«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այդուհանդերձ, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև Ազգային անվտանգության ծառայության աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում: Ավելին, պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաև վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձևավորման հարցում (ծառայության ղեկավարը նշանակվում և ազատվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ):
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Վերոգրյալի հաշվառմամբ՝ առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին:
Կարևորել զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:
Մնացյալ օրինագծերով առաջարկվող կարգավորումներն ածանցյալ են նշված հիմնական փոփոխությունից: Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:
Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդու¬նու¬մից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխությունների առաջացմանը հնարավոր կլինի անդրադառնալ Պետական պահպանության ծառայությունում կառուցվածքային և կազմ-հաստիքային փոփոխությունների իրականացման ընթացքում:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերի փաթեթը մշակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից՝ համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այսպիսով այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխից:
-
Discussed
18.04.2022 - 03.05.2022
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
National Security Service
Views 5155
Print