«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մարտի 5-ի ՀՕ-309 օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքը կարգավորում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և իրականացման հիմնական սկզբունքների, խնդիրների, միջոցառումների, ղեկավարման, ուժերի, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների, նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում Կառավարության, պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ու պարտականությունների հետ կապված հարաբերությունները:
- Ազգային ժողովի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի, Դատական դեպարտամենտի, Դատախազության աշխատակազմի, քննչական մարմինների, Կենտրոնական բանկի, օրենքով ստեղծվող ինքնավար և անկախ մարմինների նկատմամբ տարածվում են պետական մարմինների համար սույն օրենքով սահմանված դրույթները։
Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
- քաղաքացիական պաշտպանություն՝ ռազմական գործողություններից բնակչության, նյութական և մշակութային արժեքների պաշտպանության կամ դրա նախապատրաստության նպատակով խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների համալիր.
- անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ՝ առաջնահերթ աշխատանքներ՝ ուղղված մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը, բնակչության ու փրկարարների կենսապահովման առաջնահերթ օբյեկտների ժամանակավոր սխեմաներով վերականգմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը.
- քաղաքացիական պաշտպանության ազդարարում՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, բնակչությանն ազդարարման համակարգերով և (կամ) այլ միջոցներով (եղանակներով) ազդարարման ազդանշանների, հնարավոր վտանգների, ինչպես նաև վարքականոնների և պաշտպանական միջոցառումների անցկացման անհրաժեշտության մասին հրատապ տեղեկատվության տրամադրում.
- տարահանում` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք մարդկանց, նյութական և մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխում ու տեղաբաշխում.
- տարահանման հանձնաժողով` քաղաքացիական պաշտպանության պետերի կողմից նշանակված անհատական կազմ, որը կազմակերպում ու ղեկավարում է տվյալ տարածքի բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), նյութական և մշակութային արժեքների տարահանման միջոցառումները.
- պատսպարում՝ զենքի տեսակների կիրառման կամ կիրառման սպառնալիքի դեպքում մարդկանց կյանքն ու առողջությունն ապահովելու նպատակով քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներում ժամանակավոր տեղավորում ու կենսապահովում.
- անհատական պաշտպանություն` մարդկանց ճառագայթային, քիմիական և կենսաբանական ներգործությունից անհատական պաշտպանության միջոցներով ապահովում.
- կարևորագույն նշանակության կազմակերպություն (օբյեկտ)՝ բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտներ.
- քաղաքացիական պաշտպանության օբյեկտ՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման համար քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական պաշտպանության ուժերի կողմից օգտագործվող քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ, շինություններ, ենթակառուցվածքներ, կառավարման կետեր, տեխնիկական (այդ թվում տրանսպորտային) միջոցներ․
- վտանգավոր տարածք` տեղանք կամ առանձին բնակավայր, որտեղ ռազմական գործողությունների հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ.
- բնակչության կենսապահովում՝ բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ ֆիզիոլոգիական, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարմանն ուղղված նվազագույն պայմանների ստեղծում և պահպանում` հաշվի առնելով ինքնուրույն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հղիների և կերակրող մայրերի կարիքները.
- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց՝ քաղաքաշինության ոլորտի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան շենքի նկուղային կամ որմնախարսխային հարկում (ներկառուցված) տեղակայված կամ բնակավայրի տարածքում առանձին կառուցված ստորգետնյա շինություն (ըստ անհրաժեշտության նաև վերգետնյա հատվածով)՝ ապաստարան, հակաճառագայթային կամ պարզագույն թաքստոց, մետրոպոլիտենի կայարան, թունել կամ այլ կառույց, որը պատսպարում է մարդկանց, մշակութային և նյութական արժեքները տարատեսակ զենքերի կիրառման ազդեցությունից.
- ապաստարան՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է զանգվածային ոչնչացման զենքի խոցման գործոնների ազդեցությունից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար.
- հակաճառագայթային թաքստոց՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է պատսպարվողներին իոնացնող ճառագայթման ներգործությունից պաշտպանելու համար.
- պարզագույն թաքստոց` շենքերի և շինությունների նկուղներ, կիսանկուղներ, ստորգետնյա շինություններ, արագ կառուցվող թաքստոցներ, քարանձավներ, քարայրներ, բնական խորշեր, որոնք նախատեսված են կամ կարող են հարմարեցվել պատսպարվողների վրա հարվածային ալիքի ազդեցությունը նվազեցնելու և բեկորներից պաշտպանելու համար.
- պատրաստում` քաղաքացիական պաշտպանության համակարգի օպերատիվ և արհեստավարժ գործելու նպատակով մշտապես պատրաստվածության վիճակի ապահովմանն ուղղված խաղաղ ժամանակ իրականացվող ուսումնական գործընթաց.
- քաղաքացիական պաշտպանության պլան՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, միջոցառումները (գործողություններն) ու դրանց իրականացման կարգը կանոնակարգող փաստաթղթերի փաթեթ՝ բնակչության, նյութական և մշակութային արժեքները պաշտպանելու համար.
- քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգ՝ խաղաղ ժամանակ՝ պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում ստեղծվող, ռազմական դրության պայմաններում բնակչության պաշտպանության խնդիրների արդյունավետ լուծման համար նախատեսված կառավարման մարմինների, կառավարման կետերի, կապի և ազդարարման համակարգերի, կառավարման ավտոմատացված համակարգերի և միջոցների, տեղեկատվության հավաքման, մշակման և հաղորդման համակարգերի փոխկապակցված ամբողջականություն.
- քաղաքացիական պաշտպանության ուժեր՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, փրկարար ուժեր և քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ.
- լիազոր մարմին՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.
- նյութական արժեքներ` արտադրական, արժութային արժեքներ, գյուղատնտեսական կենդանիներ, սննդամթերքի, դեղորայքի, բժշկական արտադրատեսակների պաշարներ, որոնք նախատեսված են քաղաքացիական պաշտպանության պլանով սահմանված միջոցառումների իրականացման համար.
- ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգ՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս շրջակա միջավայրի օբյեկտների (հողի, օդի, ջրի, բուսածածկույթի, սննդամթերքի, սննդահումքի, անասնակերի) ռադիոակտիվ, քիմիական աղտոտվածության ու կենսաբանական վարակվածության օպերատիվ որակական ցուցանշումը (ինդիկացիա) և շրջակա միջավայրից վերցված փորձանմուշներում, լաբորատոր պայմաններում ռադիոակտիվ, քիմիական նյութերի ու մանրէների քանակի որոշումն ու եզրակացության տրամադրման գործընթացը ապահովող պետական կառավարման համակարգի մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների ամբողջություն.
- տնտեսության և կազմակերպությունների կայուն գործունեության ապահովում՝ կազմակերպչական, ինժեներատեխնիկական և հատուկ տեխնոլոգիական միջոցառումների համալիր, որոնք իրականացվում են կազմակերպության անձնակազմի պաշտպանության, հակառակորդի կողմից խոցման միջոցների կիրառման հետևանքով հնարավոր կորուստների և ավերածությունների նվազեցման, սեղմ ժամկետներում խափանված արտադրության վերականգման, ինչպես նաև բնակչության կենսագործունեության ապահովման համար պայմանների ստեղծման նպատակով.
- գործունեության կայունության բարձրացման հանձնաժողով` մշտապես գործող կազմակերպչական, խորհրդակցական և հետազոտական մարմին` ստեղծված պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում ռազմական դրության և խաղաղ պայմաններում կազմակերպությունների գործունեության կայունության բարձրացման միջոցառումների պլանավորման, կազմակերպման և իրականացման վերահսկման նպատակով.
- տարահանման պլան՝ նախապես մշակված փաստաթուղթ, որով կանոնակարգվում են վտանգավոր տարածքից անվտանգ տարածք բնակչության (աշխատողների) տեղափոխման, տեղաբաշխման և բազմակողմանի կենսապահովման միջոցառումները, ինչպես նաև՝ նյութական և մշակութային արժեքների տեղափոխումը և պահպանումը․
- քաղաքացիական պաշտպանության ծառայություններ՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում միևնույն ուղղվածության ծառայություններ մատուցող և համատեղ գործելու ունակ կառավարման մարմինների, քաղաքացիական պաշտպանության ուժերի, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) արտահաստիքային կազմակերպչական միավորումներ․
- քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝ մարդկանց խմբեր, որոնք ուսուցանված (պատրաստված) են խոցման օջախներում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար, հագեցած են հատուկ տեխնիկայով, հանդերձանքով, գույքով և չեն մտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կազմի մեջ։
Հոդված 3. Քաղաքացիական պաշտպանության իրավական հիմքը
- Քաղաքացիական պաշտպանության իրավական ապահովման հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը և այլ իրավական ակտերը:
Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության համակարգը
- Քաղաքացիական պաշտպանության համակարգը ներառում է պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները։
Հոդված 5. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և իրականացման սկզբունքները
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն իրականացվում են հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության պաշտպանության գերակայությունն ու առաջնահերթությունը։
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են տարածքային և արտադրական առանձնահատկություններից ելնելով։
- Քաղաքացիական պաշտպանության ղեկավարումն իրականացվում է կենտրոնացված կառավարման սկզբունքով։
ԳԼՈՒԽ 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 6. Քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրները
- Քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրներն են.
- ռազմական գործողություններից բնակչության կյանքի և առողջության, նյութական և մշակույթային արժեքների պահպանությունն ու պաշտպանությունը.
- տնտեսության և կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը։
ԳԼՈՒԽ 3
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բաժանվում են նախապատրաստական և հիմնական միջոցառումների:
- Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն իրականացվում են խաղաղ ժամանակ:
- Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները կարող են իրականացվել նաև ռազմական դրության պայմաններում՝ քաղաքացիական պաշտպանության պլաններին համապատասխան:
- Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են ռազմական դրության պայմաններում՝ քաղաքացիական պաշտպանության պլաններին համաձայն:
ԳԼՈՒԽ 4
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 8. Քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը և մշտական պատրաստականության ապահովումը
- Քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը և մշտական պատրաստականության ապահովումը իրականացվում է սույն օրենքի 10-րդ գլխով սահմանված կարգով։
Հոդված 9. Քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակելի կառուցապատման, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում կարևորագույն նշանակության կազմակերպությունների (օբյեկտների) նպատակահարմար տեղաբաշխումը, դրանց անվտանգ և անխափան գործունեությանն ուղղված միջոցառումների ապահովումը
- Բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող և տրանսպորտի գործունեությունն ապահովող, բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտները բնակելի կառուցապատման, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում տեղաբաշխվում են ծրագրային փաստաթղթերի մշակմանը ներկայացվող պահանջներին համապատասխան, բնակելի տարածքներից անվտանգ հեռավորության վրա՝ դրանց խոցման կամ վթարի դեպքում մարդկային և նյութական կորուստների կանխման և հնարավորինս նվազեցման նպատակով։
- Քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակելի կառուցապատման, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում կարևորագույն նշանակության կազմակերպությունների (օբյեկտների) նպատակահարմար տեղաբաշխման, ինչպես նաև շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության միջոցառումները կազմակերպում և ապահովում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ գործող օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Հոդված 10. Քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի ստեղծումը և դրանց գործունեության ապահովումը
- Քաղաքացիական պաշտպանության պետերը ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգը, կազմակերպում են կառավարման մարմինների աշխատանքները և պատասխանատու են անընդհատ և կայուն կառավարման ապահովման համար։
- Քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգը կազմակերպվում է այն հաշվարկով, որ համակարգի գործունեության մեկ կամ մի քանի խաթարումները չխափանի ամբողջ համակարգի աշխատանքը։
- Քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի և ազդարարման համակարգերը ստեղծվում են խաղաղ և ռազմական դրության պայմաններում կառավարման անընդհատության ապահովման, պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ազդարարման կազմակերպման, քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների ղեկավարման իրականացման նպատակով։
- Բնակչության ազդարարման նպատակով ստեղծվող քաղաքացիական պաշտպանության լոկալ (տեղային) ազդարարման համակարգերը պետք է ապահովեն տվյալ համայնքի (վարչական շրջանի, բնակավայրի) կառուցապատման տարածքի ազդարարման ձայնածածկույթը և համակցվեն Լիազոր մարմնի կենտրոնացված ազդարարման համակարգին,
- Կարևորագույն նշանակության և զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների աշխատակիցների և հարակից վտանգավոր տարածքում բնակվող բնակչության ազդարարման նպատակով ստեղծվող քաղաքացիական պաշտպանության լոկալ (տեղային) ազդարարման համակարգերը պետք է ապահովեն տվյալ կազմակերպության և հարակից վտանգավոր տարածքի կառուցապատման գոտու ազդարարման ձայնածածկույթը և համակցվեն Լիազոր մարմնի կենտրոնացված ազդարարման համակարգին, ունենան տեղից ու կոնտրոնացված գործարկման հնարավորություն։
Հոդված 11. Պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումը և բնակչության ուսուցումը
- Քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման հիմնական նպատակն է՝ կատարելագործել աշխատողների տեսական գիտելիքները և գործնական ունակությունները` ուղղված քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, բնակչության, նյութական և մշակութային արժեքների պաշտպանությանը, պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կայուն գործունեության ապահովմանը։
- Քաղաքացիական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումն իրականացվում է ուսումնավարժություններին, վարժանքներին, դասախոսություններին, սեմինարներին, լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցության, ինքնուրույն պարապմունքների, ինչպես նաև դիդակտիկ նյութերի, հուշաթերթիկների, հոդվածաշարերի տրամադրման ու տեսալսողական տեղեկատվության սփռման միջոցով:
- Քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտի հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանում է Կառավարությունը։
- Ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում ներառվում է «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկա (դասընթաց)՝ Կառավարության կողմից սահմանված ժամաքանակներով։
Հոդված 12. Ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը
- Ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման նպատակն է՝
- քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս՝ շրջակա միջավայրի օբյեկտների (հողի, օդի, ջրի, բուսածածկույթի, սննդամթերքի, սննդահումքի, անասնակերի) ռադիոակտիվ, քիմիական աղտոտվածության ու կենսաբանական վարակվածության օպերատիվ որակական ցուցանշումը (ինդիկացիա).
- շրջակա միջավայրից վերցված փորձանմուշներում` լաբորատոր պայմաններում ռադիոակտիվ, քիմիական նյութերի ու մանրէների քանակի որոշումն ու եզրակացության տրամադրումը.
- մշտական հսկողության արդյունքների հիման վրա ռադիոակտիվ, քիմիական վտանգավոր գործոնների ու վարակիչ հիվանդությունների հարուցիչներից բնակչության և գյուղատնտեսության պաշտպանության առաջնահերթ միջոցառումների իրականացումը։
- Ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության գործընթացում ներգրավված պետական կառավարման համակարգի մարմինների հետ փոխգործողության կազմակերպումն իրականացնում է Լիազոր մարմինը։
- Ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 13. Պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության իրազեկման ապահովման համակարգի հիմնումը
- Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության իրազեկումն իրականացվում է տեղեկատվության տրամադրման միջոցով։
- Տեսողական և լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար տեղեկատվության հասանելիությունը ապահովվում է բրայլյան գրով, աուդիո տարբերակով, ժեստերի լեզվով, իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար՝ համապատասխան լեզուներով թարգմանությամբ։
- Պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության իրազեկումն ապահովում է Լիազոր մարմինը։
Հոդված 14. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծումը, շինարարությունը, վերակառուցումը, արդիականացումը, նոր շինարարության և կառուցապատման ժամանակ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախատեսումը և իրականացումը
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծումը, շինարարությունը, վերակառուցումը, արդիականացումը, նոր շինարարության և կառուցապատման ժամանակ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախատեսումը և իրականացումը կատարվում է սույն օրենքի 11-րդ գլխին համապատասխան:
2․ Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծումը, շինարարությունը, վերակառուցումը, արդիականացումը ներառում է՝
- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների շինարարությունը խաղաղ պայմաններում.
- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանումը շահագործման համար պատրաստ վիճակում.
- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.
- արագ կառուցվող և հակաճառագայթային թաքստոցների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:
Հոդված 15. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը
1․ Տեղական ինքնակառավարման մարմինները, Լիազոր մարմնի հետ համատեղ անցկացնում են բնակչության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներին ամրագրման միջոցառումներ:
2․ Պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն իրականացնում են իրենց աշխատակիցների ամրագրումը քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներին ։
Հոդված 16. Անհատական պաշտպանության միջոցների, սննդամթերքի, բժշկական պարագաների ու նյութատեխնիկական պաշարների կուտակումը և պահպանումը
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները ու կազմակերպությունները կուտակում և պահպանում են անհատական պաշտպանության միջոցների, սննդամթերքի, բժշկական պարագաների ու նյութատեխնիկական պաշարներ, որոնք ներառվում են քաղաքացիական պաշտպանության պլաններում և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցերում:
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների, սննդամթերքի, բժշկական պարագաների ու նյութատեխնիկական պաշարների անվանացանկը, չափաքանակը, ձեռքբերման, թարմացման և դուրսգրման կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 17. Քաղաքացիական պաշտպանության պլանների (պլան-ժամանակացույցերի) մշակումը
- Քաղաքացիական պաշտպանության պլանները դասակարգվում են՝
- քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլան.
- պետական, պետական կառավարման համակարգի մարմինների քաղաքացիական պաշտպանության պլան․
- մարզի քաղաքացիական պաշտպանության պլան.
- համայնքի (Երևան քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլան.
- 100 և ավելի աշխատող ունեցող կազմակերպության (անկախ կազմակերպական-իրավական ձևից) քաղաքացիական պաշտպանության պլան:
- Մինչև 100 աշխատող ունեցող կազմակերպությունը (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և անհատ ձեռնարկատերը մշակում են քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցեր:
- Քաղաքացիական պաշտպանության պլանների (պլան-ժամանակացույցերի) մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը ու քաղաքացիական պաշտպանության պլանների (պլան-ժամանակացույցերի) օրինակելի ձևերը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 18․ Բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանների մշակումը
- Բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանները մշակում են տարահանման համապատասխան հանձնաժողովները՝ լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանման հետ համատեղ:
- Բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանների ու փաստաթղթերի օրինակելի ձևերը և տարահանման միջոցառումների պլանավորման, ապահովման և անցկացման ուղեցույցը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
Հոդված 19. Պետական, պետական կառավարման համակարգի մարմինների, մարզերի, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումը
- Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման նպատակն է պետական, պետական կառավարման համակարգի մարմինների, մարզերի, համայնքների ու կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացման պատրաստվածության աստիճանի որոշումը։
- Պետական, պետական կառավարման համակարգի մարմինների, մարզերի, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումը պլանավորվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։
- Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումն կազմակերպվում և իրականացվում է Լիազոր մարմնի կողմից։
- Համալիր գնահատման նպատակը, բովանդակությունը, շրջանակը, ուղղությունները, ժամանակը, ընդգրկվող (գնահատվող) մարմինները, կազմակերպությունները, քաղաքացիական պաշտպանության ուժերը և միջոցները որոշվում են գնահատման հնգամյա պլանով, որը մշակում է Լիազոր մարմինը և հաստատում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը:
- Պետական, պետական կառավարման համակարգի մարմինների, մարզերի, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը:
ԳԼՈՒԽ 5
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 20. Պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ազդարարումն ու իրազեկումը
- Պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ազդարարումն իրականացվում է կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, համացանցային կապով ու հեռախոսակապով, տեսալսողական տեղեկատվության, բջջային կապի և այլ միջոցներով։
- Ազդարարման համակարգի փորձարկման և ազդարարման հաղորդագրությունների, ինչպես նաև այդ հաղորդագրություններով բնակչությանն առաջարկվող վարվելակերպի կանոնները հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
- Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտի լիազոր պետական մարմինը կազմակերպում և իրականացնում է կապի հանրապետական, տեղական և այլ ցանցերի առաջնահերթ օգտագործումը՝ պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ազդարարման նպատակով։
- Իրազեկումը իրականացվում է պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու բնակչությանն ազդարարման համակարգերով, զանգվածային լրատվության և (կամ) այլ միջոցներով (եղանակներով) տեղեկատվության տրամադրման միջոցով, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, բնակչության և տարածքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող կամ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև խուճապի կանխման ու քարոզչության նպատակով։
- Լիազոր մարմինը կազմակերպում է պետական, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության ազդարարումը և իրազեկումը, համակարգում Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության կենտրոնացված ազդարարման հանրապետական համակարգի գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները:
- Պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 21. Բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը և տեղաբաշխումը
- Տարահանումն իրականացվում է ռազմական դրության ժամանակ վտանգավոր տարածքից անվտանգ տարածք բնակչության, նյութական ու մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխման և տեղաբաշխման նպատակով։
- Տարահանման ենթակա մշակութային արժեքների ցանկը սահմանում է Կառավարությունը:
- Պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում, տարահանման միջոցառումների պլանավորման, նախապատրաստման ու իրականացման համար ստեղծվում են տարահանման հանձնաժողովներ:
- Տարահանման հանձնաժողովներն ստեղծվում են`
- հանրապետական տարահանման հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ.
- պետական, պետական կառավարման համակարգի մարմնի տարահանման հանձնաժողովը` պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի որոշմամբ.
- մարզային տարահանման հանձնաժողովները` տարածքային կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ.
- համայնքային տարահանման հանձնաժողովը` համայնքի ղեկավարի որոշմամբ․
- կազմակերպության տարահանման հանձնաժողովը` կազմակերպության ղեկավարի որոշմամբ։
- Տարահանման հանձնաժողովի նախագահ է նշանակվում հանձնաժողովը ստեղծող մարմնի ղեկավարի տեղակալը (այդպիսին չլինելու դեպքում՝ տվյալ ղեկավարի կողմից նշանակված անձը):
- Տարահանման հանձնաժողովների կազմում նշանակվում են պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զորահավաքային առաջադրանք ունեցող և տրանսպորտային կազմակերպությունների, հասարակական կարգի պահպանման ոլորտի լիազոր մարմնի ներկայացուցիչներ:
- Բնակչության տարահանման կազմակերպումը, տարահանված բնակչության տեղաբաշխումն ու կենսապահովումը և մշտական բնակության վայրեր բնակչության վերադարձն ապահովում են պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները` տարահանման հանձնաժողովների միջոցով՝ նախապես մշակված պլանների համաձայն:
- Տարահանման պլաններում ներառվում են նաև հաշմանդամություն, ինքնուրույն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց, ինչպես նաև հղիների և կերակրող մայրերի համար տարահանման կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները։
- Տարահանման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը, իսկ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում` տարածքային կառավարման մարմինները, համայնքները և տվյալ տարածքի զինվորական կայազորի պետը` իր իրավասության սահմաններում:
- Կազմակերպությունում նյութական և մշակութային արժեքների տարահանման վերաբերյալ որոշում ընդունում է տվյալ կազմակերպության ղեկավարը՝ համաձայն պետական, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից սահմանված ցանկի, իսկ ոչ պետական, պետական կառավարման համակարգի կազմակերպությունների նյութական և մշակութային արժեքները` համապատասխան արժեքները կառավարող մարմինները:
- Բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 22. Բնակչության պատսպարումը
- Բնակչության պատսպարումը քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներում մարդկանց կյանքի և գործունեության ապահովման հիմնական միջոցն է:
- Բնակչության պատսպարումն իրականացվում է հետևյալ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներում՝
1) ստորգետնյա հատուկ շինություններ` ապաստարաններ, թաքստոցներ (հակաճառագայթային, պարզագույն, նկուղներ, կիսանկուղներ, խորացված տարածքներ, հանքախորշեր, ստորգետնյա անցումներ), մետրոպոլիտեն.
2) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների տարածքներ՝ հարմարեցված թաքստոցներ, նկուղներ, կիսանկուղներ, ստորգետնյա հատվածներ։
- Բնակչության պատսպարման միջոցառումների կազմակերպման և իրականացման ընթացքում հաշվի են առնվում նաև հաշմանդամություն, ինքնուրույն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց, ինչպես նաև հղիների և կերակրող մայրերի համար պատսպարման հետ կապված առանձնահատկությունները։
- Բնակչության պատսպարման կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 23. Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.
- Անհատական պաշտպանության միջոցներով ապահովվում են՝
- փրկարար ուժերի անձնակազմը` զտող հակագազերով, շնչադիմակներով, մաշկի պաշտպանության միջոցներով, իսկ քիմիական վտանգավոր օբյեկտներում վթարի վերացման աշխատանքներին մասնակցող փրկարար ուժերի անձնակազմը նաև լրացուցիչ մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով.
- սահմանամերձ` մինչև 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և համազորային պաշտպանական լրակազմերով.
- կազմակերպությունների աշխատողները, Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և շնչադիմակներով.
- քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմը` մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով.
- բնակչությունը` զտող հակագազերով:
- Անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովման կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 24. Ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակչության բժշկական օգնության և սպասարկման ապահովումը
- Ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակչության բժշկական օգնության և սպասարկման ապահովումը ներառում է՝
- Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպումը.
- սանիտարահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացնումը:
- Ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակչության բժշկական օգնության և սպասարկման ապահովման պատասխանատուն է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը։
Հոդված 25. Վտանգավոր տարածքների բացահայտումը, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծումն ու վարակազերծումը
- Վտանգավոր տարածքների բացահայտման, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծման ու վարակազերծման ապահովման նպատակներն են՝
- շրջակա միջավայրի օբյեկտների (օդ, ջուր, հող, ընդերք, կենդանական և բուսական աշխարհ), պարենային հումքի, սննդամթերքի, անասնակերի ռադիոակտիվ, քիմիական աղտոտվածության ու կենսաբանական վարակվածության բացահայտումը և հնարավոր արագ հետազոտական մեթոդներով որակական և քանակական ցուցանիշների որոշումը.
- շրջակա միջավայրից վերցված փորձանմուշներում` լաբորատոր պայմաններում ռադիոակտիվ, քիմիական նյութերի բաղադրության ու միկրոօրգանիզմների տեսակի որոշումն ու եզրակացության տրամադրումը.
- ռադիոակտիվ, քիմիական նյութերից ու վարակիչ հիվանդությունների հարուցիչներից մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի պաշտպանության առաջնահերթ միջոցառումների իրականացումը։
- Վտանգավոր տարածքների բացահայտման, ռադիոակտիվ, քիմիական նյութերի ու վարակիչ հիվանդությունների հարուցիչների վնասազերծման և վարակազերծման գործընթացի համակարգումը, այդ գործընթացում ներգրավված պետական, պետական կառավարման համակարգի մարմինների հետ փոխգործողության կազմակերպումն իրականացնում է Լիազոր մարմինը:
- Վտանգավոր տարածքների բացահայտման, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծման ու վարակազերծման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 26․ Տարահանված բնակչության կենսապահովումը
- Տարահանված բնակչության կենսապահովման գործընթացը կազմակերպվում է տարածքային սկզբունքով:
- Պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձևից) կազմակերպում և իրականացնում են տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսապահովումը:
- Տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում տեղաբաշխված բնակչության կենսապահովման նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական պահուստի, Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների բյուջեների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
- Բնակչության տարահանման, հաշմանդամների, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տրանսպորտային ապահովումը, Լիազոր մարմնի ներկայացրած հայտերի համաձայն կազմակերպում և իրականացնում է տրանսպորտի ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինը։
- Տարահանված բնակչության կենսապահովման կարգն ու չափաքանակները սահմանում է Կառավարությունը։
Հոդված 27. Զոհվածների ճանաչման ներկայացնելը, հաշվառումը և հուղարկավորումը
- Բնակչության շրջանում զոհվածների ճանաչման ներկայացնելու, հաշվառման, միջոցառումները կազմակերպում և իրականացնում են տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները՝ Կառավարության սահմանած կարգով։
- Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումը` գերեզմանների տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումն իրականացվում է «Հուղարկավորության կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով սահմանված կարգով։
- Զոհվածների հուղարկավորումը բնակչության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ապահովման մասն է, որն իրականացվում է վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով:
Հոդված 28. Շրջակա միջավայրի, սննդամթերքի նկատմամբ ճառագայթային, քիմիական ու կենսաբանական մշտական հսկողության ուժեղացումը
- Ռազմական դրության ժամանակ` շրջակա միջավայրի օբյեկտներում ռադիոակտիվ նյութերի ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված թույլատրելի խտությունների գերազանցման, քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտությունների ավելացման, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ հանդիսացող միկրոօրգանիզմների հայտնաբերման և մարդկանց ու կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ծագման մասին տեղեկություններն ներկայացվում են Լիազոր մարմնին և վերադաս մարմին` ըստ գերատեսչական ենթակայության։
- Հետագա տեղեկատվությունը հաղորդվում է յուրաքանչյուր չորս ժամը մեկ անգամ՝ առկա կապուղիներով։
- Լիազոր մարմին ներկայացվող տեղեկատվական փաստաթղթերի ձևերը և լրացման կարգը յուրաքանչյուր մարմնի համար սահմանվում են վերադաս մարմնի կողմից:
Հոդված 29. Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խոցման օջախներում
- Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները կազմակերպում և իրականացվում են քաղաքացիական պաշտպանության պլաններին համապատասխան։
- Փրկարարական աշխատանքների ընթացքում իրականացվում են`
- աշխատանքային տեղամասերի ընդհանուր և հատուկ հետախուզություն.
- հրդեհների մեկուսացում և մարում.
- տուժածների որոնում և դուրս բերում վտանգավոր տարածքներից.
- թաքստոցների և ապաստարանների մուտքերի մաքրում.
- տուժածներին առաջին օգնության ցուցաբերում և բժշկական հաստատություններ տեղափոխում.
- վտանգավոր տարածքներից բնակչության տարահանում.
- բուժկանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ:
- Անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները ներառում են`
- ճանապարհների և կամուրջների մաքրում (վերականգնում).
- ջրամատակարարման, ջրահեռացման, կոյուղու, էլեկտրամատակարարման և կապի համակարգերի վթարների վերացում և վերականգնում․
- փլուզմամբ սպառնացող կոնստրուկցիաների (շինությունների) ամրացում կամ փլեցում.
- թաքստոցների և ապաստարանների վերականգնում.
- զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների գործունեության վերականգնում.
- փլուզումներում երթուղիների ստեղծում։
- Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասով սահմանված միջոցառումներն իրականացնում են պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն իրենց լիազորությունների շրջանակներում։
Հոդված 30. Հասարակական կարգի ապահովման ուժեղացումը
- Ռազմական դրության ժամանակ քաղաքներում և այլ բնակավայրերում, կազմակերպություններում (օբյեկտներում), տարահանման հավաքակայաններում ու տրանսպորտային մայրուղիներում հասարակական կարգի և գույքի պահպանման, ինչպես նաև տարահանված բնակավայրերում և օբյեկտներում մնացած գույքի պահպանությունը և տարահանման երթուղիներում ճանապարհային երթևեկության անվտանգությունը ապահովում է հասարակական կարգի պահպանման ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը։
Հոդված 31. Փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար Հայաստանի Հանրապետությունում գործող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի առաջնահերթ օգտագործումը
- Փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար Հայաստանի Հանրապետությունում գործող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի առաջնահերթ օգտագործման ապահովումը իրականացնում է կապի ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինը՝ ըստ քաղաքացիական պաշտպանության պլանի կամ ռազմական դրության ժամանակ ներկայացված հայտերի:
- Ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման, կառավարման և լրացուցիչ կապուղիների տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը.
Գ Լ ՈՒ Խ 6
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 32. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը
- Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ղեկավարումը:
- Լիազոր մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է:
- Պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման մարմինների, համայնքների ու կազմակերպությունների ղեկավարներն ի պաշտոնե հանդիսանում են համապատասխան պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման մարմինների, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պետեր:
- Լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդիսանում են համապատասխան մարզի և Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պետերի տեղակալներ:
- Քաղաքացիական պաշտպանության պետերն իրենց իրավասության սահմաններում՝
- ապահովում են քաղաքացիական պաշտպանության ուժերի մշտական պատրաստականությունը.
- կազմակերպում և ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
- ընդունում են քաղաքացիական պաշտպանությանը վերաբերվող իրավական ակտեր.
- հաստատում են քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով նախապատրաստման տարվա հիմնական միջոցառումների պլանը։
- Պետական, պետական կառավարման մարմինների, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պետերի տեղակալներ են հանդիսանում՝ պետական, պետական կառավարման մարմինների, համայնքների (բացառությամբ՝ Երևան քաղաքի) ու կազմակերպությունների պետերի կողմից նշանակված անձինք:
Հոդված 33․ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները
- Քաղաքացիական պաշտպանության ծառայություններ ստեղծվում են պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում միևնույն ուղղվածության ծառայություններ մատուցող կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից), քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործունեության կազմակերպման համար։
- Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն ստեղծվում են պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարների հրամաններով և որոշումներով․
- Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը։
ԳԼՈՒԽ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 34. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
- սահմանում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը.
- հաստատում է քաղաքացիական պաշտպանության զարգացման ծրագրերը և վերահսկում դրանց կատարումը.
- սահմանում է տարածքների և կազմակերպությունների դասակարգումը քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից.
- սահմանում է կառավարման (ղեկավարման) պահեստային կետերի բացազատման վայրերը (բացառությամբ ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի կառավարման պահեստային կետերի), դրանց ներկայացվող պահանջները և աշխատանքների կազմակերպման կարգը.
- սահմանում է քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների հաշվառման, պահպանության վիճակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը.
- սահմանում է գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը․
- ստեղծում է տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցների, բժշկական ու բժշկասանիտարական գույքի, նյութական այլ պաշարների ֆոնդեր.
- իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ իրավասություններ։
Հոդված 35. Լիազոր մարմնի իրավասությունը
- Լիազոր մարմինը՝
- քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը ներկայացնում է անվտանգության խորհուրդ՝ հաստատման.
- կազմակերպում է պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների գործունեությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում.
- կազմակերպում է պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պատրաստումն ու բնակչության ուսուցումը.
- ապահովում է տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցների, բժշկական ու բժշկասանիտարական գույքի, նյութական այլ պաշարների, ֆոնդերի նպատակային օգտագործումը.
- ստանում և ամփոփում է քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների հաշվառման, բնակչության ամրագրման վերաբերյալ տեղեկատվությունը, իրականացնում է դրանց պահպանության վիճակի մոնիթորինգ (մշտադիտարկում).
- մշակում և Վարչապետի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով նախապատրաստման տարվա հիմնական միջոցառումների հանրապետական պլանը.
- մշակում և հաստատում է քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով նախապատրաստման տարվա հիմնական միջոցառումների պլանի օրինակելի ձևերը․
- հսկողություն է իրականացնում փրկարար ուժերի գործունեության նկատմամբ.
- իր իրավասության սահմաններում մշակում է քաղաքացիական պաշտպանության ոլորտի իրավական ակտերի նախագծերը.
- կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական մարմինների միջև փոխգործակցությունը.
- տալիս է եզրակացություն ապաստարան կամ ՀՃԹ ներառող շինությունների քանդման վերաբերյալ։
Հոդված 36. Պետական, պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր իրավասությունները
- Պետական, պետական կառավարման համակարգի մարմինները՝
- կազմակերպում են իրենց աշխատողների պաշտպանությունը.
- կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.
- կազմակերպում են իրենց ենթակա կարևորագույն նշանակության կազմակերպությունների (օբյեկտների) և զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների կայուն գործունեությունը և պահպանությունը.
- իրենց լիազորությունների շրջանակներում ստեղծում և պահպանում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ գույքի, նյութատեխնիկական և այլ միջոցների պաշարներ.
- մշակում են իրենց քաղաքացիական պաշտպանության պլանը, նախապատրաստման հիմնական միջոցառումների ամենամյա պլանները և ապահովում դրանց կատարումը.
- ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի և ազդարարման համակարգեր և ապահովում դրանց գործունեությունը.
- իրենց լիազորությունների շրջանակներում կազմակերպում և իրականացնում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ.
- կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով համակարգի և ենթակա կազմակերպությունների պատրաստում և աշխատողների ուսուցում։
Հոդված 37. Տարածքային կառավարման մարմինների իրավասությունները
- Տարածքային կառավարման մարմինները՝
- պլանավորում, կազմակերպում և ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի տարածքում.
- համակարգում են կամավոր փրկարարական ուժերի ստեղծման և գործունեության ապահովման միջոցառումները.
- կազմակերպում են պետական, պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում.
- համակարգում են մարզի կարևորագույն նշանակության կազմակերպությունների (օբյեկտների) և զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների կայուն գործունեությունը.
- համակարգում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ գույքի, նյութատեխնիկական և այլ միջոցների պաշարների ստեղծման և պահպանման միջոցառումները.
- կազմակերպում և ապահովում են քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի և ազդարարման համակարգերի ստեղծման և մշտական պատրաստականության ապահովման գործընթացը.
- համակարգում են քաղաքացիական պաշտպանության գծով մարզի ղեկավար կազմի պատրաստման և բնակչության ուսուցման միջոցառումները.
- Լիազոր մարմնի հետ պլանավորում և իրականացնում են տուժած բնակչության կենսապահովման միջոցառումները.
- Լիազոր մարմնի հետ պլանավորում և իրականացնում են մարզի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը ու տեղաբաշխումը, ինչպես նաև տարահանվածների կենսապահովումը.
- կազմակերպում են մարզի բնակչության պատսպարման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման գործընթացը.
- ապահովում են ռազմական դրության ժամանակ էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման համակարգերի, տրանսպորտի, տրանսպորտային հաղորդակցության ուղիների պատրաստությունը․
- կազմակերպում են երկաթգծային և ավտոմոբիլային շրջանցիկ ուղիների կառուցումը.
- ապահովում են ջրամատակարարման աղբյուրների (կետերի) տեղաբաշխումը հնարավոր վտանգավոր գոտիների սահմաններից դուրս.
- ապահովում են մարզում երկուսից ոչ պակաս անկախ ջրավազանների առկայությունը։
Հոդված 38. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
- Տեղական ինքնակառավարման մարմինները, որպես պետության պատվիրակած լիազորություն՝
- կազմակերպում են համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն և իրականացումը.
- կազմակերպում են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները.
- համակարգում են քաղաքացիական պաշտպանության գծով համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի, ինչպես նաև համայնքային հիմնարկների, կազմակերպությունների աշխատողների պատրաստումը և բնակչության ուսուցումը.
- իրենց իրավասության սահմաններում իրականացնում են քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների հաշվառում, բնակչությանը քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներին ամրագրում.
- իրականացնում են համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը, բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, ինչպես նաև ընդունումը, տեղաբաշխումն ու կենսաապահովումը.
- իրականացնում է վթարային և վերականգնողական միջոցառումներ` արտակարգ իրավիճակներում համայնքային ենթակայության կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար.
- մշակում են գյուղատնտեսական կենդանիների հարկադիր զանգվածային սպանդի և անասնապահական մթերքների վերամշակման ու պահպանման միջոցառումները.
- սահմանում են կենդանիների պահելու ռեժիմները տարածքի ճառագայթային, քիմիական աղտոտվածության և կենսաբանական վարակվածության դեպքում.
- կազմակերպում են գյուղատնտեսական կենդանիների մասսայական պատվաստման միջոցառումները.
- ստեղծում են հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների պաշարներ` բույսերի հիվանդությունների դեմ պայքարի նպատակով և կազմակերպում դրանց պահպանությունը.
- ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժեր և ապահովում են այդ ուժերի պատրաստականությունը․
- ստեղծում են համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ։
- Տեղական ինքնակառավարման մարմինները, որպես սեփական լիազորություն՝
- ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի և լոկալ (տեղային) ազդարարման համակարգեր և ապահովում դրանց գործունեությունը.
- իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումը.
- իր իրավասության սահմաններում պլանավորում և իրականացնում են միջոցառումներ ռազմական դրության ժամանակ համայնքային ենթակառուցվածքների և կազմակերպությունների անխափան և անվտանգ գործունեության ապահովման ուղղությամբ։
ԳԼՈՒԽ 8
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 39. Կազմակերպությունների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները
- Կազմակերպությունների ընդհանուր իրավունքներն են՝
- ստանալ ճշգրիտ տեղեկություն իրենց պաշտպանվածության աստիճանի մասին.
- ստանալ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հետևանքով կրած վնասների համարժեք փոխհատուցում.
- ստանալ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ուսուցում.
- տեղեկացված լինել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների տեղակայման մասին:
- Կազմակերպությունների ընդհանուր պարտականությունները՝
- իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.
- պլանավորում, կազմակերպում և իրականացնում են կազմակերպությունում քաղաքացիական պաշտպանության միջոցառումները.
- մշակում են կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման ամենամյա պլաններ և ապահովում դրանց կատարումը.
- կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության գծով կազմակերպության ղեկավար կազմի պատրաստումն և աշխատողների ուսուցումը.
- հիմնում են կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդեր և իրականացնում աշխատողների պատսպարումը.
- քաղաքացիական պաշտպանության կարիքների համար տրամադրում են սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական և անշարժ գույք Կառավարության սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:
Հոդված 40․ Զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների ընդհանուր պարտականությունները
- Զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունները ռազմական դրության ժամանակ կազմակերպության կայուն գործունեության ապահովման ուղղությամբ՝
- ստեղծում են գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովներ և կազմակերպում նրանց աշխատանքը.
- ստեղծում են կազմակերպության վթարային կառավարման և տեղային ազդարարման համակարգեր և ապահովում նրանց անխափան աշխատանքը.
- մշակում են վթարային իրավիճակների առաջացման վտանգի նվազեցման, արտադրության անվթար կանգնեցման, վթարների տեղայնացման և հետևանքների վերացման, ինչպես նաև խափանված արտադրության վերականգման կազմակերպման հրահանգներ.
- նախապատրաստում են կազմակերպության ուժերը և միջոցները՝ վթարային իրավիճակների հետևանքների վերացման և արտադրության վերականգման միջոցառումների անցկացման համար.
- ստեղծում են կազմակերպությունում տեխնոլոգիական գործընթացի, արտադրամասերի տարածքների և օդային միջավայրի վտանգավոր նյութերով և փոշիացած մասնիկներով աղտոտվածության մակարդակի ավտոմատացված հսկողության համակարգեր.
- ստեղծում են ապաստարաններ կամ թաքստոցներ․
- ապահովում են կազմակերպության էներգամատակարարումը երկու անկախ աղբյուրներից.
- ապահովում են կազմակերպության ջրամատակարարումը երկու անկախ աղբյուրներից, որից մեկը նպատակահարմար է ունենալ ստորգետնյա.
- ապահովում են կազմակերպության գազամատակարարումը երկու անկախ աղբյուրներից.
- խոցման միջոցների կիրառման դեպքում կազմակերպության աշխատանքը փոխադրում են վթարային ռեժիմի.
- խոցման միջոցների կիրառման հետևանքների վերացումից հետո կազմակերպում են կազմակերպության աշխատանքի վերականգնումը.
- կուտակում են անհատական պաշտպանության միջոցները.
- ստեղծում են քիմիապես վտանգավոր օբյեկտներում թափված քիմիական վտանգավոր նյութերի չեզոքացման և տարածքի, վարակված շինությունների, տրանսպորտային միջոցների, հագուստի, կոշիկի ապագազացման համար նախատեսված նյութերի պաշարներ.
- նախատեսում և ներդնում են քիմիական վտանգավոր նյութերի արտանետումների չեզոքացման ավտոմատացված համակարգեր.
- մշակում և իրականացնում են կազմակերպության տարածքի պահպանության միջոցառումները։
Հոդված 41. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) պարտականությունները
- Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (անկախ կազմակերպաիրավական ձևից) կազմակերպությունները՝
- ստեղծում և պահպանում են անձեռնմխելի դեղորայքի, վիրակապական նյութերի, բժշկական գույքի, մահճակալային ֆոնդեր.
- կնքում են պայմանագրեր տրանսպորտային կազմակերպությունների հետ հիվանդներին (վիրավորներին) տարահանելու համար բժշկական հաստատություններին մեքենաներ տրամադրելու նպատակով:
Գ Լ ՈՒ Խ 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 42. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն և պարտականությունները
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն՝
- ստանալ ճշգրիտ տեղեկություն իրենց պաշտպանվածության աստիճանի մասին.
- ստանալ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հետևանքով կրած վնասների համարժեք փոխհատուցում.
- ստանալ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի ուսուցում.
- տեղեկացված լինել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների տեղակայման մասին և ըստ պաշտպանական կառույցի իրենց ամրագրման մասին.
- մասնակցել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են՝ ռազմական դրության ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովման համար տրամադրել սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական և անշարժ գույք, ներառյալ տրանսպորտային միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:
Հոդված 43. Քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները
- Քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների իրավունքները սահմանվում են սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն:
- Քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են կատարել պատսպարման, վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման, ինչպես նաև բնակչության կողմից վարվելակերպի կանոնների պահպանման վերաբերյալ ազդարարման և իրազեկման համակարգով տրված քաղաքացիական պաշտպանության համակարգի մարմինների հրահանգները:
- Քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 10
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ
Հոդված 44. Քաղաքացիական պաշտպանության ուժերը
- Քաղաքացիական պաշտպանության ուժերն են՝
- քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները.
- փրկարար ուժերը.
- քաղաքացիական պաշտպանության կազմավորումները:
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին կարող են ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետությանզինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումներն ու զինվորական այլ կազմակերպություններն, աշխարհազորը:
Հոդված 45. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները
- Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ընդգրկվում ենլիազոր մարմնի կազմում, համարվում են մշտական պատրաստության փրկարարական ստորաբաժանումներ և նախատեսված են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար:
- Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը և իրավասությունը կարգավորվում են Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին օրենքով:
Հոդված 46. Փրկարար ուժերը
- Փրկարար ուժերը ստեղծվում են լիազոր մարմնի կազմում, կարող են ստեղծվել համայնքների ղեկավարների կողմից՝ միջհամայնքային և համայնքային փրկարար ուժերը, կազմակերպությունների կողմից՝ այլ փրկարար ուժերը:
- Փրկարար ուժերի ստեղծման և գործունեության հիմքերն ու կարգը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող փրկարարների և քաղաքացիների իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները և նյութական ապահովության հիմքերը կարգավորվում են Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին օրենքով:
Հոդված 47. Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները
- Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները նախատեսված են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար։
- Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները ստեղծվում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերի որոշումներով:
- Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Կազմավորումների տեսակները, թիվը, կազմակերպական կառուցվածքը և հագեցվածության (ապահովման) նորմերը մշակում ու հաստատում են կազմավորումներ ստեղծող քաղաքացիական պաշտպանության պետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:
- Կազմավորումների ապահովումը հատուկ տեխնիկայով և տրանսպորտային միջոցներով իրականացվում է՝
- պետական կառավարման համակարգի մարմիններին պատկանող տեխնիկական միջոցներով.
- համայնքին, կազմակերպությանը և ֆիզիկական անձին պատկանող տեխնիկական միջոցներով՝ պայմանագրային հիմունքներով՝ բացառությամբ ռազմական դրության ժամանակ միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության զինված ուժերին և այլ զորքերին ամրագրված տեխնիկական միջոցների:
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ, ինչպես նաև հատուկ տակտիկական ուսումնավարժությունների ընթացքում կազմավորումների ապահովումը սննդով կարող է իրականացվել՝
- համայնքի, կազմակերպության տարածքում գործելու դեպքում՝ համայնքի և կազմակերպության միջոցներով.
- մի քանի համայնքի կամ կազմակերպության տարածքներում գործելու դեպքում՝ այդ համայնքների և կազմակերպությունների միջոցներով՝ պայմանագրային հիմունքներով:
- Կազմավորումների պատրաստվածության վիճակը գնահատվում է քաղաքացիական պաշտպանության ուսումնավարժությունների ընթացքում՝ այդ ուսումնավարժություններին կազմավորումների ընդգրկմամբ և ամեն տարի ուսումնական տարվա վերջում հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացմամբ:
- Կազմավորումների պատրաստության վիճակի պլանային և արտապլանային ստուգումներ կարող են իրականացնել՝
1) լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված այլ պաշտոնատար անձինք՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.
2) պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները՝ իրենց ենթակա կազմակերպություններում.
3) մարզպետը՝ մարզի տարածքում.
4) համայնքի, կազմակերպության ղեկավարը՝ համապատասխան համայնքում, կազմակերպությունում.
5) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ այլ պաշտոնատար անձինք:
- Կազմավորումների գործունեությունն իրականացվում է միանձնյա ղեկավարման սկզբունքով՝ համագործակցելով քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ընդգրկված կառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ ուժերի հետ:
- Կազմակերպությունների կազմավորումները գործում են տվյալ կազմակերպության տարածքում, իսկ մարզի, համայնքի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետի համաձայնությամբ՝ նաև այլ վայրերում:
- Համայնքային կազմավորումերը գործում են տվյալ համայնքի տարածքում և մարզի այլ համայնքների տարածքում՝ համապատասխան մարզպետի որոշմամբ:
- Կազմավորումների անձնակազմերի ազդարարումն ու հավաքն իրականացվում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերի կողմից հաստատված՝ ազդարարման և հավաքի սխեմայի համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 11
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
Հոդված 48. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների համակարգը
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների համակարգը ապաստարանների, հակաճառագայթային և պարզագույն թաքստոցների ամբողջություն է, որն ապահովում է բնակչության պատսպարումը:
- Ապաստարանները նախատեսված են ռազմական դրության ժամանակ գործունեությունը շարունակող կազմակերպությունների աշխատողների և (կամ) այդ կազմակերպությունների հարակից տարածքներում բնակվող մարդկանց պատսպարման համար:
- Հակաճառագայթային թաքստոցները նախատեսված են Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչության և կազմակերպությունների աշխատողների պատսպարման համար, ինչպես նաև թույլ ավերածությունների գոտում (0,1-ից 0,2 կգ/սմ2) գտնվող բնակչության և կազմակերպությունների աշխատողների պատսպարման համար:
- Պարզագույն թաքստոցները նախատեսված են թույլ ավերածությունների գոտուց դուրս գտնվող բնակչության և կազմակերպությունների աշխատողների պատսպարման համար:
- Արագ կառուցվող թաքստոցները կառուցվում են հակառակորդի հարձակման սպառնալիքի ժամանակ և նախատեսվում են քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներին չամրագրված բնակչությանը պատսպարելու համար:
- Մետրոպոլիտենի ստորգետնյա կայարանները և թունելները նախատեսվում են բնակչության պատսպարման համար:
- Ապաստարանների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 49. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդի կուտակումը
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդի կուտակումն իրականացվում է՝
- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների շինարարությամբ.
- նախկինում կառուցված և նպատակային օգտագործման ոչ պիտանի ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների վերակառուցմամբ և վերանորոգմամբ.
- ռազմական դրության ժամանակ պարզագույն թաքստոցները (նկուղները) հակաճառագայթային թաքստոցների նորմատիվ պահանջներին հարմարեցմամբ.
- արագ կառուցվող թաքստոցների նախատեսմամբ:
- Քաղաքաշինության ոլորտի պետական կառավարման մարմինը՝
- համակարգում է կառույցների վաղօրոք նախապատրաստման, պահպանման, շահագործման, ինչպես նաև կառուցման, վերակառուցման ու նորոգման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքները․
- hաստատում է նոր շինարարության և կառուցապատման ժամանակ քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների նախատեսման և իրականացման շինարարական նորմերը:
- Տեղական ինքնակառավարման մարմինները կազմակերպում և վերահսկում են քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների վաղօրոք նախապատրաստման, պահպանման, շահագործման, ինչպես նաև կառուցման, վերակառուցման ու նորոգման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում բնակչության պատսպարման նպատակով։
Հոդված 50. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պատրաստականության վիճակի ապահովումը
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանումը իրականացվում է քաղաքաշինության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմերին և կանոններին համապատասխան:
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները խաղաղ ժամանակ կարող են օգտագործվել տնտեսական նպատակներով՝ պահպանելով դրանց պատրաստականության վիճակի բերելու հնարավորությունը քաղաքացիական պաշտպանության պլաններով նախատեսված ժամկետներում:
- Պետական և պետական մասնակցությամբ կազմակերպությունների մասնավորեցման ընթացքում ապաստարանները և հակաճառագայթային թաքստոցները մասնավորեցման ենթակա չեն: Դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվում են մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների գույքի կազմից և հանձնվում Լիազոր մարմնի տնօրինությանը:
- Ապաստարան կամ հակաճառագայթային թաքստոց ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև տնտեսական նպատակներով տվյալ կառույցն օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք Լիազոր մարմնի հետ կնքում են քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի պահպանման, տնտեսական նպատակով օգտագործման և պատրաստականության բերման մասին պայմանագիր: Բնակավայրերի տարածքում տեղակայված պարզագույն թաքստոցների տարածքները տնտեսական նպատակով օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք համայնքի ղեկավարի հետ կնքում են պայմանագիր տվյալ տարածքներն, անհրաժեշտության դեպքում, բնակչության պատսպարման կազմակերպման համար օգտագործելու վերաբերյալ: Նշված պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանման, շահագործման, վերականգման, վերանորոգման և սարքավորումների փոփոխման նախագծման ու իրականացման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն և ֆինանսավորումն իրականացվում է՝
- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն (պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման մարմինների տնօրինության ներքո գտնվող քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ), ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին.
- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն և գտնվում են կազմակերպությունների տարածքներում և նախատեսված են տվյալ կազմակերպության աշխատողների պատսպարման համար, ֆինանսավորվում են տվյալ կազմակերպության հաշվին՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի պահպանման, տնտեսական նպատակով օգտագործման և պատրաստականության բերման մասին պայմանագրի համաձայն.
- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները, որոնք մասնավորեցված են և հանդիսանում են կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց սեփականություն և նախատեսված են տվյալ կազմակերպության աշխատողների պատսպարման համար, ֆինանսավորվում են տվյալ կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի պահպանման, տնտեսական նպատակով օգտագործման և պատրաստականության բերման մասին պայմանագրի համաձայն:
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառներում վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների վերաբերյալ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառների նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների շինարարության, վերանորոգման, պահպանման և շահագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 12
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 51. Նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական աղբյուրները
- Պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքների բյուջեների, կազմակերպությունների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետական սեփականություն չհամարվող գույքի ու այլ արժեքների տիրապետումը և օգտագործումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:
ԳԼՈՒԽ 13
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 52. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
1․ Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 53. Օրենքի ուժի մեջ մտնելը և օրենքից բխող իրավական ակտերի ընդունումը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնութ ամսյա ժամկետում:»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել նոր 15.2 գլուխ՝ հետևյալ բովանդակությամբ․
«ԳԼՈՒԽ 15.2
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 213.3. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանության վիճակի մոնիթորինգի (մշտադիտարկում) իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանության վիճակի մոնիթորինգի (մշտադիտարկում) իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև տասնապատիկի չափով։
Հոդված 213.4. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների հաշվառման իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների հաշվառման իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով.
- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև տասնապատիկի չափով,
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև տասնապատիկի չափով։
Հոդված 213.5. Զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների կողմից ռազմական դրության ժամանակ կազմակերպության կայուն գործունեության ապահովման ուղղությամբ «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը
- Զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների կողմից ռազմական դրության ժամանակ կազմակերպության կայուն գործունեության ապահովման ուղղությամբ «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
Հոդված 213.6. Ապաստարան կամ հակաճառագայթային թաքստոց ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև տնտեսական նպատակներով տվյալ կառույցն օգտագործող կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից քաղաքացիական պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի պահպանման, տնտեսական նպատակով օգտագործման և պատրաստականության բերման մասին պայմանագիր կնքելուց հրաժարվելը
- Ապաստարան կամ հակաճառագայթային թաքստոց ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև տնտեսական նպատակներով տվյալ կառույցն օգտագործող կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից քաղաքացիական պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի պահպանման, տնտեսական նպատակով օգտագործման և պատրաստականության բերման մասին պայմանագիր կնքելուց հրաժարվելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով․
- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Հոդված 213.7. Բնակավայրերի տարածքում տեղակայված պարզագույն թաքստոցների տարածքները տնտեսական նպատակով օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից համայնքի ղեկավարի հետ տվյալ տարածքների բնակչության պատսպարման կազմակերպման համար օգտագործելու վերաբերյալ պայմանագիր կնքելուց հրաժարվելը
- Բնակավայրերի տարածքում տեղակայված պարզագույն թաքստոցների տարածքները տնտեսական նպատակով օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից համայնքի ղեկավարի հետ տվյալ տարածքների բնակչության պատսպարման կազմակերպման համար օգտագործելու վերաբերյալ պայմանագիր կնքելուց հրաժարվելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով․
- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև տասնապատիկի չափով։
Հոդված 213.8. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (անկախ կազմակերպաիրավական ձևից) կազմակերպությունների կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը
- Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (անկախ կազմակերպաիրավական ձևից) կազմակերպությունների կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Հոդված 213.9. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանման և շահագործման կանոնները (պահանջները) չպահպանելը կամ խախտելը
1․ Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանման և շահագործման կանոնները (պահանջները) չպահպանելը կամ խախտելը ՝
- առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
Հոդված 213.10. Քաղաքացիական պաշտպանության ազդարարման համակարգերի ստեղծման և դրանց գործունեության ապահովման պահանջները չկատարելը կամ խախտելը
- Քաղաքացիական պաշտպանության ազդարարման համակարգերի ստեղծման և դրանց գործունեության ապահովման պահանջները չկատարելը կամ խախտելը՝ առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
- Վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո` վեց ամսվա ընթացքում խախտումը չվերացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի չափով․
- առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 213.11. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը ՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Հոդված 213.12. Մշակված, համաձայնեցված և հաստատված քաղաքացիական պաշտպանության պլաններ կամ պլան-ժամանակացույցեր չունենալը
- Մշակված, համաձայնեցված և հաստատված քաղաքացիական պաշտպանության պլաններ կամ պլան-ժամանակացույցեր չունենալը՝
- առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
- Վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո` վեց ամսվա ընթացքում խախտումը չվերացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.
- առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Հոդված 213.13. Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով նախապատրաստման տարվա հիմնական միջոցառումների պլան չունենալը
- Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով նախապատրաստման տարվա հիմնական միջոցառումների պլան չունենալը՝ առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
2.Վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում խախտումը չվերացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով։
- առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 214-րդ հոդվածում «արդարադատության նախարարության մարմինները,» բառերից հետո լրացնել «Արտակարգ իրավիճակների նախարարության մարմինները, Առողջապահութան նախարարության մարմինները,» բառերը։
Հոդված 3. Օրենսգրքի 219 1 -ին հոդվածի երկրորդ մասում «189.18-րդ» թվերից հետո լրացնել «, 213.4-րդ, 213.7-րդ» թվերը։
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 225.1-ին և 225.2-րդ հոդվածներով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 225.1 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մարմինները
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 213.3-րդ, 213.5-րդ, 213.6-րդ, 213.9-րդ, 213.10-րդ, 213.11-րդ, 213.12-րդ և 213.13-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում, վարչական տույժեր նշանակում է փրկարար ծառայության տնօրենը:
Հոդված 225.2 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 213.8-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում, վարչական տույժեր նշանակում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարը։»։
Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 7-րդ կետում «հոդվածներով» բառից առաջ լրացնել «, 213.3 – 213.13» թվերը։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից քսանչորս ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատրյան |
2022 թ. ——— —— Երևան ՀՕ-———-Ն |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Հոդված 41. Համայնքի ղեկավարի լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում
- Համայնքի ղեկավարը արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները՝
- պլանավորում և իրականացնում է միջոցառումներ ռազմական դրության ժամանակ համայնքային ենթակառուցվածքների և կազմակերպությունների անխափան և անվտանգ գործունեության ապահովման ուղղությամբ.
- ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի և լոկալ (տեղային) ազդարարման համակարգեր և ապահովում դրանց գործունեությունը․
- իրականացնում է համայնքի բնակչության ազդարարումը:
- Համայնքի ղեկավարը արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները՝
- կազմակերպում է համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.
- իրականացնում է համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը, բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, ինչպես նաև տարահանված բնակչության ընդունումը, տեղաբաշխումն ու կենսաապահովումը.
- ստեղծում է համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.
- ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժեր և ապահովում այդ ուժերի պատրաստականությունը.
- իրականացնում է վթարային և վերականգնողական միջոցառումներ` արտակարգ իրավիճակներում համայնքային ենթակայության կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար.
- կազմակերպում է փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ համայնքի տարածքում.
- իրականացնում է սեյսմիկ ռիսկը նվազեցնելու, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումներ համայնքի տարածքում.
- համակարգում է քաղաքացիական պաշտպանության գծով համայնքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև համայնքային հիմնարկների, կազմակերպությունների աշխատողների պատրաստումը և բնակչության ուսուցումը.
- ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի և լոկալ (տեղային) ազդարարման համակարգեր և ապահովում դրանց գործունեությունը.
- իր իրավասության սահմաններում իրականացնում է քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների հաշվառում, բնակչությանը քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներին ամրագրում.
- մշակում է գյուղատնտեսական կենդանիների հարկադիր զանգվածային սպանդի և անասնապահական մթերքների վերամշակման ու պահպանման միջոցառումները.
- սահմանում է կենդանիների պահելու ռեժիմները համայնքի վարչական տարածքի ճառագայթային, քիմիական աղտոտվածության և կենսաբանական վարակվածության դեպքում.
- կազմակերպում է գյուղատնտեսական կենդանիների մասսայական պատվաստման միջոցառումները.
- ստեղծում է հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների պաշարներ` բույսերի հիվանդությունների դեմ պայքարի նպատակով և կազմակերպում դրանց պահպանությունը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի 3-րդ հոդվածում լրացնել նոր 4-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Պետական և պետական մասնակցությամբ կազմակերպությունների մասնավորեցման ընթացքում ապաստարանները և հակաճառագայթային թաքստոցները մասնավորեցման ենթակա չեն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
21.03.2022 - 05.04.2022
-
Type
Law
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 4654
Print