Add to favourites

Under development

«ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1317-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի պահանջներից։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

2010 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածում ամրագրված է անկախ ապրելու և համայնքում ընդգրկվելու իրավունքը.

«Սույն կոնվենցիայի մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` համայնքում ապրելու հավասար իրավունքը` մյուսների հետ հավասար հիմունքներով ընտրության հնարավորությամբ, ձեռնարկում են արդյունավետ և համապատասխան միջոցներ` օժանդակելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` այս իրավունքից լիակատար օգտվելուն, նրանց լիարժեք ներգրավվածությանը և մասնակցությանը համայնքում, ինչպես նաև ապահովում են, որ.

ա. հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով հնարավորություն ունենան ընտրելու իրենց բնակության վայրը, որտեղ և ում հետ են ապրելու, ստիպված չլինեն ապրել բնակության ինչ-որ պայմաններում.

բ. հաշմանդամություն ունեցող անձինք օգտվեն մի շարք ներտնային, բնակության հետ կապված և համայնքային աջակցության այլ ծառայություններից և ստանան համայնքում ապրելու և ներգրավվելու, ինչպես նաև համայնքից չմեկուսացվելու համար անհրաժեշտ անձնական աջակցություն.

գ. բնակչության համար նախատեսված համայնքային ծառայությունները և հնարավորությունները հավասարապես հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց և համապատասխանեն նրանց կարիքներին»:

2017 թվականին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն հրապարակեց 19-րդ հոդվածի 5-րդ ընդհանուր մեկնաբանությունը՝ որպես հիմնախնդիր նշելով, ընդհանուր օրենսդրական շրջանակի և բյուջետային հատկացումների անբավարարությունը՝ ուղղված անձնական օգնականի ծառայությանը և անհատական աջակցություն ցուցաբերելուն:

Ընդհանուր մեկնաբանությունը «անձնական օգնություն»-ը սահմանում է որպես հաշմանդամություն ունեցող անձին կողմից ուղղորդված, [ծառայությունն] «օգտագործողի» կողմից ղեկավարվող մարդկային աջակցութուն, որն անկախ կյանքի ապահովման միջոց է:

Կոմիտեն ընդհանուր մեկնաբանությունում նշում է, որ անձնական օգնականի ֆինանսավորումը պետք է տրամադրվի անհատականացված չափանիշների հիման վրա և հաշվի առնի արժանապատիվ աշխատանքի համար մարդու իրավունքների չափանիշները: Ֆինանսավորումը պետք է հատկացվի հաշմանդամություն ունեցող անձին` պահանջվող օգնության համար վճարելու նպատակով: Այն հիմնված է անհատական կարիքների գնահատման և անհատական կյանքի հանգամանքների վրա:

Ծառայությունը պետք է վերահսկվի հաշմանդամություն ունեցող անձի կողմից, ինչը նշանակում է, որ նա կարող է կամ պայմանագիր կնքել տարբեր մատակարարների հետ, կամ հանդես գալ որպես «գործատու»: Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն «ձևավորել» այդ ծառայությունը, այսինքն՝ որոշել, թե ում կողմից, ինչպես, երբ, որտեղ և ինչ եղանակով է մատուցվում ծառայությունը, ինչպես նաև հրահանգել և ուղղորդել ծառայություններ մատուցողներին:

Կոմիտեն նշում է նաև, որ անձնական օգնականները պետք է հավաքագրվեն, վերապատրաստվեն և վերահսկվեն այն անձի կողմից, ում տրամադրվում է անձնական օգնությունը: Անձնական օգնականները չպետք է տրամադրեն ծառայություններ այլ անձանց՝ առանց անձնական օգնություն ստացած անձի լիակատար և ազատ համաձայնության: Նույնիսկ եթե «գործատուի» պարտականությունները պայմանագրային են, հաշմանդամություն ունեցող անձը միշտ մնում է օգնության վերաբերյալ որոշումների կենտրոնում, ում ում անհատական նախասիրությունները պետք է հարգվեն: Անձնական օգնության վերահսկողությունը կարող է իրականացվել աջակցվող որոշումների կայացման միջոցով:

2017 թ. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն ընդունեց Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները, որով առաջարկեց Հայաստանին արագացնել ապաինստիտուցիոնալացման գործընթացը և առանց հետաձգման իրականացնել դրա գործողությունների պլանը, ներառյալ՝ բոլոր հաստատությունների փակման ժամանակացույցը.

«Կոմիտեն նաև առաջարկում է ձեռնարկել իրավական միջոցներ և հատկացնել բավարար ռեսուրսներ աջակցության ծառայությունների զարգացման համար (այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության, որը կհեշտացնի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը համայնքում)»:

2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով ամրագրվեց անձնական օգնականի՝ անկախ կյանքին ուղղված ծառայությունների մասը լինելը։

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական օգնականը ֆիզիկական անձն է, որը տվյալ պահին հաշմանդամություն ունեցող անձի հետ է և իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը և (կամ) աջակցում (օգնում) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու)։

Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով իրականացնում են ծրագրեր և ծառայություններ՝ ուղղված անձնական օգնականի կամ ուղեկցողի ծառայությունների համակարգմանը։

Նույն հոդվածի 4-րդ մասը նշում է. «Անձնական օգնականի ծառայությունները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում: Ծառայությունը մատուցվում է անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա, որում ներառվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է լինել եռակողմ՝ ներառելով նաև անձնական օգնականի և (կամ) նրան ուղղակիորեն առնչվող (այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն ու գնահատումը, անձնական օգնականների վերապատրաստման հարցում աջակցությունը) ծառայություններ մատուցող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին: Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը»:

Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ինչպես վերոնշյալ, այնպես էլ մյուս միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, այնպես էլ ներպետական օրենսդրության  պահանջները։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Կարգավորման նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը՝ անձնական օգնականի ծառայությունը տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու միջոցով։

Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ անկախ ապրելու և համայնքում ներառվելու մասին 5-րդ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/GC/5) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի են առնվել նաև Անկախ կյանքի եվրոպական ցանցի ուսումնասիրությունները և ուղեցույցները։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՄԱԶԾ և ՅՈՒՆԻՍԵՖ «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։

Նախագծում արտահայտված կարծիքները պատկանում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ տեսակետների հետ։

Նախագծի մշակմանն իր փորձագիտական աջակցությունն է ցուցաբերել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի շրջանակներում ակնկալվում է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անկախ կյանքին ուղղված ծառայությունների համակարգը, ներդնել մեխանիզմներ՝ ապահովելու և պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների, անկախ կյանքը և համայնքում ներառվելու իրավունքը։

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

       Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

7

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է ծրագրի N 1 հավելվածի 10-րդ կետի դրույթներից՝ Հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումների բացառում, հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ապահովում։

 

 

 

 

 

  • Discussed

    23.02.2022 - 10.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8738

Print

Suggestions

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.03.2022

Պայմանագրի 3.2.կետը շարադրել հետեւյալ խմագրությամբ «Վճարումը կատարվում է մինչև սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների ամբողջ ծավալի մատուցումը՝ կատարման ամսվան հաջորդող ամսի 15-ը՝ կողմերի միջև համաձայնեցված կարգով: Ծառայությունների մատուցման ծավալի ամբողջականությունը կազմում է սույն պայմանագրով նախատեսված ամսական կտրվածքով ծառայությունների մատուցումը՝ ըստ անհրաժեշտության։»

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.03.2022

Պայմանագրի 3.1. կետում, նշել, թե արդյոք վճարը ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը եւ այլ վճարները։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.03.2022

Կարգի 34-րդ կետի տասնմեկերորդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «այլ անձանց անձնական օգնականի դերը համատեղությամբ ստանձնելու ցանկության դեպքում ստանալ հաշմանդամություն ունեցող անձի համաձայնությունը, եթե Պայմանագրով նախատեսված է այդ համաձայնություն ստանալու պարտադիրության պայմանի վերաբերյալ նշում:»

See more