Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի  համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատվել են և  2020 թվականի օգոստոսի 27-ի N 1437-Ն, 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2046-Ն, 2021 թվականի մայիսի 27-ի N 861-Ն որոշումներով լրացվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող ստուգումների ստուգաթերթեր, որոնք չեն ներառում տեսչական մարմնի վերահսկողության ամբողջ շրջանակը և պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում որոշման համապատասխան հավելվածներում լրացնել առանձին բնագավառներում վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ ստուգաթերթերով։

Տեսչական մարմինը Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին և Լիցենզավորման մասին ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1529-Ն որոշումներով, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում ի թիվս այլնի, վերահսկողություն է իրականացնում նաև Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձանց կողմից մատուցվող արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ։

Տեսչական մարմինը 2021 թվականի թեմատիկ ստուգումների ընթացքում բազմիցս առնչվել է գործող իրավական ակտերով նախատեսված պահանջների և ստուգաթերթերում ներառված պարտադիր պահանջների անհամապատասխանությանը, ինչն էլ նվազեցնում է ոլորտների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը, երբեմն էլ դարձնում անհնարին։

Գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Լիցենզավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը համալրվել է նոր տեսակներով, որոնք արդեն կիրառելի են, սակայն վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ, քանի որ ստուգաթերթով նախատեսված չեն։

Վերոնշվածների վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Մասնագիտացված բժշկական օգնություն: Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման (Ստուգաթերթ N 3.3) վերահսկողություն», ինչպես նաև «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման (Ստուգաթերթ N 3.13) վերահսկողություն» նոր խմբագրությամբ ստուգաթերթերի նախագծերը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ հետևյալ բնագավառի ստուգաթերթերը.

Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում՝

  • «Մասնագիտացված բժշկական օգնություն: Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն», որն ընդգրկում է 86 հարց,
  • «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողություն», որն ընդգրկում է 79 հարց:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:

Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին:

Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ստուգում իրականացնող մարմինը ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Տեսչական մարմնի կողմից համատեղ:

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

        Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

 

 

 

  • Discussed

    02.05.2022 - 17.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3513

Print