ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2022 թվականի N - Լ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.
- մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն իրականացնել 2022 թվականին միջոցառման իրականացման ընթացիկ գնահատում: Գնահատման արդյունքում միջոցառման միջոցով զբաղված դարձած անձանց տեսակարար կշիռը շահառուների նախատեսված թվում 70 տոկոսից բարձր լինելու պարագայում միջոցառման իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում.
- 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում իրականացնել 2022 թվականին միջոցառման իրականացման վերջնական գնահատում: Կայուն զբաղվածության չափանիշը 50 տոկոսից բարձր լինելու դեպքում միջոցառումը դարձնել զբաղվածության պետական ծրագիր։
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
---------------- ----- -ի N - Լ որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
- ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- Միջոցառման նպատակն է հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի տեղավորմանն աջակցելը։
- Միջոցառման մասին տեղեկատվությունն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պաշտոնական (https://socservice.am) կայքէջում: Ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն) տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, ինչպես նաև տարածում՝ զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով։
- Աջակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
1) հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում աշխատատեղի հարմարեցման համար գործատուին փոխհատուցում տրամադրելով.
2) տեսողական կամ հենաշարժողական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող) անձանց աշխատանքի տեղավորման դեպքում ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնություն տրամադրելով և տրանսպորտային ծախսերը փոխհատուցելով։
- Աջակցությունը կարող է իրականացվել նաև սույն միջոցառման 3-րդ կետով նախատեսված երկու ուղղություններով միաժամանակ։
- Միջոցառման շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված (այդ թվում՝ առցանց) և գործազուրկի կարգավիճակ ստացած հաշմանդամություն ունեցող անձինք։
- Միջոցառման մեջ ընդգրկվելու համար շահառուն առձեռն դիմում է ներկայացնում տարածքային կենտրոն, իսկ առցանց եղանակով դիմելու դեպքում՝ ներկայացնում է դիմում ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով՝ նշելով հանրային ծառայությունների համարանիշը։
- Շահառուներին միջոցառման մեջ ընդգրկելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգով նախատեսված ամփոփ եզրակացությունը, այդ թվում` ուղեկցող ունենալու անհրաժեշտությունը:
- ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
- Սույն միջոցառման շրջանակում տարածքային կենտրոնի միջնորդությամբ աշխատանքի տեղավորված շահառուի աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, գործատուին փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խելամիտ հարմարեցումների համար կատարված ծախսերը՝ առավելագույնը 500.0 հազար դրամի չափով։
- Սույն միջոցառման 8-րդ կետով նախատեսված փոխհատուցման տրամադրման համար գործատուի, տարածքային կենտրոնի և շահառուի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր` երեք օրինակից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հաստատած օրինակելի ձևին համապատասխան։ Տեսողական խնդիրներով ուղեկցողի կարիք ունեցող անձանց համար, ըստ անհրաժեշտության, ապահովվում է մատչելի ձևաչափով պայմանագրի տրամադրումը։
- Սույն միջոցառման 9-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով, շահառուի հետ նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) կնքում է աշխատանքային պայմանագիր, որի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն: Շահառուին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:
- Սույն միջոցառման 8-րդ կետում նշված՝ գործատուին վճարված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման`
1) գործատուի կողմից ամբողջությամբ, եթե սույն միջոցառման 10-րդ կետում նշված նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծման դեպքերի.
2) գործատուին տրամադրված միջոցների 50 տոկոսի չափով, եթե նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի և շահառուի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը:
- Աջակցությունը տրամադրվում է փոխհատուցման ենթակա գումարը ծառայության կողմից գործատուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
- ՈՒՂԵԿՑՈՂ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
- Սույն միջոցառման շրջանակում տարածքային կենտրոնն ուղեկցողի կարիք ունեցող անձի աշխատանքի տեղավորման դեպքում նրա հետ մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ 12 ամիս ժամկետով կնքում է հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնության տրամադրման և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մասին պայմանագիր՝ երկու օրինակից՝ նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան։
- Միջոցառման շրջանակում ուղեկցողի կարիք ունեցող շահառուին՝
1) ուղեկցող ունենալու համար տրվում է անհատույց դրամական օգնություն (այսուհետ՝ դրամական օգնություն) մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով.
2) փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` առավելագույնը 100 000 դրամի չափով։
- Աջակցությունը տրամադրվում է փոխհատուցման ենթակա գումարը ծառայության կողմից ուղեկցողի կարիք ունեցող շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
- Սույն միջոցառման 14-րդ կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում, ոչ լրիվ աշխատած ամսվա համար աջակցության գումարի չափը հաշվարկվում է` աջակցության ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:
- Շահառուի՝ ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար ուղեկցողի կարիք ունեցող շահառուին սույն միջոցառման 14-րդ կետով նախատեսված աջակցությունը չի տրամադրվում:
- Միջոցառումից չի կարող օգտվել այն գործատուն, որն աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իր կողմից աշխատանքից ազատված և աշխատանքից ազատվելուց հետո երեք ամսվա ընթացքում իր մոտ աշխատանքի ընդունված շահառուի հետ։
- ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ անգամ իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառման կատարման ընթացքի մոնիթորինգ։
- Միջոցառման ընթացիկ գնահատման համար հիմք է հանդիսանում աշխատանքի տեղավորման չափանիշը, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.
Տչ
|
=
|
Ը - Ա
|
x 100%,
|
որտեղ՝
|
__________
|
Ը
|
Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,
Ը-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանց թիվն է,
Ա-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանցից` աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:
- Միջոցառման վերջնական գնահատման համար հիմք է հանդիսանում կայուն զբաղվածության չափանիշը, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.
Զկչ
|
=
|
Ը - (Ա - Ատ )
|
x 100%,
|
որտեղ՝
|
__________
|
Ը
|
Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,
Ը-ն` տվյալ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանց թիվն է,
Ա-ն` տվյալ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանցից` այդ անձանց և/կամ գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,
Ատ –ն` ծրագրում ընդգրկված անձանց և/կամ գործատուին աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է: