Add to favourites

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Նախագծով նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում որոշակի գործողություններ միևնույն կամ այլ ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանել կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու և առանձնացնելու վերաբերյալ կարգավորումներ։

 

  1. Առկա իրավիճակը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից իրականացվող կատարողական վարույթներով հաճախ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ անհրաժեշտություն է առաջանում հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթի շրջանակում կոնկրետ կատարողական գործողության իրականացումը վերապահել Ծառայության նույն կամ այլ ստորաբաժանման հարկադիր կատարողի, ինչը մի շարք դեպքերում պայմանավորված է հարկադիր կատարողների և/կամ Ծառայության առանձին ստորաբաժանումների մասնագիտացմամբ և կատարողական գործողությունների օպերատիվությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Կատարողական վարույթի ընթացքում հաճախ ծագում է առանձին գործողություններ կատարելու անհրաժեշտություն, որոնք օպերատիվ կերպով և ավելի քիչ ծախսերով կարող են կատարվել այլ տարածքային մարմինների հարկադիր կատարողների կողմից։ Մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին է, երբ ծագում է այլ մարզի տարածքում կատարողական գործողություն կատարելու անհրաժեշտություն։ Բացի դրանից, կատարողական վարույթով իրականացվող մի շարք գործողություններ, դրանց բնույթով և առանձնահատկություններով պայմանավորված, առավել արդյունավետ կարող են իրականացվել, եթե դրանց իրականացումը վերապահվի Ծառայության որոշակի մասնագիտացված ստորաբաժանման։

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար։ Նշված նորմից և կատարողական վարույթին առնչվող օրենսդրության համապարփակ վերլուծությունից բխում է, որ կատարողական վարույթի շրջանակում որոշումներ կայացնելու և կատարողական գործողություններ կատարելու իրավասություն ունի միայն վարույթն իրականացնող հարկադիր կատարողը։ Այսպիսով, ներկայումս գործող իրավակարգավորումները կատարողական վարույթ հարուցելու և կատարողական գործողություններ իրականացնելու պատշաճ սուբյեկտ են համարում միայն կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողին՝ կատարողական գործողություններն այլ հարկադիր կատարողների կողմից իրականացնելը հնարավոր համարելով միայն այն դեպքում, երբ․

  1. ձևավորվում է հարկադիր կատարողների խումբ («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 3-րդ մաս)․
  2. կատարողական վարույթը հարկադիր կատարողից փոխանցվում է այլ հարկադիր կատարողի (Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Կատարողական առանձին գործողությունն այլ հարկադիր կատարողի կողմից իրականացվելու քննարկվող դեպքերում հիշատակված երկու լուծումներն էլ արդյունավետ չեն կարող լինել։ Մասնավորապես, ասվածն ակնհայտ է հատկապես հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, առգրավման և Ծառայության հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու կատարողական գործողություններն այլ հարկադիր կատարողի կողմից իրականացվելու անհրաժեշտության դեպքում։ 

Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն՝ Ծառայության կողմից տրանսպորտային միջոցների հետախուզումն իրականացվում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հարցումներ իրականացնելու միջոցով (Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Ոստիկանությունն իր հերթին օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարտավոր է օժանդակել Ծառայությանը՝ դատական վճիռների և դատավճիռների կատարումն ապահովելիս («Ոստիկանության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին պարբերություն, կետ 3): Գործող իրավակարգավորումների հիման վրա կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող տրանսպորտային միջոցների հետախուզումն իրականացնում է Ոստիկանության միջոցով, իսկ Ծառայությունն ապահովում է առգրավված տրանսպորտային միջոցների ընդունումը և պահպանությունը։ Չնայած այս հանգամանքին՝ հետախուզվող գույքի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ի հայտ գալու, օրինակ՝ կատարողական վարույթով պահանջատիրոջ կողմից նման տեղեկատվություն հայտնվելու դեպքում հարկադիր կատարողը ևս իրավասու է և, ըստ էության, պարտավոր է գույքի ենթադրյալ գտնվելու վայր այցելել, այն առգրավել և տեղափոխել Ծառայության հատուկ պահպանվող տարածք։

Հետախուզվող գույքի հայտնաբերումն օպերատիվ արձագանք պահանջող, հատուկ տեխնիկական միջոցներ և հատուկ պատրաստվածություն պահանջող կատարողական գործողություն է, ինչպիսի պայմաններում առավել նպատակահարմար և արդյունավետ է այդպիսի գործողության իրականացումը Ծառայության մասնագիտացված ստորաբաժանման կամ մարզային բաժնի աշխատակիցների կողմից։ Մինչդեռ վերոգրյալի համատեքստում ակնհայտ է, որ նման դեպքերում կատարողական վարույթի շրջանակում ցանկացած գործողություն կատարելու, այդ թվում՝ հետախուզվող գույքը հայտնաբերելուն, առգրավելուն և գույքագրելուն /վիճակն արձանագրելուն/, փորձագետին տրամադրելուն ուղղված այլ գործողություններ կատարելու իրավասություն ունի միայն հարկադիր կատարողը կամ հարկադիր կատարողների խումբ ձևավորված լինելու դեպքում՝ խմբի անդամները, և նման կարգավորումների պայմաններում Ծառայության կոնկրետ ստորաբաժանման կողմից կատարողական ցանկացած այլ վարույթով հետախուզվող գույքը հայտնաբերելուն ուղղված գործողություններ կատարելը խնդրահարույց է։ Միաժամանակ, այդ գործողությունը չի կարող իրականացվել նաև ո՛չ հարկադիր կատարողների խումբ ձևավորելու, ո՛չ կատարողական վարույթն այլ հարկադիր կատարողի փոխանցելու միջոցով։

Նկարագրված իրավիճակում հարկադիր կատարողների խումբ ձևավորելը և այդ խմբում, ի թիվս կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողի, նաև Ծառայության իրավասու ստորաբաժանման աշխատակիցներին ընդգրկելը ժամանակատար գործընթաց է, պահանջում է նաև հարկադիր կատարողների խումբ ձևավորելու մասին որոշման կայացում, այդ որոշման մասին Օրենքի 28․1 հոդվածով սահմանված կարգով կատարողական վարույթի կողմերի պատշաճ ծանուցում, ինչը ժամանակատար գործընթաց է և տևական ժամանակով հետաձգելու է կատարողական կոնկրետ գործողության կատարումը։ Մինչդեռ հետախուզվող գույքի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությանն արձագանքելը, այն հայտնաբերելը և Ծառայության հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը անհապաղ և օպերատիվ արձագանք պահանջող, հնարավորինս սեղմ ժամկետում կատարման ենթակա գործողություններ են։ Միևնույն ժամանակ հարկադիր կատարողների խումբ ձևավորելով ակնհայտ է, որ անհնար է ապահովել օպերատիվ արձագանք։

Մյուս կողմից, հետախուզվող տրանսպորտային միջոցների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությանն արձագանքելու և/կամ տրանսպորտային միջոցի գտնվելու ենթադրյալ վայր գնալու, այն հայտնաբերելու, զննելու և գույքագրելու (արձանագրելու) պարտականությունը միայն կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողին վերապահելն իր հերթին խիստ խնդրահարույց է, քանի որ առգրավված գույքի վերաբերյալ տեղեկություններ շատ հաճախ ստացվում են կամ գույքը Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից հայտնաբերվում է ոչ աշխատանքային, տոնական կամ հանգստյան օրերին կամ գիշերային ժամերին։ Հետևաբար, հարկադիր կատարողը նման դեպքերում պետք է ներգրավվի ծառայության՝ պահպանելով արտաժամյա, գիշերային աշխատանքի, հանգստյան կամ տոնական օրերին ծառայության ներգրավելու բոլոր կանոնները։ Հաշվի առնելով հարկադիր կատարողի կողմից իրականացվող կատարողական վարույթների քանակը (միջինում 250-300 ընթացիկ կատարողական վարույթ), առգրավված տրանսպորտային միջոցի հայտնաբերման գործընթացի՝ միջինում 3 ժամ տևողությունը, ակնհայտ է, որ հարկադիր կատարողը նման պայմաններում կարող է շատ հաճախ ստիպված լինել ներգրավվել արտաժամյա, տոնական կամ հանգստյան օրերին կամ գիշերային ծառայության, ինչն իր հերթին հանգեցնելու է տարվա ընթացքում արտաժամյա ծառայությունը 300 ժամը չգերազանցելու կանոնի հետ բախման («Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդված, մաս 3), ինչպես նաև կատարողական վարույթների ծախսատարության մեծացման։

Ավելին, նկարագրված դեպքերում կատարողական գործողությունների իրականացումը բացառապես հարկադիր կատարողի կողմից հնարավոր համարելը խնդրահարույց է նաև այն համատեքստում, որ հնարավոր են բազմաթիվ դեպքեր, երբ հարկադիր կատարողն իր կողմից իրականացվող մի քանի կատարողական վարույթներով օպերատիվ արձագանք պահանջող միաժամանակ մի քանի գործողություն ստիպված լինի կատարել, ինչը վերջինս օբյեկտիվորեն չի կարող անել։ Նման դեպքերում ևս առանց կատարողական վարույթը փոխանցելու այդ գործողության կատարումն այլ հարկադիր կատարողի վերապահելու հնարավորության բացակայությունը խիստ խնդրահարույց է կատարողական գործողությունների օպերատիվությունն ու արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից։

Քննարկվող իրավիճակում կատարողական վարույթը հարկադիր կատարողից մեկ այլ հարկադիր կատարողի, օրինակ՝ Ծառայության մասնագիտացված ստորաբաժանման կամ մարզային բաժնի հարկադիր կատարողին փոխանցելը՝ միայն հետախուզվող տրանպորտային միջոցի հայտնաբերման կատարողական գործողությունը կամ այլ կոնկրետ կատարողական գործողությունն իրականացնելու համար, ևս խնդրահարույց է, քանի որ իր հերթին պահանջելու է համապատասխան որոշումների կայացում, բացի դրանից՝ արդյունավետ և նպատակահարմար չէ՝ հիմք ընդունելով նաև այն, որ կատարողական կոնկրետ գործողությունն այլ հարկադիր կատարողի միջոցով իրականացնելը դեռևս չի ենթադրում կատարողական վարույթն այլ հարկադիր կատարողի փոխանցելու անհրաժեշտություն։

Այսպիսով, առկա է անհրաժեշտություն՝ սահմանելու այնպիսի իրավակարգավորումներ, որը նկարագրված և նմանատիպ այլ դեպքերում հնարավորություն կտա կատարողական կոնկրետ գործողությունների իրականացումը հարկադիր կատարողի կողմից վերապահելու նույն կամ այլ ստորաբաժանման հարկադիր կատարողի՝ առանց լրացուցիչ և ժամանակատար վարչարարության և/կամ հարկադիր կատարողների խումբ ձևավորելու։

Կատարողական վարույթի ընթացքում, բացի կատարողական գործողություններից, անհրաժեշտ է իրականացնել մի շարք օժանդակ գործողություններ, որոնք իրենց բնույթով որոշակի մասնագիտական գիտելիք կամ կարողություններ են պահանջում և առավել նպատակահարմար է, որ իրականացվեն Ծառայության այլ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից։ Մասնավորապես, այդպիսի գործողություններ են, օրինակ, բռնագանձված գումարների բաշխումը՝ Ծառայության ֆինանսական բաժնի աշխատակիցների կողմից, առգրավված տրանսպորտային միջոցների և այլ գույքի, վտարված գույքի տեղափոխման գործողությունները՝ Ծառայության Տնտեսական բաժնի կողմից։ Բացի դրանից, հաշվի առնելով կատարողական վարույթում մի շարք գործողությունների իրականացումն էլեկտրոնային եղանակով, կատարողական վարույթի ընթացքում մի շարք գործողություններ հարկադիր կատարողի անունից և նրա հանձնարարությամբ կարող են իրականացվել Ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի, օրինակ՝ օպերատորների կողմից: Չնայած վերոգրյալին՝ գործող իրավակարգավորումները, կատարողական վարույթն իրականացնող համարելով բացառապես հարկադիր կատարողին, ըստ էության խնդրահարույց են նաև նմանատիպ օժանդակ գործողություններն այլ աշխատակիցների կամ այլ ստորաբաժանումների կողմից իրականացվելու տեսանկյունից։

Իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում Ծառայությունում հարուցված կատարողական վարույթները փոխկապակցված են, և մեկ վարույթի շրջանակում իրականացվող կատարողական գործողություններն ուղղակի անդրադարձ են ունենում այլ վարույթի շրջանակում իրականացվող կատարողական գործողությունների վրա։ Մինչդեռ պրակտիկայում նման վարույթներն իրականացվում են առանձին վարույթի ձևով, մի շարք դեպքերում՝ նույնիսկ տարբեր հարկադիր կատարողների կողմից, ինչն էականորեն բարդացնում է ողջ գործընթացը։ Այս իրավիճակը խնդրահարույց է նաև կատարողական թերթի ճիշտ և ժամանակին կատարման տեսանկյունից, ինչպես նաև մի շարք դեպքերում անհամատեղելի է կատարողական գործողություններն օպերատիվ կերպով կատարելու հրամայականի հետ։

Ավելին, նկարագրված դեպքերում կատարողական վարույթները որպես առանձին կատարողական վարույթներ իրականացնելը նաև էականորեն ծախսատար է և պահանջում է պետական բյուջեից զգալի միջոցների հատկացում, ինչպես նաև մարդկային ռեսուրսներ և ժամանակ։ Մինչդեռ կատարողական վարույթները միավորելու իրավական հնարավորության առկայությունը թույլ կտա առնվազն երկու անգամ կրճատել նման դեպքերում ծախսվող ֆինանսական ռեսուրսները՝ հանգեցնելով նաև հարկադիր կատարողի ծանրաբեռնվածության նվազեցման և ժամանակի ու մարդային ռեսուրսի խնայողության։

Միևնույն ժամանակ, առկա են մի շարք դեպքեր, երբ կատարողական կոնկրետ վարույթն իր հանգամանքներով բազմաշերտ է և բարդ, ենթադրում է միաժամանակ մի քանի տարբեր բնույթի կատարողական գործողությունների իրականացում, ինչպիսի պայմաններում այդ բոլոր գործողությունները մեկ կատարողական վարույթի շրջանակում իրականացնելը բարդ է, ժամանակատար և ոչ արդյունավետ։

Չնայած վերոգրյալին՝ Օրենքի գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս նկարագրված դեպքերում ո՛չ մի քանի վարույթները մեկ կատարողական վարությում միավորելու, ո՛չ կատարողական վարույթից այլ վարույթ առանձնացնելու։

 

  1. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը կատարողական մի շարք գործողություններ Ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանումների (տարածքային մարմինների) կողմից իրականացնելու հնարավորության ամրագրմամբ  այդ գործողությունների արդյունավետությունը բարձրացնելն է, այդ գործընթացի առավելագույն օպերատիվությունն ապահովելը, արդյունքում՝ կատարողական վարույթի արդյունավետության բարձրացումը։ Նախագծի ընդունումը թույլ կտա նաև ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ Ծառայությունում առանձին մասնագիտացված ստորաբաժանումներ ստեղծելու և կատարողական առավել բարդ, որոշակի մասնագիտացում պահանջող գործողություններն այդ ստորաբաժանումների միջոցով իրականացնելու համար։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի նաև կատարողական վարույթի շրջանակում մի շարք օժանդակ գործողություններ այլ աշխատակիցների կամ այլ ստորաբաժանումների միջոցով իրականացնելու արդյունքում նվազեցնել հարկադիր կատարողի ծանրաբեռնվածությունը և բարձրացնել կատարողական վարույթի արդյունավետությունը։

Նախագծի ընդունումը թույլ կտա նաև մի քանի վարույթները մեկ վարույթում միավորելու կամ կատարողական վարույթից այլ վարույթ առանձնացնելու միջոցով ապահովել կատարողական վարույթի առավել բազմակողմանի, լրիվ և պատշաճ իրականացումը՝ դրա արդյունքում ևս հանգեցնելով կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կատարողական վարույթում ծախսվող ֆինանսական ռեսուրսների խնայողությունը և հարկադիր կատարողի ծանրաբեռնվածության նվազեցումը։

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման, մասնավորապես՝ կատարողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակից:

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:


ՏԵՂԵԿԱՆՔ

««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ԿԱՄ  ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱ­ՄՈՒՏ­ՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱ­ԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    04.04.2022 - 19.04.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Compulsory enforcement of judicial acts, Constitutional and administrative legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4130

Print