««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
11 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն) Հանրապետության նախագահի ինստիտուտը ենթարկվել է էական փոփոխությունների: Մասնավորապես, Հանրապետության նախագահն իր գործառույթներն այլևս իրականացնելու է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով և միայն այդ լիազորությունների իրականացման կապակցությամբ է իրավասու լինելու ընդունել հրամանագրեր: Սակայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) մի շարք հարցերի կարգավորման իրավասությունը շարունակում է վերապահել Հանրապետության նախագահին: Այսպես, որպես Անվտանգության խորհրդի աշխատակազմի հիմնարկի հիմնադիր հանդես գալը, պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության ոլորտներում պետական կառավարչական գործառույթներ իրականացնող պետական մարմինների հիմնարկների իրավական վիճակի առանձնահատկությունների սահմանումը և այլն:
Սահմանադրության 159-րդ հոդվածով հստակեցվեց Կառավարությունից բացի գործադիր իշխանության այլ մարմինների շրջանակը, որոնց շարքին են դասվում նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինները: Ընդ որում, դրանք միասնության մեջ կոչվում են պետական կառավարման համակարգի մարմիններ: Բացի այդ, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում նախատեսվեցին մի շարք նոր մարմիններ (Բարձրագույն դատական խորհուրդը, Հաշվեքննիչ պալատը, ինքնավար մարմինները և այլն): Այնինչ, Օրենքը չի պարունակում այս մարմինների մասով համարժեք լուծումներ:
Միաժամանակ, Օրենքում առկա են որոշ անհամապատասխանություններ, ինչպես նաև անհստակություններ: Այսպես, ի տարբերություն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, որի համաձայն՝ դատախազության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ դատախազության աշխատակազմի հիմնադիրը գլխավոր դատախազն է, իսկ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը որպես համայնքի ղեկավարի կողմից հիմնարկի ղեկավարման կարգ սահմանող դրույթ հղում է անում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին, որը վերաբերում է համայնքի ղեկավարի տեղակալին: Մեկ այլ դեպքում՝ Օրենքը սահմանել է, որ գույքը հիմնարկին հանձնելու պայման է համարում վարչական ակտի առկայությունը, որը, սակայն, որևէ աղերս չունի վարչարարության հետ:
Ուշադրության է արժանի նաև այն իրողությունը, որ Օրենքի համաձայն՝ հիմնարկի անվանումը ներառում է համապատասխան պետական մարմնի անվանումը և «աշխատակազմ» բառը, իսկ Օրենքի այլ նորմերը սահմանում են, որ հիմնարկը ղեկավարում է հիմնարկի աշխատակազմի ղեկավարը:
Ամբողջ վերոշարադրյալը վկայում է «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու և օրենքի կարգավորումների թերությունները շտկելու անհրաժեշտության մասին:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝
- հանվել են Հանրապետության նախագահի Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ սահմանող դրույթները,
- վերանայվել է հիմնարկի հասկացությունը՝ ներառելով նոր սահմանադրական մարմինների շրջանակը,
- վերացվել է Օրենքի և այլ՝ «Դատախազության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների միջև առկա անհամապատասխանությունը,
- շտկվել են Օրենքում առկա եզրութաբանական անհստակությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:
Նախագծի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամը:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաև կվերացվեն դրանում առկա անհստակությունները:
-
Discussed
10.10.2017 - 25.10.2017
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 10563
Print