ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը.
««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նաև Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հարցում միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին», «Ապրանքային նշանների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը` վարչական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում, որը ընդունվելու դեպքում հնարավոր կլինի պետական մարմինների վարչարարության հետևանքով պատճառված վնասների փոխհատուցումն առաջին հերթին իրականացնել ՀՀ պետական բյուջեից տվյալ պետական մարմնին խրախուսման և (կամ) զարգացման նպատակով տրամադրված միջոցներից:
- Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ, որով սակայն կարգավորման են ենթարկվում այն պետական մարմինների վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման հարցերը, որոնց խրախուսման և (կամ) համակարգի զարգացման ֆոնդի վերաբերյալ դրույթները ներառված են եղել համապատասխան օրենքներում: Մինչդեռ, վարչարարություն իրականացնող բոլոր պետական մարմինների կողմից վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումն առաջնահերթ կարգով վերջիններիս հատկացված խրախուսման միջոցներից կատարելու սկզբունքի կիրառման տեսանկյունից համապատասխան օրենսդրական փոփոխություն չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրական համակարգում առկա կլինեն տարաբնույթ կարգավորումներ:
Որպես նշված խնդրի լուծում առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ, որի համաձայն` պետական բյուջեի ծախսերում պետական մարմնի խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդ նախատեսված լինելու դեպքում պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) փոխհատուցվում է նշված ֆոնդի միջոցների հաշվին, իսկ դրանց անբավարարության դեպքում պետական բյուջեի այլ միջոցներից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն ապահովելու միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում` նպաստելով վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում` նպաստելով վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը: