Add to favourites

The draft has been accepted

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Aramazd Grigoryan 30.09.2017 23:18:46 Սա հայաթափության,երեխաներին մեզնից օտարելու չարագործ ծրագիր է:Իմ հայ եղբայրներ և քույրեր խնդրում եմ.աղաչում եմ,ամեն ձևով կանխեք այս վտանգը՝վաղն արդեն ուշ կլինի: Չի ընդունվել: Նախագծի կարգավորման առարկան ուղղված չէ երեխաների և ծնողների իրավունքների և պարտականությունների կարգավորմանը և չի պարունակում երեխաներին ծնողներից օտարելու, ծնողական իրավունքների զրկման կամ սահմանափական այլ հիմքեր քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրով:
2 Հռիփսիմե Բալայան 02.10.2017 09:47:51 Օրենքի նախագծի վերաբերյալ քվեարկության արդյունքներին չեմ վստահում, բայց իմ առաջարկությունները տվյալ խնդրի շուրջ հետևյալն են․ որպես բազմազավակ մայր պահանջում եմ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան պաշտոնյաներից հետևողական մշակել այլ նախարարության հետ և ներկայացնել Ազգային ժողով "բազմազավակ ընտանիքների մասին" օրենքը։ Այն երկիրը, որը չունի սահմանումների մեջ թե ինչ է բազմազավակ ընտանիքը, իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ ուղղված մեր ընտանիքների քայքայմանը, այլ ոչ թե կայացմանը։ Ընդունվել է ի գիտություն «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 483-Ն որոշմամբ նախատեսվում է մշակել բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքներն ամրագրող հիմնարար իրավական ակտ, որի արդյունքում կստեղծվեն նվազագույն երաշխիքներ բազմազավակ ընտանիքների իրավունքների պաշտպանության և պետական աջակցության համար։ Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն կողմից մշակվել և ներկայումս ամփոփման փուլում է գտնվում <Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծը, որը նպատակ է հետապնդում կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
3 Հռիփսիմե Բալայան 02.10.2017 09:47:51 ՀՀ օրենսգիրքը ունի հոդվածներ,որոնց միջոցով կարելի է վերահսկել և կանխարգելել ընտանեկան բռնության ցանկացած դեպք: Դրա փոխարեն կարելի է յուրաքանչյուր դեպք առանձին դիտարկել և փորձել օգնել այն մարդկանց կամ կառույցների միջոցով, որոնք հաջողության են հասել և ունեն դրական փորձ։ Այս օրենքը առաջ են տանում տեղական և օտարերկրյա հիվանդ և այլասեռված ուժերը։ Խորհուրդ կտամ կանգնեցնել սույն օրենքի մշակման գործընթացը ինչքան հնարավոր է շուտ։ Հաշվի չառնելու դեպքում դուք կհանդիպեք լուրջ խնդիրներին։ Չի ընդունվել: Հասկանալի չէ, թէ որ օրենսգրքի մասին է խոսքը: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ, չնայած այն հանգամաքին, որ մի շարք իրավական ակտերում բռնության որոշ դեպքեր արդեն իսկ իրավական որակում են ստացել, այնուամենայնիվ գործող իրավակարգավորումների շրջանակներում ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգերը բացակայում են, լիարժեք չի ապահովվում ընտանեկան բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունը և պաշտպանությունը, համակարգային կարգավորման չեն ենթարկվում ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն իրականացնող պետական մարմինների գործունեությունը:
4 Հռիփսիմե Բալայան 04.10.2017 14:51:23 Եթե վերընշված օրենքի նախագծում օգտագործվում է "բռնություն" բառը, ապա դա նշանակում է, որ բոլոր դեպքերում դա արդեն պատժելի է գործող ՀՀ քրեական օրենսգրքով։ Իսկ երբ խոսքը գնում է ամեն ընտանիքին բնորոշ ընտանեկան սոցիալական խնդիրների մասին, ապա այստեղ անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն (մասնագիտական գիտելիքների թարմացման, աշխատանքի տեղավորման և որոշ արտոնությունների ապահովման ուղղություններով)։ Այս բոլորը պետք է իրականացվի առանց ընտանիքում տղամարդու և կնոջ յուրահատուկ դերերի խախտելու։ Չի ընդունվել Բռնության ոչ բոլոր տեսակներն են քրեականացված: Իսկ Նախագիծը ուղղված չէ պատիժների խստացմանը, այլ միայն կանխարգելմանը, պաշտպանությանը և աջակցմանը:
5 Հովիկ Սարգսյան 02.10.2017 16:25:27 Սեփական կաշվի վրա եմ զգացել որ մեր այժմյան օրենքները ոչ թե մեղավոր ու անմեղ են քննարկում,այլ կին և տղամարդ,ու ինչքան էլ կինը վատը լինի,իր կողմն են,անգամ երբ երեխան իր դաժան վերաբերմունքից մոտից փախնում է հոր մոտ,ամեն կերպ փորձում են հետ բերել,ոչ թե պարզել և պատժել:Պետք է փոխել այս ոչինչ չարժեցող օրենքը Չի ընդունվել: Նախագծով առաջարկվող կարգավորման պարագայում տարբերակված մոտեցում նախատեսված չէ և ցանկացած պարագայում ընտանեկան բռնության ենթարկված անձ կարող է համարվել ինչպես կինը, այլպես էլ տղամարդը և ցանկացած անձ, ով օրենքի իմասով կարող է համարվել ընտանիքի անդամ: Ինչ վերաբերում է այն հարցին թե ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները, ապա այդ խնդրին անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի շրջանակներում՝ հիշյալ հարցի որոշման իրավասությունը վերապահելով դատարաններին:
6 Անդրանիկ Արսենի 02.10.2017 18:28:02 Նախագծի այս տարբերակին խիստ դեմ եմ։ Նախագծի անհրաժեշտություն կա, բայց ոչ այս բովանդակությամբ։ Ընդհանրապես տարածված երևույթ է, երբ օրենքները կամ դրանց համարժեք այլ ակտեր այնպես են ձևակերպվում, որ ինչպես իրենց հարմար լինի այնպես էլ մեկնաբանեն։ Օրենքները ձևակերպելուց պետք է հաշվի առնել, որ այն կարող է կիրառվել ոչ միայն դրական նկրտումներով, այլև՝ բացասական։ Հարկավոր է շատ հստակ սահմանել բռնության չորս տեսակները, որ տարընթերցման խնդիր չլինի։ Նկարագրության մեջ նշվի, որ կնոջ կամ այլ չափահաս անձի հանդեպ այս գործողությունն է որակվում բռնություն, իսկ երեխայի հանդեպ այս գործողությունը։ Ազատությունից զրկելը տարանջատել ֆիզիկական բռնությունից և մանրամասն նկարագիր տալ։ Երկու օրինակ բերեմ. իմ կարծիքով այս նախագծի ընդունման դեպքում կարելի է 7 տարեկան երեխային գիշերային միայնակ զբոսնելու արգելքը ձևակերպել ազատության սահմնափակում կամ ասենք նույն երեխային 15 րոպեով անկյուն կանգնեցնելը լուսավոր սենյակում սահմանվի բռնություն և տարբերություն չլինի այդ անկյունում տան տիկնոջն են կանգնեցնել թե 7 տարեկան երեխային։ Որպեսզի շատ տեսական բնույթի չլինի ասելիքս մեկ օրինակ այլ ոլորտից բերեմ։ Ժամանակին լուրջ հաղթանակ որակվեց 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելը, բայց արդյունքում ունեցանք քողարկված 100 տոկոս մեծամասնական կամ այլ կերպ ասած՝ ռեյտինգային ընտրակարգ։ Այնպես որ պետք չէ ուրախանալ նախագծի վերնագրով, այլ ուշադրություն դարձնենք և մանրակրկիտ վերլուծենք բովանդակությունը ... Առայժմս այսքանը։ Չի ընդունվել: Նախագծում տեղ գտած եզրույնթերը շարադրվել են թերի ու տարակարծությունների տեղիք տվող, ինչպես նաև հակասական իրավական ակտերի ընդունումը արգելող՝ իրավական որոշակիության սկզբունքից ելնելով: Մասնավորապես, Նախագծում բռնության տեսակները տարբերակվել են՝ կախված անձի՝ չափահաս կամ անչափահաս լինելու հանգամանքից: Օրինակ, Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ եթե չափահաս անձի պարագայում ինքնուրույն այլ անձանց հետ շփումներ ունենալու հնարավորությունից զրկումը համարվում է սոցիալական ծայրահեղ մեկուսացում, ապա անչափահաս անձի դեպքում դա այդպես չէ:
7 Syuzanna Ayvazyan 03.10.2017 10:18:11 Մեխանիզմը պարզ է. - հոգեբանական կամ տնտեսական բռնության տեսակները թույլ կտան դրսից ֆինանսավորվող ՀԿ-երին ներխուժել ընտանիքներ: - ծնողները կճանաչվեն բռնարարներ և զոհին բռնարարից պաշտպանելու համար երեխաներին կտեղափոխեն ապաստարաններ: - այնուհետև, ժամանակի ընթացքում, երեխաներին կվաճառաեն դուրս: Սոցիալական ծառայություններն ու ՀԿ-երը շահագրգռված կլինեն հնարավորինս շատ երեխաներ օտարել, որպեսզի շատ ֆինանսավորում ստանան: Չի ընդունվել Երեխան չի կարող առանց ծնողի տեղավորվել ապաստարանում, առաջնայնությունը տրվելու է մերձավոր ազգականների խնամակալությանը տալու հնարավորությանը: Նախագիծը երեխաների որդեգրման որևէ նոր հիմք կամ կարգ չի նախատեսում:
8 Էմիլի Սթար 03.10.2017 19:41:05 Երբ երեխան տարբերվում է ավանդական ընտանիքներում արմատավորված երեխայի սին ու փուչ, սուրբ հորինված, բայց տակից փչացած կերպարից, ծնողները իրենց հերթին, դպրոցն իր հերթին իրենց սրբազան պարտքն են համարում երեխային բռնանալու, իբրև իրենք ավելի ճշմարիտ մտածողություն ունեն: Ինքս կարող եմ պատմել իմ օրինակը, սակայն տեղի չեմ համարում: Ու հետո ասում են, որ դեռահասները ունեն ինքնասպանության հակում. ինչի՞ Ինչի՞... Գուցե նրա համար, որ երբ որ դուրս են գալիս փողոց, հետևներից շատ գեղեցիկ բառային շարքեր եք նետում: Կամ նրա համար, որ թույլ չեք տալիս նրանց՝ իրենց հասարակության լիարժեք անդամ զգալ, որ առիթը բաց չեք թողնում նրանց ապացուցելու, որ եթե Ձեր նման չեն, ուրեմն Ձեր թշնամին են: Գուցե նաև նրա համար, որ խտրականությունը դպրոցներում տարբերվող դեռահասների հանդեպ ա կիրառվում: Իբր դպրոցում չի կարելի շպարվել, դե իսկ ավելի կոնկրետ՝ չի կարելի եթե շարժման ներկայացուցիչ ես, իսկ եթե գլամուռ ես, да пожалуйста, Երեխեքը շատ հաճախ չեն ընդունում, ծաղրում են, ուսուցիչները հաճախ դասի ընթացքում քարոզներ են կարդում, ակնարկներ անում՝ «սխալ »կյանք ընտրած մարդկանց վերաբերյալ: Անցնենք ընտանիքին. մեր հասարակությունը նենց միջավայր է ստեղծել տարբերվող անձանց համար, որ յուրաքանչյուր հայ ավանդական ընտանիք էդ փաստը ոչ թե ծանր է տանում, այլ ամբողջ ուժերը ներդնում է երեխային փոխելու ուղղությամբ: Հա՛, ինչ ուժ ներդնել, բռնություն է կիրառվում՝ բառիս ամենաբուն իմաստով: Հոգեբականան բռնությանը անկեղծ չեմ էլ ուզում անդրադառնամ: Տնային կալանք, պատժամիջոցներ, սպառնալիքներ: «եթե չփոխվես դուրս կվռնդեմ տնից: Ինձ քո նման երեխա պետք չի: Սաղ նորմալ են, մենակ Դու ես սենցը իմ գլխին»: Ո՞ր երեխան չի անցնում էս ամեն ինչի միջով: Բոլորս էլ անցնում ենք: Ինչի՞. դե տղաները ունեն երկար մազեր, աղջիկները նախապատրաստությունը տալիս են վառ հագուկապին: Նյութս ավարտում եմ հարցով, պատասխանը յուրաքանչյուրդ Ձեր մեջ որոշեք... Որտեղի՞ց են սկսվում դեռահասների ինքնասպանությունները: Ովքերո՞վ ենք մենք շրջապատված... Ընդունվել է ի գիտություն:
9 Նոնա Գալստյան 04.10.2017 11:22:49 Նկատառումներ <Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին> ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 1. Նախագծի 2-րդ հոդվածում որպես սկզբունք ներառել կրկնակի զոհականացման անթույլատրելիություն և գենդերային զգայունության սկզբունքները: Վերջինիս չափորոշիչները սահմանված են ՛՛Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքով, նաև Ստամբուլի կոնվենցիայով (գենդերային հիմքով կանանց նկատմամբ բռնություն”՝ նշանակում է այն բռնությունը, որը կնոջ նկատմամբ դրսևորվում է նրա կին լինելու պատճառով կամ որը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափորեն ): 2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում տրվել է <ընտանեկան բռնության> բնորոշումը, որտեղ ներառված չեն զուգընկեր հանդիսացող անձինք: Առաջարկում ենք ներառել նախկին և ներկա զուգընկերներին, քանի որ ընտանեկան բռնության մի շարք զոհեր կարող են առհասարակ չընդգրկվել ընտանեկան բռնության դաշտում՝ նախկին կամ ներկա ամուսիններ կամ փաստացի ամուսիններ չհանդիսանալու պատճառով, հետևապես նրանց կարող են նաև չտրամադրվել նախատեսված պաշտպանության և աջակցության միջոցները: 3. Առաջարկում ենք որպես սեռական բռնության առանձին դրսևորում ներառել կանանց սեռական օրգանների խեղման, անդամահատման և սեռական հետապնդմանն ուղղված գործողությունները: 4. Հոգեբանական բռնության մասում ընդգրկել կնոջը հղիության արհեստական դադարեցմանը հարկադրելը կամ կնոջ կամ աղջկա բնականորեն վերարտադրելու կարողությունը կորցնելուն կամ դրան հանգեցնող վիրահատության կատարմանը հարկադրելը, ինչպես նաև անձի վարքագծի վերահսկումը: 5. Որպես ընտանեկան բռնության դրսևորում առաջարկում ենք ներառել վարքագծի վերահսկման մասին սահմանումը. դիտավորությամբ շարունակաբար անձի վարքագիծը կամ գործողությունները վերահսկելը և կառավարելը՝ դրանք սեփական պատկերացումներին, ցանկություններին և կամքին համապատասխանեցնելու նպատակով անձի անօգնական վիճակն օգտագործելով, շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով: 6. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում որպես հասցեատեր ներառել անձի ընտանիքի անդամներին, նրա խնամքին գտնվող անձանց: 7. Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինների մեջ ներառել մարդու իրավունքների պաշտպանին: 8. ԸԲ կանխարգելման խորհուրդը իր ձևավորման կարգից, կարգավիճակից և գործառույթներից ելնելով չունի որևէ հնարավորություն համակարգելու, վերահսկելու և ազդեցություն ունենալու ըտնանեկան բռնության կանխարգելման հարցում, իսկ նման ձևաչափով կազմավորումն ուղղակիորեն վտանգում է նրա անկախությունը և հասարակական կազմակերպությունների նկատմամբ ներդնում է պետության լծակի գործոնը՝ հաշվի առնելով այն, որ ըստ նախագծի՝ խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում են վարչապետի որոշմամբ: Խորհրդին վերապահված գործառություներն ունեն առավել տեսական քան գործնական նշանակություն, և դրանք ամբողջությամբ կարող են իրականացվել նաև Լիազոր մարմնի կողմից: Առաջարկում ենք խորհրդի կազմավորումն իրականացնել ընտրության սկզբունքով՝ ընտրելու իրավունք վերապահելով օրինակ, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին, թվաքանակի առավելությամբ կազմում ընդգրկել ընտանեկան բռնության դեպքերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնցից մեկին ընտրել խորհրդի նախագահ: Արդյունավետ կլինի, եթե Խորհրդի գործունեության հիմնական ուղղությունը լինի օրենքի կիրառումը մոնիտորինգի ենթարկելը: Մասնավորապես, ուսումնասիրել և գնահատել, թե տարեկան կտրվածքով որքան դեպքերով է կիրառվել օրենքը, ընտանեկան բռնության ինչպիսի տեսակներ են արձանագրվել, զոհերի պաշտպանության և աջակցության ինչ միջոցներ են ընտրվել, ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվել բռնարարների հանդեպ և այլն: Նպատակահարմար կլինի հավաքագրված տեղեկությունները տարանջատել ըստ սեռի և մարզի: Գնահատել ընտանեկան բռնության դեպքերով զոհերին տրամադրված ծառայությունների արդյունավետությունը և հասանելիությունը, առկա ռեսուրսների բավարար լինելը, ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործառույթներ իրականացնող մարմինների աշխատանքի արդյունավետությունը և այլն: Խորհուրդը պետք է լիազորություն ունենա նաև հաշվետվություններ պահանջելու իրավասու մարմիններից և դրանց արդյունքներն ամփոփելու: Ստացված տեղեկատվությունը պետք է հրապարակվի՝ հանրայնացման նպատակով: 9. Աջակցության կենտրոնները չպետք է ունենան պետական կառույցի կարգավիճակ: Առաջարկում ենք ներդնել ապաստարանների ստեղծման մեխանիզմը, քանի որ այս պահի դրությամբ նախագծում նշված բոլոր գործառույթները հասարակական կազմակերպությունները որպես աջակցության կենտրոններ փաստացի իրականացնում են: 10. Անհետաձգելի միջամտության որոշման դեպքում անհրաժեշտ է ընդլայնել սուբյեկտների շրջանակը և բացի ընտանեկան բռնության զոհից, ներառել նաև նրա ընտանիքի անդամներին, խնամքի տակ գտնվող անձին: 11. Անհետաձգելի միջամտության որոշման ժամանակ կիրառվող սահմանափակումների շրջանակում սահմանել երեխաների հետ տեսակցությունը ժամանակավոր արգելելու մասին դրույթ, ինչպես պաշտպանական որոշման դեպքում: 12. Որպես անհետաձգելի միջամտության որոշման վերացման հիմք պարտադիր պետք է սահմանել, որ խոչընդոտումը չպետք է լինի բռնարարի կողմից զոհի նկատմամբ կիրառված բռնության, սպառնալիքի, խաբեության կամ այլ հարկադրանքի արդյունք: 13. Զոհի իրավունքների պաշտպանության տեսանկյունից արդյունավետ կլինի դատարանի կողմից պաշտպանական որոշման կիրառման մասին դիմումը վարույթ ընդունելու, քննելու և դատական ակտ կայացնելու ժամկետը սահմանել 3-օրյա ժամկետ: Նախատեսել նաև դատական ակտի վերջնական և անբողոքարկելի լինելու մասին դրույթ: 14. Անձի նկատմամբ կիրառված հոգեբանական կամ տնտեսական բռնության համար նախատեսել պատասխանատվության միջոցներ՝ քրեական կամ վարչական: <Իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 45–րդ հոդվածի համաձայն՝ իրավական նորմը չկատարելու համար իրավական հետևանքներ չնախատեսելն ուղղակիորեն հակասում է իրավական տեխնիկայի կանոններին: 15. Առավել հստակ կլիներ, եթե նախագծում կոնկրետ սահմանվեր, թե Լիազոր մարմնի կողմից ապաստարանների հիմնադրման և գործունեության աջակցությունը ինչ մասնաբաժնով պետք է կատարվի, որպեսզի նյութական աջակցության չափը միատեսակ լինի բոլոր կազմակերպությունների համար՝ չարաշահումներից խուսափելու նպատակով: Նոնա Գալստյան «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության փաստաբան Ընդունվել է մասնակի: 3. Օրգանների խողումը և անդամահատումը Նախագծով նախատեսված է որպես ֆիզիկական բռնության տեսակ, ինչը, նախատեսված լինելով քրեական օրենսգրքով, առավել իրական և արդյունավետ է դարձնում այդ արարքներից պաշտպանվելու և դրանց համար պատասխանատվության հնարավորությունը: Ինչ վերաբերում է հետապնդմանը, ապա դա ընկնում է հետամտման և հոգեբանական բռնության մասին դրույթների գործողության ներքո: 4. հղիության արհեստական ընդհատման մասով ընդունվել է, իսկ հոգեբանական բռնության բոլոր տեսակների սպառիչ թվարկման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը չենք տեսնում: 5. Տե՛ս նախորդ փաստարկը: 11. Ընդունվել է, երեխաների հետ տեսակցությունները կարող են արգելվել կամ որպես բռնության ենթարկվածի, կամ որպես վերջինիս խնամքի տակ գտնվող անձի: 12. Ընդունվել է: 13. Հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը և խնդրո առարկա սահմանափակումների խստությունը՝ առաջարկվող ժամանակային սահմանափակումը բավարար չի լինի դատարանի կողմից դիմումը հավուր պատշաճի քննելու համար: Դատական ակտը չի կարող լինել վերջնական, անձը պետք է ունենա այն բողոքարկելու իրավունք: 15. Նյութական աջակցության չափը կարող է տարբերվել՝ ըստ ապաստարանի կողմից սպասարկվող բնակչության թվի և այլ օբյեկտիվ գործոնների, որոնք օրենքի մակարդակով կարգավորման ենթակա չեն: Մնացած առաջարկները կրկնվում են, դրանց պատասխանները տե՛ս Զարուհի Հովհաննիսյան (zarouhi.2014@gmail.com) օգտատիրոջ առաջարկներին տրված պատասխաններում:
10 Anna Harutyunyan 04.10.2017 11:22:55 Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, աշխատում եմ երկար տարիներ ընտանեկան բռնության ենթարկված երեխաների հետ, միանշանակ շատ գովելի է նման նախագծի առկայությունը մեր իրավական համակարգում: Շատ շնորհակալ եմ պարոն նախարարից և մեր վարչապետից, նման օրենք առաջարկելու համար: ԱՅՍ ՕՐԵՆՔԸ ԿԱՐևՈՐ Է Դեմոկարատական հասարակություն և պետություն ձևավորելու համար: Հիմար կարծիք է, որ սա կնպաստի երեխաներին ընտանիքից տանելուն, կարդացեք օրենքը, ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ, ով տենց է գրում, չի կարդացել օրենքը: Ընդունվել է ի գիտություն:
11 Մարո Մաթոսյան 04.10.2017 11:36:52 Ընտանեկան բռնության պատճառով 5 տարվա ընթացքում 40 կին է զոհվել, բազմաթիվ ընտանիքներ են քանդվել, տրավմայի պատճառով անթիվ կանայք ու երեխաներ հոգեբանական խորը սպիեր են ձեռք բերել, ուստի այս հարցին պետք է մոտենալ ոչ թե էմոցիոնալ, այլ մտածված ու գիտական կերպով: Աշխարհով մեկ բազմաթիվ մասնագիտական հետազոտություններ են իրականացվել այս թեմայով, այս հասարակական հիվանդության վերաբերյալ տվյալներ կան համաշխարհային մասշտաբով, ինչպես, օրինակ, ինցեստի, սեռական բռնության, բռնաբարության և ընտանեկան բռնության զոհերի և վետերանների մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարման վերաբերյալ: Հայաստանում նույնպես եղել են հետազոտություններ, և մենք լայն փորձառություն ունենք այս ոլորտում, քանի որ տարիներ շարունակ աշխատել ենք զոհերի հետ: Ընտանեկան բռնությունը քանդում է ընտանիքները! Այս ոլորտում աշխատող մասնագետները վկայում են, որ տվյալ խնդիրը չի կարող ընտանեկան հոգեթերապիայի կամ հաշտության միջոցով լուծվել: Ընտանեկան բռնությունը նվազում է այն հասարակություններում, որտեղ կա գենդերային հավասարություն հասարակության մեջ, ընտանեկան բռնությունը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու մեխանիզմներ ու օրենքներ, որոնք աջակցում են զոհին ու պատժում բռնարարին: Ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար համալիր օրենսդրական մեխանիզմներ են անհրաժեշտ: Օրենքը պետք է ներառի պատժող, պաշտպանող ու կանխարգելող միջոցառումներ, նաև օրենքի կիրարկման մոնիթորինգ: Օրենքի մեծագույն թերթություններից է այն, որ բռնությունը չի քրեականացվում. քանի որ ընտանեկան բռնությունը ունի մի շարք առանձնահատկություններ, պատիժը չի կարող քրեական օրենսգրքով սահմանափակվել: Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրության արդյունավետությունը կախված է ծառայություն մատուցողների արդյունավետ վերապատրաստումից, բազմաոլորտ համակարգումից, հասարակական կարծիքի ձևավորումից, քաղաքացիական հասարակության կազմակերպության կողմից քաղաքականության մոնիթորինգից, և բոլոր մակարդակներում համապատասխան բյուջետավորումից (թե՛ համապետական և թե՛ տեղական ինքնակառավարման մակարդակներում): Ընտանեկան բռնությունը հանցանք է ու բռնության բոլոր միջադեպերը պետք է ընկալվեն որպես պոտենցիալ սպանություններ. քանի որ այս հանցանքները տեղի են ունենում բոլորից թաքուն, դրանք հաճախ ավելի դաժան ու վտանգավոր են դառնում: Ընտանեկան բռնությունը ամենավտանգավոր հանցանքներից է, որովհետև զոհը ապրում է իր բռնարարի հետ: Քանի որ զոհերը անդադար կապի մեջ են բռնարարների հետ, շարունակական սպառնալիքներից ու բռնությունից անպաշտպան են, ուստի հետևանքները ավելի ծանր են լինում: Այս պատճառով պատիժը պետք է ավելի խիստ լինի այս հանցանքների համար, քան մեկանգամյա հանցանքների համար, երբ բռնարարը անծանոթ է և բռնությունը կոնֆլիկտային իրավիճակից է բխում: Ուստի, ընտանեկան բռնության (ԸԲ) հանցանքները եզակի են և չեն կարող ընդգրկվել քրեական կամ քաղաքացիական օրենսգրքի մեջ, որոնք պարզապես պատիժ կամ տուգանք են սահմանում ֆիզիկական վնասվածքների համար: ԸԲ հանցանքները բնույթով ավելի բարդ են, քան այլ տեսակի հանցանքները: ԸԲ համար հստակ պատիժ սահմանած երկրներում դեպքերը քննվում են ըստ քրեական, քաղաքացիական և ընտանեկան օրենսգրքերի, ընդ որում՝ նույն դեպքը կարող է ներառել բոլոր վերոհիշյալ օրենսգրքերից հատկանիշներ: Ընտանեկան բռնությունը պետք է ճանաչվի որպես քրեորեն պատժելի արարք: Կանայք հաճախ հետ են վերցնում իրենց դիմումները կամ բողոքները, երբ իմանում են, որ ամուսնուց տուգանք են բռնագանձելու կամ էլ բանտարկելու են, այսպիսով տուժողները վախենում են, որ ընտանիքը կմնա առանց ապրուստի միջոցների, կամ էլ բռնարարը վրեժխնդիր կլինի ու բռնությունը է՛լ ավելի դաժան կդառնա: Ահա այս է պատճառը, որ խիստ պատիժը անհրաժեշտ է. սա նպաստում է նրան, որ բնարարը վերանայի իր պահվածքը: Կան երկրներ, որոնք արդյունավետ հետապնդում չեն իրականացնժում, իսկ դատարանները հաճախ պատշաճ պատիժներ չեն կիրառում: Մեր տարածաշրջանի երկրների իրավական ոլորտում աշխատող մասնագետները հաճախ վատ են զգում բռնարարների ազատությունը սահմանափակող միջոցներ կիրառելուց՝ չցանկանալով «վնասել» ընտանեկան հարաբերությունները: Հաճախ, բռնարար տղամարդկանց հանդեպ պայմանական պատժամիջոցներ են կիրառվում կամ պարզապես տուգանք է նշանակվում ընտանեկան բռնության հանցանքների համար: Սա խթանում է, որ բռնարարը շարունակի իր վարքագիծը: Առանձին օրենքի առկայությունը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում այն հանցնաքների վրա, որոնք ունեն լայն տարածում ու հստակ առանձնահատկություններ: Առանձին օրենքը նախատեսում է ընտանեկան բռնության հանցանքները քննող հատուկ դատարաններ, Ոստիակնության հատուկ բաժանմունքներ ու սոցիալական ծառայություններ, ինչը է՛լ ավելի է նպաստում ընտանեկան բռնության դեմ պայքարին: Քանի որ Հայաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է թաքցվող ու տաբու թեմա լինել, առանձին օրենքը թույլ կտա, որ հասարակությունը, իրավապահ մարմինները, Ոստիկանության աշխատակիցները ճանաչեն այս տեսակի հանցանքները ու հատուկ ուշադրություն դարձնեն դրանց, այլապես այս հանցանքները կշարունակեն անտեսանելի լինել: Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենքը անհրաժեշտ է, քանի որ չկան ընտանեկան բռնության զոհերի կարիքների մասին հոգացող մարմիններ, իսկ այս տեսակի հանցանքները առանձնահատուկ բնույթ են կրում: Նման օրեսնդրությունը հասարակությանը հղում է այն ուղերձը, որ նման բռնարար վարքը անհանդուրժելի է և հանցանք է: Օրենքը ոչ միայն կանխարգելիչ բնույթ է կրում, այլ նաև պատժում է բռնարարներին ու պաշտպանում է զոհերին՝ ճգնաժամային կենտրոնների ու ապահով տների միջոցով, որտեղ աշխատում են վերապատրաստված մասնագետներ: Եվ վերջապես, Հայաստանը մի շարք պարտականություններ ունի՝ որպես «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան» (CEDAW) ստորագրած պետություն: Հատկապես, վերոհիշյալ կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն պետությունները պետք է կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ առանձին օրենսդրություն ունենան: Նույն 19-րդ հոդվածը կոչ է անում նաև պետություններին պատշաճ պատրաստակամության սկզբունքը, ըստ որի պետությունները պետք է հստակ գործողություններ անեն՝ կանխարգելելու բռնությունը, պաշտպանելու զոհերին, հետաքննելու դեպքերը, պատժելու բռնարարներին ու կանանց փոխհատուցի պատճառած վնասը: Պետությունները չեն կարող ի կատար ածել CEDAW-ով նախատեսված իրենց պարտականությունները առանց առանձին օրենսդրություն ունենալու: Ըստ վիճակագրության, Ոստիկանություն դիմելու և բռնարարին 1-2 օր ազատազրկելու դեպքում միջադեպից 6 ամիս անց բռնությունը նվազում է՝ հասնելով 15%-ի, իսկ Ոստիկանության միջամտության բացակայության պարագայում բռնությունը 41%-ի է հասնում: Այլ կերպ ասած՝ ազատազրկումը գրեթե կիսով չափ նվազեցնում է բռնության կրկնության հավանականությունը: Բռնության մասին Ոստիկանությանը հայտնելու և բռնարարին ազատազրկելու մեխանիզմենրը նույնպես պետք է ներառվեն ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենսդրության մեջ: Եթե ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդում է ներկայացնում հարևանը, դպրոցի, հիվանդանոցի աշխատակիցը կամ այլ ականատես, այն պետք է ընդունվի ու գրանցվի իբրև բռնության դեպք: Հաճախ զոհերը չեն կարող հաղորդում կամ բողոք ներկայացնել, քանի որ բռնարարը իրենց մեկուսացնում է, սպառնում ու վախեցնում, սակայն պետք է ներկայացնել ապացույցներ: Սա ընտանեկան բռնության հանցանքներին հատուկ մեկ այլ առանձնահատկություն է: Քանի որ ընտանեկան բռնությունը կրկնվող բնույթ է կրում, ուստի մարմնական վնասվածքներ պատճառելը, սպառնալիքները, երեխաների և մեծահասակների նվաստացումները, սպանության փորձը, կացինը, դանակը, կահույքը, պարանները խեղդելու կամ այլ վնաս հասցնելու համար օգտագործելը հանցանք է և համապատասխանաբար պատժելի է: 3 խախտում կատարելուց հետո նախատեսվում է է՛լ ավելի երկար ազատազրկում: Հաշմանդամություն ունեցող կնոջ նկատմամբ ընտանեկան բնռության դեպքերի համար պետք է եռակի ծանր պատիժ նշանակել բռնարարին, նունը վերաբերվում է նաև հղի կնոջ նկատմամբ բռնությանը: Այս կետերը նույնպես պետք է ներառվեն օրենքի մեջ: Լավագույն լուծումն այն է, որ օրենքը նախատեսի ընտանեկան բռնության հանցանքները քննող առանձին դատարանների ստեղծում, որոնք կունենան բավարար իրավասություն թե՛ քրեական և թե՛ քաղաքացիական բնույթի գործերը քննելու, և բացառի նյութական փոխհատուցումը որպես միակ պատժամիջոց կիրառելը: Այսպիսի դատարանները պետք է բազմաոլորտ փորձառություն ունեցող աշխատակիցներ ունենա, որպեսզի վերջիններս կարողանան աջակցել զոհերին ու օգնեն դատավորներին պատժամիջոցների սահմանման մեջ: Ընտանեկան բռնության օրենքը պետք է հատուկ պատիժ նախատեսի այն դեպքերի համար, երբ զոհը չի կարող հեռանալ բռնարարից և կամ բռնարարը շարունակում է սպառնալ ու ծեծել իրենից բաժանված կնոջը: Ուստի պետք է ունենալ ավելի համալիր մոտեցում, իսկ ամեմ միջադեպին պետք է հաջորդի պրոբացիայի շրջան, երբ Ոստիկանությունը կհետևի բռնարարի վարքն ու հաղորդումներ կհավաքի զոհից, սոցիալական աշխատողից, ընտանիքի մյուս անդամներից, դպրոցից և այլն: Սա նույնպես ընտանեկան բռնությանը հատուկ երևույթ է: Զոհերի 95%-ը վախենում է բողոք ներկայացնել, կամ էլ ինքն իրեն է մեղադրում իրավիճակի համար և ամաչում է (ինչը հաճախ է պատահում ընտանեկան բռնության զոհերի պարագայում), լինում է նաև, որ զոհերը չեն էլ պատկերացնում, որ բռնությունը պատժելի է, ուստի այժմ շատ երկրներում ընտանեկան բռնությունը հանրային մեղադրանք է ճանաչվել: Սա նշանակում է, որ եթե 1-2 օրով բռնարարին ազատազրկեն, մեղադրանքը այսպես թե այնպես կառաջադրվի՝ անկախ զոհի կամքից: Սա շատ կարևոր է, քանի որ օգնում է կանխարգելել բռնության սրացումը, քանի որ հստակ ցույց է տալիս, որ բռնությունը պատժելի է: Նույնիսկ եթե կինը չի ցանկանում լքել տունը, ոստիկանությունը պետք է ձերբակալի բռնարարին, երբ կանչ է ստանում: Հետաքննությունը պետք է նախատեսի ոստիակնության զանգերի վերաբերյալ տեղեկատվության օգտագործում, վկայություն տալու ժամանակ տրված տեղեկատվության օգտագործում, բռնության պատճառած վնասների նկարների օգտագործում իբրև ապացույցներ: Ֆիզիկական բնույթի ապացույցները, ականատեսների վկայությունները նույնպես պետք է ընդունվեն իբրև ապացույցներ: Երբ դեպքը գրանցվում է Ոստիկանությունում, աշխատակիցները պետք է անհապաղ միջոցներ գործադրեն բռնարարին 1-2 օրով ազատազրկելու համար, քանի որ վստահաբար սա առաջին դեպքը չէ, և շատ կարևոր է բռնարարին հստակ ուղեձ հղել, որ նման պահվածքը պատժելի է: Շատ կարևոր է, որ օրենքը պատիժ նախատեսի Ոստիկանության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր կփորձեն հարթել իրավիճակն ու չձերբակալել բռնարարին. սա անչափ վտանգավոր է ընտանեկան բռնության պարագայում: Ընդունվել է ի գիտություն:
12 Մարո Մաթոսյան 04.10.2017 11:36:52 Պաշտպանական միջոցները հատուկ են ընտանեկան բռնության դեպքերին և կիրառելի չեն այլ հանցանքների պարագայում: Առանձին օրենք ունենանլը թույլ կտա բոլոր անհրաժեշտ միջոցները հավաքագրել մեկ ամպհովանու ներքո, ինչի շնորհիվ փաստաբանները, հատկապես նրանք, ովքեր ծանոթ չեն ընտանեկան բռնության առանձնահատկություններին, կկարողանան ավելի ճիշտ կողմնորոշվել: Պաշտպանական միջոցը պետք է կիրառվի թե՛ պաշտոնական ամուսնության, թե՛ քաղաքացիական ամուսնության պարագաներում, և թե՛ զուգընկերների պարագայում: Պաշտպանական միջոցները պետք է հաշվի առնեն հետևյալը. 1. Զոհի և իր երեխաների անվտանգությունը տանը, դպրոցում, աշխատավայրում, այլ վայրերում 2. Երեխայի խնամքն ու անվտանգությունը այցելությունների ժամանակ 3. Սպառնալիք ու բռնություն հեռախոսի միջոցով 4. Բռնարարի հեռացումը տնից 5. Բռնարարի աշխատելու պարագայում ապահովել իր կողմից զոհի ու երեխաների ֆինանսական աջակցությունը 6. Տանը առկա զենքի բռնագրավում   7. Ամուսնալուծության պարագայում ամուսնալուծության մասին որոշման հետ մեկտեղ պետք է նաև բռնարարի հանդեպ կիրառվեն պաշտպանական միջոցներ, որովհետև ամուսնալուծության փուլը ամենավտանգավորն է ընտանեկան բռնության պարագայում: Պաշտպանական միջոցները խախելու դեպքում բռնարարը պետք է ազատազրկվի, իսկ ազատազրկման ժամկետը պետք է սահմանվի ըստ խախտումի ծանրության: Օրենքը պետք է նախատեսի ինստիտուցիոնալացված դասընթացներ Ոստիկանության աշխատակիցների, դատախազների, դատավորների, սոցիալական աշխատողների ու քաղաքացիական ծառայողների համար, որպեսզի ապահովվի զոհերի արդյունավետ պաշտպանությունը բռնությունից: Պետք է իրականացնել կանանց նկատմամբ բռնության մասին իրազեկող միջոցառումներ՝ փոխելու հասարակության վերաբերմունքն ու կանխարգելելու բռնության տարածումը: Ընտենական բռնության օրենքի կիրառելիության մոնիթորինգը կենսական նշանակություն ունի արդյունավետության համար: Խորհուրդ է տրվում ներառել մոնիթորինգը օրենքի հոդվածների մեջ, ինչպես արվում է այլ զարգացած երկրներում: Որպես ամփոփում հարկ է նշել, որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ արդյունավետ օրենսդրություն ու մեխանիզմներ ունեցող երկրներում, որտեղ քրեական արդարադատության աշխատակիցներն ու ծառայություն մատուցողները վերապատրաստված են, ընտանեկան բռնությունը կարող է էապես նվազել: Ըստ մի հետազոտության, այս նվազումը կազմել է 64 %: Պաշտպանական միջոցնորի շնորհիվ սպանությունների թիվը նույնպես կարող է նվազել: «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարո Մաթոսյան Ընդունվել է ի գիտություն: Առաջարկվող կարգավորումներն արդեն իսկ տեղ են գտել նախագծում, Խորհրդի գործառույթների մասով տե՛ս Զարուհի Հովհաննիսյան (zarouhi.2014@gmail.com) օգտատիրոջ նույնաբովանդակ առաջարկին տրված պատասխանը:
13 Ալլա Կիրակոսյան 04.10.2017 11:58:16 Ես շատ կողմ եմ այս օրենքին, ես հիմա18 տարեկան եմ, ամբողջ մանկությունս մամաս ենթարկվել է դաժան ծեծերի հորս կողմից,հաճախ մեզ էլ էր ծեծում, միշտ մաման ոստիկանություն էր կանչում, դիմումներ գրում, բայց ոստիկանները ասում էին, որ բացի նրանից, որ հորս մեկ սուտկա պահեն բաժանմուքնում, ուրիշ բան չեն կարող անել։ Ընդունվել է ի գիտություն:
14 Ալվարդ Կարապետjան 04.10.2017 12:08:35 Օրենքն անհրաժեշտ է ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև նրանց համապատասխան աջակցություն տրամադրելու համար: Ընդունվել է ի գիտություն:
15 Անահիտ Սիմոնյան 05.10.2017 02:07:08 Ինձ համար սկզբունքային է, որ ի վերջո պետությունն իր վրա վերցնի ընտանեկան բռնության խնդրի լուծումը, ստեղծի մեխանիզմներ, որոնց միջոցով բռնությունը հնարավոր կլինի կանխարգելել, որոնց միջոցով պետությունը կաջակցի բռնության ենթարկվող կնոջը: Այն, որ ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է մեր հասարակությունում՝ փաստ է: 6 տարի շարունակ բռնության ենթարկված մոտ ընկերուհիս, ի վերջո, երբ բաժանվեց ամուսնուց, դեռ 2 տարի էլ բաժանումից հետո էր ապրում վախի մթնոլորտում, հետապնդումների և ճնշումների ներքո: Եվ թերևս ոստիկանություն դիմել էր, պետության կողմից աջակցություն և պաշտպանություն այդպես էլ չստացավ: Եվ բոլորս էլ նման դեպքեր շատ գիտենք: Ես միանշանակ կողմ եմ օրենքի ընդունմանը և՛ որպես կին, և՛ որպես քաղաքացի: Ընդունվել է գիտություն:
16 Աննա Հովհաննիսյան 05.10.2017 13:13:54 Շուրջ 7 տարի է աշխատում եմ բռնության ենթարկված կանանց և երեխաների հետ և կարող եմ ասել, որ այս օրենքը վաղուց պետք է լիներ մեր դատաիրավական համակարգում: Ինչու է կարևոր նման օրենքի առկայությունը. այն նախ և առաջ մարդկանց անվտանգության պահանջմունքի երաշխիքի ապահովման մեխանիզմն է, կնոջ, ում նախկին զուգընկերը թույլ չի տալիս, որ անգամ տանից դուրս գա, ու երբ գնում ես ոստիկանույթուն, քեզ չասեն, դե լավ իրա մարդն ա, համ էլ էս ամենը զուտ սպառնալիքներ են, դրանում ճժմարտություն չկա, համ էլ ընտանեկան բռնության օրենք չունենք, այ որ լիներ, գուցե կարողանայինք մի բան անել, այ էս ամենի համար ա էս օրենքը, որ մարդիկ, ովքեր շարունակում են ամեն օր ենթարկվել սարսափելի բռնության դրսևորումների կարողանան վերջապես իրենց մի փոքր անվտանգ զգալ այս երկրում: Այս օրենքը նրա համար ա, որ Մանսուրյանների վերապրածը էլ ոչ մի ընտանիք երբեք չվերապրի http://www.medialab.am/news/id/7019: Էս օրենքը նրա համարա, որ էս երկրում կինը, երեխան, տղամարդը, ով ենթարկվում ա բռնության, գոնե մի քիչ իրեն ինքնիրացված ու պաշտպանված զգա: Այս օրենքի առկայությունը պետության կարևոր պարտավորություններից մեկն է, որը վերջապես պետությունը ստանձնում է իր վրա: Ընդունվել է ի գիտություն:
17 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.10.2017 14:48:55 1. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Ընտանեկան բռնությունը ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի գործողությունների (բռնության) կիրառումն է ընտանիքի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների (ՔԿԱԳ մարմիններում գրանցված կամ չգրանցված՝ փաստացի ամուսնության, դեպքերում) կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք բռնարարը բնակվում է կամ բնակվել է բռնության ենթարկվածի հետ նույն բնակարանում>: Միևնույն ժամանակ նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում ներառել «զուգընկեր» եզրույթի սահմանումը. <Զուգընկեր – տվյալ անձի հետ ինտիմ հարաբերությունների մեջ գտնվող անձ>: Հիմնավորում • Պրակտիկայում հանդիպող դեպքերը և միջազգային փորձը ցույց են տալիս, որ բռնության զոհ են դառնում ոչ միայն ամուսինները կամ նախկին ամուսինները, այլ նաև ինտիմ հարաբերությունների մեջ գտնվող անձիք /intimate partnership/ կամ պարզապես հասարակության մեջ որպես զուգընկերներ հանդես եկող անձիք: • Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2013թ. կատարված հետազոտության համաձայն, աշխարհում կանանց 30%, ովքեր երբևէ եղել են ինտիմ հարաբերությունների մեջ, ֆիզիկական և/կամ սեռական բռնության են ենթարկվել իրենց ինտիմ զուգընկերոջ կողմից: Աշխարհում կանանց սպանությունների 38% կատարվում են ինտիմ զուգընկերոջ կողմից: Նույն հետազոտությունը նաև մատնանշում է, որ ինտիմ զուգընկերոջ կողմից բռնության ենթարկված կանայք առողջական լուրջ խնդիրներ են ունենում հղիության, ծննդաբերության շրջանում: http://www.who.int/reproductivehealth/ publications/violence/9789241564625/ru/ Չի ընդունվել տե՛ս Զարուհի Հովհաննիսյան (zarouhi.2014@gmail.com) օգտատիրոջ նույնաբովանդակ առաջարկին տրված պատասխանը:
18 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.10.2017 14:48:55 2. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում որպես հոգեբանական բռնության առանձին դրսևորում ներառել կնոջը հղիության արհեստական դադարեցմանը հարկադրելը կամ կնոջ կամ աղջկա բնականորեն վերարտադրելու կարողությունը կորցնելուն կամ դրան հանգեցնող վիրահատության կատարմանը հարկադրելը: Սա համահունչ է ինչպես ՄԱԿ-ի կոնվենցիայի այնպես էլ Ստամբուլի կոնվենցիայի պահանջներին, քանի որ Ստամբուլի կոնվենցիան կնոջը հղիության արհեստական դադարեցմանը հարկադրելը կամ կնոջ կամ աղջկա բնականորեն վերարտադրելու կարողությունը կորցնելուն կամ դրան հանգեցնող վիրահատության կատարմանը հարկադրելը ինչպես նաև վերահսկողական վարքագիծը ներառում է հոգեբանական բռնության հասկացության մեջ: Ընդունվել է մասնակի:
19 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.10.2017 14:48:55 3. Առաջարում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով պարբերությամբ. ՛՛Վերահսկողական վարք կամ վարքագծի վերահսկում՝ դիտավորությամբ շարունակաբար անձի վարքագիծը կամ գործողությունները վերահսկելը և կառավարելը՝ դրանք սեփական պատկերացումներին, ցանկություններին և կամքին համապատասխանեցնելու նպատակով անձի անօգնական վիճակն օգտագործելով, շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՛՛: Չի ընդունվել: Բերված օրինակն ընկնում է հոգեբանական բռնության ներքո:
20 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.10.2017 14:48:55 4. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում նշված մարմինների շարքում ավելացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և վերջինիս գործառույթների մեջ ներառել վերահսկողությունը հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող հաղորդումների, հեռուստասերիալների,հեռուստաֆիլմերի և գովազդների նկատմամբ՝ ընտանեկան բռնությունը խրախուսող և/ կամ արդարացնող տեսարաններն ու արտահայտությունները սահմանափակելու կամ բացառելու նպատակով: Չի ընդունվել: Տե՛ս Զարուհի Հովհաննիսյան (zarouhi.2014@gmail.com) օգտատիրոջ նույնաբովանդակ առաջարկին տրված պատասխանը:
21 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.10.2017 14:48:55 5. Նախագծի 6-րդ հոդվածում Խորհրդի լիազորությունների և կազմակվորման կարգի հետ կապված առաջարկում ենք կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները. ա/ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ներկայացուցիչների ընտրությունը իրականացնել ինքնաառաջադրման և ընտրությունների միջոցով, որոնց կարող են մասնակցել վերջին երեք տարում ընտանեկան բռնության գործեր վարած հասարակական կազմակերպությունները՝ յուրաքանչյուր կազմակերպություն մեկ ձայն սկզբունքով: Ընտրություններն իրականացնել երկու տարին մեկ անգամ՝ Խորհրդի գործունեության անընդհատությունը և կազմի փոփոխությունն ապահովելու նպատակով: բ/ Խորհրդի նիստերին մասնակից դարձնել նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց ներկայացուցիչներին՝ վերջիններիս համաձայնությամբ: գ/ Խորհրդին վերապահել առավելապես գործնական նշանակություն ունեցող և գնահատողական բնույթի գործառույթներ: Մասնավորապես, առաջարկում ենք, Խորհրդի գործառույթների մեջ ավելացնել հետևյալը. • Դատական դեպարտամենտի միջոցով ստանալ ընտանեկան բռնությանն առնչվող բոլոր դատական որոշումները՝ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ, • Իրականացնել ստացված որոշումների ուսումնասիրություն, վերլուծություն, դրանց հիման վրա ներկայացնել հաշվետվություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, • Մշակել ուղեցույցներ և վերապատրաստման ծրագրեր դատական և իրավապահ մարմինների համար՝ ընտանեկան բռնության գործերի առանձնահատկությունները ավելի մատչելի ձևով ներկայացնելու համար, • Մշակել չափորոշիչներ, որոնք թույլ կտան դատական վիճակագրությունն օգտագործել ընտանեկան բռնության ոլորտում մոնիթորինգ իրականացնելու համար, • Ստանալ տարեկան զեկույցներ Նախագծի 5-րդ հոդվածում նշված բոլոր մարմիններից, դրանց հիման վրա ներկայացնել առաջարկներ: Ընդունվել է ի գիտություն Առաջարկվող գործառույթների մեծ մասը, այդ թվում՝ ընտանեկան բռնություն վերապրածներին լսելը, Խորհուրդը կարող է իրականացնել գործող ձևակերպումների պայմաններում: Առավել լայն լիազորություններ վերապահելու դեպքում կարող է առաջանալ Խորհրդի գործունեության հակասահմաադրականության հարց:
22 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.10.2017 14:48:55 6. Առաջարկում ենք Նախագծից հանել հաշտարարություն նախատեսող կարգավորումները, հետևյալ պատճառներով. • Հաշտարարության ինստիտուտի կիրառումը արդյունավետ է կողմերի հավասարության պարագայումը, ինչը բացակայում է ընտանեկան բռնություն գործադրած և ընտանեկան բռնության ենթարկված անձանց միջև, • Հաշտարարություն կիրառելը մարդու կյանքին սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում (ինչի հետևանքով միայն ոստիկանության ծառայողը կամ դատարանը կարող են կայացնել անհետաձգելի միջամտության կամ պաշտպանիչ որոշումներ) նշանակում է անհիմն ձևով վտանգի ենթարկել անձի կյանքն ու առողջությունը, ինչը երաշխավորելու պարտավորությունն ունի պետությունը, • Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշտարարության կիրառումը ընտանեկան բռնության գործերով խնդրահարույց է և ոչ էֆեկտիվ: Մի շարք երկրներ հրաժարվել են ընտանեկան բռնության գործերով հաշտարարության կիրառումից: Նման դիրքորոշում է հայտնել նաև ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԱԿ-ի կոնվենցիա) հիման վրա ստեղծված կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) իր 33-րդ ընդհանուր բնույթի առաջարկությամբ (58-րդ կետ): http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CEDAW/C/GC/33& Չի ընդունվել Հաշտեցման ինստիտուտի կիրառման համար նախատեսված են բավարար երաշխիքներ, որպեսզի բռնության ենթարկված անձը հարկադրված չլինի հաշտություն կնքելու: Այնուամենայնիվ, այս հնարավորության նախատեսումը բխում է ընտանիքի՝ որպես հասարակության հիմնական և բնական բջիջի աջակցության սկզբունքից:
23 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 05.10.2017 14:48:55 7. Առաջարկում ենք լրացումներ կատարել նաև ՀՀ քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունն ամրագրել որպես պատիժը ծանրացնող հանգամանք այն հանցագործությունների համար, որոնք կարող են ընտանեկան բռնության վարքային դրսևորման ձև լինել (ՀՀ քրեական օրենսգրքի 104, 110, 111, 112, 113, 117 118, 119, 123, 124, 131-134, 137, 138-142 հոդվածներ:) Սա կարող է զսպիչ մեխանիզմ հանդիսանալ ընտանեկան բռնություն գործադրող անձանց համար՝ քրեական պատասխանատվության սպառնալիքի ներքո: Չի ընդունվել: Ըստ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ հանցանքը հանցավորից կախյալ վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելն արդեն իսկ նախատեսված է որպես պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:
24 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 08.10.2017 21:48:34 Ընտանեկան բռնության դեպքերի արդյունավետ բացահայտման և դրանց դեմ հետևողական պայքարի իրականացման համատեքստում առանցքային նշանակություն ունի այնպիսի իրավակարգավորման նախատեսումը, որը ընտանեկան բռնության դեպքերով կպարտավորեցնի հետաքննության մարմնին քրեական հետապնդում իրականացնել նույնիսկ տուժողի կողմից բողոքը հետ վերցնելու պարագայում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերում: Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանեկան բռնության, որպես հանրային շահի պաշտպանություն ենթադրող խնդրի ընկալման տեսանկյունից, ինչի կարևորագույն պայմանների մեկն ընտանեկան բռնության գործերի ex officio քննության անհրաժեշտությունն է: Նման դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա ստեղծված Կոմիտեն իր բազմաթիվ եզրահանգումներում և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն: Այս պահանջն ամրագրված է նաև Ստամբուլի կոնվենցիայով (հոդված 55): Ընդունվել է Տե՛ս Զարուհի Հովհաննիսյան (zarouhi.2014@gmail.com) օգտատիրոջ նույնաբովանդակ առաջարկին տրված պատասխանը:
25 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 08.10.2017 21:48:34 Առաջարկում ենք Նախագծի 22-րդ հոդվածում հստակ ամրագրել այն ընթացակարգը, որը կիրառվելու է անգործունակ և անչափահաս ընտանեկան բռնություն կատարած անձանց նկատմամբ: Նախագծում նշվում է միայն, որ նրանց նկատմամբ չեն կայացվելու անհետաձգելի միջամտության կամ պաշտպանիչ որոշում, սակայն այլ ընթացակարգերի կիրառումը կամ դրանց դիմելու հնարավորությունը որևէ կերպ չի կարգավորվում: Չի ընդունվել ՀՀ օրենսդրությունն արդեն նախատեսում է իրավական կառուցակարգեր նման դեպքերի համար, ինչպես օրինակ՝ անչափահասի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները, այդ թվում՝ Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող գործառույթները, անչափահասների հետ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքները, իսկ անգործունակ անձանց դեպքում՝ «հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումները: