Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 «ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի № 1035-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է ոլորտում իրականացվող բարեփոխումներից՝ միտված մասնագիտությունների գրավչության բարձրացմանը:

Անհրաժեշտությունը ծագում է նաև ոլորտային զարգացման ռազմավարության ծրագրերով սահմանված խնդիրների լուծման միջոցառումների կատարումը ապահովելու պարտականությունից, մասնավորապես, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի № 1886-Լ որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունից, Հայաստանի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակա ոլորտներին աջակցելու կարիքից, ինչպես նաև աշխատաշուկայում կատարվող փոփոխություններից, ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստման պահանջարկից:

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի № 1035-Ն որոշման Հավելվածներով հաստատված են 100 մասնագիտություններ, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի աշխատավարձին և դրան հավասարեցված վճարումների մասով եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքությունն աճել է՝ բացառությամբ որոշ (շուրջ 20) մասնագիտությունների, ինչը արտահայտվել է տվյալ մասնագիտություններով բուհերում սովորող ուսանողների քանակի աճով:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ աշխատաշուկայում կան մի շարք մասնագիտություններ, որոնց գրավչությունը բարձրացնելու խնդիր է առաջացել՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը, մասնավորապես այն, որ երկրի տնտեսության զարգացման գործընթացում գյուղատնտեսության ոլորտն ունի բարձր պահանջարկ, սակայն չկան բավարար մասնագետներ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունն ունի մի շարք մրցակցային առավելություններ, այդ թվում՝ երկրի պատմությունը, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում արտոնյալ պայմաններով մուտք գործել Եվրասիական տնտեսական միության մեծ շուկա: Որպես առավելություն՝ պետք է նշել նաև գյուղական և քաղաքային բնակավայրերի միջև փոքր հեռավորությունները, գյուղատնտեսական բարձրարժեք մշակաբույսերի վեգետացիայի երկար տևողությունը և վաղահաս բերքի աճեցման համար բարենպաստ ագրոկլիմայական գոտիները, հարուստ գյուղատնտեսական ժառանգությունը (Հայաստանը որպես խաղողագործության և ծիրանի ու կեռասի մշակույթի հայրենիք) և ամենակարևորը՝ բարենպաստ էկոլոգիական պայմանները՝ բարձրորակ ջուրն ու բարձրադիր տարածքները, որոնք ապահովում են առավել համեղ գյուղատնտեսական արտադրանք:

Վերոհիշյալով պայմանավորված վերանայվել է ՀՀ կառավարության որոշման մեջ ներառված մասնագիտությունների ցանկը՝ հաշվի առնելով նաև պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող այլ ոլորտները, այդ թվում՝ առողջապահությունը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Կարգավորման նպատակն է խթանել սովորողների (ուսանողների) ուսուցումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներն ու մասնագիտությունները, ոլորտների ռազմավարության ծրագրերից բխող կարիքների բավարարումը:

Նախագիծը կազմվել է նաև հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից ստացված առաջարկությունները, ինչպես նաև ՀՀ պետական,  միջպետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ստացված տեղեկատվությունը՝ ըստ մասնագիտությունների բուհում սովորողների (ուսանողների) քանակի վերաբերյալ:

Մասնագիտությունների ներառման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանքամանքներով, այդ թվում՝ աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկով: Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրության ժամանակ կատարված բացահայտումների ընթացքում ուսումնասիրվել են յուրաքանչյուր մասնագիտության ներագրավման անհրաժեշտությունը և անդրադարձ է կատարվել մասնագիտության ընտրության սկզբունքներին՝ սպառիչ հիմնավորում ներկայացնելով յուրաքանչյուր մասնագիտության ներառման համար:

Մագիստրոսական կրթական ծրագրեր ներառող Հավելված 1-ում ներառված մասնագիտությունների գործող ցանկին ավելացել է 11 մասնագիտություն, որոնց ներառումը առաջարկվել է համապատասխան գերատեսչությունների կողմից՝ ներկայացնելով համապատասխան հիմքեր:

Նախագծով ներկայացված մասնագիտությունները ներառվել են «05 Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն», «07 Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն», «08 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն» և «10 Ծառայություններ (սերվիս)» ոլորտներից:

«05 Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն» ոլորտը լրացվել է «Գեոմատիկա» մասնագիտությամբ: Մասնագիտության գրավչության բարձրացումը մեծ նշանակություն կունենա ուժային կառույցների, Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների, պետական գույքի կառավարման նախագծային, խորհրդատվական և շինարարական ընկերությունների համար, ինչպես նաև «Գեոմատիկա» մասնագիտությամբ որակյալ կադրերի առկայությունը հնարավորություն կտա ստեղծելու  կադրային բազա, ինչը մոտ ապագայում մեծ պահանջարկ է ունենալու: ՀՀ Կառավարության 2021-2026 թթ-ի գործունեության ծրագրի 6.5 կետով նախատեսված ազգային տարածական տվյալների միասնական ենթակառուցվածքի ստեղծման և այն կառավարման գործընթացում ներդրման համար «Գեոմատիկա» մասնագիտության շրջանավարտները տարբեր ոլորտներում կարող են ապահովել նախատեսված աշխատանքների արդյունավետ իրականացումը։

«Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն» և «08 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն» ոլորտներում կատարված լրացումները պայմանավորված են ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի № 1886-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունով սահմանված առկա խնդիրներից և այդ խնդիրների լուցման ուղղված միջոցառումներից:

 «10 Ծառայություններ (Սերվիս)» ոլորտում ավելացվել է «103201.00.7 Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունը: Մասնագիտության ներառումը պայմանավորված է ճգնաժամերի կանխման, կանխարգելման և դրանց ծագման դեպքում հետևանքների վերացման, փրկարարական աշխատանքների կազմակերպման ու կառավարման, պատերազմի հետևանքներից բնակչության պատպանության արդյունավետ իրականացման գործընթացների կարևորությամբ:

Նախագծում փոփոխություններ են կատարվել նաև Հավելված 2-ում, մասնավորապես ներառվել են «Ե.05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ», «Ե.18.01» Բուսական և կենդական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» և «Զ.01.02 Բուսաբուծության, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն» մասնագիտությունները:

Վերոհիշյալ մասնագիտությունների ներառման նպատակը ևս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ հաստատված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կատարումն է:

Հավելված 3-ում խմբագրվել են որոշ մասնագիտությունների անվանումներ՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի № 952-Ն որոշմամբ և ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի 1996 թվականի մարտի 11-ի որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության բնագավառի մասնագիտությունների ցանկում ներառված անվանումներով: Հավելված 3-ում ներառված են ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի № 952-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների անվանումները, իսկ վերոհիշյալ որոշման և հրամանի միջև մասնագիտությունների անվանումների անհամապատասխանության դեպքում՝ փակագծերում նշվել են ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի 1996 թվականի մարտի 11-ի որոշմամբ հաստատված մասնագիտությունների անվանումները:

Հավլվածներից նաև հանվել են որոշ մասնագիտություններ՝ հաշվի առնելով գերատեսչությունների կողմից ներկայացված կարծիքը՝ հաշվի առնելով աշխատաշուկայում տվյալ մասնագիտություններով պահանջարկը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Նախագծում ներառված են նաև ՀՀ առողջապահության  նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված առաջարկները։

5.

Ակնկալվող արդյունքը

 

Սույն նախագծի ընդունմամբ կընդլայվի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝  նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը:

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

7

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի  N 1035-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված ռազմավարական նպատակներից:

  • Discussed

    16.09.2022 - 02.10.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3350

Print

Suggestions

Ատոմ Մարգարյան

29.09.2022

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և բարձր տեխնոլոգիական ոլորտի կադրային ապահովման պահանջներից ելելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 04․02․2020 թ․ թիվ 161-Ա/2 հրամանով, ի թիվս այլ կրթական ծրագրերի, «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսական կրթական ծրագրերի ցանկում ավելացել է 031101.21.7 թվանիշով «Նորարարությունների տնտեսագիտություն» մագիստրոսական ծրագիրը։ «Նորարարությունների տնտեսագիտություն» մագիստրոսի որակավորում ունեցող տնտեսագետների նկատմամբ աշխատաշուկայում առկա պահանջարկը պայմանավորված է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական բարեփոխումների ռազմավարության (Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050), ինչպես նաև դրանից բխող տնտեսական քաղաքականության առաջնահերթություններով։ ՀՀ կառավարության գործունեության 2021-2026թթ ծրագրում, ինչպես նաև դրանից բխող՝ բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերում գիտելիքահենք, բարձրտեխնոլոգիական տնտեսության ձևավորման ու զարգացման հրամայականը շեշտված են որպես առաջնահերթ խնդիրներ։ Բնականաբար, այսօրինակ տնտեսական կերպափոխման համար անհրաժեշտ են նորարարական տնտեսության, նորարարությունների կառավարման վերաբերյալ ժամանակակից գիտելիքների, հմտությունների և կարողությունների տիրապետող բարձրակարգ, մրցունակ կադրեր, ովքեր ի վիճակի են լուծել նորարարությունների կառավարման, ինովացիոն բիզնես մոդելների գեներացման և տեխնոլոգիական նորույթների առևտրայնացման, մտավոր սեփականության գնահատման և փոխանցման բազմաբնույթ ու բազմապլան խնդիրներ։ «Նորարարությունների տնտեսագիտություն» ծրագրով արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպվում է ընդունելություն։ Ու, թեև այդ մագիստրոսական ծրագրի նկատմամբ ինչպես ՀՊՏՀ, այնպես էլ բազմաթիվ այլ համալսարանների բակալավրիատի շրջանավարտների մոտ առկա մեծ հետաքրքրվածությանը, այդուհանդերձ, առայժմ չի հաջողվում ապահովել այդ մասնագիտության գծով ընդունելության պատշաճ մակարդակ (լիցենզավորված տեղերի քանակը 25 է)։ Այս իրավիճակը հիմնականում պայմանավորված է ավճար տեղերի խիստ սահմանափակ քանակով (այս տարի, օրինակ, հատկացվել է 2 անվճար տեղ), ինչպես նաև այդ կրթական ծրագրի վճարովի համակարգում սովորելու ցանկություն ունեցողների սահմանափակ ֆինանսական հնարավորություններով (առայժմ հաջողվում է ներգրավել ընդամենը 3-4 ուսանող)։ Ելնելով տվյալ իրավիճակից առաջարկում եմ «Նորարարությունների տնտեսագիտություն» (031101.21.7) մագիստրոսական կրթական ծրագրի աշխատող ուսանողներին եկամտային հարկից ուսման վարձավճարի փոխհատուցման հնարավորության տրամադրել՝ տվյալ մագիստրոսական ծրագիրը ներառելով ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները հաստատելու մասին, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է» N 1035-Ն որոշմամբ նախատեսվող փոփոխությունների ցանկում։ Հարգանքով՝ ՀՊՏՀ «Նորարարությունների տնտեսագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, տ․գ․թ․, դոցենտ Ատոմ Մարգարյան 29․09․2022

See more