Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի սպառման նորմատիվային սահմանաչափերը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 896-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), որի ընդունման պահից անցել է արդեն 16 տարի (Որոշումը ընդունման պահից փոփոխությունների չի ենթարկվել), ինչի ընթացքում աստիճանաբար բարելավվել և փոխվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց պահման կոմունալ-կենցաղային պայմանները, հետևաբար՝ նաև ավելացել են այդ պայմանների բարելավման ապահովման համար սպառվող ռեսուրսները և կոմունալ ծախսերը:
Մասնավորապես՝ Որոշման ընդունման պահից հետո քրեակատարողական հիմնարկներում`
- մեծ քանակներով ավելացել է շահագործվող հեռուստացույցների, սառնարանների, լվացքի մեքենաների, էլեկտրական ջրատաքացուցիչների, թեյնիկների, սրճեփների, համակարգիչների, տպիչ սարքերի, հոսանք կայունացնող սարքերի և օդորակիչների քանակը.
- բնակելի տարածքների ջեռուցումը և բաղնիքների տաք ջրամատակարարումն անխափան ապահովելու նպատակով կաթսայատներում ներկայումս շահագործվում են մեծ թվով ջրի պոմպեր և այլ էլեկտրական սարքավորումներ, որոնք նախկինում չեն օգտագործվել.
- խմելու ջրի անխափան մատակարարման ապահովման նպատակով պոմպակայաններում և մասնաշենքերում շահագործվում են մեծ թվով ջրի պոմպեր, որոնք նախկինում չեն օգտագործվել.
- Լվացքատներում ավելացել է լվացքի մեքենաների և չորացնող թմբուկների քանակը.
- ձմռանը քրեակատարողական հիմնարկների որոշ տեղամասերում կենտրոնական ջեռուցման բացակայության պատճառով ջեռուցումը իրականացվում է էլեկտրական ջեռուցիչների օգտագործմամբ: Մասնավորապես, կենտրոնական ջեռուցման բացակայության պատճառով, դատապարտյալների բաց տիպի ռեժիմային գոտում, դիզելային գեներատորների մասնաշենքերում, հսկիչ անցագրային կետերում, պահպանության ապահովման հերթապահ խմբի աշխատակիցների հանգստի սենյակներում և սննդի պահման պահեստներում տեղամասերի ջեռուցումն իրականացվում է էլեկտրական ջեռուցիչների միջոցով:
Բացի այդ, Որոշման կարգավորումների համաձայն՝ բնական գազի սպառման նորմատիվային սահմանաչափերը հաշվարկվում են ըստ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների քանակի, որի արդյունքում բնական գազի սպառման թույլատրելի քանակը անհամեմատ ավելի փոքր է, քան ներկայումս քրեակատարողական հիմնարկներում ջեռուցման և տաք ջրամատակարարման ապահովման նպատակով կաթսայատներում տեղակայված գազի կաթսաների գազասպառման փաստացի անհրաժեշտ քանակը:
Վերոնշյալով պայմանավորված ավելացել են քրեակատարողական հիմնարկներում ներկայումս առկա էներգակիրների ընդհանուր դրվածքային հզորությունները, հետևաբար ավելացել են նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարեկան կոմունալ առկա ծախսերը:
Անդրադառնալով Որոշման 5-րդ կետով սահմանված՝ «Քրեակատարողական հիմնարկների համար, ներառյալ դրանց աշխատակազմերը, սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր` մեկ դատապարտյալին կամ կալանավորվածին պահելու համար (...)» պարբերությանը՝ հարկ է փաստել, որ նշված պարբերության համալիր ուսումնասիրությունից կարելի է գալ այն եզրահանգման, որ ծախսերի սահմանաչափերը նախատեսված են միայն ազատությունից զրկված անձանց թվաքանակի համամասնությամբ, այսինքն՝ ծախսերի սահմանաչափերը նորմավորված են՝ ըստ ազատությունից զրկված անձանց թվի: Ըստ այդմ, համապատասխան քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի կողմից սպառվող ռեսուրսները, Որոշման կարգավորումների համաձայն, ևս պետք է ներառված լինեն ազատությունից զրկված անձանց պահելու համար նախատեսված նորմաների մեջ, քանի որ քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի համար Որոշմամբ առանձին սահմանաչափ նախատեսված չէ:
Այլ կերպ, քրեակատարողական հիմնարկի համար ծախսվող ռեսուրսների շեմը որոշվում է՝ ըստ նույն քրեակատարողական հիմնարկում առկա ազատությունից զրկված անձանց թվաքանակի:
Խնդրո առարկա իրավիճակն առավել ցայտուն էր արտացոլվում գործունեությունը դադարեցրած ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների (այսուհետ նաև՝ Հիմնարկներ) օրինակում (բացառված չէ, որ նման իրավիճակներ կարող են առաջանալ գործող քրեակատարողական հիմնարկներում, հաշվի առնելով վերջին տարիներին ազատությունից զրկված անձանց թվաքանակի նվազող դինամիկան):
Այսպես, միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան 1 աշխատակցին «բաժին է ընկնում» 3-4 ազատությունից զրկված անձ, և, ըստ էության, Որոշմամբ նախատեսված սահմանաչափերը սահմանված են սույն տրամաբանությամբ, այնինչ, Հիմնարկների դեպքում հավասարակշռությունը որոշ չափով խախտված էր:
Մասնավորապես՝
- ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում 2021 թվականի ընթացքում պահվում էր շուրջ 157 անձ, իսկ ընդամենը 157 անձի համար նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման համար ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը ուներ 120 հաստիքային միավոր.
- ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 2021 թվականի ընթացքում պահվում էր շուրջ 66 անձ, իսկ ընդամենը 66 անձի համար նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման համար ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը ուներ 167 հաստիքային միավոր:
Ըստ էության, վերոնշյալ երկու օրինակում ներկայացված են դեպքեր, երբ գործնականում շատ խրթին կլինի պահպանել Որոշմամբ նախատեսված սահմանաչափերը, քանի որ դրանք սահմանված են՝ ըստ ազատությունից զրկված անձանց քանակի:
Ուստի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կոմունալ-կենցաղային առկա կարիքների ապահովման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվող տարեկան ծախսային իրավաչափ պլանավորում կազմելու նպատակով առաջացել է Որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Ըստ այդմ, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 896-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով առաջարկվում է.
- Քրեակատարողական հիմնարկների աշխատակազմի համար սահմանել խմելու ջրի, ջրահեռացման, բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսման առանձին սահմանաչափեր, որոնք տարանջատված կլինեն ազատությունից զրկված անձանց համար նախատեսված նորմաներից և սահմանաչափերից:
- Որոշման 5-րդ կետի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Նախագծի ընդունման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտությունը բացակայում է, Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ համալիր կերպով կկարգավորվեն քրեակատարողական հիմնարկներում կոմունալ-կենցաղային կարիքների պատշաճ ապահովման համար կոմունալ ծախսերին վերաբերող իրավահարաբերությունները:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Discussed
31.01.2022 - 15.02.2022
-
Type
Decision
-
Area
Economy, Penitentiary, Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
Ministry of Justice
Views 3135
Print