Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N -Ն
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2022 թ. ................................
Երևան
Հավելված |
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ
- Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է թափանցիկության, անաչառության և մարդասիրության սկզբունքներով:
- Յուրաքանչյուր անգամ պետության կողմից հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման առաջանահերթությունները որոշվում են՝ հաշվի առնելով հաշվետու ժամանակահատվածում հանցագործությունների վիճակագրությունը, որոշակի խումբ հանցագործությունների տարածվածությունը, տուժողների գույքային դրությունը, հանցագործությունների և դրանցով պատճառված վնասի բնույթը:
- Քրեական վարույթով հատուցման ենթակա են տուժողին պատճառված վնասի ներքոնշյալ տեսակները՝ նշված հերթականությամբ՝
- բժշկական սպասարկման համար ծախսված գումարը,
- անաշխատունակության հետևանքով կրած դրամական վնասը,
- հուղարկավորության համար ծախսված գումարը,
- կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված դրամական վնասը,
- հափշտակված գումարը:
- Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված վնասի յուրաքանչյուր հաջորդ տեսակը ենթակա է հատուցման միայն նախորդ տեսակի վնասը հատուցելուց հետո:
- Հանցագործությունից տուժած անձինք հանցագործությամբ իրենց պատճառված վնասի համար կարող են դիմել լիազոր մարմնին՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
- քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտը.
- տվյալ քրեական վարույթով իրեն որպես տուժող ճանաչելու մասին որոշումը.
- դրամական վնասի դեպքում` դրանց առկայությունը և չափը հաստատող փաստաթղթերը.
- կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված դրամական վնասի դեպքում` նշված փաստը հաստատող տվյալները.
- Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթի շրջանակներում պատճառված վնասը փոխհատուցելու անհնարինությունը հավաստող տվյալները.
- լիազոր մարմնին ուղղված դիմում:
- Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում ստանալու դիմում կարող է ներկայացվել, եթե պատճառված վնասը հնարավոր չի եղել փոխհատուցել Հարկադիր կատարման ծառայության կատարողական վարույթի շրջանակներում:
- Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում չի իրականացվում, եթե տուժողի կողմից կատարվել են հանցագործությանը նպաստող կամ քննությանը խոչընդոտող ապօրինի արարքներ:
- Լիազոր մարմնի կողմից իրականացվում է ներկայացված դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրություն, որի հիման վրա որոշում է կայացվում ներկայացված հայտին հավանություն տալու կամ այն մերժելու մասին: Հայտին հավանություն տալու դեպքում լիազոր մարմինը սկսում է տուժողին պատճառված վնասի փոխհատուցման գործընթաց:
- Փոխհատուցում կարող է տրամադրվել, եթե պատճառված վնասի չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:
- Փոխհատուցում կարող է տրամադրվել պատճառված վնասի (մեկից ավելի տեսակի վնաս պատճառված լինելու դեպքում՝ դրանց հանրագումարի) մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի չափով:
- Սույն հավելվածով նախատեսված լիազոր մարմինը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ յուրաքանչյուր անգամ պետության կողմից հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման մասին որոշում կայացնելու դեպքում:
-
Discussed
11.04.2022 - 26.04.2022
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 2832
Print