«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2021 թվականի հունվարի 19-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքների փաթեթը, որի նպատակներից մեկը ծախսերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումն էր, ինչպես նաև հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները, ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկությունների շրջանակը սահմանելը:
Մինչ օրենքի ընդունումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) էր վերապահված հայտարարատու պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի վերաբերյալ վերլուծություն կատարելը: Տվյալ գործառույթի իրականացման ընթացքում պարզ դարձավ, որ հայտարարատու պաշտոնատար անձանց վերաբերյալ համապարփակ և առավել մանրամասն ուսումնասիրություն կատարելու, հնարավոր խախտումների բացահայտմանը լիարժեքորեն նպաստելու, ինչպես նաև նրանց ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ստանալու համար սահմանված գործիքակազմը բավարար չէ: Ըստ այդմ, բացի հայտարարատու պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերից՝ Հանձնաժողովին իրավասություն տրվեց վերլուծության ենթարկելու նաև հայտարարատու պաշտոնատար անձանց ծախսերի հայտարարագրերը, որոնք բովանդակում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ցանկով տվյալներ: Տվյալ կարգավորումների բնույթը պայմանավորված է, այդ թվում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության տրամաբանությամբ, ըստ որի՝ «գործող օրենսդրությունը չի պարունակում ամբողջական, համալիր կարգավորումներ պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման վերաբերյալ, ինչը հանրության մոտ անվստահություն է առաջացնում կոնկրետ դատավորների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտներ է ստեղծում դատավորի անհատական հաշվետվողականության ապահովման համար։ Խնդրին արդյունավետ լուծում տալու նպատակով անհրաժեշտ է բարեփոխել հայտարարագրման կառուցակարգը»:
Ներդրված մեխանիզմը էական կարևորություն ունի հատկապես դատավորների մասով, քանի որ այն մեծացնում է դատավորների հաշվետվողականությունը և ավելի արդյունավետ է կոռուպցիան կանխելու համար՝ միևնույն ժամանակ չխախտելով դատավորների անկախությունը։
Միաժամանակ, 2020 թվականի մարտի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի անցումային դրույթներով սահմանվել է, որ տվյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ժամկետում, Հանձնաժողովը վերլուծում է դատավորների հայտարարագրերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը ներդրվել է 2021 թվականին և, ըստ այդմ, Հանձնաժողովի կողմից կատարվող վերլուծությունների ծավալն այդ պահից սկսած էականորեն ընդլայնվել է, Հանձնաժողովի լիազորությունների լիարժեք իրականացումն ապահովելու՝ դատավորների հայտարարագրերի ամբողջական վերլուծության իրականացման համար անհրաժեշտ է նախատեսել առավել երկար ժամանակահատված:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայտարարագրման ինստիտուտի նպատակների ամբողջական իրացման, դատավորների գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի օրինականության ստուգման արդյունավետությունն ապահովելու, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված միջոցառումները կյանքի կոչելու համար ներկայացված նախագծով Հանձնաժողովն առաջարկում է երկարաձգել դատավորների հայտարարագրերի վերլուծման ժամկետը՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Միևնույն ժամանակ, առաջարկվող կարգավորումների համաձայն՝ վերլուծության կենթարկվեն նաև դատավորների՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու, ինչպես նաև 2021 թվականի տարեկան հայտարարագրերը:
Այսպիսով հնարավոր կլինի ապահովել բավարար ժամանակի առկայություն՝ դատավորների ֆինանսական դրության մանրամասն ուսումնասիրություն կատարելու, առկա խնդիրները հավուր պատշաճի վեր հանելու նպատակով:
Միաժամանակ, ծախսերի հայտարարագրերի առնչությամբ հարկ է նշել, որ մինչև առաջարկվող ժամկետի ավարտը վերլուծման ենթակա են Օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 2021 թվականի փետրվարի 17-ից հետո ծախսերի հայտարարագիր ներկայացրած դատավորների ծախսերի հայտարարագրերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Սույն օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով Հանձնաժողովին վերապահված՝ դատավորների հայտարարագրերի վերլուծությանն առնչվող ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։
-
Discussed
18.04.2022 - 03.05.2022
-
Type
Law
-
Area
Justice, Fight against corruption
-
Ministry
Ministry of Justice
Views 4488
Print