում եմ ավելացնել նաև պետության անվտանգության ապահովման գործում իրավասու այլ մարմինների հետ համագործակցության սկզբունքը։
Հոդված 42-ում առաջարկում եմ ավելացնել Արտաքին հետախուզության աշխատակցի ՀՀ-ից դուրս գործունեության խափանման դեպքում վերջինիս հանդեպ Պետության պարտավորվածությունից, այն է՝ Արտաքին հետախուզության մարմնի աշխատակցի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հետախուզական գործունեության իրականացման հետ կապված, կալանքի, ձերբակալության, ազատազրկման դեպքում, պետությունը պարտավոր է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան աջակցել նրան։
Ինչպես նաև նույն հոդվածում ավելացնել, որ Արտաքին հետախուզության մարմնի աշխատակիցը իրավախախտման համար կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։
Հոդված 42-ի 1-ին մասի 8-րդ կետում նշվում է այլ աշխատանքի անցնելը կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ ծառայողի ծառայության լիազորությունները դադարեցնելու հիմք, սակայն օրենքում հստակ չի արտացոլվում, որ Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի աշխատակիցները իրավասու չեն համատեղությամբ զբաղվելու այլ վճարովի աշխատանքով, այդ թվում մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությամբ, եթե դա թելադրված չէ ծառայողական անհրաժեշտությամբ։