«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումներին ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը: «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտե-սության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգին հավանություն տալու մասին» N 48 արձանագրային որոշման 2-րդ կետի կատարմամբ: Ներկայումս հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ներառում են սուբսիդավորման մեխանիզմներ, մասնավորապես, դա վերաբերում է սերմապահովության, գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատակարարմանը, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: Դրանք իրականացվում են առանձին ծրագրերի շրջանակներում, և կիրառվում են առանձին մոտեցումներ: Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգով (այսուհետ` Հայեցակարգ) այս բնագավառում համակարգված քաղաքականություն իրականացնելու համար նախանշվել են միասնական մոտեցումներ և ուղղություններ: Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել միջոցառումների ծրագիր առաջիկա տարիների համար:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգին հավանություն տալու մասին» N 48 արձանագրային որոշմամբ սահմանվել են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման ընդհանուր մոտեցումները, սկզբունքները և ուղղությունները:
Ներկա փուլում էլ հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվում են մի շարք սուբսիդավորման ծրագրեր: Սկսած 2011 թվականից՝ հանրապետության բոլոր մարզերում ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն իրականացվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են նաև Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով սերմերի մատակարարման, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, ինչպես նաև դիզելային վառելանյութի ձեռքբերման, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերը:
Այս բնագավառում Հայեցակարգից բխող պետական քաղաքականության ներկայիս նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությամբ, գործընթացների թափանցիկության ապահովմամբ պայմանավորված, ներկայումս իրականացվող ծրագրերը վերանայում են պահանջում` նկատի ունենալով ներդրվող ֆինանսական ռեսուրսների նպատակայնության և արդյունավետության բարձրացմանը, ինչն էլ պայմանավորում է նախագծի մշակումն ու ընդունումը: Միջոցառումների ֆինանսավորման չափը և շրջանակը կսահմանվի Հայաստանի Հանրապետության 2018-2020թթ. և հետագա տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրերից ելնելով: Առաջիկա տարիներին նախատեսվող միջոցառումների իրականացման համար սահմանված կարգով կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու առաջարկություն և բյուջետային հայտ:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Ագրարային ոլորտի համար ուղենիշային համարվող փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների Հեռանկարային զարգացման ռազմավարական, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով հանրապետության մարզերում գյուղատնտեսության կենսունակությունը լրջորեն բարելավելու համար նպատակադրվել է ավելացնելով առկա գործիքներով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին ցուցաբերվող աջակցության ծավալները` բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը: Գյուղատնտեսության ոլորտում վարվող պետական քաղաքականության շրջանակներում պետական կարգավորման կարևոր գործիքներից է սուբսիդավորումը, որի նպատակամետ կիրառումը մեծապես պայմանավորում է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ավելացումը և մրցունակության բարձրացումը:
Կարգավորման նպատակը և բնույթը: Որոշման ընդունման հիմնական նպատակը` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող ծրագրերի համակարգված իրականացումն է: Գյուղատնտեսության սուբսիդավորումը պետական կարգավորիչ գործիքը է, որը նպատակամետ ձևով կիրառվում է գյուղատնտեսության ոլորտի առավել կարևոր բնագավառների խթանման համար: Ծրագրով ներկայացվում են գյուղատնտեսության սուբսիդավորման միջոցառումները առաջիկա տարիների համար:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք: Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխա-տակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը: Ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ իր հերթին կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսային ներուժի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը, արտադրության մրցունակության բարձրացմանը, արդյունքում՝ երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:
Այլ տեղեկություններ:
Ծրագրում ներկայացված միջոցառումների ֆինանսական գնահատականը` անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների և միջոցառման իրականացման արդյունքների վերաբերյալ.
1.Հացահատիկային և կերային մշակաբույսերի առաջնային սերմնաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերի իրականացում.
Հայաստանի Հանրապետությունում գարնանացան գարու, առվույտի և կորնգանի սերմարտադրության զարգացման պետական աջակցության ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գարնանացան գարու, առվույտի և կորնգանի սերմարտադրության համակարգի հզորացում:
Ներկայումս հանրապետությունում սերմնաբուծությունը կազմակերպվում է հիմնականում արտերկրից ներկրված սերմացուներով՝ պարզ վերարտադրության և ընտրության միջոցով: Հանրապետությունում հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմացուների նկատմամբ պահանջարկը կազմում է 50-52 հազ. տոննա, սակայն արտադրված և հավաստագրված սերմերը բավարարում են պահանջարկի շուրջ 10 %-ը:
2014-2017թթ. ներկրված գարնանացան գարու, առվույտի և կորնգանի սերմացուի գումարը կազմել է 2634.7 մլն դրամ (6460.5 տոննա):
Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերը տնտեսավարողներին կտրամադրվեն շուկայականից ցածր գներով: Ծրագրերի իրականացումը կբերի հանրապետությունում գարնանացան գարու, առվույտի և կորնգանի սերմարտադրությամբ զբաղվող տնտեսությունների կարողությունների հզորացմանը և արտադրված սերմացուների ծավալների ավելացմանը՝ ՄԺԾԾ ժամանակահատվածում ապահովելով պահանջարկի շուրջ 60- 70%-ը: Ծրագրի իրականացման համար պետական աջակցության չափը ըստ տարիների գնահատվում է` 2018թ.- 68.8 մլն դրամ, 2019թ.- 10.7 մլն դրամ:
Սերմնաբուծական մասնագիտացված տնտեսությունների զարգացման ծրագով նախատեսվում է 12 միավոր գյուղատնտեսական տեխնիկայիկայի ձեռքբերում: Ցորենի, գարու, առվույտի և կորնգանի առաջնային սերմնաբուծություն կազմակերպելու նպատակով ձեռքբերված տեխնիկան կտրամադրվի «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ին, «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, «Սյունիքի սերմարտադրողների միություն» ՍՊԸ-ին և Հայ տեխնոլոգիական խումբ հիմնադրամին, քանի որ վերջիններս ունեն համապատասխան ներուժ և մասնագիտական երկար տարիների փորձ: Աշնանացան ցորենի 2012-2015թթ. ներկրված սերմի արժեքը կազմել է 1537.4 մլն դրամ, որից 413.3 մլն դրամը սուպեր էլիտա և էլիտա: Ներկրվել է ընդամենը 4829 տոննա, որից 3320.1 տոննան սուպեր էլիտա և էլիտա:
Ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն հանրապետությունում ցորենի, գարու, առվույտի և կորնգանի սերմնաբուծական տնտեսությունների զարգացման համար, կբարձրանա տեղական արտադրանքի մրցունակությունը: Որակյալ սերնացուների օգտագործման արդյունքում կավելանան նաև գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Ծրագրի իրականացման համար պետական աջակցության չափը 2018թ.- ին կկազմի 49.0 մլն դրամ:
- Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացում.
2018 թվականից նախատեսվում է վերանայել ծրագիրը, այն նպատակաուղղելով նաև արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, տնտեսությունների խոշորացմանը, տնտեսավարողների գիտելիքների ձեռքբերմանը: Նշվածից ելնելով նախատեսվում է ծրագրի մեխանիզմների վերանայում, մասնավորապես վարկերի գումարի սահմանում 3 - 10 մլն դրամ, վարկավորման ժամկետի ավելացում մինչև 5 տարի և վարկավորման որոշ նախապայմանների ներառում: Վերջնական արդյունքում վարկերը տնտեսվարողներին կտրամադրվեն 5 %, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերին՝ 3 % տոկոսադրույքով:
Ծրագրի իրականացման արդյունքում՝
- կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվի գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորություններ կապահովվեն ագրոտեխնիկական պահանջների կատարման, անասնապահությունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունավետության բարձրացման համար,
- կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտեսությունում և գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում արդիական տեխնոլոգիաների ներդրման, տնտեսությունների խոշորացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար,
- կբարձրանա ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, էականորեն կնվազեն գյուղատնտեսությունը վարկավորող բանկերի ռիսկերը,
- տոկոսադրույքի սուբսիդավորմամբ մատչելի վարկերից տարեկան կօգտվի ավելի քան 2000 գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտ, ոլորտում մասնավոր ներդրումները տարեկան կավելանան շուրջ 9.6 մլրդ դրամով, որը հնարավորություն կտա շահառու տնտեսավարողների տնտեսությունների կայունացման և ընդլայնված ծավալներով արտադրության շարունակման համար:
Ծրագրի իրականացման համար պետական աջակցության չափը ըստ տարիների գնահատվում է` 2017թ. - 1163.0 մլն դրամ, հետագա տարիներին` տարեկան - 2030.9 մլն դրամ:
- Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացում.
Ծրագրի իրականացմամբ նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման` գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման համար: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա տարեկան նորացնել հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 2.0 տոկոսը, որը կկազմի շուրջ 225 միավոր տրակտոր, 10 միավոր կոմբայն և 275 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա` 2.8 մլրդ դրամ արժեքով: Որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար: Նոր գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործումը կնպաստի դրանցով իրականացվող մեքենայացված աշխատանքների ծախսերի (15-20 %), բերքի կորուստների (20-25 %) նվազեցմանը: Ծրագրի իրականացման համար պետական աջակցության չափը ըստ տարիների գնահատվում է` 2017թ.- 120.0 մլն դրամ, 2018թ.- 270.0 մլն դրամ, 2019թ.- 362.0 մլն դրամ, 2020թ.- 428.0 մլն դրամ:
- Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի իրականացում.
Պետական աջակցության տրամադրումը կխթանի նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացը, կավելանան պտղատու այգետարածքները առնվազն 100 հեկտարով և հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառող (արտահանող) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները: Համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր: 5 հա բերքատու ինտենսիվ այգուց հիմնման 6-րդ տարվանից սկսված տարեկան կստացվի 65.2 - 118.0 մլն դրամ զուտ շահույթ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018 թվականին: Ծրագրի իրականացման համար պետական աջակցության չափը գնահատվում է 398.9 մլն դրամ:
- Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքերի մասնակի սուբսիդավորման ծրագրի իրականացում
Ծրագրի իրականացման արդյունքում՝
- նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն: 2016 թվականի ընթացքում պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների կողմից գնվել է ավելի քան 21.0 մլրդ դրամի գյուղատնտեսական հումք.
- կբարձրանա գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող արտադրանքի մրցունակության մակարդակը, որի արդյունքում կավելանան գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող արտադրանքի արտադրության ու արտահանման ծավալները, ինչը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման և արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա.
- մինչև 7 տոկոսով կաճի հանրապետության մշակող արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալում ագրովերամշակման արտադրության արտադրանքի արտադրության ծավալը.
- շուրջ 15.0 հազար գյուղացիական տնտեսություններից կմթերվի շուրջ 94,0 հազար տոննա խաղող և շուրջ 60.0 հազար տոննա պտուղբանջարեղեն՝ հաշվի առնելով 2016 թվականին պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ծավալների և դրանց դիմաց կատարված վճարումների վիճակագրությունը.
- որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը.
- էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը:
Ծրագրի իրականացման համար պետական աջակցության չափը գնահատվում է տարեկան 998,9 մլն դրամ:
- Գյուղատնտեսական հողատեսքերում ոռոգման արդյունավետ համակարգերի (կաթիլային ոռոգման) ներդրման պետական աջակցության ծրագիր.
Ծրագրով նախատեսվում է խթանել բազմամյա տնկարկներում` պտղատու և խաղողի այգիներում, բարձրարժեք մշակաբույսերի դաշտերում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման գործընթացը: Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը: Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար միջին հաշվով (1 հա-ի համար) պահանջվում է 1.3 մլն ՀՀ դրամ:
Գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն 3 տարի մարման ժամկետով վարկեր, որը կսուբսիդավորվի: Ոռոգման արդյունավետ համակարգերի (կաթիլային ոռոգման) ներդրման գյուղատնտեսական հողատեսքերի ընդհանուր ծավալը հինգ տարվա համար կազմում է շուրջ 10 հազար հեկտար: Ներդրված տարածքներում 2018-2022թթ. ժամանակահատվածում ակնկալվում է շուրջ 150 մլն խմ ջրի տնտեսում, շուրջ 10-12 մլրդ հավելյալ եկամուտ բերքատվության աճի հաշվին, բերքի որակի բարելավում, արդյունավետ գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանում: Ակնկալվում է նաև ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով (տարեկան` ավելի քան 400.0 մլն դրամ): Ծրագրի իրականացման համար պետական աջակցության չափը ըստ տարիների գնահատվում է` 2018թ.- 114.7 մլն դրամ, 2019թ.- 313.3 մլն դրամ, 2020թ.- 425.2 մլն դրամ:
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրի իրականացում.
Հակակարկտային ցանցերի ներդրման խթանման նպատակով ծրագրով 2018 թվականից սկսած մասնակի կսուբսիդավորվի հակակարկտային ցանցեր ձեռք բերող և ներդրող, վարկային պայմանագիր կնքած տնտեսավարողների վարկի տոկոսադրույքը: 1 հա պտղատու այգու համար հակակարկտային ցանցերի ձեռք բերման և մոնտաժման ծախսերը կկազմեն 9.5 մլն դրամ, իսկ խաղողի այգու համար 4.7 մլն դրամ: Խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության (վարկավորման) պայմաններն են` վարկի 7 տարի մարման ժամկետ, որը կսուբսիդավորվի:
Ծրագրի իրականացմամբ նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ տարեկան շուրջ 1000 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար, հանրապետության այգիների շուրջ 2.0 %-ը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով, հակակարկտային ցանցեր կիրառած տնտեսավարողների մոտ գրեթե կբացառվի կարկտահարության ռիսկը, կապահովի որակյալ բերք, կավելանա տնտեսավարողների եկամուտները, նախադրյալ կհանդիսանա այլ տնտեսություններում տվյալ տեխնոլոգիայի ներդրման համար, նշված տնտեսությունների համար կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, պայմաններ կստեղծվի ընդլայնված ծավալներով ծրագրի իրականացման համար: Կարկտապաշտպան ցանցերի համար ներդրվող գումարը միանգամայն արդարացված է և համարվում է որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք: Խաղողի հակակարկտային ցանցերի համար կատարված հաշվարկային գնահատականները ցույց են տալիս, որ կարկտահարությունից 3 ամյա պարբերականությամբ բերքի 50 % կորստի դեպքում, հակակարկտային ցանցերի 10 տարվա ծառայության պայմաններում, բերքի կորստի գումարը շուրջ 1.7 անգամ գերազանցում է հակակարկատային ցանցի ներդրման ծախսերը, իսկ պտղատու այգու դեպքում` ցանցերի ներդրման ծախսերը 10 տարում ամբողջությամբ փոխհատուցվում են: Նույն պարբերականությամբ բերքի ամբողջական կորստի դեպքում խաղողի համար կորստի գումարը կգերազանցի ցանցերի ներդրման ծախսերը ավելի քան 3.3 անգամ, իսկ պտղատու այգու համար` 2.2 անգամ: Նկատի ունենալով, որ ցանցերի ծառայության ժամկետը կարող է լինել 10 տարուց ավելի, ցանցերի ներդրման արդյունավետությունը կլինի ավելի բարձր: Ծրագրի իրականացման արդյունքում մասնավոր ներդրումները 1000 հա-ի հաշվով կկազմեն 6.2 մլրդ դրամ, որից միայն ավելացված արժեքի հարկի գծով ակնկալվում է 1.2 մլրդ դրամի հարկային մուտքեր ՀՀ պետական բյուջե: Ծրագրի իրականացման արդյունքում` հակակարկտային ցանցերի պահանջարկի աճի և մրցակցության պայմաններում ակնկալվում է ցանցերի ներդրման ծախսերի կրճատում և արդյունավետության բարձրացում: Ծրագրի իրականացման համար պետական աջակցության չափը ըստ տարիների գնահատվում է` 2018թ.- 700.6 մլն դրամ, 2019թ.- 1294.1 մլն դրամ, 2020թ.- 1780.5 մլն դրամ:
- Պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացում.
Ծրագրի իրականացմամբ նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար, կհստակեցվեն ապահովագրական համակարգի ներդրման մոտեցումներն ու մեխանիզմները: Փորձնական ծրագրում ընդգրկված համայնքների ապահովագրված գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների ապահովագրական վճարի սուբսիդավորման գումարը ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների և Գերմանական զարգացման բանկի (KFW) կողմից տրամադրվող աջակցությամբ կկազմի շուրջ 1.7 մլրդ դրամ, որը հնարավորություն կտա փոխհատուցել փորձնական ծրագրի ապահովագրական վճարի շուրջ 50 %-ը: Ապահովագրվող գյուղատնտեսական արտադրանքի արժեքը տարվա կտրվածքով գնահատվում է շուրջ 28.0 մլրդ դրամ և 9-10 հազ. շահառու տնտեսություններ: Ծրագրի իրականացման համար պետական աջակցության չափը տարեկան գնահատվում է 885.0 մլն դրամ:
ՏԵՂԵԿԱՆՔ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է:
-
Discussed
19.10.2017 - 04.11.2017
-
Type
Protocol decision
-
Area
Agriculture
Views 9650
Print