Add to favourites

«Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1482-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումներով:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծերի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) միջոցառումների ծրագրի 2-րդ կետի կարգավորմամբ, որով նախատեսվում է, որ 2021 թվականին կձևավորվի անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե (այսուհետ նաև՝ Կոմիտե), որը ապահովված կլինի բյուջետային ինքնուրույն ֆինանսավորմամբ, իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ «Կոռուպցիայի դեմ պայքարը» 5.5-րդ կետում նշվել է, որ ակնկալվում է առավել սեղմ ժամկետում ամբողջ ծավալով գործարկել Կոմիտեն, որը հագեցված կլինի անհրաժեշտ նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսներով:

Ուստի, սույն Նախագծերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի ձևավորումը ամրագրված է ռազմավարական նշված փաստաթղթերով, կապահովվեն Կոմիտեի բնականոն գործունեության համար անհրաժեշտ տարրերը:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը: Միաժամանակ, Օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ վերոգրյալ Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, և դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Սույն կարգավորումների համատեքստում 2021 թվականի հոկտեմբերի 23-ին ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտեն և դադարեցվել է Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Նշվածով պայմանավորված առաջացել է Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու և Հատուկ քննչական ծառայության՝ համապատասխան իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտություն:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Վերոնշյալով պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը, միաժամանակ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 779-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1482-Ն որոշումը:

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և համազգեստի կրման կարգը՝ դրանով ապահովելով օրենքի պահանջների կատարումն ու Հակակոռուպցիոն կոմիտեի լիարժեք և պատշաճ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

 

  • Discussed

    07.03.2022 - 22.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3832

Print