Under development
"Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին" օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
-
0 - Agree
-
1 - Disagree
Հիմնավորում
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունները, այդ թվում որոշ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը, այն է՝ «հաստատում է անվտանգության նորմերը և կանոնները»։
Մինչդեռ բնագավառի իրավական կարգավորման հարաբերությունները բազմաթիվ են՝ միջուկային անվտանգություն, ճառագայթային անվտանգություն և պաշտպանություն, ռադիոակտիվ թափոնների կառավարում, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանություն, վթարային պատրաստվածություն ու հակազդում, ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացում և այլ հարաբերություններ, որոնք, կարգավորվում են ոչ միայն անվտանգության նորմերով և կանոններով, այլ նաև պահանջներով, կարգերով, պայմաններով, մեթոդներով, որոնց ընդունման համար կառավարությունը համապատասխան լիազորություն չունի։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքի նախագծով հնարավորինս հստակեցվել է Կառավարության կողմից նորմատիվ որոշումներ ընդունելու ուղղությունները, ամրագրելով նաև իրավական որոշակիության շրջանակը։
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի առանձնահատկություններից ելնելով, օրենքով ամրագրվել է նաև կառավարության՝ օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը, որն ամրագրված էր «Իրավական ակտերի մասին» նախկին օրենքով (հոդվ․ 36), և վերոհիշյալ լիազորող նորմի հիման վրա ընդունվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներ (8․11․ 2012 թվականի N 1411-Ն, 13․12․2012 թվականի N 1546-Ն, 4․07․ 2013 թվականի N 708-Ն)։
Վերոհիշյալ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը չունի գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք ապահովեն ատոմակայանների նախագծման, կառուցման և շահագործման նորմատիվատեխնիկական բազայի ստեղծումն ու շարունակական զարգացումը։ Միաժամանակ, Հայկական ատոմային էլեկտրակայանը նախագծվել և շահագործվում է նախկին ԽՍՀՄ (ՌԴ) անվտանգության նորմերով ու կանոններով, և ներկայումս ատոմակայանի նախագծի ցանկացած փոփոխություն համաձայնեցվում է գլխավոր կոնստրուկտորի և նախագծողի հետ, որը ևս պայմանավորում է օտար լեզվով իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը։
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանը ճանաչում և կիրառում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտները։
Վերոհիշյալը բխում է նաև ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև 1999 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրած «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տեխնիկական օգնություն ստանալու մասին» վերանայված լրացուցիչ համաձայնագրից, որի 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանը, որպես աջակցություն ստացող երկիր, պարտավորվում է կիրառել ԱԷՄԳ անվտանգության ստանդարտները։
Վերոհիշյալ պրակտիկան կիրառվում է նաև այլ երկրների կողմից, մասնավորապես Սլովենիան, Բելգիան օգտագործում են ամերիկյան միջուկային կարգավորումները (NUREG -nuclear regulations)։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կառավարությանը տրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը հնարավորինս հստակեցվել և ամրագրվել է իրավական որոշակիության սկզբունքը, ՀՀ Սահմանադրության 6-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխան։
- Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չեն:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Օրենքի նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։
-
Discussed
13.01.2022 - 28.01.2022
-
Type
Law
-
Area
Nuclear safety
-
Ministry
Nuclear Safety Regulatory Committee
Views 5378
Print