ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություն ավարտելու միջոցով ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար սահմանված բնակարանային ապահովության հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 2022թ. օգոստոսի -ի N -Ա որոշման կատարումն ապահովելու հանգամանքից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածում 2022 թվականի հուլիսի 7-ի ՀO-289-Ն oրենքով կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման իրավունքով պատրաստի ծառայողական բնակարանների հատկացում, որի կարգը և պայմանները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ: Գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով նպատակահարմար է գտնվել յուրաքանչյուր տարվա համար սպա զինծառայողներին բնակարան հատկացնելու նպատակով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատրաստի բնակարանների ձեռքբերման գործընթացն իրականացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ այնուհետև պատրաստի բնակարանները ՀՀ կառավարության որոշմամբ հետ վերցնելով կոմիտեից և ամրացնելով ՀՀ պաշտպանության նախարարությանը: Միաժամանակ, գնումների գործընթացները հստակեցնելու և բնակարանային պատշաճ ապահովում իրականացնելու նպատակով նախատեսվել է ձեռքբերվող բնակարանների գտնվելու վայրը, նվազագույն և առավելագույն մակերեսները, վիճակը: Բնակարանների հատկացման արդարացի մեխանիզմի սահմանման շրջանակներում նախատեսվել է վիճակահանության անցկացում, ինչպես նաև հատկացվող բնակարանների նկատմամբ զինծառայողների գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերի իրականացումը՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պատրաստի բնակարանների գնումն իրականացնող պետական մարմինը, գնման արդյունքում ձեռքբերված բնակարանները ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցելու (ամրացնելու) ընթացակարգը, ձեռքբերվող բնակարանների գտնվելու վայրը, նվազագույն և առավելագույն մակերեսները, վիճակը, բնակարանների հատկացման ընթացակարգը, բնակարանների հատկացման շրջանակներում վիճակահանության արդյունքների արձանագրման և զինծառայողին տրվող ծառայողական օրդերի ձևերը, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման կարգը, հատկացված բնակարանի նկատմամբ զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը ռազմաուսումնական հաստատությունների առնվազն քառամյա կրթական ծրագրի շրջանակներում սկսած 2026 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի տարեկան չափը կարող է կազմել մոտ 12,5 մլրդ դրամ՝ յուրաքանչյուր տարվա համար հաստատվող ՀՀ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության մոտ 440 տեղերի հաշվարկով ներկայումս սպայական կազմի զինծառայողների արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման համար սահմանված առավելագույն՝ 28.500.000 դրամի չափով տարեկան 440 բնակարան գնելու դեպքում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ: