«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի համաձայն՝ հուշարձանների քանդումն արգելվում է:
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այս դեպքում լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման համար: Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:
Հուշարձանի փոփոխումը կատարվում է բացառիկ` նրա սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործելու անհնարինության և (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու դեպքերում: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, աղճատմամբ կամ ոչնչացմամբ:
Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ:
Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:
Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանք կատարելու ընթացքում լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:
Նույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:
Գործող իրավակարգավորումների շրջանակում հուշարձանի տեղափոխումը կարող է իրականացվել միայն նյութական պահպանության հետ կապված խնդրի դեպքում, ինչը հնարավորություն չի ընձեռում հուշարձանի տեղափոխման գործընթացն իրականացնել այլ հիմքերով, այն է՝ դիտելիության ապահովման, պատշաճ խնամքի կազմակերպման և այլն:
Մինչդեռ, հուշարձանի տեղափոխման անհրաժեշտություն և պահանջ կարող է առաջանալ նաև այլ հիմքերով: Օրինակ՝ ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված տեղական նշանակության «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը գտնվում է ցանկապատված տարածքում (Վաղարշյան 12 շենքին հարող տարածք)՝ շրջափակված տարատեսակ շինություններով, ինչը խաթարում է հուշարձանի տեսողական ընկալումը: Ավելին, հուշարձանի հասանելիության և դիտելիության սահմանափակվածությունը խնդրահարույց է դարձնում հուշարձանի՝ գաղափարական-գեղագիտական ծանրաբեռնվածության նախանշված նպատակների և խնդիրների ողջ ծավալով և հնարավորությամբ իրականացումը:
Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է որպես հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպք, ի թիվս նյութական պահպանության պահանջի, ամրագրել նաև հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալման ապահովման անհրաժեշտությունը և պատշաճ խնամքի կազմակերպումը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Ներկայացված նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի ապահովել անշարժ հուշարձանների առավել դիտելիությունը, կազմակերպել դրանց պատշաճ խնամքը:
Օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
Օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.9-րդ՝ «Մշակույթ» բաժնի 2-րդ պարբերության 1-ին և 2-րդ կետերի դրույթների պահանջներից:
-
Discussed
13.06.2022 - 29.06.2022
-
Type
Law
-
Area
Urban planning, Cultural, Territorial administration and development, Cadastre
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 3580
Print