-
2 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 26.07.2022 18:31:58 | Ներքոստորագրյալ կազմակերպությունները ներկայացնում են մի շարք դիտարկումներ և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև ՄԻԵԴ կամ Դատարան) կողմից արտահայտած ուղենիշային իրավական դիրքորոշումների վրա: Հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ Նախագիծը չի նախատեսում օրենքի գործողության ոլորտում մարդու հիմնական իրավունքների (հատկապես Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված անձնական և ընտանեկան կյանքի, նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի) նկատմամբ միջամտության օրինականության ապահովման համար անհրաժեշտ մի շարք երաշխիքներ, որոնց սահմանումը բխում է առաջին հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բազմաթիվ վճիռներով արտահայտած դիրքորոշումներից։ Այսպես․ 1. Նախագծով փոփոխվում է Օրենքի 6-րդ հոդվածը։ Մասնավորապես գործող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձին տրվում է իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների (այսուհետ՝ նաև ՕՀՄ) հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իրավունք այն դեպքերում, երբ․ 1/ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, 2/ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ է համարվել, 3/ իր նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ 4/ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվել է։ Նախագծով ՕՀՄ հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իրավունք ունեցող անձանց շրջանակն ընդլայնվում է՝ նոր Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներին համապատասխան։ Մասնավորապես Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նշված իրավունքից կարող են օգտվել այն անձինք, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չի հարուցվել, քրեական հետապնդումը դադարեցվել է, կայացվել է արդարացման դատավճիռ կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվել է։ Այնուամենայնիվ, նույնիսկ նշված սուբյեկտային ընդլայնումը չի կարող համարվել բավարար և համապատասխանող հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերով ձևավորված չափանիշներին, որն անձին իր նկատմամբ ՕՀՄ իրականացրած լինելու մասին ծանուցումը և նրան համապատասխան նյութերի տրամադրման հնարավորությունը չի փոխկապակցում դատավարական կարգավիճակի, քրեական վարույթի ելքի հետ։ Մասնավորապես դատարանն արձանագրել է, որ հաղորդակցությունների գաղտնալսման մասին ծանուցման խնդիրը անքակտելիորեն կապված է դատարանների առջև իրավական պաշտպանության միջոցների արդյունավետության հետ (Roman Zakharov v. Russia, no. 47143/06, § 286)։ Թեև գործնականում հնարավոր չէ բոլոր դեպքերում պահանջել հետագա ծանուցում, քանի որ գործողությունը կամ վտանգը, որի դեմ ուղղված էին հսկողության միջոցառումները, կարող է շարունակվել տարիներ՝ այդ միջոցառումները դադարեցնելուց հետո, և յուրաքանչյուր անձին ծանուցելը կարող է վտանգել երկարաժամկետ նպատակը, որով ի սկզբանե պայմանավորվել է հսկողությանը, սակայն, երբ ծանուցումը կարող է իրականացվել առանց սահմանափակման նպատակը վտանգելու, տեղեկատվությունը, այնուամենայնիվ, պետք է տրամադրվի շահագրգիռ անձանց (Klass and others, no. 5029/71, § 58; Gabriele Weber and Cesar Richard Saravia v. Germany, no. 54934/00, § 135, 136): Հանուն եվրոպական ինտեգրման և Մարդու իրավունքներ ասոցիացիան և Էքիմջիևն ընդդեմ Բուլղարիայի (Association for European Integration and Human Rights and Ekimdzhiev v. Bulgaria, no. 62540/00) և Դիմիտրի Պոպեսկուն ընդդեմ Ռումինիայի (Dumitru Popescu v. Romania (no. 2), no. 71525/01) գործերով Դատարանը գտել է, որ գաղտնալսված անձին որևէ պահի ծանուցելու պահանջի բացակայությունը անհամատեղելի է Կոնվենցիայի հետ, քանի որ այն զրկում է նրան 8-րդ հոդվածի իր իրավունքներին անօրինական միջամտության համար փոխհատուցում պահանջելու հնարավորությունից (Association for European Integration and Human Rights and Ekimdzhiev v. Bulgaria, §§ 90-91, Dumitru Popescu v. Romania (no. 2), § 77, տե՛ս նաև Roman Zakharov v. Russia, no. 47143/06, §§ 289, 290, 292): Միևնույն ժամանակ գաղտնալսման սուբյեկտին որևէ պահի ծանուցելու պահանջի բացակայությունը դատարանը համատեղելի է համարել Կոնվենցիայի հետ այն դեպքերում, երբ, ազգային օրենսդրության համաձայն, ցանկացած անձ, որ կասկածում էր, որ իր հաղորդակցությունները գաղտնալսվել են կամ գաղտնալսվում են, կարող էր դիմել իրավասու մարմնին, որի իրավասությունը կախված չէր գաղտնալսման սուբյեկտի ծանուցված լինելու հանգամանքից (տե՛ս Kennedy v. the United Kingdom, no. 26839/05, § 167)։ Նման հնարավորություն, սակայն, ո՛չ գործող օրենսդրությունը, ո՛չ Նախագիծը չի ընձեռում, քանի որ ցանկացած պարագայում (ցանկացած դատավարության շրջանակում) միջամտող միջոցառման իրավաչափության վիճարկման շրջանակներում դրա իրականացված լինելու հանգամանքը ապացուցման է ենթակա դիմողի կողմից։ Առաջարկում ենք փոփոխել նախագիծը և․ 1. նախատեսել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իրավունք ունեն բոլոր անձինք, որոնց նկատմամբ դրանք իրականացվել են, այդ թվում՝ նախագծով սահմանված սուբյեկտները՝ նախագծով սահմանված պայմաններում, իսկ մյուս անձինք՝ այն ժամանակ, երբ իրենց ծանուցելը կարող է իրականացվել առանց սահմանափակման նպատակը վտանգելու (նշված անձանց ծանուցման պարտականության սահմանմամբ)։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան | ||
2 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 26.07.2022 18:33:17 | 2. Նախագծի 38-րդ հոդվածի համաձայն՝ ներքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում և կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում ՕՀՄ-ները կարող են իրականացվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերման, կանխման, խափանման կամ բացահայտման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նման անորոշ ձևակերպմամբ Նախագիծը, ի տարբերություն գործող օրենքի, չի ուրվագծում այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող են իրականացվել համապատասխան միջոցառումները։ Գործող օրենքի համաձայն՝ նշված միջոցառումները կարող են իրականացվել այն անձի նկատմամբ, որ կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ (գործող օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Այս առումով օրենքի կանխատեսելիության պահանջը բավարարելու նպատակով ակնհայտորեն առկա է անհրաժեշտություն սահմանելու այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող են իրականացվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված հիմնական իրավունքներին միջամտող ՕՀՄ-ները։ Բազմաթիվ անգամներ անդրադառնալով օրենքի կանխատեսելիության պահանջին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ ներքին օրենսդրությունը պետք է բավականաչափ հստակ լինի, որպեսզի անձանց համապատասխան պատկերացում տա այն հանգամանքների և պայմանների վերաբերյալ, որոնց դեպքում պետական մարմիններն իրավասու են դիմելու գաղտնի վերահսկողության և տեղեկությունների հավաքման ցանկացած միջոցի (տե՛ս Roman Zakharov v. Russia, no. 47143/06, § 229; Shimovolos v. Russia, no. 30194/09, § 68; Fernández Martínez v. Spain, no. 56030/07, § 117; Malone v. the United Kingdom, no. 8691/79, § 67; Leander v. Sweden, no. 9248/81, § 51; Rotaru v. Romania, no. 28341/95, § 55; Gabriele Weber and Cesar Richard Saravia v. Germany, no. 54934/00, § 93; Association for European Integration and Human Rights and Ekimdzhiev v. Bulgaria, no. 62540/00, § 75; Huvig v. France, no. 11105/84, § 29)։ Նշված հարցին անդրադառնալով Ռոման Զախարովն ընդդեմ ՌԴ (Roman Zakharov v. Russia, no. 47143/06) գործով՝ ՄԻԵԴ-ը նշել է, որ թեև դատարանը ավելի վաղ գտել էր, որ գաղտնալսման միջոցները այն անձի նկատմամբ, որ չի կասկածվում որևէ հանցագործության մեջ, բայց կարող էր տեղեկություններ ունենալ նման հանցագործության մասին, կարող են արդարացված լինել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով (Greuter v. the Netherlands no. 40045/98), այնուամենայնիվ, Ռուսաստանի օրենսդրությունում կամ հաստատված նախադեպային իրավունքում առկա չէ որևէ պարզաբանում այն մասին, թե ինչպես գործնականում պետք է կիրառվեն «անձ, որ կարող է տեղեկություն ունենալ քրեական հանցագործության մասին» և «անձ, որ կարող է ունենալ քրեական հանցագործության հետ կապված տեղեկատվություն» տերմինները։ Տվյալ դեպքում Նախագծում օգտագործված ձևակերպումները ավելի անորոշ են, քան ՌԴ օրենսդրության մեջ գործածված վերոնշյալ տերմինները, որոնք գնահատվել են ՄԻԵԴ կողմից։ Առաջարկում ենք փոփոխել նախագիծը և սահմանել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող են իրականացվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված հիմնական իրավունքներին միջամտող ՕՀՄ-ները․ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան | ||
3 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 26.07.2022 18:34:35 | 3. Թեև նախագծի 12-րդ հոդվածով սահմավել են ՕՀՄ-ների կատարման ժամկետները, այնուամենայնիվ, չի սահմանվել դրանց դադարեցման պահանջ, երբ վերանում է դրանց անհրաժեշտությունը։ Նման իրավակարգավորման տեսքով երաշխիքի բացակայության խնդրահարույց լինելը արձանագրվել է ՄԻԵԴ կողմից Ռոման Զախարովն ընդդեմ ՌԴ գործով (տես Roman Zakharov v. Russia, no. 47143/06, § 241)։ Առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածով սահմաված՝ ՕՀՄ-ների կատարման ժամկետներին զուգահեռ, սահմանել դրանց դադարեցման պահանջ, երբ վերանում է դրանց անհրաժեշտությունը․ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան | ||
4 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 26.07.2022 18:36:01 | 4. Ի տարբերություն գործող օրենքի (31-րդ հոդվածի 4-րդ մաս)՝ Նախագիծը չի սահմանում օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի պարտականությունը՝ դատարանի առջև հիմնավորելու, որ այլ եղանակով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է։ Միևնույն ժամանակ Նախագծի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համապատասխան ՕՀՄ-ներ կատարելը թույլատրելու վերաբերյալ դատարան ներկայացվող օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի միջնորդությանը կցվում են դրանց կատարման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր: Նույն հոդվածի 8-րդ մասը, սակայն, սահմանում է․ «Դատավորին սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերի տրամադրումը մերժվում է, եթե դրա արդյունքում կարող է բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձի, հաստիքային գաղտնի աշխատակցի ինքնությունը»։ Անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության և համաչափության հարցին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ միջոցառումը թույլատրող դատարանը պետք է պարզի, թե արդյոք պահանջվող միջամտությունը համապատասխանում է ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության պահանջին, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, այդ թվում՝ արդյոք այն համաչափ է հետապնդվող օրինական նպատակներին՝ ստուգելով, օրինակ, թե հնարավոր է այդ նպատակներին հասնել ավելի քիչ սահմանափակող միջոցներով (Klass and others, no. 5029/71, § 51; Association for European Integration and Human Rights and Ekimdzhiev v. Bulgaria, no. 62540/00, § 79-80; Iordachi and Others v. Moldova, no. 25198/02, § 51; Kennedy v. the United Kingdom, no. 26839/05, §§ 31, 32)։ Ինչ վերաբերում է գաղտնի գործակալների ինքնության չբացահայտման նպատակով պայմանավորված՝ նյութերը դատարանին տրամադրելու սահմանափակմանը, այն շատ դեպքերում մարդու իրավունքներին միջամտության օրինականության նկատմամբ դատական վերահսկողությունը հաստատապես կդարձնի խիստ անարդյունավետ և ձևական։ Անդրադառնալով ՌԴ օրենսդրությունում առկա նույնական իրավակարգավորմանը՝ Ռոման Զախարովն ընդդեմ Ռուսաստանի (Roman Zakharov v. Russia, no. 47143/06) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը սահմանել է դատական վերահսկողության սահմանափակ շրջանակ՝ նախատեսելով, որ գաղտնի գործակալների կամ ոստիկանության ազդարարների (informers), օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և մարտավարության մասին տեղեկություններ պարունակող նյութերը չեն կարող ներկայացվել դատավորին և հետևաբար դուրս են դատարանի վերահսկողության շրջանակից: Դատարանը գտել է, որ նշված տեղեկատվությունը դատարաններին չտրամադրելը զրկում է նրանց հնարավորությունից՝ գնահատելու, թե արդյոք կա բավարար փաստական հիմք՝ անձին կասկածելու համապատասխան արարքը կատարելու մեջ (§ 261)։ Այս առնչությամբ Դատարանն ավելի վաղ գտել էր, որ կան մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս հաշվի առնելու և՛ անվտանգության օրինական նկատառումները, և՛, այնուամենայնիվ, անհատին տալիս են դատավարական պաշտպանության էական միջոց (mutatis mutandis Chahal v. the United Kingdom no. 22414/93, § 131)։ Առաջարկում ենք փոփոխել նախագիծը և․ նախատեսել/վերականգնել գործող օրենքի իրավակարգավորումը, որի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմինը պետք է դատարանում հիմնավորի, որ այլ եղանակով, քան համապատասխան գաղտնի միջոցառումն է, իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է․ Նախագծից հանել 45-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթը․ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան | ||
5 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 26.07.2022 18:37:01 | 5. Ինչպես գործող օրենքը, Նախագիծը ևս չի սահմանում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունը՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը, ինչը անիրատեսական է դարձնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության, չարտոնված միջամտությունների նկատմամբ հետագա վերահսկողության ցանկացած կառուցակարգ։ Ինչ վերաբերում է դատարանի համապատասխան որոշման քաղվածքը ՕՀՄ անցկացնող մարմնի կողմից Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը տրամադրելու պարտականությանը, ապա նշված ընթացակարգային կարգավորումն ունի ներգերատեսչական բնույթ և չի կարող համարվել լիազորությունների չարաշահման դեմ արդյունավետ երաշխիք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով նշված խնդրին, արձանագրել է՝ գաղտնի հսկողության այնպիսի համակարգերը, որոնք անվտանգության մարմիններին, ոստիկանությանը տալիս են տեխնիկական միջոցներ, որոնք թույլ են տալիս շրջանցել թույլտվության ընթացակարգը և հնարավորություն են տալիս նրանց ուղղակիորեն գաղտնալսելու յուրաքանչյուր քաղաքացու հաղորդակցությունը՝ չպահանջելով նրանցից ներկայացնել գաղտնալսման թույլտվությունը կապի ծառայություններ մատուցողներին, հատկապես ռիսկային են չարաշահումների առումով։ Ռոման Զախարովն ընդդեմ Ռուսաստանի (Roman Zakharov v. Russia, no. 47143/06) գործով Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ, Ռուսաստանի ներպետական օրենսդրության համաձայն (ինչպես ՀՀ դեպքում), իրավասու մարմինները պարտավոր չէին կապի ծառայություններ մատուցողներին ներկայացնել դատական թույլտվություն նախքան անձի հաղորդակցություններին հասանելիություն ստանալը, իսկ, Կապի նախարարության համապատասխան հրամանների համաձայն, կապի ծառայություններ մատուցողները պետք է տեղադրեին սարքավորումներ, որոնք թույլ կտային իրավապահ մարմիններին ուղղակիորեն հասանելիություն ունենալ բոլոր օգտատերերի բոլոր բջջային հաղորդակցություններին: Իրավապահ մարմիններն, այդպիսով, ուղղակիորեն հասանելիություն ունեին բոլոր բջջային հաղորդակցություններին և վերաբերելի տվյալներին (Roman Zakharov v. Russia, no. 47143/06, §§ 269-270)։ Առաջարկում ենք սահմանել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունը՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու թվային հաղորդակցության վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը (պահպանելով պետական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը)։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան | ||
6 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 26.07.2022 18:37:58 | Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է. «Անձը, որի կարծիքով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գոր¬ծո¬ղու¬թյուն¬¬ները (անգործությունը) հանգեցրել են իր իրավունքների և ազատությունների խախտման, իրավունք ունի բո¬ղո¬¬քարկել այդ գործողությունները (անգործությունը) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրա¬կանացնող վե¬րա¬դաս մարմին, դատախազին կամ դատարան»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործունեությունը միշտ չէ, որ պայմանավորված է քրեական վարույթի գոյությամբ և կարող է իրականացվել դրանից անկախ, ինքնըստինքյան ենթադրելի չէ, որ վերը մեջբերված դրույթում դատարան բառը նշանակում է ընդհանուր իրավասության դատարան, որտեղ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործողությունները որպես հետաքննության մարմնի «վարութային ակտ» ենթակա են բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի կարգով։ Հետևապես առկա է անհրաժեշտություն՝ հստակ սահմանելու՝ հատկապես ընդհանուր իրավասության, թե վարչական դատարան են բողոքարկման ենթակա քրեական վարույթով չպայմանավորված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործողությունները և անգործությունը։ Նշված խնդրի համատեքստում Ռոման Զախարովն ընդդեմ Ռուսաստանի (Roman Zakharov v. Russia, no. 47143/06) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով ՌԴ քրեական դատավարության օրենսգրքով (հոդված 125) նախատեսված բողոքարկման ընթացակարգին, որը թույլ էր տալիս դատական կարգով բողոքարկել նաև օպերատիվ–հետախուզական մարմինների գործողությունները, արձանագրել է, որ այն արդյունավետ պաշտպանության միջոց չէ, քանի որ դրանից կարող է օգտվել միայն քրեական դատավարության մասնակիցը՝ մինչդատական քննության ընթացքում, և չի կարող օգտագործվել այն անձի կողմից, որի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, և ով չգիտի՝ արդյոք իր հաղորդակցությունները գաղտնալսվել են, թե ոչ (§ 295)։ Առաջարկում ենք նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասը վերախմբագրել կամ սահմանել լրացուցիչ դրույթ՝ հստակեցնելով, թե հատկապես ո՛ր (ընդհանուր իրավասության, թե վարչական) դատարան և ինչ կարգով են բողոքարկման ենթակա քրեական վարույթով չպայմանավորված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործողությունները և անգործությունը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան |