• Discussed

    19.08.2022 - 03.09.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3679

Print

Suggestions

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

01.09.2022

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԿԱՐԾԻՔ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում 19.08.2022թ. ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կառարելու մաիսն օրենքի նախագիծ : Նախագծով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է ամրագրել ՀՀ հակակոռուպցիոն ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների զենքի կիրառման, օգտագործման պայմանները և կարգը: Հատկանշական է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախագծի հիմնավորում չի ներկայացվել: Նախագծի ուսումնասիրությունը փաստում է, որ այն հակասություններ ունի իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման միջազգային չափանիշների հետ, հատկապես անձի կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի իրավունքի համատեքստում: Մասնավորապես, նախագիծը չի ամրագրում իրավապահ մարմնի ծառայողի կողմից ուժի կիրառման, այդ թվում՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման համար պարտադիր սկզբունքները: Իրավապահ մարմնի ծառայողների կողմից ուժի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցի կամ զենքի կիրառումը պետք է խիստ անհրաժեշտ լինի ստեղծված իրավիճակում: Այն նաև ենթադրում է, որ իրավապահ մարմնի ծառայողի կողմից ուժի գործադրման ցանկացած դեպք պետք է լինի բացառիկ, ինչը նշանակում է, որ շատ դեպքերում ուժի կիրառումը իրավաչափ չի լինի, և ոչ բռնի միջոցները պետք է կիրառվեին, այդ թվում՝ բանակցություն, համոզում, մեդիացիա և այլն: Այս համատեքստում, օրենքի նախագիծը չի սահմանում, որ Հակակոռուպցիան կոմիտեի ծառայողի կողմից ուժի կիրառումը, այդ թվում՝ ֆիզիկական ուժ, զենքի և հատուկ միջոցների պետք է խիստ անհրաժեշտ լինի տվյալ իրավիճակում և կիրառվի որպես բացառիկ միջոց, երբ այլ ոչ բռնի միջոցներով հնարավոր չէր հասնել իրավաչափ նպատակին: Չնայած, օրենքի նախագիծն ամրագրում է, որ «ուժ կարող է կիրառվել, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել օրենքով սահմանված պարտականությունների կատարումը», նման ձևակերպումը չի երաշխավորում ուժի կիրառման բացառիկ միջոց լինելը և այլ ոչ բռնի միջոցների կիրառման նախապատվությունը: Օրենքի նախագիծը նաև չի սահմանում համաչափության սկզբունքը: Միջազգային չափանիշները պահանջում են, որ ուժի կիրառումը, անկախ դրա բնույթից և աստիճանից, պետք է համապատասխանի դրա կիրառման իրավաչափ նպատակին: Այս իմաստով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պարտավոր են կիրառել բացառապես իրենց պարտականությունների կատարման իրավաչափ նպատակին հասնելուն ուղղված համաչափ ուժ: Այսինքն, կիրառված ուժի տեսակն ու աստիճանը պետք է համաչափ լինի և ոչ ավելի, քան անհրաժեշտ է կոնկրետ հանգամանքներում հանցագործությունը կանխելու կամ հանցագործին կամ ենթադրյալ հանցագործին ձերբակալելու, նրա փախուստը կանխելու և այլ օրենքով նախատեսված իրավաչափ նպատակին հասնելու համար: Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ երբ ուժի կիրառման կարիք է առաջանում, պետք է կիրառել ոչ ավելի ուժ, քան տվյալ իրավիճակում և հանգամանքներում նվազագույն անհրաժեշտ ուժը: Ինչպես փաստել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «իրավապահ մարմինների ծառայողների հետ առերեսվող անձի նկատմամբ ցանկացած ֆիզիկական ուժի կիրառում, որը խստորեն անհրաժեշտ չի եղել նրա վարքագծով պայմանավորված, նվազեցնում է մարդու արժանապատվությունը, և, սկզբունքորեն, ոտնահարում է խոշտանգումից, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվոլւ իրավունքը: Հետևաբար, ուժի յուրաքանչյուր կիրառում պետք է լինի հիմնավորված և արդարացված: Այս համատեքստում, խնդրահարույց են Նախագծով առաջարկվող այնպիսի կարգավորումները, ինչպիսիք են նախագծով լրացվող 45.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հետևյալ դեպքերը. «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման կամ այլ գործառույթներն իրականացնելիս իրականացնելիս իրավունք ունեն զենք գործադրել՝ 4. ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող […], 5. կոռուպցիոն բնույթի ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, […]:»: Մինչդեռ, ՄԱԿ Իրավապահ մարմինների ծառայողների կողմից ուժի կիրառման և հրազենի կիրառման հիմնական սկզբունքները սահմանում են, որ «իրավապահ մարմինների ծառայողները չպետք է զենք (հրազեն) օգտագործեն անձանց դեմ, բացառությամբ ինքնապաշտպանության կամ այլ անձանց կյանքի կամ ծանր վնասվածքի իրական սպառնալիքից պաշտպանելու համար, կյանքին ծանր սպառնալիք պարունակող առանձնապես ծանր հանցագործության կատարումը կանխելու, նման վտանգ ներկայացնող և ծառայողների իշխանությանը չենթարկվող ու դիմադրող անձին ձերբակալելու համար, կամ նրա փախուստը կանխելու նպատակով, և երբ նվազ ծայրահեղ միջոցները բավարար չեն նշված նպատակներին հասնելու համար»: Այս համատեքստում, նախագծով սահմանված կարգավորումը հակասում է միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած իրավունքին, քանի որ չի նախատեսվում, որ այդ անձինք հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին, այլ անձանց կյանքին կամ առողջությանը իրական սպառնալիքի առկայությունը, տարբերակում չի դրվում կյանքին ծանր սպառնալիք պարունակող և մնացած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների միջև: Նույն կերպ, խնդրահարույց է օրենքի նախագծով լրացված 45.5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այն դրույթը, որ «Մերկացրած զենքով ձերբակալում կատարող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու` ձերբակալվողի ցանկացած փորձ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման զենք օգտագործել սույն օրենքի 45.4-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետին համապատասխան»: 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները […] իրավունք ունեն զենք գործադրել՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս […]: Վերոգրյալ կարգավորումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին իրավունք է տրվում առանց նախազգուշացնելու զենք օգտագործել ենթադրյալ հանցագործին ձերբակալելիս, երբ վերջինս թույլ է տալիս դրույթով նախատեսված գործողություններ: Այս համատեքստում ևս անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային չափանիշների և միջազգային դատարանների կողմից ձևավորված իրավունքի պահանջները: Ցանկացած պայմաններում, իրավապահ մարմնի ծառայողի կողմից, հատկապես առանց նախազգուշացման զենքի կիրառման դեպքում, անհրաժեշտ է հստակորեն օրենսդրորեն ամրագրել նման միջոցի կիրառման իրավաչափությունը, անհրաժեշտությունը և համաչափությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կյանքի կամ առողջության իրական, այլ ոչ մտացածին վտանգի առկայությունը: Ավելին, դրույթը չի նախատեսում ծառայողի առողջությանը սպառնացող վտանգի աստիճանը: Առանց բավարար հիմքերի ենթադրյալ հանցագործություն կատարած անձի, այդ թվում՝ ոչ բռնի հանցագործություն կատարած անձի կողմից կտրուկ շարժում կատարելը կամ ձեռքերը գրպանը տանելը, չի կարող գնահատվել որպես ծառայողի նկատմամբ հարձակում և ստեղծել նրա կյանքի վտանգ՝ հիմնավորված և արդարացված համարելով նրա կողմից զենքի գործադրումը: Նախագծով լրացվող 45.3-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ միջոցների գործադրում, այդ թվում՝ ռետինե մահակ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ծառայողական շներ կարող են կիրառվել «2.Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում»: Այս դրույթի շրջանակներում իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում անհստակ է, թե ովքեր կարող են դիտարկվել կոռուպցիոն հանցագործությունների պայքարին աջակցող, իրենց պարտականությունները կատարող անձինք, որոնց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կարող է դիմադրություն ցուցաբերել կամ օրինական պահանջներին չենթարկվել: Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ տվյալ պայմաններում հատուկ միջոցների, օրինակ՝ ռետինե մահակների կամ ռետինե գնդակներով փամփուշտների կիրառման բացառիկ անհրաժեշտության և համաչափության պահպանման չափանիշներ Նախագիծը չի սահմանում: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք. - Օրենքի նախագծում ամրագրել ուժի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման և օգտագործման սկզբունքները, այդ թվում՝ անհրաժեշտության և համաչափության սկզբունքները: - Զենքի կիրառման դեպքերը և պայմանները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Օրենքի 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում հստակեցնել առողջության պատճառվող վնասի աստիճանը։ - Հստակեցնել և նշել, թե ովքեր են հանդիսանում «կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող անձինք»:

Արտաշես Բաղդասարյան

19.08.2022

Զենքի կիրառման համար գոյություն ունեն ոստիկանություն և ԱԱԾ։ Գուցե կոմիտեի անդամներն օգտագործեն այդ զենքն ուրի՞շ նպատակներով, հատկապես երբ նախագիծը լավ ձևակերպված չէ։ Զենքը կարելի է կիրառել միայն ինքնապաշտպանության համար։

See more