Under development
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման և պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումն իրականացվում է կանխիկ և անկանխիկ եղանակներով:
Վճարման եղանակն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ նշանակելու դիմումը։
Կանխիկ եղանակով վճարելու դեպքում նպաստի գումարը վճարվում է ընտանիքի՝ դիմում ներկայացրած անդամին, նրա բացակայության դեպքում՝ ընտանիքի այլ չափահաս անդամի։
Պայմանագրով «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով կանխիկ վճարումերի համար սահմանված է ծառայությունների մատուցման վճար՝ փաստացի վճարված գումարի 1 տոկոսի չափով՝ շուրջ 300.0 մլն դրամ: Վերջինիս կողմից առաջարկվել է վերանայել ծառայությունների մատուցման գինը՝ սահմանելով ավելի բարձր սակագին:
«Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված է սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող (այդ թվում՝ որոշակի ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները հատուկ բանկային հաշվով՝ միանվագ դրամական վճարների հաշվով վճարելու կարգը։ Իրեն վերապահված լիազորությունների շրջանակում 2020 թվականի մարտի 12-ի թիվ 287-Ն որոշմամբ Կառավարությունը սահմանել է միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները, այդ թվում՝ «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված հրատապ օգնության գումարը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածով սահմանված է սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները հատուկ բանկային հաշվով՝ սոցիալական ապահովության հաշվով վճարելու կարգը։ Իրեն վերապահված լիազորությունների շրջանակում 2020 թվականի մարտի 12-ի թիվ 284-Ն որոշմամբ Կառավարությունը սահմանել է սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները, այդ թվում՝ «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված ընտանեկան նպաստը և սոցիալական նպաստը։
Ընդ որում, բանկերը նշված վճարների վճարման ծառայությունները մատուցում են անվճար։
2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակների և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակառուի ընտրությամբ՝ նրա դիմումի հիման վրա կանխիկ եղանակով վճարվում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձին։
Նպատակահարմար է այս համակարգը ներդնել նաև ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների համար՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, այն է՝
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից․
2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից․
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից․
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է ընդունել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023թ. hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:
Նշված ժամկետներն առաջարկվել են՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, որի համաձայն՝ քաղաքաներում արդեն ներդրվել է համակարգը, 2023թ. hունվարի 1-ից կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում։
Հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարներն անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կբարելավվի ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման գործընթացը և կնվազեն պետական բյուջեի միջոցների ծախսերը, քանի որ բանկերի միջոցով անկանխիկ վճարման դեպքում ծառայությունների մատուցման վճար չի պահանջվում:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:
Այն նպատակ ունի բարելավել ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման գործընթացը:
5. Տեղեկանք
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում: Ծախսերը կնվազեն մոտ 100 մլն դրամով։ Հաշվարկը կատարված է ապրիլ ամսվա փաստացի տվյալներով՝ քաղաքային բնակավայրերի համար (առանց 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերի)։ Ապրիլ ամսվա փաստացին կազմել է՝ Երևան՝ 3.1 մլն դրամ, այլ քաղաքաներ՝ 9.6 մլն դրամ։ Այս դեպքում տարեկան փաստացի ծախսը կկազմի՝ (3.1+9.6)x 12=152.4: Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած շահառուներին վճարվող գումարը գնահատվել է ամբողջ գումարի 30 տոկոսի չափով։ Ըստ այդմ, 1011 ծրագրի 11001 միջոցառման գծով ՀՀ 2023 թվականի ծախսերը նախորդ տարվա նկատմամբ կնվազեն շուրջ 100 մլն դրամով։
-
Discussed
25.05.2022 - 09.06.2022
-
Type
Law
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 4235
Print