Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագիծը ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1902-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 18․2-րդ կետով, որի համաձայն՝ մինչև 2022 թվականի 31-ը վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ առցանց դիմումի հիման վրա աշխատող կենսաթոշակառուի (նպաստառուի) կենսաթոշակ (նպաստ) վճարելու եղանակը ապահովելու իրավական հիմքերը ստեղծելու նպատակով։

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ կենսաթոշակի վճարման եղանակի փոփոխության համար կենսաթոշակառուն անձամբ պետք է դիմում ներկայացնի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին։

Հարկ է նաև նկատի ունենալ, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝  ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները վճարվում են կենսաթոշակի համար սահմանված կարգով։

Վերջին տարիներին սոցիալական ոլորտում առցանց մատուցվող ծառայությունների ընդլայնումը հնարավորություն է տալիս վերը նշված դիմումները աշխատող կենսաթոշակառուի (նպաստառուի) դեպքում ընդունել նաև առցանց։

Բացի այդ, կենսաթոշակային օրենսդրությամբ կարգավորված չեն կենսաթոշակը բանկային կամ հաշվարկային հաշվին փոխանցվելուց (կենսաթոշակը վճարելուց) հետո կենսաթոշակառուի մահանալու դեպքում հաշվում առկա միջացները տնօրինելու հետ կապված ընթացակարգերը։

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ:

2․ Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վճարման եղանակի փոփոխության համար դիմում կարող են ներկայացնել նաև առցանց՝ www.socservice.am կայքէջի միջոցով։

Ընդ որում, իրավակարգավորումների առումով կենսաթոշակառուն համարվում է աշխատող, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ առցանց դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ նա հանդիսանում է վարձու աշխատող կամ նոտար կամ գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր (եթե դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ անհատ ձեռնարկատերը չի ներկայացրել գործունեություն դադարեցնելու մասին հայտարարություն, իսկ այդպիսի հայտարարություն ներկայացրած լինելու դեպքում՝ հայտարարությունում նշված օրը դիմումը ներկայացնելու ամսվա 1-ից հետո է կամ հաշվառումից հանված չէ)։

Առցանց ներկայացված դիմումը մերժվում է, եթե «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա չէ տեղեկատվություն կենսաթոշակառուի՝ դիմում ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ  աշխատող հանդիսանալու վերաբերյալ կամ կենսաթոշակի վչարումը դադարեցված է։

Նախագծով առաջարկվում է նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա  բանկային կամ հաշվարկային հաշվին առկա մնացորդները վճարող կազմակերպության կողմից վճարել օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ժառանգության վկայագրի հիման վրա։

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կսահմանվի կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմումը ներկայացնելու առանձնահատկություն՝ նախատեսելով, որ աշխատող կենսաթոշակառուն դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց։

Կհստակեցվեն նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա  բանկային կամ հաշվարկային հաշվին առկա մնացորդի տնօրինման հետ կապված հարաբերությունները։

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես ապահովում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 18-րդ կետով նախատեսված միջոցառման կատարումը։

Այս տեսակետից ներկայացված նախագիծը նպատակ ունի ապահովել կենսաթոշակների վճարման գործընթացների լավարկումն և առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրի ընդլայնումը։

5․ Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Discussed

    24.03.2022 - 08.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3723

Print