Under development
Երաշխավորության եվ ֆինանսական համակարգի հաշտարարի օրենսդրության փոփոխություններ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 56-րդ կետով:
Նախագծի ներկայացման նպատակը երաշխավորության ինստիտուտի կատարելագործում և երաշխավորների իրավունքների պաշտպանությունն է:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Խնդրի էությունն այն է, որ ՀՀ-ում երաշխավորների պաշտպանվածությունը չափազանց ցածր մակարդակի վրա է: Մասնավորապես՝
- Օրենսդրորեն բացակայում են երաշխավորներին ծանուցումների մեխանիզմները: Արդյունքում երաշխավորները անտեղյակ են լինում, որ պարտապանը չի վճարում պարտքը եվ պարտքի վրա կուտակված տույժերն ու տոկոսները պարտավոր է լինում վճարել երաշխավորը, այնինչ եթե երաշխավորը տեղեկացված լիներ պարտավորության չվճարման փաստի մասին, կվճարեր ավելի շուտ եվ պարտքի չափն էլ էապես քիչ կլիներ:
- Մյուս խնդիրը կապված է վարկատու կառուցների կողմից տեղեկատվության բացահայտման կամ տրամադրման հետ: Վարկատու կազմակերպությունները պատշաճ տեղեկատվություն չեն բացահայտում երաշխավորին, որի արդյունքում երաշխավորը գիտակցված որոշում չի կայացնում երաշխավորություն տալու ժամանակ:
- Բացի այդ, երաշխավորության գործողության ժամանակահատվածում երաշխավորը զրկված է երաշխավորված պարտավորության մասին տեղեկատվություն ստանալու իրավունքից, անտեղյակ է, թե ինչ չափով է մնացել երաշխավորված պարտավորությունը, մարման գրաֆիկը ինչպիսին է եվ այլն.
- Պրակտիկայում լինում են դեպքեր, որ առանց երաշխավորի գիտության երաշխավորված պարտավորությունը փոփոխվում է միակողմանի՝ մեծացնելով երաշխավորի բեռը:
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում են երաշխավորի համապարտ պարտավորություն, ինչը նշանակում է, որ երաշխավորը վարկառուի հետ համահավասար պայմաններում պատասխանատվություն է կրում այդ պարտավորության համար: Միջազգային պրակտիկայում գործում է այլ կարգավորում՝ երաշխավորի պարտավորությունը սուբսիդիար է, ինչը ավելի մեղմ է, քան համապարտ պարտավորությունը:
- Մեր կարծիքով համապարտ պարտավորություն պետք է նախատեսել այն պարտավորությունների համար, երբ երաշխավորը ի վիճակի է օբյեկտիվ գնահատական տալ պարտապանի գույքային դրության վերաբերյալ, ստուգել նրա վարկային պատմությունը, վերահսկել նրա կանխիսկ հոսքերը, քանի որ նա դառնում է ըստ էության համավարկառու: Սակայն մեր օրենսդրությամբ բացակայում են այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան երաշխավորներին գնահատել նշված հանգամանքները: Ուստի եվ, կարծում ենք, որ սուբսիդիար պարտավորություն պետք է նախատեսել հենց այն երաշխավորների համար, ովքեր կարող են գնահատական տալ պարտապանի գույքային դրությանը, ստուգել նրա վարկունակությունը, վերահսկել նրա կանխիկ հոսքերը:
Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Օրենսդրական փոփոխությունները հնարավորություն կտան լուծելու այն խնդիրները, որոնք առաջանում են երաշխավորների հետ եվ պաշտպանելու երաշխավորների շահերը:
Մասնավորապես Նախագծով սահմանվել են՝
- Երաշխավորին պարտապանի պարտավորության վերաբերյալ ծանուցումների մեխանիզմներ՝ պարտապանի կողմից պարտավորության չկատարման դեպքում ոչ ուշ հենց հաջորդ օրը երաշխավորը պետք է ծանուցվի, երաշխավորն ամբողջ ինֆորմացիան ունի հիմնական պարտավորության վերաբերյալ և այլն: Ընդ որում՝ երաշխավորին չծանուցած օրերի համար տույժ, տուգանքներ չի թույլատրվում հաշվարկել ու գանձել:
- Երաշխավորին պետք է բացատրվի երաշխավորությամբ ստանձնվող պատասխանատվության մասին, մատչելի ձևով ներկայացվի երաշխավորվող մայր գումարը, տույժերն ու տոկոսները, ժամկետը և այլն.
- Երաշխավորության պայմանագրով արգելվում է նախապես սահմանված այն պայմանը, որի համաձայն երաշխավորը տալիս է իր համաձայնությունը երաշխավորի պարտավորությունը մեծացնելու վերաբերյալ. այդպիսի պայմանի նախատեսությումը պայմանագրում առոչինչ է:
- Ֆիզիկական անձ երաշխավորի պարտականությունը սուբսիդիար է: Բացառություն է, երբ դա նախատեսված է պայմանագրով և միաժամանակ
- երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողները, երեխաները, կինը, ամուսինը.
- երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի բաժնետեր.
- երաշխավորը պարտատիրոջ առջև հայտարարել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն:
- Սուբսիդիար պատասխանատվությունը նշանակում է, որ պարտարերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին և սպառվի նրա կողմից պահանջի բավարարման նշված միջոցները, և միայն դրանից հետո պարտատիրոջ պահանջ չբավարարվելու դեպքում պահանջ ներկայացնի երաշխավորին:
- Տրված երաշխավորությունը պետք է համահունչ լինի երաշխավորի գույքային դրությանը: Հակառակ պարագայում դատարանը կարող է նվազեցնել երաշխավորված գումարը:
Նշված փոփոխությունների ընդունման արդյունքում երաշխավորների իրավունքները պատշտանված կլինեն:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Արթուր Ջավադյան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 55-րդ կետով:
Նախագծի ներկայացման նպատակը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից սպառողների իրավունքների ընդգրկում պաշտպանության իրականացումն է, ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի ու ֆինանսական համակարգում վեճերի լուծման գործընթացների կատարելագործումը:
Ընթացիկ իրավիճակը, խնդիրները, կարգավորման առարկան
2008 թվականից ի վեր գործում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքը, որը ունի կիրառման ժամանակ ի հայտ եկած խնդիրներ: Այդ խնդիրները մասնավորապես կապված են՝
- Հաշտարարին դիմող անձանց շրջանակը: Այժմ երաշխավորները, երրորդ անձ գրավառուները ունենում են գույքային վեճեր ֆինանսական կազմակերպությունների հետ, սակայն չեն կարողանում դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Նախագծով իրավունք է տրվում դիմելու հաշտարարին: Այդ ցանկի մեջ ներառվել են նաեվ փոքր անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք, քանի որ Հաշտարարի ինստիտուտի գործելակերպը օպերատիվ է ու անվճար:
- Նման փոփոխության անհրաժեշտությունը բխում է նաեվ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից՝ օրենսդրական այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնց համաձայն կբեռնաթափվի ՀՀ դատական համակարգը:
- Գույքային պահանջի սահմանման հստակեցումը: Քաղաքացիները Հաշտարարին հաճախ դիմում են պահանջներով, որոնք կապված են ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ, սակայն չեն պարունակում գույքային պահանջ վարկերի դասակարգումների հետ կապված: Այլ կերպ ասած` Կազմակերպությունը ոտնահարում է քաղաքացու իրավունքները և այդ գործողության հետևանքով կարող է առաջանալ գույքային վնաս:
- Հաշտարարի կողմից բողոքների ընդունման և քննության գործընթացի պարզեցում՝ պահանջների առավել արդյոււնավետ և արագ քննություն իրականացնելու նպատակով, մասնավորապես՝
- Բողոք-պահանջի ներկայացման փուլի պարզեցում՝ հնարավորություն տալով էլեկտրոնային եղանակով հաշտարարի գրասենյակի կողմից Հաճախորդի անունից բողոք-պահանջի ներկայացում կազմակերպություններին,
- Էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրում,
- Հաշտարարի որոշումն ուժի մեջ մտնելու համար Օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի կրճատում: Հաշտարարի որոշման կայացումից անմիջապես հետո քաղաքացիները, որպես կանոն, արդեն հստակ դիրքորոշում են ունենում դրա հետ համաձայնվել/չհամաձայնվելու վերաբերյալ, սակայն ստիպված են սպասել 30 օր, ինչը հարուցում է հաճախորդների դժգոհությունը և հակասում է պահանջի քննության արագության սկզբունքին.
- հաշտության հիմքով գործի ավարտի նախատեսում:
- Տեխնիկական խնդիրների վերացում:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի գործունեության արդյունավետությունը էլ ավելի կբարձրանա: Սպառողների շահերի պաշտպանությունը ֆինանսական հաշտարարի կողմից կդառնա ավելի արագ, հաշտարարին դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը կավելանա, ինչի արդյունքում կապահովվի ինչպես դատական համակարգի բեռնաթափումը, այնպես էլ ՓՄՁ-ների իրավուքների պաշտպանությունը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Արթուր Ջավադյան
-
Discussed
05.09.2017 - 20.09.2017
-
Type
Law
-
Area
Financial
-
Ministry
Central Bank of the Republic of Armenia
Views 16654
Print