ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » _________________ 2022 թվականի N… -Լ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման 9-րդ գլխի 1.2 ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
- Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության հայեցակարգը` համաձայն հավելված 1-ի:
- Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելված 2-ի:
- Առաջարկել ՀՀ վարչապետի 2021 թվականի հուլիսի 6-ի N 719-Ա որոշմամբ ստեղծված` Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի և դրա Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին սույն որոշման հավելված 2-ով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ վեցամսյա պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
« » ______________ N… -Լ որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Երևան 2022թ.
- ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
- Հայաստանն իր ամբողջ տարածքով և խոցելի էկոհամակարգերով համարվում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն երկիր։ Տարեցտարի արձանագրվող օդի ջերմաստիճանի աճը, էքստրեմալ եղանակային երևույթների (երաշտ, ջերմային ալիքներ, ցրտահարություն, կարկտահարություն, ուժեղ քամիներ և այլն) հաճախականության և ինտենսիվության ավելացումը, ինչպես նաև մթնոլորտային տեղումների զգալի նվազումն ակնհայտ բացասական ազդեցություն են թողնում երկրի էկոհամակարգերի, տնտեսության, մարդկանց գործունեության և առողջության վրա։
- Ըստ կանխատեսումների առաջիկա 100 տարիների ընթացքում կլիմայի փոփոխության արդյունքում ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում, տեղումների նվազում, երաշտների, տեղատարափ անձրևների ու հեղեղումների, ուժգին քամիների, ինչպես նաև էրոզիոն գործընթացների ուժգնացում:
- Կլիմայական պայամանների փոփոխությունները կարող են հիվանդությունների բռնկման և վնասատուների տարածման, ինչպես նաև մոլախոտային բուսականության փոփոխության պատճառ հանդիսանալ:
- 1929-2016 թվականների ընթացքում Հայաստանում արձանագրվել է միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացում 1.230C-ով: Համաձայն կանխատեսումների, մինչև 2040 թվականը միջին տարեկան ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 1.60C-ով, իսկ մինչև 2100 թվականը՝ 4.70C-ով: Ջերմաստիճանի փոփոխության ազդեցությունն առավել խիստ կարտահայտվի Արարատյան դաշտում:
- Կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը տեղումների միջին քանակը կնվազի շուրջ 2.7%-ով, մինչև 2070 թվականը՝ 5.4%-ով, իսկ մինչև 2100 թվականը՝ 8.3%-ով: Տեղումների նշված փոփոխությունները կհանգեցնեն Հայաստանում երաշտի ժամանակաշրջանների ավելացմանը:
- Ակնկալվում է, որ հողի խոնավությունը կնվազի 10-30%-ով, հողի ջրային դեֆիցիտը կավելանա 25-30%-ով: Արդյունքում, ՀՀ նախալեռնային և ստորին լեռնային շրջաններում կնվազեն անջրդի մշակության համար նախատեսված տարածքները:
- Կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանում կանխատեսվում է գետերի հոսքի զգալի նվազում: 2011-2040 թվականների ընթացքում հոսքը կնվազի 12%-ով, իսկ 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի մինչև7%: Կանխատեսվում է նաև Սևանալճի ավազանի գետերի ընդհանուր ներհոսքի նվազում շուրջ 34%-ով:
- Հանրապետության ցածրադիր գոտիներում գրեթե ամեն տարի դիտվում են երաշտներ, իսկ նախալեռնային գոտում երաշտների կրկնությունը կազմում է մոտ 50%: 2000-2017 թվականների ընթացքում 1961-1990 թվականների համեմատ շուրջ 33 օրով աճել է երաշտների տևողությունը (1961-1990 թվականների ընթացքում երաշտի միջին տևողությունը կազմում էր 87 օր): Վերջին տարիներին երաշտային գոտու վերին սահմանը ընդլայնվել է՝ ընդգրկելով լեռնային շրջանները:
- Կանխատեսումների համաձայն, հանրապետության հիմնական գյուղատնտեսական գոտիներում (Արարատյան հարթավայր, Տավուշի և Սյունիքի հովիտներ) մինչև 2100 թվականը միջին տարեկան ջերմաստիճանը կկազմի 16-180C (1961-1990 թվականների ժամանակահատվածում այն կազմում էր 10-140C), իսկ ամռան ամիսներին միջին ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 270C: Դրան զուգահեռ կդիտվի տեղումների նվազում մոտ 12%-ով:
- Գյուղատնտեսության ոլորտը չափազանց զգայուն է կլիմայի փոփոխության նկատմամբ և մեծապես կախված է եղանակային պայմաններից։
- Առավել հաճախակի և ինտենսիվ դարձած հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (ՀՎԵ), ինչպիսիք են կարկտահարությունը, ուշ գարնանային ցրտահարությունը, վարարումները, սելավները, սողանքները, երաշտն ու խորշակները, ամեն տարի իրենց բացասական հետևանքներն են թողնում գյուղատնտեսության ոլորտի վրա և էապես նպաստում ինչպես արտադրական ծավալների նվազմանը, այնպես էլ՝ գյուղական բնակչության եկամուտների կրճատմանը։
- Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներից ՀՀ գյուղատնտեսության ոլորտին առավել մեծ վնաս է հասցնում կարկտահարությունը, որի պատճառած վնասը 2014-2017 թվականների ժամանակահատվածի համար գնահատվում է շուրջ 61.2 մլրդ ՀՀ դրամ։ Վերջին տարիներին երաշտից, կարկուտից, հեղեղումներից, ցրտահարություններից և սելավներից գյուղատնտեսությանը հասցված ամենամյա վնասը գնահատվում է շուրջ 15-30 մլրդ ՀՀ դրամ:
- ՀՀ տարածքի արտահայտված ուղղաձիգ գոտիականության, լեռնային ռելիեֆի կտրտվածության և չոր, մայրցամաքային կլիմայի պատճառով գյուղատնտեսական արտադրության բուսաբուծության ճյուղը տարբեր ինտենսիվությամբ է ենթարկվում բնական ռիսկերի բացասական ազդեցությանը։ Ազդեցության աստիճանը խիստ փոփոխվում է տարբեր բնահողային գոտիների և տարբեր մշակաբույսերի դեպքում։ Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունն ավելի արտահայտիչ է դառնում մարդածին տարբեր գործոնների (ոչ ռացիոնալ հողօգտագործում և գյուղատնտեսության ոչ ճիշտ վարում) համատեղման արդյունքում, ինչի պատճառով առավել խոցելի են դառնում հանրապետության ցածրադիր և միջին բարձրության գոտիները։ Լեռնային գոտիները, որտեղ համեմատաբար քիչ են մարդածին գործոնները, ավելի քիչ են ենթարկվում կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը։
- ՀՀ տարածքի շուրջ 80%-ն ենթարկված է տարբեր աստիճանի անապատացման, ինչը տեղի է ունեցել ինչպես մարդածին գործունեության արդյունքում, այնպես էլ՝ պայմանավորված է բնական գործոնների ազդեցությամբ և գեոմորֆոլոգիական առանձնահատկություններով։
- Ըստ կանխատեսումների, առաջիկա 100 տարիների ընթացքում Հայաստանում կլիմայի կանխատեսվող փոփոխության արդյունքում տեղի կունենա ջերմաստիճանի բարձրացում, գոլորշիացման ինտենսիվացում և հողի խոնավության նվազում 10-30 %-ով, 7-13%-ով կնվազի գյուղատնտեսական մշակաբույսերի խոնավապահովվածությունը, 25-30%-ով կավելանա հողի ջրային դեֆիցիտը, 25%-ով կկրճատվի գետերի հոսքը։ Արդյունքում՝ մոտ 24%-ով կնվազի ոռոգվող հողատարածքների արտադրողականությունը, կնկատվի հողերի և բնական արոտավայրերի դեգրադացիայի տեմպերի ավելացում, իսկ արոտավայրերի ընդհանուր մակերեսը և բերքատվությունը մինչև 2030 թվականը կկրճատվի 4-10%-ով։ Առավել արժեքավոր ենթալպյան և ալպյան գոտու արոտավայրերի դեպքում այդ ցուցանիշը կնվազի 19-22%- ով։
- Սպասվում է նաև խոտհարքների բերքատվության 7-10%-ով նվազում, որն իր հերթին կհանգեցնի կերարտադրության ծավալների կրճատման։ Համաձայն կանխատեսումների մինչև 2030 թվականը գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը կնվազի 8-14%-ով։
- Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության վրա հիմնականում պայմանավորված է ջերմաստիճանի և տեղումների փոփոխության ուղղակի ազդեցությամբ, ոռոգման ջրի նկատմամբ պահանջի ավելացմամբ և տեղումների կրճատման ու բարձր գոլորշիացման պայմաններում ոռոգման ջրի պաշարների նվազմամբ, ինչպես նաև կլիմայական ռիսկերի հաճախականության, ինտենսիվության և տևողության մեծացմամբ ու տարածական բաշխվածության ընդլայնմամբ:
- Մշակաբույսերի բերքատվության փոփոխության գնահատումը կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում իրականացվել է METRAS կլիմայական մոդելի միջոցով:
Ցորենի բերքատվության կանխատեսվող փոփոխությունն ըստ
մարզերի (առանց հաշվի առնելու ագրոտեխնիկական միջոցառումները), %
Մարզ |
2030թ. |
2040թ. |
2050թ. |
2060թ. |
2070թ. |
Արարատ |
-4.53 |
-8.39 |
-12.23 |
-16.06 |
-19.87 |
Կոտայք |
-5.01 |
-10.38 |
-15.71 |
-17.02 |
-19.3 |
Վայոց ձոր |
8.34 |
7.4 |
6.47 |
5.54 |
4.61 |
Շիրակ |
-5.62 |
-9.92 |
-10.19 |
-12.43 |
-18.65 |
Գեղարքունիք |
-5.98 |
-11.77 |
-14.53 |
-13.25 |
-19.95 |
Լոռի |
3.15 |
5.34 |
5.46 |
7.52 |
7.52 |
Սյունիք |
10.5 |
12.3 |
10.0 |
8.1 |
7.3 |
Կարտոֆիլի բերքատվության կանխատեսվող փոփոխությունն ըստ մարզերի, %
Մարզ |
2030թ. |
2040թ. |
2050թ. |
2060թ. |
2070թ. |
Գեղարքունիք |
-3.94 |
-7.01 |
-10.02 |
-12.22 |
-14.209 |
Կոտայք |
-4.652 |
-6.55 |
-9.46 |
-12.364 |
-15.268 |
Շիրակ |
-7.552 |
-10.149 |
-13.366 |
-16.223 |
-20.736 |
Լոռի |
-3.196 |
-7.26 |
-9.072 |
-11.642 |
-13.985 |
Սյունիք |
-4.093 |
-8.389 |
-10.42 |
-13.2 |
-17.741 |
Խաղողի բերքատվության կանխատեսվող փոփոխությունն ըստ մարզերի, %
Մարզ |
2030թ. |
2040թ. |
2050թ. |
2060թ. |
Արմավիր |
-5 |
-9.3 |
-12.5 |
-19.7 |
Վայոց ձոր |
5.3 |
9.1 |
10.0 |
11.8 |
Արարատ |
-3.7 |
-5.6 |
-10.4 |
-14.8 |
- Կլիմայի փոփոխության բացասական ազդեցության պատճառով առավել խոցելի է դառնում պարենային անվտանգության հիմնահարցը հանրապետությունում։
- ՀՀ-ում անասնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի մոտ 75 %-ը բաժին է ընկնում տավարաբուծությանը: Խոզաբուծությունից, ոչխարաբուծությունից և թռչնաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է ամբողջ համախառն արտադրանքի 25%-ը:
- Կլիմայի փոփոխության հետևանքն անասնաբուծության ոլորտի վրա մասնավորապես արտահայտվում է բնական կերհանդակների և արոտավայրերի վրա ունեցած բացաական ազդեցությամբ: Կանխատեսումների համաձայն մինչև 2030 թվականը կրճատվելու է Հայաստանի արոտավայրերի ընդհանուր մակերեսը (ենթալպյան և ալպյան գոտու արոտավայրերի տարածքները՝ 19-22%-ով), իսկ դրանցից ստացվող բերքի ծավալը կնվազի 4-10%-ով: Այս ամենի արդյունքում խիստ կնվազեն անասնակերի արտադրության ծավալները:
- Կլիմայի փոփոխության հետևանքները գյուղատնտեսությունում տարբեր կերպ են անդրադառնում ոլորտում ներգրավված կանանց և տղամարդկանց վրա, վերջիններս ունեն տարբեր կարիքներ, հնարավորություններ և կարողություններ: Շատ դեպքերում կանայք հարմարվողականության տեսանկյունից լրացուցիչ խոչընդոտների են հանդիպում՝ կապված սոցիալական նորմերի և գործելակերպի հետ, որոնք սահմանափակում են նրանց համար տեղեկատվության, ռեսուրսների և հնարավորությունների հասանելիությունը: Նման խնդիրները վերջին հաշվով կարող են նպաստել գենդերային անհավասարության խորացմանը։
- ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Հայեցակարգի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության դիմակայության բարձրացմանը կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների նկատմամբ, ինչպես նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ հարմարվողականության արդյունավետության բարձրացմանը։
- Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության խնդիրներն են․
- գյուղատնտեսական արտադրությունում ընդգրկված միավորների իրազեկվածության ցածր մակարդակը,
- գյուղական բնակավայրերում կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների կանխատեսման և արագ արձագանքման մեխանիզմների և համակարգերի հասանելիության ցածր մակարդակը,
- կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության, քարտեզների և տեղեկատվական հենքերի ստեղծման և կատարելագործման անհրաժեշտությունը,
- կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների հետևանքով արձանագրվող կորուստների հաշվառման և գրանցման մեխանիզմների և համակարգերի միասնական հարթակի բացակայությունը,
- գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանն ու հարմարվողականությանն ուղղված նպատակային ծրագրերի խթանումը:
- ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
- Սույն հայեցակարգի 2-րդ գլխում ներառված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է.
- գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կառույցների, գյուղացիական տնտեսությունների և համապատասխան մասնագետների կարողությունների հզորացում՝ հիմնվելով տեղական և միջազգային լավագույն փորձի վրա,
- ապահովագրական նոր պրոդուկտների մշակում և ներդրում կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների նկատմամբ գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացման նպատակով,
- գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության, սերմարտադրության և տնկարանային արտադրության ոլորտներին հասցեական աջակցության մեխանիզմների մշակման և ներդրման միջոցով,
- կլիմայի փոփոխության պայմաններում հողային և ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետ և խնայողական տեխնոլոգիաների ներկայացում և ներդրում,
- գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման նպատակով մշակության արդյունավետ տեխնոլոգիաների կիրառում,
- օրգանական գյուղատնտեսության մեջ ներգրավված հողատարածքների ավելացում,
- աջակցություն հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների բացասական ազդեցությունը մեղմող միջոցառումների ներդրմանը գյուղատնտեսական արտադրությունում,
- անասնակերի որակի բարելավման և արտադրության ծավալների ավելացմանն ուղղված տեխնոլոգիական նորարարությունների ներկայացում և ներդրում գյուղացիական տնտեսություններում,
- գյուղատնտեսության ոլորտում ձևավորված ավանդական գենդերային խոչընդոտների հաղթահարման առումով, կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը մեղմող որոշումների կայացման գործում կանանց մասնակցության ընդլայնում,
- գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարող կանանց ներգրավվածության խթանում կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներով զբաղվող պետական մարմիններում և հասարակական կազմակերպություններում։
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
- Միջոցառումների իրականացման համար ֆինանսական աղբյուրներ կարող են հանդիսանալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
- գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում,
- գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, օդերևութաբանական վտանգավոր երևույթներից և ռիսկերից,
- կլիմայի փոփոխության և օդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսավարողներին հասցվող վնասների մեղմում։
-
Discussed
26.10.2022 - 10.11.2022
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 3823
Print