«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2020 թվականին մարտի 6-ի փոփոխությունների համաձայն փոխվեց ֆինանսավորման մեթոդաբանությունը, և հանվեց ըստ աշակերտ թվի ֆինանսավորման մեխանիզմը։
Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման բանաձևը լուծում չի տալիս այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են համընդհանուր ներառականությունը, ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաև որոշ ծախսատեսակների նորմավորումը։
Նոր նախագծով առաջարկվում է՝ հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ մասնավորապես միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության, ինչպես նաև բավարար պայմանների ստեղծում՝ հաստատությունների բնականոն գործունեության համար։
Համաձայն նախագծով առաջարկվող բանաձևի՝ ֆինանսավորման հաշվարկման համար հիմք են հանդիսանում մի շարք ելակետային տվյալներ՝ այդ թվում. դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն;
Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանում նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը:
Այդ ամենը հնարավորություն է տալիս կիրառելով միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար: