ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ, ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԲՆԱԻՐԱՅԻՆ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
- Ներկայացվող նախագծի նպատակն է ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում կատարված լրացման պահանջը, որի 22-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանվել է, որ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն հոդվածի 2.3-րդ մասը սահմանել է, որ այդ չափորոշիչները վերաբերելի և կիրառելի են նաև օրենքի 21-րդ հոդվածում նախատեսված՝ նախանույնացման փուլում աջակցության կարիք ունեցող անձանց նկատմամբ, այսինքն՝ հավանական զոհերի նկատմամբ:
Նույն օրենքի եզրափակիչ մասի և անցումային դրույթներին համապատասխան այդ օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Հաշվի առնելով, որ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2022 թվականի մայիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի մայիսի 29-ին, հետևաբար «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվում է օրենքով սահմանված ժամկետում:
Նախագիծը միտված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող սոցիալական աջակցության որոշ ձևերի որակի չափորոշիչների սահմանումը: Նախագծում ներկայացված են սոցիալական աջակցության այն տեսակների չափորոշիչները, որոնք մինչ այժմ կա՛մ կարգավորված չեն եղել, կա՛մ կարգավորված են եղել մասնակի: Այդ իսկ պատճառով, Նախագծում որևէ անդրադարձ չի արվում անվտանգ վերադարձի կազմակերպումը, միանվագ դրամական փոխհատուցման տրամադրմանը և սոցիալական այլ աջակցություններին, որոնց կարգավորումն առկա է Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում: Նախագծում մասնավորեցվում է կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները՝ ներկայացնելով թե՛ քանակակական, թե՛ որակական պահանջներ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, որով կարգավորվեցին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացմանը և աջակցությանն առնչվող հիմնական իրավահարաբերությունները, սակայն հարցերի մի մասը թողնվեց ենթաօրենսդրական կարգավորման կամ իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը։ Սակայն այդ օրենքը, սահմանելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սոցիալական աջակցության տեսակները, չի մանրամասնել դրանց ներկայացվող պահանջները, ինչը գործնականում կամայական լուծումների և անորոշությունների տեղիք է տվել:
Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թվականի կոնվենցիայի կից` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրության, ԵԽ 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի պահանջներին և առաջարկվող մեխանիզմներին համապատասխան մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին տրամադրվող աջակցությունն ու օգնությունը պետք է լինեն որոշակի, չափելի և վերահսկելի: Յուրաքանչյուր զոհին պետք է տրամադրվի ամբողջական տեղեկատվություն, և նա իրազեկվի նույնացման դեպքում տրամադրվող աջակցության ծավալի, տևողության, պայմանների, չափանիշների և այլ մանրամասների մասին: Այդ տեղեկատվությունը սույն Նախագծով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, սահմանելու դեպքում, այն ոչ միայն կհանրայնացվի ու հասանելի կդառնա բոլորի համար, այլ նաև որոշակիություն ու կոնկրետություն կձևավորի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի մոտ:
Սոցիալական աջակցության տրամադրման որակի չափորոշիչների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին որակյալ ծառայություններ տրամադրելու, այդ ծառայությունները տրամադրող կազմակերպություններին ընտրելու որոշակիություն ապահովելու և դրանով իսկ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին երկրորդային զոհականացումից պաշտպանելու ու հասարակություն վերաինտեգրումն ապահովելու անհրաժեշտությամբ:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Նախագծով առաջարկվում է սահմանել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող սոցիալական աջակցության ձևերից հետևյալների որակի չափորոշիչները՝
- կացարանի տրամադրում,
- բնաիրային օգնություն,
- հոգեբանական օգնություն,
- խորհրդատվական օգնություն,
- իրավաբանական օգնություն,
- խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում:
Վերը նշված 5-րդ կետով նախատեսված աջակցությունն Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն չի տրամադրվում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհերին, հետևաբար այդ աջակցության չափորոշիչները վերաբերելի չեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհերին:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Ներկայացվող Նախագծի ընդունման պարագայում հստակ կլինեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Վորդ Վիժն - Հայաստան» կազմակերպության փորձագիտական աջակցությամբ:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 15-րդ պարբերությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումից։