«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ
-
9 - Agree
-
3 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքը կարգավորում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքի հիմնական նպատակը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության սկզբունքները
- Սույն օրենքի հիմնական նպատակն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելով ստեղծել բարենպաստ ֆինանսական և ներդրումային պայմաններ ոլորտի հավասարակշիռ և կայուն զարգացման, տնտեսության տեխնոլոգիական վերազինման, ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծման և արտաքին տնտեսական գործունեության խթանման համար:
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության սկզբունքներն են.
- պետության և մասնավոր հատվածի համագործակցություն,
- բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրման հասցեականություն,
- բարձրտեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրման գործընթացի թափանցիկ և հրապարակային կազմակերպում:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) բարձր տեխնոլոգիաներ՝ նոր հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջություն, որը միտված է տնտեսությունում մրցունակ արտադրանք և գործընթացներ մշակելուն, ստեղծելուն, արտադրելուն, և որի հիմքում դրված են գիտատեխնիկական նորարարությունները, ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները.
2) տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ համակարգչային հիմքի վրա, մասնավորապես ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև բոլոր ձևաչափերով տեղեկատվություն, ներառյալ` տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու և անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակները.
3) լիազոր մարմին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին.
4) հավաստագիր` հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, որը տրամադրվում, փոփոխվում և գործողությունը դադարեցվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից ընդունված իրավական ակտով.
5) հավաստագրող հանձնաժողով` սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման, փոփոխման, գործողությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տրամադրող մարմին.
6) հավաստագրված անձ` սույն օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստացած անձ՝ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր.
7) կանոնադրական կապիտալում ուղղակի մասնակցություն` իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը:
8) կանոնադրական կապիտալում անուղղակի մասնակցություն` սույն օրենքի իմաստով անուղղակի մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում`
ա. մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները,
բ. մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով,
գ. մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս և ավելի մասնակցություն,
դ. մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի կամ չունի մասնակցություն և իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները.
9) բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր` Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 70%-ը ձևավորվել է պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներից, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող կամ հավաստագրված անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջները:
10) աշխատող՝ սույն օրենքի իմաստով աշխատող են համարվում աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանք կատարողները:
Հոդված 4. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները.
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝
1) հաստատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված գործունեության առանձին տեսակների պետական աջակցության տրամադրման կարգերը՝ հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում լիազոր մարմնի կողմից իրականացվող պետական քաղաքականության առաջնահերթությունները,
2) հաստատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հավաստագրման ենթակա գործունեության տեսակները,
3) սահմանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի հավաստագրման կարգը և հավաստագրի ձևը,
4) հաստատում է հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և այլ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը.
5) հաստատում է հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը․
6) սահմանում է հավաստագրման հանձնաժողովի կազմում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ընդգրկման կարգն ու պայմանները.
7) սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են՝
1) բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները հաշվի առնելով՝ մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված գործունեության առանձին տեսակների պետական աջակցության տրամադրման կարգերը,
2) վարում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը (այսուհետ` վարչական ռեգիստր),
3) ստեղծում է հավաստագրման հանձնաժողով և հաստատում անհատական կազմը,
4) հաստատում է հավաստագիր ստանալու, փոփոխելու,դադարեցնելու դիմումի ձևը,
5) իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հավաստագրված, ինչպես նաև հավաստագրի համար դիմած և մերժում ստացած անձանց ցուցակը,
6) իր պաշտոնական կայքէջում հրապարակում է սույն օրենքի պահանջները խախտած անձանց անվանումները, այդ թվում՝ տվյալ անձի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց անվանումները կամ անունները,
7) սույն օրենքի 15-րդ հոդվածով տրամադրվող տեղեկությունների հիման վրա հսկողություն է իրականացնում սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ:
Հոդված 5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության իրականացումը
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության բնագավառում լիազոր մարմինն ապահովում է պետական աջակցության ծրագրերի արդյունավետ կառավարումը և համակարգումը:
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցությունն իրականացվում է հավաստագրման եղանակով՝ հարկային արտոնություններ տրամադրելու միջոցով: Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված դրույքաչափերով:
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի պետական աջակցությունն կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական աջակցության այլ ձևերով:
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի հավաստագրման գործընթացը կարգավորվում է սույն օրենքի 2-րդ գլխով:
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կարող են օգտվել սույն օրենքով նախատեսված բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մեկ ձևից:
ԳԼՈՒԽ 2.
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հոդված 6. Հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող սուբյեկտները և նրանց ներկայացվող պահանջները
- Հավաստագրման համար իրավունք ունեն դիմել.
1) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը, որը՝
ա. չի գտնվում սնանկության գործընթացում,
բ. բացառապես ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հավաստագրման ենթակա գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով,
գ. որի գործունեությունը դիմելու օրվան նախորդող վերջին երեք տարվա ընթացքում չի դադարեցվել,
դ․ աշխատողների թիվը չի գերազանցում 50-ը,
ե. դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում և(կամ) դիմելու պահին չի հանդիսանում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից,
զ. չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից,
2) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունը, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների և դուստր ընկերությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որը՝
ա. չի գտնվում սնանկության գործընթացում,
բ. չի ստեղծվել այլ իրավաբանական անձի վերակազմակերպման կամ լուծարման արդյուքնում,
գ. բացառապես ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հավաստագրման ենթակա գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով,
դ. աշխատողների թիվը չի գերազանցում 50-ը:
- Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող և հավաստագրման համար դիմող կազմակերպության բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը՝
1) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում և(կամ) դիմելու պահին չպետք է հանդիսանա բարձր տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից, ինչպես նաև սնանկության գործընթացում գտնվող այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից,
2) դիմելու պահին բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններում (ոչ ավելի քան երեք) բաժնեմասի (մասնակցության) չափը չի կարող գերազանցել 10 տոկոսը,
3) չի հանդիսանում հավաստագրված կազմակերպության բաժնետեր կամ մասնակից:
- Սույն հոդվածով սահմանված պահանջներին բավարարող և հավաստագրման համար դիմող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բաժնետեր (մասնակից) կարող են լինել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններում (ոչ ավելի քան երեք), որոնց բաժնեմասի (մասնակցության) չափը չի կարող գերազանցել յուրաքանչյուրում 10 տոկոսը:
4.Սույն օրենքի պահանջները բավարարող անձինք հավաստագրման համար կարող են դիմել պետական գրանցման/հաշվառման պահից երեք ամսվա ընթացքում:
- Հավաստագիր ստացած կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը հավաստագրման համար չեն կարող կրկին դիմել:
Հոդված 7. Հավաստագրման հանձնաժողովի լիազորությունները և կազմը
- Հավաստագրումն իրականացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության բնագավառում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:
- Հանձնաժողովը`
1) ուսումնասիրում և քննարկում է հավաստագրման համար ներկայացված դիմումները.
2) սույն օրենքով սահմանված կարգով եզրակացություն է տալիս հավաստագրի տրամադրման կամ մերժման, փոփոխման, գործողության դադարեցման մասին.
3) բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության բնագավառում լիազոր մարմնին ներկայացնում է առաջարկություններ հավաստագրման գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
- Հավաստագրման հանձնաժողովը բաղկացած է9 անդամից, որում ընդգրկվում են`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը.
2) ոլորտի զարգացման համար պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի երեք ներկայացուցիչները.
3) պետական ֆինանսների կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.
4) հարկային և մաքսային ոլորտներում վարչարարություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.
5) բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների երեք ներկայացուցիչ:
Հոդված 8. Հավաստագրի տրամադրումը
- Սույն օրենքի պահանջները բավարարող սուբյեկտները հավաստագիր ստանալու համար հանձնաժողովին ներկայացնում են`
1) դիմում հավաստագիր ստանալու մասին,
2) իրավաբանական անձանց պետական գրանցման համարը,
3) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,
4) գործունեության մանրամասն նկարագրությունը և ուղղությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործունեության տեսակների.
5) հայտարարություն այն մասին, որ հավաստագրով տրամադրված արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում զբաղվելու են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործունեության տեսակներով,
6) տեղեկանք աշխատողների քանակի, պաշտոնների անվանումների մասին,
7) հայտարարություն այն մասին, որ կազմակերպության ստեղծումը հիմք չէ այլ կազմակերպության լուծարման կամ վերակազմակերպման համար, ինչպես նաև, որ կազմակերպությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության ինչպես նաև հավաստագրված անձի դուստր ընկերություն չէ,
8) հավաստագրման համար դիմած կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով,
9) հայտարարություն այն մասին, որ անհատ ձեռնարկատիրոջը գործունեությունը դիմելու օրվան նախորդող վերջին երեք տարվա ընթացքում չի դադարեցվել,
10) սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարելու մասին այլ տեղեկատվություն:
2.Հավաստագրման համար ներկայացված դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի միջոցով առաջարկում է դիմումատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: Առաջարկը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի կողմից թերությունները և անհամապատասխանությունները չվերացվելու դեպքում դիմումը մերժվում է:
- Հանձնաժողովը հավաստագրի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին է ներկայացնում համապատասխան դիմումը ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում:
- Հավաստագիրը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից տրամադրվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված եզրակացությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում:
Հոդված 9․ Հավաստագրի փոփոխումը
- Հավաստագրի փոփոխության համար՝ հավաստագրված անձը պարտավոր է դիմել հանձնաժողով՝ եթե հավաստագրի գործողության ընթացքում որոշում է զբաղվել հավաստագրման ժամանակ չներկայացված, սակայն հավաստագրման ենթակա գործունեության այլ տեսակներով:
- Հավաստագրի փոփոխության համար դիմումին կցվում են` հավաստագրման ենթակա նոր գործունեության մանրամասն նկարագրությունը և ուղղությունները:
- Հանձնաժողովը հավաստագրի փոփոխման վերաբերյալ եզրակացությունը լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխան դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:
- Հավաստագրի փոփոխումը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից սույն հոդվածի 3-րդ մասում նշված եզրակացությունն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում:
- Հավաստագրի փոփոխության համար դիմումը մերժվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում:
- Հավաստագրի փոփոխության համար դիմումը գրավոր մերժվում է հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ լիազոր մարմնի կողմից՝ դիմում ներկայացնելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ հստակ նշելով մերժման պատճառներն ու հիմքերը:
Հոդված 10. Հավաստագրի տրամադրման մերժումը
- Հավաստագրի տրամադրման դիմումը մերժվում է, եթե`
1) հավաստագրման համար դիմած սուբյեկտները չեն համապատասխանում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ հավաստագիր ստանալու իրավունք ունեցող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին,
2) հավաստագրման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին,
3) հավաստագրման համար ներկայացված փաստաթղթերը թերի են և թերությունները չեն վերացվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում,
4) հավաստագրման համար դիմած կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձինք նախկինում խախտել են սույն օրենքի պահանջները,
5) հավաստագրման համար դիմած կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանցից որևէ մեկը նախկինում ունեցել է ուղղակի կամ անուղղակի մասնակցություն սույն օրենքի պահանջները խախտած այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում:
- Հավաստագրի տրամադրման դիմումի մերժման հիմք չի կարող հանդիսանալ,
1) հավաստագրման համար դիմած կազմակերպության բաժնետիրոջ (մասնակցի) այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից հանդիսանալը,
2) հավաստագրման համար դիմած անձի մոտ կամ այլ ընկերությունում համատեղությամբ աշխատող հանդիսանալը:
- Հավաստագիր ստանալու դիմումը գրավոր մերժվում է հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ լիազոր մարմնի կողմից, դիմում ներկայացնելու օրվանից 20 օրվա ընթացքում՝ հստակ նշելով մերժման պատճառներն ու հիմքերը:
Հոդված 11. Հավաստագրի գործողության դադարեցումը
- Հավաստագրի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) ավարտվել է հավաստագրի գործողության ժամկետը,
2) հավաստագրված անձը հանձնաժողովին ներկայացրել է դիմում հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ,
3) հավաստագրի գործողության ընթացքում խախտվել են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջները,
4) հավաստագրված անձը խախտել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները,
5) հավաստագրված անձը հավաստագրման համար ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ,
6) մեկ տարվա ընթացքում երկու և ավել անգամ չի ներկայացվել սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հայտարարությունները,
7) մեկ տարվա ընթացքում մեկ անգամ չի ներկայացվել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունը,
- Սույն հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դեպքերում հավաստագրի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից ընդունված իրավական ակտով:
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. Հավաստագրված անձանց ներկայացվող պահանջները
- Հավաստագրի գործողության ընթացքում հավաստագրված անձանց կողմից իրենց հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաև համատեղ գործունեության պայմանագրի կնքումը պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է:
- Հավաստագրված անձինք՝
1) պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները,
2) չեն կարող բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի օտարել պետական աջակցության ենթակա գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:
Հոդված 13. Հավաստագրված անձանց կողմից հաշվետվությունների և հայտարարությունների ներկայացումը
- Հավաստագրված անձինք պարտավոր են հանձնաժողովին յուրաքանչյուր կիսամյակ` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը, ներկայացնել հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այլ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություններ:
- Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով հավաստագրի գործողության դադարեցման դեպքում հավաստագրված անձինք պարտավոր են ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունը հավաստագրի դադարեցման մասին հանձնաժողովի որոշումն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի հետ:
- Հավաստագրված անձինք եռամսյակը մեկ պարտավոր են հանձնաժողովին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով հայտարարություն այն մասին, որ բավարարում են սույն օրենքով հավաստագրված անձանց ներկայացվող պահանջները:
Հոդված 14. Պատասխանատվությունն օրենքի դրույթները խախտելու համար
- Սույն օրենքի պահանջների խախտման դեպքում լիազոր մարմնի կողմից ընդունվում է հավաստագրի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտ, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է հարկային և մաքսային ոլորտներում վարչարարություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
2.Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից սույն օրենքի պահանջները խախտած անձանց կողմից երկամսյա ժամկետում պետական բյուջե են վճարվում հավաստագրի գործողության ընթացքում որպես հարկային արտոնություն ստացված և պետական բյուջե չվճարված հարկերի գումարները, ինչպես նաև հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված տույժերը և տուգանքները:
ԳԼՈՒԽ 4.
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
Հոդված 15. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար ճյուղային հաշվառում իրականացնելու նպատակով լիազոր մարմինը վարում է բարձր տեխնոլոգիաներիոլորտի վարչական ռեգիստր:
Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի փաստացի գործունեության կամ կառավարման գործադիր մարմնի վայրի, գործունեության հիմնական և ոչ հիմնական տեսակների, աշխատողների քանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներդրումների (այդ թվում՝ օտարերկրյա), եկամուտների, ներմուծման և այլ անհրաժեշտ ցուցանիշների մասին շարունակական արդիականացման ենթակա տվյալների բազա:
- Բարձրտեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը ստեղծվում է հարկային մարմինների, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված և տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունների հիման վրա:
- Կախված հավաքվող ցուցանիշների բնույթից` հաշվետվությունները ներկայացվում են ամսական, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ, որը որոշում է լիազոր մարմինը:
Հոդված 16. Տեղեկությունների տրամադրումը
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմինը պարտավոր է լիազոր մարմնին յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնելբարձրտեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Հարկային մարմինները պարտավոր են սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված, իրենց մոտ առկա տեղեկությունները յուրաքանչյուր եռամսյակ տրամադրել լիազոր մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17. Եզրափակիչ դրույթներ
- Սույն օրենքը, բացառությամբ 2-րդ գլխի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքի 2-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
- Սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ սահմանվում է 2027 թվականի նոյեմբերի 1-ը:
- Սույն օրենքով տրամադրվող հավաստագրերը գործում են մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
- Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
- Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերը լիազոր մարմնի կողմից ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
Հոդված 18. Անցումային դրույթներ
- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրված հավաստագրերը շարունակում են գործել դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով:
- Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում այն հավաստագրված անձանց, որոնց հավաստագրերի սույն հոդվածի 1-ին մասում նշված գործողության ժամկետը չի լրացել, բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության բնագավառում լիազոր մարմինը էլեկտրոնային եղանակով ծանուցում է հավաստագրերի գործողության ժամկետը չլրացված մասով երկարաձգելու հնարավորության մասին:
- Եթե հավաստագրված անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տալիս են իրենց համաձայնությունը հավաստագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին, ապա Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից տրամադրվում է հավաստագիր՝ հստակ նշելով երկարաձգման ժամկետը:
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով տրամադրված հավաստագրի հիման վրա հավաստագրված անձինք իրենց գործունեությունը 2023 թվականի հունվարի 1-ից իրականացնում են սույն օրենքով սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 26-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«26) «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում բարձր տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 20-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«20) «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում բարձր տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածը լրացնել 16-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«16. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
01.09.2022 - 16.09.2022
-
Type
Law
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 6707
Print